«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Համը` կյանքի համը, կնոջ, խաղողի, արևի, արվեստի»

«Համը` կյանքի համը, կնոջ, խաղողի, արևի, արվեստի»
01.06.2018 | 01:06

Երիտասարդ ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԻ «Նոկտյուրն» կարճամետրաժ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է «Web Ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Հինգ րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմը փառատոնային կյանք է ունեցել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:

-Հայկ, ի՞նչ բարդությունների հետ են կապված կարճամետրաժ ֆիլմի նկարահանումը, ցուցադրությունը:
-Կարճամետրաժ ֆիլմ նկարահանելն ու ներկայացնելն արդեն իսկ բարդ է: «Նոկտյուրնը» նայում են այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են կարճամետրաժ ֆիլմերով: Շատ են նաև քննադատությունները, լինում է նաև, որ ասում են` հինգրոպեանոց ֆիլմն ի՞նչ պետք է լինի:
-Ինչու՞ «Նոկտյուրն»:
-Ֆիլմում բառեր չկան: Շոպենի երաժշտությունը՝ «Նոկտյուրնը», ինձ հետ կառուցեց ֆիլմը, լրացրեց ասելիքը:
-Ի՞նչ է պետք լավ ֆիլմ նկարահանելու համար:
-Առաջին հերթին` լավ սցենար: Շատ պարզ բան եմ ասում` ստեղծագործական խումբը պետք է ամբողջությամբ ներգրավված լինի ֆիլմի աշխատանքներում, դերասանը պետք է ապրի ֆիլմը` սկզբից մինչև վերջ, եթե մի քիչ թերանա, կտրվի, ամբողջ ֆիլմը բուրգի պես կքանդվի:
-«Նոկտյուրնի» սցենարի հեղինակը դու ես:
-Այո, իմ բոլոր ֆիլմերի սցենարները ես եմ գրում: Այլ կերպ չեմ պատկերացնում:
-Այն, ինչ տեսնում ենք «Նոկտյուրնում», ավելի շատ ապրելու՞, թե՞ մահվան փորձ է:
-Ապրելու և ապրելու:
-Ֆիլմի հերոսը փորձում է ինքնասպան լինել, բայց նաև խաղ է հիշեցնում այս տեսարանը: Դրամատիկ լարվածությունը համեմվում է հումորով:
-Ես կասեի` ցինիզմով: Ցինիզմը կինեմատոգրաֆիայում միշտ հետաքրքիր է: Իմ ֆիլմի մեխը թաքնված է խաղողի տեսարանում: ՈՒզու՞մ ես մահանալ, մահացիր, բայց այդ խաղողն էլ չես ուտելու:
-Ի՞նչն էր քո հերոսին դրդում ինքնասպանության, կարծես այնքան էլ էական չէր դրդապատճառը, թեև ընտանեկան լուսանկարից կարելի է եզրակացնել, որ հերոսը միայնակ է մնացել: Կա՞ նման նրբերանգ:
-Ասում են (ծիծաղում է):
-Ի վերջո, ի՞նչն է ստիպում հերոսին կառչել կյանքից` արվե՞ստը (հերոսը շարունակ նվագում է), թե՞ մատուցարանի վրա շարված մրգերը:
-Համը` կյանքի համը, կնոջ, խաղողի, արևի, արվեստի: Պիտի ապրես, որ չկորցնես այդ բոլոր համերը:
-Սոս Ջանիբեկյանը կարողացե՞լ է իր խաղով փոխանցել կինոդիտողին այն, ինչ ուզում էիր ասել:
-Այո, ես նրան էի տեսնում այդ հերոսի դերում, լիովին փոխանցեց ասելիքը, ինձ հետ ապրեց ֆիլմը:
-Կինոոլորտի ներկայացուցիչները մեկը մյուսի ստեղծած աշխատանքները դիտու՞մ են: Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում այսօր:
-Այո, դիտում են (մանավանդ որ վերջին շրջանում կինոմիությունում կազմակերպում են երիտասարդ ռեժիսորների ֆիլմերի ցուցադրություն): Ես կարծում եմ, որ ռեժիսուրա հասկացությունը պետք է ավելի իմաստավորվի: Պլակատային կինոն մի քիչ շատ է, քաղցկեղի նման տարածվել է: Երբ ասում են` պատերազմի մասին ֆիլմ, մտածում են, որ պետք է անպայման տանկ լինի, զինվորը զոհվի, մայրը լաց լինի, քույրը տառապի: Էլ ու՞ր մնաց ռեժիսուրան: Եթե այդպես լիներ, իմ հերոսը պետք է ինքնասպան լիներ:
-Ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա ռեժիսորը:
-Ռեժիսորը պետք է լինի գրականության իմացության օրինակ, եթե ռեժիսորին կարող ես զարմացնել ինչ-որ գրքով, պիեսով, պատմվածքով, ուրեմն, նա պետք է իր վրա աշխատի: Կարծում եմ՝ ռեժիսուրայի ֆակուլտետի ուսանողը պետք է գերազանցի բանասիրական ֆակուլտետի ուսանողին, որովհետև վերջինս գիտի ինչի մասին է պատմվածքը, իսկ ռեժիսորը «կոտրում» է այդ պատմվածքի բոլոր հերոսներին:
-Ֆիլմիդ վերաբերող համացանցային մեկնաբանություններում ակնարկ կար մի ցուրտ օրվա մասին, երբ թատերական ինստիտուտում փակ դռների հետևում հայտնված աղջիկներին ներս են թողել քո միջամտությամբ: Մարդասիրությունը բախվում է կարգուկանոնի՞ն, որին մենք այնքան էլ տուրք չենք տալիս:
-Կարծում եմ` թատերական ինստիտուտը կրթական այն հաստատությունն է, որտեղ ուշացման համար ցուրտ եղանակին չի կարելի աղջկան դրսում թողնել: Ես շատ աշխույժ եմ եղել ինստիտուտում, նման միջադեպեր հաճախ են եղել, դրա համար այդպես տպավորվել է, մեկնաբանություններում հիշատակել են:
-Այս հարցը ինչու՞ տվեցի. դու նաև հասարակական ակտիվությամբ ես աչքի ընկնում, ղեկավարում ես «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը: Ստեղծագործական և հասարակական աշխատանքները չե՞ն խանգարում իրար:
-Ցանկության խնդիր է: Իմ տեսակով ես չէի կարող նախաձեռնություն ղեկավարել, բայց մտածեցի` եթե ես չանեմ, ո՞վ պետք է անի: Իհարկե, չեմ պատրաստվում ամբողջ կյանքում ղեկավարելու նախաձեռնությունը: Երբ իրագործվեն նպատակները, որ դրել եմ իմ առջև, ամբողջապես կանցնեմ ստեղծագործական փուլի, որովհետև շատ հետաքրքիր գաղափարներ ունեմ:
-Հայկ, որքան գիտեմ, «Նոկտյուրնի» նկարահանման հետ կապված խորհրդավոր պատմություն է եղել:
-Բնակարանում, որտեղ պետք է նկարահանվեր ֆիլմը, օրեր առաջ տան բնակիչն ինքնասպան եղավ: Ինքը չգիտեր ֆիլմի թեմատիկան: Զարմանալի զուգադիպությամբ՝ երաժշտության ուսուցչուհի էր: Միստիկ պատմություն էր: Կան բաներ, որ հնարավոր չէ բացատրել: Ես երեք-չորս ամսով հետաձգեցի ֆիլմի նկարահանումը: Չէի կարողանում աշխատել:
-Ի՞նչ հետք, ազդեցություն է թողել Նոկտյուրնը» քեզ վրա:
-Ապրելու, արարելու ցանկությունն ավելի է մեծացել: Ես չեմ ուզում ծերանալ, բայց ուզում եմ ապրել մի քիչ երկար:
-Ինչքա՞ն ժամանակ պահանջվեց ֆիլմը ստեղծելու համար:
-Տասն ամիս` սկսած նախապատրաստական աշխատանքներից, սցենարը գրելուց:
-Ի՞նչ ֆիլմ ես նախատեսում հաջորդիվ:
-Ինձ թվում է` իմ հաջորդ ֆիլմը լինելու է կա՛մ ժպիտի մասին, կա՛մ թղթի: Մի թղթից կախված է մարդու ճակատագիրը: Թվում էր, թե համացանցն ինչ-որ բան կփոխի մեր կյանքում, բայց չփոխեց: Համացանցում, օրինակ, թանգարան չի ստեղծվի: Մարդուն նկարագրելիս չես ասի` համացանց մտած-ելած, կասես՝ կարդացած: Մենք Ֆեյսբուքում կարող ենք ունենալ 4 հազար ընկեր, բայց իրականում սոցցանց մտնում ենք 4-5 հոգու համար, 4-5 հոգու համար ենք հեռախոս պահում, ի վերջո, 4-5 հոգու համար ենք ապրում: Սոցցանցերում թվեր են ավելանում, մի քիչ ձևն է փոխվում: Մարդը բոլոր ժամանակներում նույնն է:
-Ի՞նչ է պատմելու «ժպիտը»:
-Ժպի՞տը, այնպես կուզեի այդ ֆիլմը նկարել: Մարդիկ շատ հաճախ ստիպում են իրենց ժպտալ… Ֆիլմի հերոսուհին նստած է «Լունապարկում», նրա երեխան պտտվում է կարուսելի վրա: Երեք րոպեում հերոսուհին դառնում է Մոնա Լիզա:


Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4012

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ