ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Հակահեղափոխություն, որ կարող է գալ մի այլ ուղղությունից

Հակահեղափոխություն, որ կարող է գալ մի այլ ուղղությունից
01.06.2018 | 00:42

Երբ մի քանի օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ առաջնորդներ իրենց հայտարարություններում և հարցազրույցներում միահամուռ սկսեցին խոսել այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքն ապագա խորհրդարանական ընտրություններում հավակնում է 50+1 տոկոս վերցնելուն, շատերին դա անսպասելի թվաց։ Հատկապես անսպասելի էր հայտարարության ընտրված պահը։ Հասկանալի է, որ թավշյա հեղափոխության այս փուլի ավարտից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը գլխավորում է գործադիր իշխանությունը, և նրա վարկանիշը թեև ժամանակի հետ որոշակիորեն անկում է ապրում, սակայն, այնուամենայնիվ, դեռևս շարունակում է ծայրահեղ բարձր մնալ, ԲՀԿ-ի կողմից սեփական նկրտումների մասին բարձրաձայնելն առնվազն անտրամաբանական է թվում։

Ընդ որում՝ այդ հավակնությունը ԲՀԿ-ականներին կարող էր թե՛ իրական կյանքում, թե՛ առավել ևս վիրտուալ աշխարհում թիրախի վերածել կազմակերպված կամ չկազմակերպված հեղափոխականների շրջանում։ Բայց, այնուամենայնիվ, այդ հայտարարությունը հնչեց, և իսկապես որոշակի արձագանքներ եղան։


«Ծառուկյան» դաշինքի պարագայում նման կտրուկ շրջադարձերից առանձնապես զարմանալ էլ պետք չէ, քանի որ վերջիններս Սերժ Սարգսյանի հրաժարականից ընդամենը 5 րոպե պակաս հայտարարեցին համաժողովրդական շարժմանը միանալու մասին։ Նույնիսկ այդ ժամանակ ԲՀԿ-ին և «Ծառուկյան» դաշինքին սպասարկող հեռուստաընկերության եթերում ցույց էին տալիս կադրեր, որտեղ իրենց համակիրները հանրահավաքում բացականչում էին «Ծառուկյան» անունը։ Ասել է թե՝ ԲՀԿ-ում որպես համաժողովրդական առաջնորդ նրանք այդ պահին տեսնում էին հենց Ծառուկյանին, թեև հեղափոխությունն իրականացրել և Սերժ Սարգսյանի հրաժարականին հասել էր բոլորովին այլ մարդ։


Հիմա հարց է առաջանում՝ ինչու՞ այս պահին «Ծառուկյան» դաշինքը գնաց քաղաքական, իմիջային նման ռիսկի։ Առավել ևս, որ ուժային կառույցների կոշտ գործողություններն էլ, որ իրականացվում են հակակոռուպցիոն կարգախոսի ներքո, դեռ պարզ չէ, թե ում և որ օլիգարխներին կներգրավեն անկախ իրենց այս պահի քաղաքական կարգավիճակից: Հասկանալի է, որ դրա համար պետք է բավականին լուրջ այլընտրանքային փաստարկներ լինեն։ Երբ ստեղծված իրավիճակում խոսվում է ԱԺ-ում 50+1 տոկոս վերցնելու մասին, հասկանալի է, որ այդ քաղաքական ուժը նախ և առաջ ցանկանում է ցույց տալ իր ամբիցիաները և առաջին հերթին՝ այսօրվա քաղաքական դաշտում դոմինանտ դեր գրավող ուժին, որի հետ ըստ էության նույն «Ծառուկյան» խմբակցությունը կոալիցիոն գործընկերային դաշինքի մեջ է։ «Ծառուկյան» խմբակցությունը հասկանում է, որ եթե հանկարծ այս պահի դրությամբ չպայմանավորվի Փաշինյանի հետ, ապա առաջիկա ընտրություններում բոլորովին այլ պատկեր կարող է ստացվել, ոչ իր ցանկացած։


Եթե ապագա ընտրություններում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իսկապես խաղի կանոններ փոխեն, ու «Ծառուկյան» դաշինքի համար ամենասարսափելին, որ կարող է տեղի ունենալ, իրոք բացառեն ընտրակաշառքի մեխանիզմը, ապա Ծառուկյանից մշտապես ֆինանսական միջոցներ ակնկալող հանրությունը, գումարը չստանալով, ձայնը կբաշխի այլ քաղաքական ուժերի միջև։ Չի բացառվում, որ ծառուկյանական ընտրազանգվածը պայմանականորեն նույնիսկ կիսվի։ 2017 թ. ընտրություններում «Ծառուկյան» դաշինքը, ինչպես հայտնի է, ստացել էր մոտ 30 տոկոս, ի դեպ, ստացած քվեներն ընդունվել ու լեգիտիմացվել են ԲՀԿ առաջնորդի կողմից։ Պարզ է, որ ընտրություններում ընտրակաշառքի մեխանիզմների բացառման դեպքում Ծառուկյանը 30 տոկոսից էապես քիչ քվեներ կհավաքի։ Այդ է պատճառը, որ այսօրվանից արդեն ԲՀԿ-ն սկսել է իր քաղաքական և այլ սակարկությունները։ Միևնույն ժամանակ քաղաքական այս ուժն իրեն այսօր առավել քան երբևէ անվտանգ է զգում։ Բանն այն է, որ մինչև առաջիկա ընտրությունների պահը ԲՀԿ ձայները խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին օդի պես պետք են։ Որովհետև եթե վարչապետը խորհրդարանում ինչ-որ բան կարողանում է անել, ապա դա անում է նախ և առաջ «Ծառուկյան» դաշինքից ստացած ձայների շնորհիվ։ Այնպես որ՝ այս պահին, երբ առանց «Ծառուկյան» դաշինքի աջակցության Նիկոլ Փաշինյանի ձեռքերը բառի բուն իմաստով կապված են, Գագիկ Ծառուկյանը փաստացի հանդես է գալիս ուժի դիրքերից՝ նշելով իր մեծ ամբիցիաների մասին ու այդպիսով հրավիրելով գործող վարչապետին ու նրա թիմին համապատասխան բանակցությունների։

Ընդ որում, կասկածից վեր է, որ այդ քննարկումները, ենթադրվում է, պետք է ընթանան և՛ ընտրությունների ժամկետի, և՛ խաղի կանոնների, և՛ հետագա զարգացումների շուրջ։
Այնպես է ստացվել, որ հեղափոխությունից հետո «Ծառուկյան» դաշինքը հայաստանյան իշխանական բուրգում համարվում է Ռուսաստանի վերնախավի մի մասի թերևս միակ հենարանը։ Ըստ էության, Ծառուկյանն իր նկրտումները նաև այդ համատեքստում է փորձում իրացնել։ Մի կողմից Ռուսաստանի համապատասխան շրջանակներին հասկացնում է, որ համապատասխան աջակցության ու իր վրա իրական խաղադրույք կատարելու դեպքում ինքը կարող է խաղալ Ռուսաստանի խաղի կանոններով ու գնալ իշխանությունը վերցնելու (50+1 տոկոսը վերցնելու մասին հայտարարությունը հենց այս ենթատեքստն ունի), ապա նաև՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու, մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանին հասկացվում է, որ այն խնդիրները, որ վարչապետն ու իր թիմը հնարավոր է ունենան ռուսաստանյան քաղաքական էլիտաների հետ, Ծառուկյանը՝ որպես գործոն, միջնորդ, կարող է հարթել։ Այսպիսով՝ Ծառուկյանի գործոնն է՛լ ավելի ծանրակշիռ է դարձվում։


Եվ ամենակարևորը «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հայտարարության մեջ. Գագիկ Ծառուկյանը, լինելով նախկին իշխանության երբեմնի պաշտոնական և նույնիսկ ոչ պաշտոնական գործընկերը, որը ՀՀԿ իշխանության օրոք տարբեր գործառույթներ է կատարել՝ եղել է այլընտրանք, կառուցողական ընդդիմություն և այլն, այսօր կարող է լինել հենց այն քաղաքական ուժը, որտեղ այսօրվա ԱԺ մեծամասնության վրա Նիկոլ Փաշինյանի կողմից ճնշում գործադրելու դեպքում կարող են հանգրվանել ՀՀԿ ոչ գաղափարական թևի որոշ պատգամավորներ։ Իսկ ճնշումներ արդեն իսկ առկա են քրեական գործերի, հարկային ստուգումների, բացահայտումների տեսքով։ Այնպես որ՝ ՀՀԿ-ական գործարար, քրեական կամ դեպքերի բերումով ՀՀԿ խմբակցությունում հայտնված պատգամավորները կարող են անցնել ոչ թե «Ելք», այլ «Ծառուկյան» խմբակցության հովանու ներքո։ Այդ դեպքում քաղաքական մեծամասնությունը կարող է լինել Ծառուկյանի ձեռքում, որն ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնապես որպես հակառակորդ չի համարվում։ Ընդ որում, եթե Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը չկարողանան պայմանավորվածության գալ ապագա խաղի կանոնների շուրջ, ապա չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, երբ իրական կյանքում մարդկանց գերսպասելիքները չբավարարելու դեպքում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այնուամենայնիվ նվազի, նույն Ծառուկյանը, նոր իրողություններից ելնելով, այս անգամ էլ կարող է իրավիճակային դաշինք ստեղծել ՀՀԿ խմբակցության հետ։


Շարունակելով թեման՝ նկատենք, որ ներկայում քաղաքական և վիրտուալ տարածքում շատ արդիական է դարձել, այսպես կոչված, հեղափոխականության և հնարավոր հակահեղափոխականության միտումների մասին թեման։ Քննարկվում է, թե ով է հեղափոխություն և ով հակահեղափոխություն։ Եվ քաղաքական զարգացումների ու հեռանկարների այս պայմաններում թերևս միամտություն է, որ որպես հակահեղափոխություն նշմարվում են միայն Սերժ Սարգսյանն ու նրա թիմը։ Մինչդեռ շատ փորձագետներ ընդգծում են, թե հակահեղափոխությունը կարող է գալ բոլորովին այլ տեղից։ Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանն այսօր թեև շատ փխրուն, սակայն յուրահատուկ որոշակի հրադադարի մեջ են՝ իրար մեջ արձանագրելով մայիսի 8-ից հետո եղած ստատուս քվոն։ Մի ուժը վերցրել է գործադիր իշխանությունը, ընդ որում՝ ամեն դեպքում չի վերահսկում գործադիր իշխանությունն ամբողջությամբ, մյուս մասը՝ խորհրդարանական մեծամասնությունը, դատական իշխանություն, դատախազություն, տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի քաղաքապետարան, որոնք, այնուամենայնիվ, շարունակում են մնալ հանրապետականների ձեռքում։ Իրավիճակը «Ելքի» ու ՀՀԿ-ի միջև արձանագրված է, և այս պահի դրությամբ միմյանց նկատմամբ առանձնապես ոտնձգություններ չեն կատարում, չհաշված ժամանակ առ ժամանակ որոշ, այսպես ասած, փոքր ձկների հետ կապված անախորժությունները և «սակրալ զոհաբերությունները»։ Իսկ թե որտեղից կգա հակահեղափոխությունը, ցույց կտան ժամանակն ու իշխանությունների ու նրանց հետևորդների տրամաբանելու ընդունակությունը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2470

Մեկնաբանություններ