Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Ինչպե՞ս եք համարձակվում վարչապետի աթոռին Ձեր հայտնվելը համեմատել թուրք հրոսակների դեմ 1918-ի մայիսին տարած հաղթանակի հետ

Ինչպե՞ս եք համարձակվում վարչապետի աթոռին Ձեր հայտնվելը համեմատել թուրք հրոսակների դեմ 1918-ի մայիսին տարած հաղթանակի հետ
01.06.2018 | 00:48

Մայիսի 28-ի ևս մեկ պայծառ օր անցկացրինք: Այդ ամսաթիվը Հայաստանի պատմության մեջ ոսկեգույնով է նշված: Տարիներով գրել եմ (հուսով եմ՝ ոչ իզուր) և դեռ կգրեմ, որ «մայիսը հայերի հաղթանակների ամիսն է», որ «մայիսը հայկական ամիս է»: 2018-ի մայիսի 28-ն առանձնահատուկ է նրանով, որ այդ օրը լրացավ Առաջին հանրապետության հռչակման 100 տարին: Բայց «ժողովրդական» վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «ժողովրդի միասնության կառավարության» հետ բացեիբաց փչացրեց 2018 թ. մայիսի 28-ը: Գիտակցաբա՞ր, թե՞ անգիտակցաբար: Եկեք դա թողնենք Հայաստանի ԱԱԾ-ի և քննչական կոմիտեի խղճին: Բայց որ Փաշինյանը պետք է բացատրություն տա, առնվազն Հայաստանի հասարակության առաջ, անկասկած է:


Ահա թե ինչ են հաղորդել Հայաստանի ԶԼՄ-ները 2018 թ. մայիսի 28-ի իրադարձությունների մասին: Վարչապետը որոշել էր Առաջին հանրապետության տարեդարձի պատվին կատարվող հանդիսավոր միջոցառումներն անցկացնել իր «կողմնակիցների» շրջանակում: Թե Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն ինչ կուսակցություն կներկայացներ Սարդարապատի հանդիսություններում, Աստված իր հետ: Բայց մի՞թե Փաշինյանը խոսնակի պաշտոնից արդեն «ազատել է» Բաբլոյանին, որ նա հրավիրված չէր այդ հանդիսություններին հենց որպես խորհրդարանի ղեկավար: Ինչպես հայտնի է, կառավարության առանձնաշնորհը չէ խորհրդարանի խոսնակին կամ պատգամավորներին «ազատելը»: Ինչի՞ համար է այդ ցուցադրությունը: Թվում էր, թե ժամանակն է, որ նախկին լրագրողն ազատված լինի անձնական գովազդ-ներկայացումից: «Aysor.am» կայքին ահա թե ինչ է պատասխանել խորհրդարանի աշխատակազմի փոխղեկավար Արսեն Բաբայանը. «Անցյալ տարիներին Հայաստանի Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, ըստ արարողակարգի, միջոցառման հրավիրվում էր ամբողջ կազմով: Այս տարի այլ մոտեցում է ցուցաբերվել: Չեն հրավիրվել մշտական հանձնաժողովների նախագահները՝ որպես խորհրդարանական մարմինների ղեկավարներ: Չեն հրավիրվել խորհրդարանի փոխխոսնակները, չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը: Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀԿ խմբակցության երեք պատգամավորներից մեկը: Ավելին, Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել խորհրդարանի նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ հանդիսության պաշտոնական մասը միշտ անցկացվել է Հայաստանի նախագահի, խորհրդարանի նախագահի և վարչապետի մասնակցությամբ: Խորհրդարանի աշխատակազմին պատասխանել են, որ այս տարի ԱԺ-ի նախագահը չի մտցվել նշյալ եռյակի կազմ: Այսպիսով, ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանը համարում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդիր մարմնի նկատմամբ անհամարժեք վերաբերմունք է դրսևորվել»:


Փաշինյանը և՛ որպես լրագրող, և՛ որպես վարչապետ, պետք է հասկանա, որ ինքն անպարկեշտ է վարվել: Ի՞նչ է, դիկտատորությա՞ն է պատրաստվում: ՈՒրեմն թող այդպես էլ հայտարարի, ավելի ազնիվ կլինի: Նրա նախկին «խնամակալը», այսինքն՝ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը, 1992-95 թթ. չէր էլ թաքցնում, որ սահմանադրություն է պատրաստում իր և ՀՀՇ-ի «հագով»: Եվ կեղծեց 1995-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները, իսկ նրա կողմնակիցներն անթաքույց հրճվում էին. «Լևոնը թագավոր է»: Մինչդեռ ժողովուրդը, այո, Փաշինյան, այն նույն ժողովուրդը, որի մասին դու իբր այդպես հոգում ես, վերջում անիծում էր Տեր-Պետրոսյանների ողջ տոհմը: Բայց դա դեռ մեծ դժբախտություն չէ: Տեսնենք, թե ինչ է ասել վարչապետը Սարդարապատի միջոցառման ժամանակ: ԶԼՄ-ները հայտնել են, որ, նրա խոսքով, հայ ժողովրդի պատմության ընթացքում այդպիսի բան չէր եղել, և առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա, այլ տեր: Փաշինյանը դա համարեց շրջադարձային իրադարձություն, բայց հայ ժողովուրդն այն ոչ թե նվեր ստացավ, այլ քրտինքով ու արյունով վաստակեց «Բաշ Ապարանի և Սարդարապատի փառահեղ հաղթանակները, երբ ջախջախվեցին թուրքական զորքերը, իսկ հաղթանակի պսակը դարձավ Առաջին հանրապետության հռչակումը: Ցեղասպանվածության ենթարկված, կողոպտված, կործանման եզրին գտնվող հայ ժողովուրդն ինչպե՞ս կարողացավ հաղթել թուրքերին: Դրա համար կայի՞ն արդյոք սոցիալական և ռազմաքաղաքական նախադրյալներ: Անկասկած ոչ, գործնական տեսանկյունից էլ հաղթանակի հնարավորություններ չկային: Բայց մենք հաղթեցինք, որովհետև գիտակցում էինք՝ մեզ նախասահմանված չէ անապատում կործանվելը, և 400 տարում առաջին անգամ մենք մեր հույսը դրել էինք ոչ թե ուրիշների, այլ մեզ վրա»:


Լավ, ինչպես ասվում է, Աստված Բաբլոյանի հետ. ատու՞մ ես նրան, ատի՛ր: Իսկ հիմա՝ ուշադրություն: Ըստ Փաշինյանի, 100 տարի հետո՝ 2018-ի ապրիլին, հայ ժողովուրդը կրկին հաղթանակ տարավ՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական երկրում, չնայած այդ հաղթանակն էլ էր թվում անհնար: Եվ շատերն են մինչ օրս հարց տալիս, թե դա ինչպես եղավ և ինչու. «Պատասխանը հետևյալն է. հայ ժողովուրդը հերթական անգամ հույսը դրեց իր վրա, ոչ թե ուրիշների, հավատաց ինքն իրեն, հավատաց սեփական ուժերին և ապագային: Նրա երակներում Բաշ Ապարանի և Սարդարապատի հերոսների արյունն է, և այսօր հայ ժողովուրդն ապրում է իր քաղաքացիական պատմության ամենափառավոր էջը, երբ երկրում անվերադարձ կերպով սահմանված է ժողովրդի իշխանությունը, և էլ երբեք ոչ ոք չի համարձակվի ժողովրդին պարտադրել իր կամքը, ստորացնել ընտրակաշառքներով, վարչական պարտադրանքով: Վերածնունդը կասեցնելու, կոռուպցիան ու ամենաթողությունը հաղթահարելու ժողովրդի լավատեսությունն ու հույսը խեղդելու ցանկացած փորձ կարժանանա ջախջախման: Հայաստանը պետք է հարատևի, երիտասարդ սերունդը, որպես հերոսների ժառանգորդ, ստանձնում է պատմական առաքելություն»:

Այսպիսով, ի՞նչ ենք տեսնում: Դիտավորյալ լռության մատնելով ժողովրդին ատելի Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի իշխանության ժամանակաշրջանը, Փաշինյանը սադրանքի է դիմում՝ իր անձնական հաղթանակը հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նկատմամբ հավասարեցնում է 1918 թ. մայիսին թուրքերի նկատմամբ տարած հաղթանակին: Ախր դա բացահայտ խարդախություն է, Փաշինյան: Ես հանրապետական չեմ, թքած ունեմ այն ապուշների վրա, որոնք ի վիճակի չեն իրենց ոչ պաշտպանելու, ոչ էլ արդարացնելու: Փաշինյան, եթե Ձեր ուղեղում ՀՀԿ-ի անդամները թուրքեր են, ապա ժողովրդի ուղեղում թուրքերը Ձեր «խնամակալ» ու հովանավոր Տեր-Պետրոսյանն է իր ՀՀՇ-ով ու հետՀՀՇ-ական «Հայ ազգային կոնգրեսի» տիպի կուսակցություններով և այլն: Իսկ ճշմարիտ ՀՀԿ-ն անձնավորում են Նժդեհի, Աշոտ Նավասարդյանի, Լևոն Էյրամջյանի տիպի գործիչները: Փաշինյան, եթե Դուք պատրաստվում եք թուրքի «պիտակ կպցնելու» ՀՀԿ-ի անդամներին, ապա մենք Ձեզնից կպահանջենք նախ համազգային ամոթանքի և արհամարհանքի ենթարկել ՀՀՇ-ն և անձամբ Տեր-Պետրոսյանին, որոնց լկտի կառավարման ժամանակից էլ սկիզբ է առել հենց այն համակարգը, որն ապրիլին Դուք հռչակեցիք խորտակված, իսկ այժմ այդ համակարգը «թուրք» եք անվանում, թեև անուղղակիորեն: ՈՒղղակիորեն անվանելու համար Ձեզ չեն հերիքում համարձակությունն ու արիությունը:


Այնուհետև: Ինչպե՞ս եք համարձակվում վարչապետի աթոռին Ձեր հայտնվելը համեմատել թուրք հրոսակների դեմ 1918-ի մայիսին տարած հաղթանակի հետ: Այն ժամանակ դրված էր հայ ազգի ֆիզիկական գոյության հարցը, այդ թվում՝ նրա այն հատվածի, որը հայերի ցեղասպանության պատճառով Արևմտյան Հայաստանից փախել էր Արաքսի այս կողմը: Ո՞վ է Ձեզ թելադրել նման համեմատություն, դա ի՞նչ նողկալիություն է: Ես չէ, որ այժմ պետք է զբաղվեմ փաստաբանությամբ և հիշեցնեմ, թե ինչ և ինչքան են արել նույն Աշոտ Նավասարդյանը, Լևոն Էյրամջյանը և նրանց զինակիցները 1991 թ. սեպտեմբերին Հայաստանի անկախությունը վերականգնելու համար: Կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք սեփական կենսագրությունից բերած փաստերով կապացուցեն ամեն մեկին, այդ թվում՝ Փաշինյանին, որ Հայաստանի անկախության վերականգնման գործում, հասկանալի է, նաև Արցախի Հանրապետության անկախության հռչակման գործում նրա անձնական ներդրումը անհամեմատ քիչ է, քան ՀՀԿ-ի մեծ քանակով անդամներինը: Այն ժամանակ, երբ «Երկրապահ կամավորականների միության» և հետագայում ՀՀԿ-ի ապագա անդամների զգալի մասը՝ թողած աշխատանքը, ուսումը և այլն, կամավոր գնացել էր կռվելու և սահմանին, և Արցախում, վարչապետը համեստորեն շարունակում էր սովորել: Իսկ նրա այժմյան «թիմի» զգալի հատվածը, պատկերավոր ասած, ընդհանրապես խակ էր: Հիմա դուք «փետրավորվել ու թև եք առել», ուրեմն ծովը ձեր ծնկների՞ց է: Անվայելուչ է: Չէ՞ որ դուք հիմա ապրում եք այն բանի շնորհիվ, որ այն կամավորները 1991-94-ին գնացել էին կռվելու:


Այնուհետև: Ըստ Փաշինյանի, դուրս է գալիս, որ 1918 թ. մայիսից հետո հայ ազգը հաղթանակ չի տարել: Ազգովին նստել ու սպասում էինք ժողովրդին Նիկոլի հայտնությանը: Նիկոլը չլիներ, 100 տարի հետո հայ ժողովուրդը հաղթանակ չէր տանի: Որտեղի՞ց վարչապետին այդքան խոր գիտելիքներ հայ ժողովրդի պատմությունից և այդքան հիվանդագին մեծամտություն: Փաշինյանն ու՞ր է կորցրել հայ ժողովրդի 1945 թ. մայիսի 9-ի հաղթանակը: Հայաստանի պատմության մեջ 1991-ից հետո փորձում էին գերմանական նացիզմի նկատմամբ հայերի (նախկին ԽՍՀՄ-ի այլ ժողովուրդների հետ) հաղթանակը դարձնել «ուրիշի հաղթանակ», իսկ Հայրենական մեծ պատերազմը փորձում էին մեր վզին փաթաթել որպես «ոչ մեր պատերազմ», իբր «Արևմուտքը տոնում է մայիսի 8-ին»: Փառք Աստծո, հայրենասեր հայերն այնպես արեցին, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ-ի հետ, ստիպված եղավ հաշվի առնել, որ Մայիսի 9-ը մեկընդմիշտ գրված է հայ ազգի պատմության մեջ: Որովհետև, Նիկոլ Փաշինյան, հայ ժողովուրդը պատմական հաղթանակներ է տարել 1992 թ. մայիսին: 1992 թ. Մայիսի 9-ը Շուշիի ազատագրման օրն է, նաև՝ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրը:

1992 թ. Մայիսի 18-ը Հայաստանի և Արցախի միջև «միջանցքի» բացման օրն է, Բերձորի ազատագրման օրը: Եվ հայ ժողովրդի այդ մեծ հաղթանակները շատ ավելի բարձր գին ունեն 2018-ի ապրիլի Ձեր հեղաշրջման համեմատ: Այո, հեղաշրջման, թեկուզ և ՀՀԿ-ից հոգնած մեր համաքաղաքացիներին օգտագործելով: Չէ՞ որ Դուք չեք փոխում հայկական պետության կառուցվածքը, հասարակական-քաղաքական հասարակարգը, Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքը, սեփականության ձևերը, ազատ ապրանքաշրջանառությունից չեք հանում ազգային իրական հարստությունը՝ հայ ժողովրդի հողը: Դա ի՞նչ հեղափոխություն է: Դա հեղաշրջում է: Եվ ոչ ոք մեղավոր չէ, որ ապրիլի վերջին ինչ-որ մեկը պարզապես Ձեզ հանձնեց իշխանությունը՝ փորձելով խուսափել ևս մեկ կեղծված սահմանադրական հանրաքվեի՝ 2015 թ. հանրաքվեի համար պատասխանատվությունից: Իսկ Դուք ակնհայտորեն չեք պատրաստվում չեղյալ հայտարարելու «Սերժի սահմանադրությունը», քանի որ դրանով չեղյալ կհայտարարեք և Ձեզ: Այդպես չէ՞: Տեղին է նշել, որ Հայաստանում տխուր ավանդույթ է ձևավորվել. 20 տարին մեկ (1995 և 2015 թթ.) կեղծվում է սահմանադրական հանրաքվեն...


Այնպես որ, վարչապետ Փաշինյան.
1. ՀՀԿ-ի անդամները թուրք չեն, նույնիսկ քուրդ չեն,
2. 1918 թ. Մայիսի 28-ի հաղթանակը որևէ բանի հետ համեմատելի չէ,
3. մինչև իշխանության Ձեր գալը հայ ժողովուրդը գերմանական նացիզմին հաղթել է 1945 թ. մայիսին, իսկ 47 տարի հետո մայիսին էլի ու էլի հաղթանակներ է տարել թուրքերի նկատմամբ: Ի դեպ, եթե ինչ-որ մեկը ընտրություններում կամ «փողոցային» տարբերակով հաղթի անձամբ Ձեզ, ապա դա նույնպես չի հավասարվի թուրքերի նկատմամբ հաղթանակին կամ նացիզմի նկատմամբ Մեծ հաղթանակին: Իսկ որպեսզի Դուք չկասկածեք, որ 1945 թ. մայիսին գերմանական նացիզմի նկատմամբ հայերի հաղթանակը միլիարդավոր անգամ կարևոր է Սերժ Սարգսյանի նկատմամբ Ձեր անձնական հաղթանակից, հիշեցնեմ. հաշվի առնելով, որ 1941-42 թթ. ՀԽՍՀ իշխանությունը մեծ թափով պատրաստվում էր պատերազմի մեջ Թուրքիայի մտնելուն և ամբողջ բնակչությանը նախապատրաստում էր լեռնային և միջինլեռնային պայմաններում պարտիզանական պատերազմի, ամեն տեսակի զրպարտություն, թե Հայրենական մեծ պատերազմը «մեր պատերազմը չի եղել», մատնված է անհաջողության: Ձեր գիտելիքները 2-րդ համաշխարհային պատերազմի պատմության մասին չափազանց մակերեսային են, եթե Ձեր մտքով անցել է հայ ժողովրդի պատմությունը նորից գրելու և 1945-ի մայիսի ու 1992-ի մայիսի նրա մեծ հաղթանակները ջնջելու գաղափարը: Քիչ լսեք ժամանակակից հիտլերականներին՝ իմ խորհուրդն է Ձեզ: Եվ միշտ հիշեք. «Պատմությունը սխալ կատեգորիա է» տխրահռչակ հայտարարության հեղինակին ՀՀՇ-ի իշխանության ժամանակ չհաջողվեց ջնջել ժողովրդի հիշողությունը: Չի հաջողվի և Ձեզ, ինչ էլ և որքան էլ ծախսեք դրա վրա: Այնպես որ, Փաշինյան, մահ ֆաշիզմին, արևմտյան ֆաշիզմին: 90-ականներին ես մոտիկից շփվել ու աշխատել եմ անազնիվ մարդկանց հետ, որոնք երազում էին ազգի համար ստեղծել նոր առասպելաբանություն՝ 90-ականների «հեղափոխականների», այսինքն՝ ՀՀՇ-ի պարագլուխների կենսագրությունների հիման վրա: Հարկ եղավ կատաղիորեն վիճարկել նրանց դրույթները, բայց, չնայած դրան, նրանք իրենց սև գործը, այնուամենայնիվ, սկսեցին. վավերագրական ֆիլմեր եղան ՀՀՇ-ի պարագլուխների «կյանքի ուղիների» զտված ներկայացմամբ: Պատմությունն ամեն ինչ իր տեղը դրեց. ժողովուրդը չհավատաց նոր առասպելներին: Չի հավատա և այժմ, ով էլ և ինչ էլ փորձի զոռով ընդունել տալ մեր ժողովրդին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ