Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանի տնտեսությունը 2018-ի սկզբին

Հայաստանի տնտեսությունը 2018-ի սկզբին
01.06.2018 | 00:57

Եվրասիական փորձագիտական ակումբի տնտեսագետները եռամսյակ առ եռամսյակ ուսումնասիրում են Հայաստանի տնտեսության վիճակը ԵԱՏՄ անդամակցության կտրվածքով: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աշոտ Թավադյանը իր եզրակացություններում արձանագրում է, որ Հայաստանի առաջատար բոլոր կուսակցությունները նպատակահարմար են համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Հատկապես փոքր տնտեսություն ունեցող երկրների համար էական նշանակություն ունի պատրաստի արտադրանքի արտահանումը, որ ավելի բարձր ԱԱՀ ունի: Հումքի արտահանումը աշխարհում դժվար խնդիր չէ:

Հայաստանի համար առանցքային արտահանման ծավալը հասցնել ՀՆԱ-ի 30 %-ի, որի մեծ ներուժ ունի ԵԱՏՄ-ի, հատկապես ՌԴ-ի շուկան: 2017-ին արտահանումը առաջին անգամ անցավ 2 միլիարդ դոլարը` գրանցելով 25 % աճ: 2018-ի առաջին եռամսյակում արտահանումը 596 միլիոն դոլար է կազմել, որ 34,3 %-ով բարձր է 2017-ի համեմատ: Արտահանումը ԵԱՏՄ աճել է 47,6 %-ով: ԵԱՏՄ անդամակցության 2 տարիներին արտահանումը աճել է 50 %-ով, որ կարևորագույն գործոն է մրցունակության համար: Առաջնահերթ է մնում արտահանման դիվերսիֆիկացիան` պետք է հասնել 3 միլիարդ դոլարի արտահանման:


2017-ին ԵԱՏՄ շուկաներ մեծացել է հիմնականում քիմիական ու դեղագործական արտադրանքի արտահանումը (71,4 %), փայտանյութինը (50,5 %), տեքստիլինը (35 %), պատրաստի սննդինը (27 %): 2017-ին ՌԴ արտահանումն աճել է 44,6 %-ով: 2017-ին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,5 %: ՌԴ-ն առաջին տեղում է ԵԱՏՄ-ում ներդրումների ծավալով: Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի ուղղակի ներդրումները բոլոր ներդրումների 40 %-ն են: 2017-ին Հայաստան այցերը ավելացել են 24, զբոսաշրջությունը` 18,7 %-ով` 1,5 միլիոն զբոսաշրջիկ է մտել երկիր: Նրանց թվի աճը ոչ միայն ԵԱՏՄ անդամակցության արդյունք է, այլև Հայաստանի կառավարության որոշման, որ թույլ տվեց ՌԴ-ից ՀՀ մտնել ներքին անձնագրով: 2017-ին Հայաստան է մտել 1,756 միլիոն դոլար` աճը 14,6 %: Հիմնականում տրանսֆերտները ՌԴ-ից են` 63 %:

Աշոտ Թավադյանը կարծում է, որ պետք է օգտագործել ԵԱՏՄ համաձայնագրի բոլոր հնարավորությունները` համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար: ԵԱՏՄ երկրները համագործակցության հնարավորություններ ունեն պաշտպանական արդյունաբերության, մեքենաշինության, էլեկտրատեխնիկայի, սարքաշինության, ներդրումների ներգրավման շինանյութերի արտադրության, պղնձաձուլման, քիմիական, թեթև արդյունաբերության մեջ, գյուղատնտեսության ու սննդի արդյունաբերության, դեղագործության ու զբոսաշրջության ոլորտներում: ԵԱՏՄ-ն լրացուցիչ հնարավորություններ է տվել շահավետ վարկեր ստանալու համար: Առաջին հերթին` Հայաստանի պաշտպանունակության ամրապնդման համար: ՌԴ-ից ստացվում են խիստ նպատակային վարկեր` երկու վարկ 300 միլիոն դոլարի չափով ուղղվել է պաշտպանունակության ամրապնդմանը: Այդ վարկերի արդյունավետությունը անվիճելի է: Հայաստանը ՌԴ-ից ստացել է նաև 270 ու 30 միլիոն դոլարի դրամաշնորհ` երկարացնելու համար ԱԷԿ-ի շահագործումը: Չափազանց կարևոր են կոռուպցիայի դիմակայության ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնց կնպաստի ԵԱՏՄ պայմանագրի 69-րդ հոդվածը` «Տրանսպարենտություն»:

Պետք է լուծել մաքսային խնդիրները և էներգառեսուրսների ազատականացման ու համակարգման խնդիրները: ԵԱՏՄ երկրների տնտեսությունների համար այդ խնդիրների լուծումն առաջնահերթ է: 2017-ի արդյունքներով տնտեսական զգալի աճ է գրանցվել, սակայն այդ ցուցանիշները չեն արտացոլվել այն ցուցիչների վրա, որոնցով կողմնորոշվում է բնակչությունը: Խոսքը կենսաթոշակների ու աշխատավարձերի, առաջին անհրաժեշտության ապրանքների գնի, գործազրկության մակարդակի, միգրացիայի տեմպերի, պետական պարտքի չափի ու կոռուպցիայի աստիճանի մասին է: Նվազագույն սպառողական զամբյուղի 51000 դրամ գնի դեպքում, 55000 նվազագույն աշխատավարձն ու 16000 բազային կենսաթոշակն անփոփոխ են 2015-ից: Անհիմն բարձր են մնում բանկերի տոկոսադրույքները, ինչը չի նպաստում ներդրումներին փոքր ու միջին բիզնեսում, բացասաբար է ազդում գործազրկության մակարդակի վրա: Իհարկե անընդունելի է շեշտը դնել միայն կապիտալ ծախսերի վրա և չբարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, առավել ևս, որ ինֆլյացիայի պայմաններում նրանց չափերը նվազում են: Չափազանց կարևոր են տնտեսական բարձր աճը և, իհարկե, արտահանման աճը: Բայց եթե հասարակության եկամուտները չեն աճում, իսկ գործազրկության մակարդակը չի նվազում, դժվար է ապացուցել, որ տնտեսության աճ կա: Առավել ևս, որ 2017-ի մակրոտնտեսական ցուցանիշները հիմնականում ապահովվել են ԵԱՏՄ-ի ստեղծած պայմանների շնորհիվ` մաքսատուրքերի հանման, գործընթացների պարզեցման, ռուսական ռուբլու կայունացման և Հայաստանի համար գազի գնի իջեցման հաշվին:


Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի տնտեսության մեջ շարունակվում են 2017-ի դրական միտումները: 7,5 % աճից հետո տնտեսական ակտիվությունը 2018-ի առաջին եռամսյակում հասել է 10,6 %-ի (վիճպետկոմի տվյալներով): 2018-ի առաջին եռամսյակում գործարար ակտիվության աճին նպաստել է անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Տնտեսության դրայվերներն են եղել բոլոր ոլորտները` հիմնականում շինարարությունը` 23 %, սպասարկման ոլորտը` 16,5 %, առևտուրը` 12,9 %, արդյունաբերությունը` 8,2 %, ագրոհատվածը` 2,2 %, էներգահամալիրը` 0,4%: 2018-ի մարտին փետրվարի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 16,1 %-ով (2017-ին` 14,3 %): Միակ անկումը եղել է էներգահամալիրում` 9,6 % (2017-ին` 3,6 %): Աճի տեմպերն ավելացրել են ագրոհատվածը 20,6 %- 25,9 %, արդյունաբերությունը` 11,7 %- 17,5 %, ծառայությունների ոլորտը` 9,8 % -13,1 %, դանդաղել են առևտուրը` 20 %- 8,6 % և շինարարությունը` 97,3 %- 94,4 %: Տարեկան կտրվածքով (2018-ի մարտից 2017-ի մարտ) տնտեսական ակտիվությունն աճել է 10,9 %-ով (2017-ին` 6,8 %): Առավել մեծ աճ է գրանցել շինարարությունը` 23,2 %, 2017-ին 13,5 %, սպասարկման ոլորտի աճը արագացել է` 8,4 %-ից` 8,8 %: Հապաղել է արդյունաբերության աճը` 17,2 %-ից` 8,2 % և առևտուրը` 13,7 %-ից` 6,3 %, ագրոհատվածը` 3,7 %-ից հասել է 5,3 % աճի:


Վիճպետկոմի տվյալներով` 2018-ի հունվարից մարտ առաջատարը առևտրի հատվածն է` 578,2 միլիարդ դրամ (1,2 միլիարդ դոլար): Երկրորդը արդյունաբերությունն է` 400,5 միլիարդ (832 միլիոն դոլար), երրորդը` սպասարկման ոլորտը` 356,5 միլիարդ դրամ (740,4 միլիոն դոլար), չորրորդը` ագրոհատվածը` 80,4 միլիարդ դրամ (166,9 միլիոն դոլար), հինգերորդը` շինարարությունը` 44,5 միլիարդ դրամ (92,5 միլիոն դոլար): Էլէներգիայի արտադրանքը կազմել է 2109,7 միլիոն կՎտ: Արդյունաբերական արտադրանքի դասիչը 2018-ի հունվար-մարտին` 3,9 %, մարտին` 1,7 %: Արտաքին առևտրի շրջանառությունը 2018-ի հունվար-մարտին կազմել է 826,4 միլիարդ դրամ (1716,7 միլիոն դոլար)` տարեկան 37,4 %. 2018-ի մարտին արտաքին առևտրաշրջանառությունը մեծացել է 4 %-ով` բացառապես արտահանման 6,1 % աճի շնորհիվ: Համաշխարհային բանկը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ-ի աճ 2018-ին 3,8 %-ով, 2019-ին` 4: 2018-ի մարտին ինֆլյացիան 3,7 % էր: 2018-ի առաջին եռամսյակում հակասական միտումներ էին մասնավոր տրանսֆերտների ոլորտում` հունվարին` 94672000 դոլար, դեկտեմբերի համեմատ` 100 միլիոն դոլարով պակաս: Տրանսֆերտների 51,7 միլիոն դոլարը փոխանցվել է ՌԴ-ից, 12,3-ը` ԱՄՆ-ից: ՌԴ-ից Հայաստան դրամական փոխանցումները 2017-ին 2016-ի համեմատ աճել են 26,5 %-ով և կազմել 57,2 միլիոն դոլար: Կենտրոնական բանկի տվյալներով` 2018-ի փետրվարին 2017-ի համեմատ Հայաստանից Ռուսաստան փոխանցումները 35,6 %-ով նվազել են` 21,3 միլիոն դոլար: 2018-ի մարտին Հայաստանի բանկային համակարգով ֆիզիկական անձանց է փոխանցվել 137,1 միլիոն դոլար` 7,54 %-ով ավելի 2017-ից: ԿԲ-ի տվյալներով` դրամական փոխանցումները մարտին փետրվարի համեմատ աճել են 8,3 %-ով: Հայաստանից արտասահման է փոխանցվել 99,89 միլիոն դոլար` 2017-ի 74,5-ի դիմաց (ամսական աճը` 0,71 %): Արդյունքում` 2018-ին դրամական մաքուր հոսքերը 2017-ի համեմատ 29,7 %-ով կրճատվել են` կազմելով 37,2 միլիոն դոլար (ամսական աճը` 36 %): ՌԴ-ից դրամական հոսքերը 2018-ի մարտին 2017-ի համեմատ աճել են 25,9 %-ով, կազմելով` 81,1 միլոն դոլար (աճը` 18 %): Հայաստանից ՌԴ դրամական հոսքերը ավելացել են 50,8 %-ով` 42,4 միլիոն դոլարով (աճը` 39 %): ԿԲ-ի տվյալներով` 2017-ին դրամական միջոցների փոխանցումը Հայաստան կազմել է 1 756,4 միլիոն դոլար (աճը` 14,5 %), իսկ դուրսբերումը` 1 024,9 միլիոն (աճը` 25,4 %): Արդյունքում մաքուր ներհոսքը 2017-ին կազմել է 731,5 միլիոն դոլար (աճը` 2,2 %):


Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ տնտեսական ակտիվությունը կարող է նվազման միտումներ ունենալ: Վերլուծելով 2018-ի առաջին եռամսյակում 9,6 % տնտեսական աճի ցուցանիշները, ի հայտ են գալիս գործոններ, որ կարող են բացասաբար ազդել դրամավարկային քաղաքականության և տնտեսական հիմնական ցուցանիշների վրա: Հունվար-մարտի տվյալներով` ինֆլյացիան կազմել է 2,2 %: Ըստ բյուջեի` 2018-ին տնտեսական աճը կազմելու է 4,5 %, ինֆլյացիան` 4 % (1,5 %): Ընդհանուր առմամբ` ակնկալվում է տնտեսության աշխուժացում տնտեսական քաղաքականության շնորհիվ, նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի ակտիվացման` հաշվի առնելով ապրանքների ու ծառայությունների արտահանման աճը առաջին հերթին ՌԴ և միության մյուս անդամների հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման: Հայաստանի տնտեսության աճի վրա դրական ներգործություն ունի Ազատ առևտրի գոտու գործարկումը Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև, որ պաշտոնապես բացվեց 2017-ի դեկտեմբերին Հայաստանի ու Իրանի սահմանին:
Ահա այսպիսի թվաբանություն: Փաստացի, դատելով թվերից, Հայաստանի տնտեսությունը վերելքի մեջ է ու բոլոր շանսերն ունի պահելու աճի միտումները, բայց այդ վերելքն ու աճը ազդեցություն չունեն կենսամակարդակի վրա, հետևաբար` գնողունակության աճի և սոցիալական վիճակի` ընդհանուր առմամբ: Այսպես հակասության մեջ են մտնում տնտեսագիտությունը ու ռեալ կյանքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանին խնդրեցի մեկնաբանել ակումբի անդամների ուսումնասիրության արդյունքների քաղաքական նշանակությունը.
-Եվրասիական փորձագիտական ակումբը մեր իրականության մեջ միակ փորձագիտական հանրությունն է, որ կանոնավոր կերպով և մասնագիտորեն ուսումնասիրում է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացներին Հայաստանի մասնակցությունը: Ինչպես տեսնում եք` մենք միայն որոշ, շատ զգույշ կանխատեսումներ ենք արել տնտեսական տարվա համար: ՈՒզում եմ նշել, որ ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճի համար տվել է 3,8 % ցուցանիշը, որ շատ զգուշավոր և պահպանողական կանխատեսում է: ՀԲ-ն ասել է նաև, որ 2018-ին զարգացած աշխարհը զարգացող տնտեսությունների մեջ ավելի քիչ ներդրումներ է կատարելու:

Այսինքն` մեզ համար դժվարություններ են լինելու նոր ներդրումներ հայթայթելու ճանապարհին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու անգամ համաներում է հայտարարել այն միլիարդների համար, որոնք տարբեր ճանապարհներով հեռացել են Ռուսաստանից և հայտնվել արևմտյան ու օֆշորային բանկերում: Կանի՞ ՀՀ նոր կառավարությունը նման քայլ` հետ բերելու հայկական միլիարդների գոնե մի մասը: Եվ երկրորդ` ինչպես տեսնում եք, տնտեսական հետազոտությունը վերաբերում է մինչև իշխանափոխության շրջանին, ուրեմն կարևոր է հասկանալ` հաջորդ ամիսների քաղաքական գործընթացները դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն են ունենալու տնտեսական աճի տեմպերի վրա: Մենք ավելի քան համոզված ենք, որ եթե Հայաստանում իշխի երկխոսության ու համագործակցության ոգին, որը զգալ կտա իրեն նաև գալիք ընտրությունների մթնոլորտում, կկարողանա գրավիչ դարձնել ՀՀ տնտեսությունը թեկուզ ոչ մեծ, բայց ավելի շատ աղբյուրներից ստացվող հնարավոր ներդրումների համար: Օգոստոսին մենք անելու են նոր տնտեսական հետազոտություն և այն ժամանակ կանենք ավելի համարձակ կանխատեսումներ 2018-ի համար: Հավելեմ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձագետները դրական միտումներ են արձանագրում ոչ միայն 2018-ի, այլև 2019-ի համար ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տնտեսություններում:

Դիտվել է՝ 5099

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ