Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նո՞ր ՀՀԿ, թե՞ ՀՀԿ-ի նոր մարտավարություն

Նո՞ր ՀՀԿ, թե՞ ՀՀԿ-ի նոր մարտավարություն
02.06.2018 | 11:04

ՀՀԿ ԳՄ նիստից հետո, որ վարել է նախագահ Սերժ Սարգսյանը, խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, որ ՀՀԿ-ն չի պատրաստվում ձախողել կառավարության ծրագրի ընդունումը և բացել է որոշ փակագծեր` շեշտելով. «Մենք 5 քայլ ունենք, որոնցում հետքայլ չենք անելու` Արցախի հարց, Ցեղասպանության միջազգային հարց, ԵԱՏՄ, բանակ ու անվտանգություն և ազգային արժեքներ: Մնացած հարցերում պատրաստ ենք քննարկումների բոլոր քաղաքական ուժերի հետ»:

Շարմազանովը հավելել է. «ՀՀԿ-ն էլ գոտկատեղից ներքև հարվածներ չի տալու», գուցե ակնարկելով վարչապետի գրոհները ՀՀԿ-ական գործարարների վրա: Այնուամենայնիվ` Շարմազանովը ևս մեկ անգամ ասել է, որ արտահերթ ընտրությունների քննարկման պատրաստակամությունը կապ չունի խմբակցությունից 2 պատգամավորների դուրս գալու հետ: «Մենք մնում ենք մեր կարծիքին՝ այս պահին շուտափույթ ընտրություններ անցկացնելու հարց մեր օրակարգում չկա։ Չկա նաև Փաշինյանի օրակարգում»: Այս հարցում նա իրավացի է` արտահերթ ընտրությունների հեռանկարն ուրվականի պես սավառնում է Հայաստանում ու չի մարմնավորվում գոնե մոտավոր ժամկետով` ամռանը, աշնանը, ձմռանը: Երեկ կառավարության նիստում հավանություն տրվեց կառավարության ծրագրին, որը ԱԺ արտահերթ նիստին կներկայացվի հունիսի 7-ին:

Ծրագրում ներառված է արտահերթ ընտրությունների հարցը` ժամկետ նշված է մեկ տարին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էր ասել, որ ՀՀԿ-ն պատրաստվում է 2022-ի հերթական ընտրություններին, իսկ հիմա Դավիթ Հարությունյանը հայտարարում է. ՙՄենք չենք տեսնում որևէ արգելք, որ լինեն արտահերթ ընտրություններ՚, ավելին` եթե նախկինում ՀՀԿ-ականները պարբերաբար հայտարարում էին, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեն տեսնում` ԸՕ-ի վերաբերյալ դրական կարծիք ունեն թե Վենետիկի հանձնաժողովը, թե միջազգային կառույցները, հիմա Դավիթ Հարությունյանը ազդարարում է, որ ՀՀԿ-ն պատրաստ է և ԸՕ-ի, և արտահերթ ընտրությունների քննարկումներին: Իհարկե, պատրաստակամությունը չի նշանակում համաձայնություն:

Դավիթ Հարությունյանը ճշտել է. «Խորհրդարանական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Առ այս պահը որևէ առաջարկ` մասնակցել այդ քննարկումներին, չենք ստացել»: Նա ՀՀԿ-ի անունից ընդունել է, որ ընտրություններում պետք է ներդրվի մատնահետքերի մեկ միասնական առցանց, միմյանց հետ փոխկապակցված բազա, իսկ ռեյտինգայինը համարել է օգտակար: Հարցին` ինչո՞վ է պայմանավորված ՀՀԿ-ի հայտարարությունը, Դավիթ Հարությունյանը բացատրել է. «Երբ խոսքը վերաբերում է խորհրդարանական բոլոր ուժերին, համագործակցության եզրեր պետք է փնտրեն բոլորը: Ինչո՞վ է պայմանավորված այս մեսիջը. այն թյուրընկալմամբ, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ տապալի Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ու արտահերթ ընտրությունները: Մենք չենք տեսնում որևէ արգելք, որ լինեն արտահերթ ընտրություններ: Մենք հայտարարում ենք, որ մեզ համար փակ հարցեր չկան»:


Սա դիրքորոշման 180 աստիճանի փոփոխություն է: Գործնականում ՀՀԿ-ն ընդունում է Նիկոլ Փաշինյանի օրակարգը` արտահերթ ընտրությունների մասով և դառնում է ավելի ճկուն ընդդիմություն, որ ոչ բոլոր հարցերին է իբրև ընդդիմադիր բացասական վերաբերմունք արտահայտում: Համարե՞լ հետևանք ԱԱԾ-ի հակակոռուպցիոն բացահայտումների, բայց դրանով ԱԱԾ-ի մուտքը այլ գործարարների բիզնես հազիվ թե փակվի: Թեպետ դա բնավ էլ ԱԱԾ-ի գործը չէ, այլ` ՊԵԿ-ի: ԱԱԾ-ն պիտի զբաղվի արտաքին սպառնալիքներից բիզնեսի անվտանգության ապահովմամբ: Ստացվում է տպավորություն, որ ԱԱԾ-ի բախտը ՙչի բերում՚` նախկինում իրենց գործը թողած ընդդիմությամբ էին զբաղված, հիմա` ՊԵԿ-ի գործով: Համաձայնությունը քննարկել արտահերթ ընտրությունների ու ԸՕ-ի փոփոխությունների հարցերը բնավ չի նշանակում, որ ՀՀԿ-ն համաձայնում է ընդունել առաջարկվող փոփոխությունները, ընդամենը ժամանակ ու առևտրի տարբերակ է տալիս` յուրովի համագործակցության առաջարկ վարչապետին, որի արդյունքները, ինքնին հասկանալի է, պիտի փոխշահավետ լինեն: Հարց է, թե իր համար ի՞նչ է ակնկալում ՀՀԿ-ն: Դառնալ ՔՊ-ի գործընկե՞ր` խաղից դուրս բերելով ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին, թե՞ նվազագույն ծրագրով շարժվել` առայժմ ինքնապահպանվել, հետոն հետո կերևա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀԿ ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովը խոսելով քաղաքական հետապնդումների մասին՝ ասաց. «Կա՞ Հայաստանում քաղաքական ճնշում, թե չկա, դժբախտաբար կա: Դա տեսել ենք մայիսի 1-ի քվեարկությունից առաջ, դրանից հետո: Ատելության ու ճնշման մասին խոսել են ԵԽԽՎ համազեկուցողները՝ օրվա իշխանությունների հետ հանդիպման ժամանակ: ԵՊՀ-ում տեղի ունեցող պրոցեսներն էլ ես գնահատում եմ քաղաքական գործունեության արդյունք: Արամ Սիմոնյանը քննադատվում էր, պրեսինգի էր ենթարկվում, որովհետև ՀՀԿ ներկայացուցիչ է: ՀՀԿ ներկայացուցիչ լինելը պատիվ է, ոչ թե հանցագործություն: Բուհի ներքին կանոնակարգային խնդիրներին նոր իշխանությունները միջամտելու իրավունք չունեն» և հիշեցրեց, որ բոլոր իրավական գործընթացների հետ կապված կա անմեղության կանխավարկած: «Կա՞ քաղաքական ճնշում՝ կա, կա՞ քաղաքական պրեսինգ՝ կա»,- ասել է Շարմազանովը: Թեպետ պրեսինգն ու ճնշումը նույնն են:

Դիտվել է՝ 3458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ