Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում

Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում
04.06.2018 | 09:52

Հունիսի 1-ը չստացվեց Ստեփանակերտում, ավտոլվացման կետում` կենցաղային հողի վրա անվանված ծեծկռտուքը, որի տեսանյութը հայտնվել է համացանցում, քաղաքացիների ու այդ պահին ծառայության մեջ չգտնվող ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ, երեք օր շարունակվում էր հետևանքների մեջ: Վստահաբար` դա առաջին ծեծկռուքը չէ, ոչ էլ գուցե վերջինը: Բայց այս մեկը հանգեցրեց ցույցերի ու հրաժարականների պահանջի, խորհրդարանում հատուկ հանձնաժողովի ստեղծման, նախագահի հրավիրած խորհրդակցությունների, պետնախարարը հանդիպեց ցուցարարներին, իսկ կրքերը չեն հանդարտվում: Ուրեմն` կա ինչ-որ հիմնավոր պատճառ և ծեծկռտուքը դարձավ կայծ, որ բողոքի ալիք բարձրանա: Երեկ հայտարարություն էր արել ԼՂ ՊՆ-ն` շեշտելով` «առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ և դրան հետևած դեպքերի զարգացման վերաբերյալ»: ՊՆ-ն հորդորել էր «զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:


Հայտարարությունը, խորհրդակցությունները, հանդիպումները, հորդորները, արդյունք չեն տալիս: Երեկ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարկ համարեց միջամտել, «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, մեղմ ասած, անթույլատրելի է Ղարաբաղում: Նկատի ունեմ բողոքի զանգվածային գործողությունները և ճնշումները ԼՂՀ իշխանությունների վրա: Պատերազմական վիճակում գտնվող պետության համար դրանք կարող են աղետալի հետևանքներ ունենալ: Փակագծերը չեմ ուզում բացել, հետևանքները, վստահաբար, պարզ են ցանկացած բանական մարդու համար»` գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ևս գտնում է, որ զանգվածային բողոքի առիթ հանդիսացած միջադեպի մեղավորները խստագույնս պետք է պատժվեն և հիշեցնում, որ ԼՂՀ նախագահը ևս հստակ հավաստիացում է տվել: «Ուժային կառույցների` ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ իշխանական համակարգին, ինչից չեն հապաղի օգտվել մեր հակառակորդները: ԼՂՀ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը Բանակից հետո Ղարաբաղի անվտանգության ապահովման կարևորագույն հաստատություններն են, որոնց չի կարելի ցնցումների ենթարկել»` հորդորում է առաջին նախագահը և ելք առաջարկում` անհրաժեշտ է մի երրորդ, չեզոք կողմի ակտիվ միջամտությունն ու հորդորը` Ղարաբաղի ներքաղաքական կայունությունը վերականգնելու և պետական մեքենայի անխափան գործունեությունն ապահովելու համար: Այդ կողմը դեռևս 1993-ից իրեն պաշտոնապես Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր հայտարարած երկրի` Հայաստանի Հանրապետության ղեկավարն է` Նիկոլ Փաշինյանը: Նաև հիշեցնում, որ նման մի իրավիճակ Լեռնային Ղարաբաղում ստեղծվել էր 1993-ին, և ինքն ու Վազգեն Սարգսյանը ուղղաթիռով մեկնել են Ստեփանակերտ, ԼՂՀ ղեկավարների հետ լուրջ խորհրդակցությունների միջոցով արագ լուծել իշխանության ամրապնդման և երկրի կայունության ապահովման խնդիրը:


Թերևս միայն Նիկոլ Փաշինյանի վրա հույս չդնելով` Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է, որ իրենց ազդեցությունը Ղարաբաղում օգտագործեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Սամվել Բաբայանը, նույնիսկ նրան անհապաղ ազատ արձակելու միջոցով: «Բոլոր հակասությունները մի կողմ դնելով` Բակո Սահակյանին մենակ չպետք է թողնել»` եզրափակում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի՞նչ է, ուրեմն, կատարվում Ղարաբաղում, որ նախկին ու ներկա իշխանության տոտալ զորահավաքի կարիք կա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ընդհանրապես` ինչու՞ «ինչ տեղի ունեցավ Հայաստանում, անթույլատրելի է Ղարաբաղում»: Երեկ Ստեփանակերտում նաև երկու հանրահավաք է եղել` Վերածննդի հրապարակում զորակցել են ուժային մարմինների ղեկավարներին, որոնց հրաժարականներն արդեն երկու օր է` պահանջում են ավտոկայանի մոտ Ազատամարտիկների փողոցը շրջափակած ցուցարարները: Մի կողմից ` սա չափազանց վտանգավոր է և կարող է պառակտել պատերազմական վիճակում գտնվող Արցախի հասարակությանը, մյուս կողմից, եթե Արցախում հասունացել են փոփոխություններ, եթե ոչ այս անգամ, մեկ այլ առիթով նորից բողոքի ալիք է բարձրանալու: Որ քաղաքացիների դեմ բռնություն գործադրած ԱԱԾ հատուկջոկատայինները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ոչ ոք չի առարկում, բայց մարդիկ կամ չեն հավատում, որ նրանք իրոք կպատժվեն, կամ` դժգոհությունները ավելի խորքային պատճառներ ունեն: Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանի միջամտությունը, որ առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանը, կարող է հանդարտեցնել, բայց հարցի լուծում չէ: Մինչև 2020-ի ընտրությունները դեռ 2 տարի կա և Սահմանադրության փոփոխությունից հետո Բակո Սահակյանը կարող է նորից առաջադրվել:


Հիմա դեռ իրավիճակը առանձին դեպքի հետ է կապված, իսկ եթե ընդվզումը շարունակվի՞` թափ հավաքելով: Հայաստանն ու Արցախը քաղաքական ու տնտեսական նույն իրավիճակում են, նույն մթնոլորտում, այնտեղ ևս անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Պատերազմական իրավիճակը ու ադրբեջանական մշտական սպառնալիքը փաստացի այլևս չի կաշկանդում արցախցիներին ընդվզել իշխանության դեմ: Չի բացառվում, որ հրաժարականների պահանջը դառնա քաղաքական: Հայաստանի հեղափոխության շարունակումը Արցախում բացարձակապես նոր իրավիճակ է ստեղծելու, ու այդ դեպքում ոչ ոք չի կարող ասել` ինչ լուծում կստանա Արցախի հարցը:

Դիտվել է՝ 3627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ