USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Բոլոր վարչապետների հետ կարողացել եմ քննարկել ինձ հուզող հարցերը»

«Բոլոր վարչապետների հետ կարողացել եմ քննարկել ինձ հուզող հարցերը»
01.06.2018 | 00:34

Այս օրերին, երբ որոշ գործարարներ հայտնվել են նոր իշխանությունների հակակոռուպցիոն քայլերի թիրախում, շատ կարևոր է նաև, թե կառավարությունն ինչ պետք է առաջարկի, ինչ խաղի կանոններ պետք է սահմանի տնտեսության, նույնն է թե՝ գործարար հատվածի համար: Ստվերի վերացումը շատ ընդարձակ է հնչում, կոնկրետ ինչ նախագծեր, որոշումներ պետք է արտացոլվեն կառավարության նոր ծրագրում, որը շուտով կներկայացվի խորհրդարանականների դատին: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ:

-Ի՞նչ փոփոխություն կուզենայիք տեսնել կառավարության ծրագրում, որը Ձեզ ամենից շատ է հուզում:
-Բոլոր վարչապետների հետ կարողացել եմ քննարկել ինձ հուզող հարցերը, բայց մշտապես կարևոր հարց է եղել տեղական արտադրողի պաշտպանությունը և խրախուսումը: Այս մասին մշտապես խոսել եմ նախկին վարչապետների հետ: Նիկոլ Փաշինյանի հետ դեռ նման առանձնազրույց չեմ ունեցել, բայց համոզված եմ՝ այս խնդիրը բարձրաձայնելու առիթ կլինի: Ինչու՞ եմ կարևորում այս հարցը: Խոսեմ իմ օրինակով: Եթե 650-700 աշխատողով մենք իրացնում են իքս քանակի գարեջուր, նույն քանակի գարեջուր կարելի է ներկրել և իրացնել 30-40 աշխատողով: Հասկանալի է, չէ՞, թե 600-ով ավելի աշխատատեղ ունենալը որքան է պետք մեր երկրին: Դրա համար կառավարությունը պետք է դրական մոտեցում ցուցաբերի ներքին արտադրողների հանդեպ:
-Ներքաղաքական իրավիճակի շրջադարձերը որոշակիորեն ազդում են տնտեսության զարգացման վրա: Վերջին իրադարձությունները Ձեր բիզնեսի վրա ի՞նչ ազդեցություն թողեցին:
-Սպառման տեմպերը որոշակիորեն ընկել են, ինչը բնական է: Հայտնի է, որ որոշ առևտրային ցանցեր մարդիկ քիչ էին մտնում, բնականաբար, առևտրի տեմպերն ընկել են, սպառումը ևս պակասել է, իսկ սա, անշուշտ, ազդում է արտադրողների և ներմուծողների վրա: Սա ճիշտ քաղաքականություն չէր, որովհետև պետք է սպառումը շատ լինի, որ արտադրողը եկամուտ ունենա ու աշխատավարձեր տա: Այս մոտեցումը պետք է հաշվի առնեին, ոչ թե ասեին՝ սա այս մարդունն է, ուրեմն չպետք է մտնենք այդ խանութ: Այդ քայլն ինձ համար անընդունելի է:
-Ձեզ մոտ հարկային ստուգումներ բոլոր վարչապետների ժամանակ եղե՞լ են, թե՞ ոմանց դեպքում գործել են պայմանավորվածությունները, ոմանց դեպքում էլ՝ խաղի հատուկ կանոններ:
-Ընդհանուր առմամբ, իմ կյանքում երբեք որևէ իշխանավորի հետ պայմանավորվելով չեմ աշխատել ու չեմ աշխատելու: Ես պայմանավորվում եմ օրենքների հետ և օրենքներով եմ աշխատում:
-Արդեն նկատելի՞ են բիզնեսի հետ աշխատելու նոր կառավարության մոտեցումները:
-Մենք մեր գործն անում ենք, իսկ այս կառավարությունը դեռ մեկ ամիս էլ չկա, որ աշխատում է, խոսել լավ կամ վատ ղեկավարումից, ճիշտ չէ: Ժամանակ է պետք: Կարծում եմ՝ գոնե մի 4-6 ամիս պիտի համբերենք, թողնենք աշխատեն, հետո խոսենք: Այսօր, առանց արդյունքը տեսնելու, մեկ մարդու մասին մի խումբ քաղաքացիներ շատ լավ են խոսում, մյուս մասը՝ վատ: Թող աշխատեն, լավին լավ կասենք, վատին էլ՝ վատ:
-Այսօր ՊԵԿ-ի որդեգրած քաղաքականությունը, ԱԱԾ-ի բացահայտումները տնտեսության մեջ թթվածին կներարկե՞ն:
-Երբ վերջնականապես պարզ կլինի, թե ինչ է արվում, այդ ժամանակ էլ կարելի է վերլուծել: Մի քանի կազմակերպության տվյալներ են հրապարակվել, ու առայժմ չեմ կարող մեկնաբանել, պետք է շատ հարցերի պատասխաններ հնչեն:

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao