Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախի պետնախարարը ցուցարարների հետ քննարկել է նրանց հիմնական պահանջները

Արցախի պետնախարարը ցուցարարների հետ քննարկել է նրանց հիմնական պահանջները
04.06.2018 | 12:15

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկն արգելափակած ցուցարարներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ հունիսի 1-ի երեկոյան ԱԱԾ ծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո պահանջելով ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի, իրավապահ մարմինների միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականը։

Պետնախարարը ողջունել է ակցիայի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հանրության հարցերն արդարացված են ու հիմնավոր: Նրա խոսքով՝ հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է կառավարության անդամ շատ պաշտոնյաների և իր բաժին մեղավորությամբ:
«Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու թերություններ են լինում: Կոնկրետ դժգոհությունները, իմ համոզմամբ, միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ մեր երկրում առկա են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական բոլոր հրատապ խնդիրների հնարավորինս օպերատիվ լուծման համար»` ասել է Արայիկ Հարությունյանը:


Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բողոքի ակցիայի հեղինակների հետ տեղում Արայիկ Հարությունյանն առանձին քննարկել է հիմնական պահանջները՝ նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին պատժելու և ուժային մի շարք կառույցների ղեկավարների ու առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականի հարցերը:


Պետնախարարը նշել է, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները, առանց բացառության, արդեն կալանավորված են, իսկ ուժային կառույցներում պաշտոնանկությունների պահանջը պատրաստ են հանրապետության նախագահի մոտ քննարկելու և բավարար լուծումներ գտնելու: Որոշվել է նախաձեռնող խմբից 5-6 -հոգանոց պատվիրակություն կազմել և մինչև օրվա վերջ հանդիպումը շարունակել նախագահ Բակո Սահակյանի մոտ: Ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը և սպասում են նախագահի հետ հանդիպման արդյունքներին:

Դիտվել է՝ 2432

Մեկնաբանություններ