USD488.68
EUR549.03
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Խաղի նոր կանոններն ընդունելով պետք է առաջ գնալ

Խաղի նոր կանոններն ընդունելով պետք է առաջ գնալ
01.06.2018 | 00:40

«Երևան Սիթիում» ԱԱԾ-ը, թերևս, ստուգումներ չիրականացներ, եթե նշված ընկերության ղեկավարությունն ինքնակամ վերացներ այդ ԱՁ-ի խումբը և ՊԵԿ-ին փոխանցեր պետբյուջեն շրջանցած այն 40 մլրդ դրամը, որի մասին փաստեցին ԱԱԾ ստուգումները։
Գուցե, ինչպես ԱԺ ճեպազրույցներում ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, այդ ԱՁ-ները ստեղծվել են նախկին կառավարության իմացությամբ և թույլտվությամբ։ Այսինքն, ստացվում է, որ գործարարը պետությանը չի խաբել, բայց, միևնույն ժամանակ, գերխոշոր, միջին կամ փոքր «տրամաչափի» գործարարները պետք է հստակ պատկերացնեն, որ նոր կառավարությունը չեղյալ է հայտարարում նախորդ կառավարության հետ եղած պայմանավորվածությունները, և այսօր բոլորովին նոր իրավիճակ է։


Ըստ ամենայնի, «Ալեքս գրուպի» ղեկավարը ուշադիր չի եղել մայիսի 29-ին ԱԺ-ի բակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, թե «կագեբեի պադվալները» չեն լցվի, եթե մարդիկ պետբյուջե շրջանցած միջոցներն ինքնակամ մուտք անեն։ Ասվածը բաց տեքստով ուղիղ մեսիջ էր բոլոր հարկատուներին, հատկապես գերիշխող դիրք ունեցողներին։ Հիմա ճիշտ ժամանակն է, որ խոշոր գործարարները չեղյալ համարեն բոլոր նախկին պայմանավորվածությունները նախկին կառավարության հետ և ընդունելով խաղի նոր կանոնները, ինքնակամ, ինչու ոչ, նաև լրատվամիջոցների ներգրավմամբ, շրջանցված գումարները փոխանցեն պետբյուջե։ Այդպիսով նրանք և՛ ժողովրդին, և՛ կառավարությանը կապացուցեն, որ խաղում են նոր հաստատված կանոններով։


Ի վերջո, պետք է հասկանալ, որ ցանկացած երկրում ցանկացած նոր կառավարությանն անհրաժեշտ են տարիների փորձ կուտակած գործարարները։ Ազատ շուկայական տնտեսության միջավայրում տնտեսության շարժիչ ուժը նաև գործարար խավն է, որը տարիների ընթացքում հաստատում է գործարար կապեր, գրավում արտերկրի շուկաներ` ավելացնելով ապրանքաշրջանառությունը և զարգացնելով տնտեսությունը։ Իհարկե, ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ տնտեսությունում անփոխարինելի մարդիկ չեն լինում, սակայն քանի որ գործ ունենք այնպիսի նուրբ ոլորտի հետ, ինչպիսին տնտեսությունն է, և ինչն անմիջականորեն արձագանքում է երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին, ապա այս դաշտում կտրուկ փոփոխությունները կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Արդեն ասել ենք, որ այսօրվա կառավարության առջև դրված են տնտեսական լուրջ մարտահրավերներ, ժողովուրդն էլ մի վեց ամիս հետո կառավարությունից պահանջելու է թոշակների, աշխատավարձերի բարձրացում, սոցիալական իրավիճակի լավացում։ Այս ամենը կարճ ժամանակահատվածում ապահովելը դժվար խնդիր է, սակայն ոչ անլուծելի, եթե գործարար դաշտն ակտիվանա։


Ըստ ամենայնի, երևի հենց այս սկզբունքները կարևորելով էր վարչապետն օրերս իր մոտ հրավիրել խոշոր գործարարներին։ Հետաքրքիրն այն է, որ այս հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզակի փակ հանդիպումներից էր հեղափոխական շարժման օրվանից սկսած։ Ի՞նչ հարցեր են քննարկել հանդիպման ընթացքում, պարզ չէ, գործարարներն էլ, անգամ մասնավոր զրույցներում, չեն բացում փակագծերը` գերադասելով լռել։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao