Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարձրացե՞լ, թե՞ անկում է ապրել մեր երկրի վարկանիշը

Բարձրացե՞լ, թե՞ անկում է ապրել մեր երկրի վարկանիշը
05.06.2018 | 02:27

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նոր կառավարության անդամներն առիթը բաց չեն թողնում խոսելու միջազգային հարթակում Հայաստանի վարկանիշի բարձրացման մասին: Ասում են՝ «հեղափոխությունից հետո բոլոր երկրները միայն ու միայն Հայաստանի մասին են խոսում»: Թե իրականում ինչքանով է Հայաստանի վարկը բարձրացել Եվրոպայի, ԱՄՆ-ի, Արևելքի ու, առհասարակ, աշխարհի աչքին, հարաբերական է:

Միջազգային հարթակներից եկող ազդակները, սակայն, այլ բան են հուշում: Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ չստանալն արդեն իսկ որոշակիորեն հուշում է՝ բարձրացե՞լ, թե՞ անկում է ապրել մեր երկրի վարկանիշը: Կառավարությանն ուղղված այս հարցի պատասխանը գործադիրից մոտավորապես այսպես էին մեկնաբանել. «Միջազգային հանրությունը Հայաստանի անկախության տոնը ասոցացնում է սեպտեմբերի 21-ի հետ, և, հետևաբար, հենց այդ օրը պետք է սպասել շնորհավորանքների»: Բայց ի հակադրումն սրա՝ նկատենք, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անկախություն ձեռք բերած երկրներից են նաև մեր հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը, որոնք իրենց 1-ին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ են ստացել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից ու աշխարհի ամենատարբեր երկրներից:
Քաղաքագետ, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ միջազգային ասպարեզում որևէ երկրի վարկանիշի բարձրացումը կամ նվազումը հարաբերական հասկացություն է՝ պայմանավորված տվյալ պահին տվյալ երկրում տիրող իրավիճակով:
«Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ եթե որևէ երկրի կողմից Հայաստանը մայիսի 28-ին ուշադրության չի արժանացել, ապա դիվանագիտական տեսանկյունից դա բավականին տագնապալի զանգ է: «Առավել լուրջ խորհելու տեղիք է տալիս այն փաստը, որ մեզ բացարձակապես չեն շնորհավորել և ոչ մի երկրից: Ստացվում է, որ այս պահին աշխարհի համար ավելի կարևոր է Փաշինյանի գործոնը»,- նկատեց Հակոբյանը:


Մեր զրուցակիցն ավելացրեց նաև, որ միջազգային ասպարեզում Հայաստանում տեղի ունեցած և ունեցող զարգացումներին «իրավիճակային գնահատական» են տալիս: Այսինքն, ըստ նրա, հաշվի են առնում իրողությունները, տվյալ պահին իրենց երկրի շահերը, հետո միայն գնահատական տալիս կամ «մեսիջ» ուղարկում: Հակոբյանը հստակեցրեց, որ արտաքին աշխարհի այդ «ոչ քաղաքավարի» պահվածքն ու «տարօրինակ լռությունը» 100-ամյակի կապակցությամբ, վկայում են, որ դրսի մեր «ընկերները» ոչ թե ռազմավարական, այլ «իրավիճակային մեսիջ» են ուղարկել: Վիգեն Հակոբյանն ընդգծեց, որ «իրավիճակային մեսիջներ» ասվածը կարող է կապված լինել այս պահին աշխարհաքաղաքական որոշ գործընթացների հետ, որոնք, գուցե, նախապատրաստական պրոցեսներ են: Նա, փոքր-ինչ բացելով փակագծերը, նշեց նաև, որ այդ գործընթացներում, Ադրբեջանի ու Վրաստանի դերը հասկանալի է, հստակեցված, բայց Հայաստանի դերը հստակ չէ, քանի որ մեզ մոտ իշխանափոխության գործընթացը դեռ շարունակվում է, ու հասկանալի չէ, թե դեպքերի ինչպիսի զարգացումներ կարող են լինել:


«Օրինակ՝ Արցախում մանր կենցաղային խնդրից տեսեք, թե ինչ հասունացավ: Մարդիկ փողոց են դուրս եկել, հրաժարականներ են պահանջում և այլն: Ցուցարարները սկզբում այլ բան էին պահանջում, հետո պայքարը քաղաքական երանգ ստացավ: Ավելին՝ Արցախում հայտնվեց Զարուհի Փոստանջյանը, ինչը, ըստ իս, ուղղակի պատահականություն չէր»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը՝ ևս մեկ անգամ ընդգծելով՝ «դրսի շահառուների» համար կարևորը տվյալ պահին իրավիճակին ճիշտ ու հասցեական գնահատական տալն է:


Ստացվում է՝ Արցախի քաղաքական դաշտում փորձ է արվում պղտոր ջրում ձկնե՞ր որսալ. շարունակելով Արցախում ծայր առած խժդժությունների թեման՝ հարց ուղղեցինք Վիգեն Հակոբյանին: Վերջինս պատասխանեց, որ, իհարկե, խառը իրավիճակից օգտվողներ միշտ էլ կգտնվեն, բայց պետք է կարողանալ տարբերել թացը չորից ու ներքաղաքական «խաղեր չտալ»: Ավելին՝ նա շեշտեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները, վարչապետի մակարդակով, պետք է շահագրգռված լինեն Արցախում կայունություն հաստատելով:
«Առանձնահատուկ վերլուծական միտք պետք չէ հասկանալու համար, թե ինչ կարող է լինել, եթե Արցախում ոչ կայուն իրավիճակ լինի: Մենք այժմ գործ ունենք մեկ միասնական՝ Հայաստան-Արցախ, սահմանի հետ, և գիտենք նաև, թե այս օրերին ինչ իրավիճակ է Նախիջևանի սահմանին: Իսկ սահմանում եթե ինչ-որ գործընթաց է սկսվում, ապա այն ոչ միայն տվյալ երկրի անվտանգությունը, այլև բարոյահոգեբանական մթնոլորտն է սասանում: Եվ ես դրա համար եմ ասում, որ շատ արագ է պետք լուծել Արցախում սկսված ներքին խռովությունների խնդիրը»,- հավելեց մեր զրուցակիցը:


Պարոն Հակոբյանը մեզ ասաց նաև՝ միշտ չէ, որ համակարծիք է լինում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերին, բայց Արցախում այս օրերին տեղի ունեցող դեպքերի մասին վերջինիս արտահայտած որոշ դրույթների հետ համամիտ է:
«Նա ասում է, որ այն պրոցեսները, որ եղել են Հայաստանում, և այն մեթոդներով ու ճանապարհներով, որ Փաշինյանն ու վերջինիս թիմակիցները իշխանափոխություն արեցին, մեղմ ասած, անընդունելի են Արցախի համար: Եվ ես Տեր-Պետրոսյանի այդ տեսակետի հետ չեմ կարող չհամաձայնել: Մտավախությունս այն է նաև, որ երբ բոլորը խելքի գան, հնարավոր է արդեն անդառնալի գործընթացներ սկսված լինեն հենց Արցախում»,- փոխանցեց նա՝ միաժամանակ հույս հայտնելով, որ արցախցիների զսպվածությունը կօգնի բոլոր հարցերի համար խելամիտ լուծումներ գտնել:


Վերջինիս համոզմամբ՝ ի տարբերություն հայաստանաբնակների արցախցիներն ավելի զուսպ, պրագմատիկ ու հավասարակշռված են, և դա է վկայում փաստը, որ Արցախի իշխանությունները, նախագահ Բակո Սահակյանի մակարդակով, փորձում են րոպե շուտ հարթել ստեղծված իրադրությունը:
«Վստահ եմ՝ երկուստեք բանակցություններ կլինեն, ու եթե խնդիրը հենց միայն այդ կենցաղային վեճն է եղել, այլ ոչ թե այն սոսկ պատրվակ է եղել այլ խնդիրներ լուծելու համար, ապա լուծումը կգտնվի: Դրանից հետո, գուցե, Արցախի իշխանությունը վերևից իշխանափոխության ճանապարհով գնա, քանի որ, կրկնեմ, ի տարբերություն հայաստանաբնակների՝ նրանք սրճարանային մարդիկ չեն, սրճարաններում նստած դիվանագետներ, հրամանատարներ ու ֆեյսբուքյան վերլուծաբաններ չեն»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ