Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մնացականյանը մեկնում է Լավրովի հետ հանդիպման

Մնացականյանը մեկնում է Լավրովի հետ հանդիպման
03.06.2018 | 11:11

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 7-ին Մոսկվայում բանակցություններ է վարելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Սա նրա առաջին այցն է Մոսկվա իբրև նախարար: Զոհրաբ Մնացականյանը հաջորդեց Էդուարդ Նալբանդյանին, որ ԱԳ նախարար էր 2008-ից և սերտ ու փոխվստահելի երկխոսություն ուներ Լավրովի հետ: Մնացականյանը դեռ պիտի հարաբերություններ հաստատի: Երկու նախարարներն արդեն զրուցել են հեռախոսով և Մնացականյանը ստացել է Լավրովի հրավերը: Ավելի վաղ Սոչիում հանդիպեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ հաստատեց Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական գործընկերության պահպանման կարևորությունը:

Այս առումով ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Արտյոմ Կոժինի անոնսած բանակցային օրակարգը բանալ է` երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքների շրջանակում, միջազգային խնդիրներ, ինտեգրման գործընթացներ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԱԾՏՀ-ի և միջազգային ու տարածաշրջանային այլ հարթակներում համակարգում, մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով: Կարծես թե` ամեն ինչ նախկինի պես է: Փաշինյանը հայտարարում էր, որ հայկական «թավշե հեղափոխությունը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի և Երևանի բոլոր պարտավորությունները ԵԱՀԿ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում մնում են ուժի մեջ»: Բայց ինչ էլ անես, ի հայտ է եկել հայկական նախադեպը, որի իմաստը երևանյան շատ քաղաքագետներ համարում են «ժողովրդավարության սպասված հաղթանակ»: Իրոք, Հայաստանը փոխվել է, թեպետ պոկվել պատմականորեն ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններից շատ բարդ կամ գործնականում անհնար կլինի: ԱՄՆ Freedom House-ը արդեն հայտարարում է, որ «Փաշինյանի հաղթանակից հետո Հայաստանն ու Վրաստանը, լինելով մասնակի ազատ, անազատ տարածաշրջանի ամենաազատ երկրներն են, իսկ բացասական վարկանիշով գլխավորող երկիրը հարևան Ադրբեջանն է»: Հայտնվելով «վիճելի տարածքների» բաժնում Արցախի Հանրապետությունը ևս ճանաչվել է «մասնակի ազատ»: ԵՄ-ն պատահաբար չի հայտարարում, որ 2018-2022-ին Հայաստանին կհատկացնի 176 միլիոն եվրո աջակցություն տարբեր ոլորտներում կատարվող բարեփոխումներին, ելնելով այն փաստից, որ «համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեհամակարգին»:

Պատահաբար չէ նաև, որ Փաշինյանն իր երկրորդ արտասահմանյան այցը (ՌԴ-ից հետո) Վրաստան կատարեց: Գուցե համընկնում է, գուցե` ոչ, բայց Զոհրաբ Մնացականյանի Մոսկվա այցի նախօրեին ժամանակավոր հիմքերով ուժի մեջ մտավ ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որ Հայաստանը ստորագրել էր 2017-ի նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը վերաբերում է քաղաքական երկխոսությանը, տնտեսությանն ու անվտանգությանը: Մնացականյանի խոսքով` «Հեռանկարում ենթադրվում է ձևավորել շրջանակներ, որ հնարավորություն կտան կանոնավոր քաղաքական երկխոսություն հաստատել, աշխատել ներքին բարեփոխումների վրա, համագործակցել տրանսպորտի, էներգետիկայի, բանկային գործի և ֆինանսական ծառայությունների ոլորտում»: Որոշ հայ փորձագետների կարծիքով` Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններին ոչինչ չի սպառնում, բայց գոյություն ունեցող խնդիրների մասին չեն լռելու: Իսկ խնդիրներ կան: Մոսկվայում Լավրովի հետ բանակցելու է նրա գործընկերը, որ ձգտելու է զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները` պահպանելով հնարավորություններ եվրոպական մանևրի համար` հաշվի առնելով «ժողովրդավարական ռեսուրսը»: Իսկ այդ ռեսուրսը, ինչ էլ ասեն, փոխում է ռազմավարական իրավիճակը տարածաշրջանում: Երևանը հազիվ թե փոխի արտաքին քաղաքական կողմնորոշումները, բայց նրա ռեսուրսն արտաքին քաղաքականության մեջ հատուկ ուժ ու ուղղվածություն է ձեռքբերում: Ճիշտ է, տվյալ դեպքում խոսքը միայն բանակցություններում մեկնարկային առավելությունների մասին է, որ դեռ պետք է իրականացնել: Մնացականյանի ու Լավրովի բանակցություններում, իհարկե, հատուկ ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը:


Բաքուն նյարդայնանում է` հասկանալով, որ նեղանում են խնդրի ուժային լուծման հնարավորությունները «հայկական ժողովրդավարության նկատմամբ» Եվրոպայի դիրքորոշման պատճառով և փորձում է բանավեճը փոխադրել «արևմտամետ» Փաշինյանի ու Ռուսաստանի դիմակայության հարթություն, կտրականապես մերժում է Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու Փաշինյանի առաջարկը: Բայց Հայաստանի վարչապետը իր առաջարկը չի ներկայացրել իբրև գլխավոր պայման Բաքվի հետ երկխոսությունը սկսելու, որ հաստատել է և Մնացականյանը, բարձր գնահատելով Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը` իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:

Նրա խոսքով` «Ցանկացած զարգացում, որ կխոչընդոտի բանակցային գործընթացին, անընդունելի է ու բացասական ազդեցություն կունենա բանակցային գործընթացի վրա» և «մենք, այսինքն` բոլոր կողմերը, տվյալ դեպքում խոսքը Ադրբեջանի մասին է, պետք է խուսափենք այդպիսի զարգացումից»: Այս ուղղությամբ` առանձնակի փոփոխություններ չեն կանխատեսվում, քանի որ կարևոր է հասնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների գործնական իրականացմանը կոնֆլիկտի գոտում մոնիտորինգի ու միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ: Մարտավարական առումով Երևանի այդ գործողություններն արդարացված են: Ինչպե՞ս կպատասխանի այս ամենին Բաքուն, կհամաձայնի՞ տեսանելի ապագայում պահպանել ստատուս քվոն, որ օբյեկտիվորեն ձեռնտու է իրեն, և պատրա՞ստ է համաձայնել, եթե նկատի ունենանք ադրբեջանական էներգակիրների արտահանումը: Տեսնենք: Առայժմ բավարարվենք, որ Մինսկի խմբի համանախագահները պահպանում են միասնականությունը ղարաբաղյան կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Գործընթացը շարունակվում է, թեպետ տարածաշրջանում սկսվել են փոփոխությունները:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Հայաստանի «ժողովրդավարական ռեսուրսը» առայժմ նորանշանակ հայ պաշտոնյաներին բավարարում է ընդամենը թվարկելուն հանրահայտ խնդիրները, բայց ոչ լուծումների սեփական տարբերակներ առաջարկելուն: Օրինակ` Զոհրաբ Մնացականյանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ կասի՞, որ հետայսու Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում միջազգային կառույցներում քվեարկել ինչպես Ռուսաստանը, այլ քվեարկելու է` ելնելով իր շահերից: Կասի՞, որ Հայաստանում չեն հավատում, որ Ադրբեջանին զենքի վաճառքը բիզնես է կամ Ադրբեջանին վերահսկողության տակ պահելու միջոց ու հատկապես 2016-ի ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ է, որ վերահսկողությունը չի գործում: Կասի՞ Զոհրաբ Մնացականյանը, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը հավասար կարևորություն ունի: Վերջապես` ռուսական ռազմաբազայի համար ճիշտ կլինի Հայաստանին վճարել` ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում: Կխոսի՞ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության այն խնդիրների մասին, որոնք առաջանում են, երբ Ռուսաստանը իր օրենսդրությունը վեր է դասում ԵԱՏՄ համաձայնագրից: Դեռ Ղարաբաղի հարցին, Ալիևի ու Մամեդյարովի տարատեսակ հայտարարություններին չհասած: Հազիվ թե:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ