Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Եթե վաղը 60 կմ հեռավորությունից ժամանակակից զենքով Երևանին հարվածեն, էլի՞ կասեն ինժեներական աշխատանքներ են»

«Եթե վաղը 60 կմ հեռավորությունից ժամանակակից զենքով Երևանին հարվածեն, էլի՞ կասեն ինժեներական աշխատանքներ են»
05.06.2018 | 02:41

Ադրբեջանական զինուժի տեղաշարժը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում դիվանագիտական շրջանակները մտահոգիչ են համարում, ենթադրելով, որ այն հեռահար նպատակներ է հետապնդում: Նախորդ շաբաթ հրապարակվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում էր, թե որքան է կրճատվել հայկական և ադրբեջանական զորքերի միջև չեզոք գոտին: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, սակայն, հանգիստ է վերաբերվում այս տեղաշարժերին: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ անհանգստանալու առիթ չկա, Ադրբեջանը Նախիջևանում ինժեներական աշխատանքներ է կատարում, մինչդեռ հայկական դիրքերից ադրբեջանական զինուժի հեռավորությունն արդեն 750 մետր է: Նախիջևանում կատարվող տեղաշարժերի և դրանց վտանգավորության մասին «Իրատեսի» հետ զրույցում ամիսներ առաջ նախազգուշացրել էր Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, Հայկական դիվանագիտական հիմնադրամի նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ, ում խնդրեցինք մեկնաբանել նաև վերջին զարգացումները:

-Հրապարակվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում է որ հայկական և ադրբեջանական ուժերի միջև չեզոք գոտին զգալիորեն կրճատվել է: Սա մտահոգիչ չէ՞, որքան էլ պնդեն, թե ընդամենը ինժեներական աշխատանքներ են:
-Տարեսկզբից մի խումբ վերլուծաբաններ (այդ թվում՝ ես) ուշադրության կենտրոնում են պահել Նախիջևանում տեղի ունեցող իրադարձությունները: Խոսքը նախ և առաջ վերաբերում է այդ տարածքում ադրբեջանական խիստ միլիտարիզացիային: Թուրքիայի և Ադրբեջանի միայն վերջին համատեղ զորավարժանքներին, որոնք տեղի ունեցան Կարսում մայիսի 29-31-ին, մասնակցում էին թուրքական CN-235 ռազմատրանսպորտային ինքնաթիռ, UH-60 Black Hawk բազմանպատակային ուղղաթիռ, CH-47 Chinook բեռնատար ինքնաթիռ, AH-1 Cobra հարվածային ուղղաթիռներ, M-60 տանկեր, ադրբեջանական ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներ, հակատանկային համալիրներ, նռնականետներ, ականանետներ և այլ զինատեսակներ: Այսինքն, ժամանակակից զենքի մեծ կուտակում կա այս տարածաշրջանում, ընդ որում՝ ծանր և հարձակողական զենքի: Նախիջևանում են նաև թուրքական բանակի զինուժի 3-րդ կորպուսը, և Ադրբեջանի երկու տիեզերական կայաններից մեկը, որից մենք չունենք: Այն ակտիվ ռազմական հետախուզությամբ է զբաղված, ապրիլյան պատերազմի ժամանակ այդ կայանի շնորհիվ նրանք շատ լավ տվյալներ ունեին մեր հետախուզության հնարավորությունների մասին: Քաղաքական զարգացումների վերջին դինամիկան ցույց է տալիս, որ այնտեղ լուրջ գործընթացներ են տեղի ունենում: Առաջինը աշխարհաքաղաքական խնդիրներ, որոնք անմիջականորեն կապվում են Թուրքիայի քաղաքականության հետ, երկրորդ՝ Ադրբեջանի քաղաքականությունը, և երրորդ՝ տեղի է ունենում միջազգային բոլոր փաստաթղթերի կոպիտ խախտում, սկսած 1920-ի մի քանի պայմանագրերից: Կա 1921-ի մոսկովյան պայմանագիր, որին Հայաստանը չի մասնակցել, համարյա նույն բովանդակությամբ ստորագրված Կարսի պայմանագիր: Ես գտել եմ նաև մի շատ հետաքրքիր փաստաթուղթ՝ Երևանյան համաձայնագիրը, որը միջազգային իրավունքի մասնագետներն ուսումնասիրում են, որ կարողանանք բանակցային գործընթաց սկսել: Այս համաձայնագիրը խիստ արդիական է, քանի որ Թուրքիան վերջին շրջանում մեծ աղմուկ է բարձրացրել 1923-ին ստորագրած Լոզանի պայմանագրի շուրջ: Մեկ ամիս առաջ Էրդողանը հայտարարեց, որ այդ պայմանագիրը պետք է վերանայվի, քանի որ դրա պատճառով Օսմանյան կայսրությունն ահռելի թվով հողեր է կորցրել: Երևանյան պայմանագիրը շատ լավ կռվան է՝ Թուրքիային ապացուցելու, որ եթե նա նման բան է պնդում, բա սա՞ ինչ է: Ի դեպ, Երևանյան պայմանագիրը ստորագրվել է 1920-ի դեկտեմբերի 2-ին, ճիշտ նույն օրը, երբ ստորագրվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Պահպանված են այդ օրերին Նարիմանովի ինտերնացիոնալ ոգով ելույթները, թե հողերը պատկանում են Հայաստանին, պետք է վերադարձնել: Սա ասվել է հենց նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Այս ամենից զատ, կա նաև Օրջոնիկիձեի նամակագրությունը: Այս փաստաթղթերով վաղը մեր հողերը մեզ չեն վերադարձնելու, սակայն, ըստ մասնագետների, հնարավոր է ծավալել դիվանագիտական և քաղաքական բանավեճ այն խնդրի շուրջ, թե աշխարհաքաղաքական զարգացումներն ինչ պատմական հենք ունեն:
-Այն, ինչ կատարվում է Նախիջևանում, դիվանագիտական կորպուսի համար ազդա՞կ պետք է լինի, որպեսզի միջազգային քննարկումների լայն դաշտ բացվի, և պատմական փաստերը երևա՞ն հանվեն:
-Անշուշտ: Դա պետք է լինի միջազգային լայն ֆորումի ձևաչափով: Ռուսների, Իրանի դեսպանատան հետ եմ խոսել, նրանք պատրաստ են մասնակցելու ֆորումին, կկանչենք նաև վրացիներին, թուրքերին, ամերիկացիներին, ֆրանսիացիներին:
-Իսկ Հայաստանն ինչպե՞ս կարող է շահագրգռել այս երկրներին, որ նրանք ևս պատմական իրողությունները վեր հանելու ցանկություն ունենան:
-Այս ամենը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Այսինքն, առկա իրողությունները հուշում են, որ գործ ունենք թուրքական նյուօսմանիզմի և պանթուրքիզմի գաղափարախոսության հետ, որն իր գրքում հոյակապ նկարագրում է Թուրքիայի նախկին արտգործնախարար Դավութօղլուն: Իմ խորին համոզմամբ, այսօրվա թուրքական պետական քաղաքականության ենթատեքստում Նախիջևանն առանձին վեկտոր է, որի ուղղությամբ թուրքերը կարող են ծավալել իրենց քաղաքական գործունեությունը: Ռազմական պլանում էլ երկու ուղղություն են մշակել, մեկը՝ Արարատյան դաշտավայրի ուղղությունն է, մյուսն էլ՝ Մեղրու: Այն, ինչ Ալիևն է ասում, թե գրավելու է Երևանը, ամենևին էլ ֆանտազիա չէ, այլ մեծ քաղաքականության մի դրվագ: Էրդողանը, որքան էլ նրան խենթ ու խելառ են համարում, շատ ծրագրված քաղաքականություն է վարում: Մերձավոր Արևելքում վարում է թուրքական ակտիվ միլիտարիզացիայի քաղաքականություն, թարմ օրինակը Սիրիան է, Սուդանը, Սոմալին, այսինքն, բոլոր այն տեղերում, որտեղ կարող են հիմնել ռազմական բազաներ: Մեծ ծրագրեր են կազմում Սաուդյան Արաբիային հարվածելու և Պարսից ծոցը գրավելու: Այս պայմաններում նա խոսում է Լոզանի պայմանագրի մասին: Նախիջևանը նրա համար շատ կարևոր ուղղություն է, քանի որ կա Հյուսիսային Կովկաս, իսկ այստեղ` Միջին Ասիայի մուսուլմանաբնակ շրջաններ: Համոզված եմ, որ համագործակցում են մուսուլմանական պետությունների հետ, այդ թվում՝ Նազարբաևի: Այնտեղից վեկտորը ձգվում է դեպի ՈՒյղուրիա՝ 140-միլիոնանոց մուսուլմանական աշխարհ: Սա միայն իմ կարծիքը չէ, շատերն են այսպես մտածում: Այս հեռանկարը գուցե վաղը չլինի, բայց 5, 10 կամ 20 տարի հետո մեծ հավանականություն ունի իրականանալու: Եթե Թուրքիան մնա այնպիսին, ինչպիսին կա, Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու ծրագիրն իրագործելու է: Հայաստանը միակ երկիրն է, որ նրան մշտապես խանգարել ու խանգարելու է, այնպես որ, երբ խոսում ենք Ղարաբաղի մասին, իրականում այն շատ փոքր մասնիկն է այն քաղաքականության, որ նրանք ուզում են իրականացնել: Խոսքը ոչ թե յոթ շրջան վերադարձնելու մասին է, այլ հիմքում այլ բան է ընկած՝ իրագործել արմենասպան քաղաքականություն:
-Փաստորեն, քաղաքական այն շրջանակները, որոնք պնդում են գնալ զիջումների, վերադարձնել շրջաններ և ստանալ Ղարաբաղի անկախությունը, սխա՞լ են, հարցը յոթ շրջանով չի՞ կարգավորվի, թուրք-ադրբեջանական ծրագիրն ավելի հեռու՞ն գնացող է:
-Այո: Եթե մենք չկարողանանք այսօր դիվանագիտական ու քաղաքական ճիշտ քայլեր անել, կարծում եմ, մեր գլխին մեծ վտանգ կկախվի: Բայց այստեղ կան նաև ռուսական շահեր: Այդ առումով մի դրվագ հիշենք. 1992-ին, երբ սկսվեց պատերազմը, հայկական զորքերը մտան Սարատակ, 18 կմ խորացան, Թուրքիայի կին վարչապետ Թանսու Չիլլերը խուճապի մեջ ընկավ, զորքերն անմիջապես քաշեց դեպի սահման, զանգահարեց Ելցինին ու ասաց, որ պետք է այս ամենի դեմն առնել: Ելցինը, չցանկանալով հարաբերությունները վատացնել Թուրքիայի հետ, Լևոն Տեր-Պետրոսյանի վրա ճնշումներ գործադրեց, որպեսզի հայկական զորքերի առաջխաղացումը կասեցվի, հետ քաշվեն: Հիմա Ռուսաստանը և Թուրքիան ունեն լավ հարաբերություններ, թե դա ինչ հեռանկար ունի, հարցի մյուս կողմն է: Եթե Նախիջևանի ուղղությամբ մեզ վտանգ է սպառնում, դա անմիջականորեն հանգում է Ռուսաստանի շահերին, որովհետև սա արդեն Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի տիրույթում է: Թուրքիան կհամարձակվի՞ գնալ ռազմական քայլերի (չնայած այստեղ կարող են լինել կեղծ երևույթներ, օրինակ, թուրք զինվորներին կհագցնեն ադրբեջանական զինհագուստ, և Ադրբեջանը կդիմի ռազմական քայլերի): Ժամանակին Շապոշնիկովն ասել է՝ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, կլինի երրորդ համաշխարհային պատերազմ:
-ՀԱՊԿ-ը ե՞րբ իրավունք ունի միջամտելու:
-Ըստ գոյություն ունեցող պայմանավորվածության, կարող է միջամտել, քանի որ իր անդամներից մեկն է ենթարկվում ագրեսիայի: Բայց այստեղ ծագում է այլ հարց: ՀԱՊԿ-ի ամբողջ ուժը կամ էությունը հայ-ռուսական հարաբերությունների մեջ է, ի՞նչ է, Նազարբաևը կամ Լուկաշենկոն պետք է զո՞րք բերեն, չեն բերի: Ի միջի այլոց, մինչև վերջերս Ադրբեջանն ուզում էր Բելառուսից բազմահամազարկ հրթիռային համակարգ գնել, որը «Իսկանդեր» չէ, բայց հզոր զենք է, իսկ այն պետք է տեղակայվեր հենց Նախիջևանում: Գուցե համարձակ հայտարարություն է, բայց հնարավոր է ԱՄՆ-ը Թուրքիային դրդի գնալու այնպիսի քայլերի, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվեն: Ինջիրլիքը մինչև հիմա մնացել է, Թուրքիան ՆԱՏՕ-ից դուրս չի գալիս, Թուրքիան կրկնակի խաղ է խաղում: Որքան էլ ասեն, թե Ռուսաստանի հետ բարեկամ է, այդ բարեկամությանը ոչ Անկարան է հավատում, ոչ էլ Մոսկվան: Այս իրավիճակում կարող են անսպասելի կոմբինացիաներ լինել:
-Այսօրվա հայաստանյան քաղաքականությունը բավական հետաքրքիր է. Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ մենք մտահոգվելու պատճառ չունենք, ինժեներական աշխատանքներ են ընթանում, հայկական զինուժը հսկողության տակ է պահում իրավիճակը:
-Երբ 3-4 ամիս առաջ սկսվեցին այս տեղաշարժերը, այն ժամանակ ինձ տեղեկացրին, թե Սերժ Սարգսյանն ասել է, որ պետք չէ անհանգստանալ, մեզ վտանգ չի սպառնում: Այս քաղաքականությունը շարունակվում է մինչև օրս: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ հայտարարել էր, թե օդանավակայանը մեր ափի մեջ է: Մասնագետների հետ խոսել եմ, խնդիրն այն է, որ հայկական դիրքերն ավելի բարենպաստ են, քանի որ բարձունքների վրա են գտնվում, բայց պետք է փաստերը համադրելով առաջ ընթանալ: Ալիևը գնում է Նախիջևան և հայտարարում, թե այս ենք անելու, այն ենք անելու, ու ակտիվ զենքի կուտակում կա: Ասում են՝ ինժեներական աշխատանքներ են կատարվում, որի հետևանքով 5 կմ չեզոք գոտուց հայկական և ադրբեջանական զինուժի միջև հեռավորությունը հասել է 500-700 մ: Եթե վաղը 60 կմ հեռավորությունից ժամանակակից զենքով հարվածեն Երևանին, այս դեպքում էլի՞ կասեն ինժեներական աշխատանքներ են ընթանում: Գուցե կան հետախուզական տվյալներ, որ մենք չգիտենք, բայց երբ ռազմական գործողություններ են սկսվում, շատ բաներ են զրոյական դառնում: Երբ Հիտլերը հարձակվեց Խորհրդային Միության վրա, բարեկամություն էր քարոզում: Եթե մենք այսօր կանխարգելիչ քայլեր չանենք, աղմուկ չբարձրացնենք, դա կլինի մեր դիվանագիտության հերթական տապալումը, երբ միշտ հետ ենք ընկել, իսկ նրանք առաջ են անցել: Տեսեք, թե ինչ ակտիվ աշխատանք են սկսել ադրբեջանցիներն ԱՄՆ-ի հետ:
-Միայն դիվանագիտական հարթությունու՞մ պետք է աշխատանքներ իրականացվեն, թե՞ ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս որոշակի խնդիրներ ունի լուծելու:
-Պետք է լինի մի կուռ դոկտրին, իսկ դիվանագետները պարտավոր են ահազանգ հնչեցնել: Բազմակողմ աշխատանքներ պետք է ծավալվեն բոլոր ուղղություններով: Այստեղ մեծ դեր կարող է խաղալ Չինաստանը, որին պետք է շահագրգռել, բայց ճանաչելով մեր դեսպանին և տեղյակ լինելով կատարվող աշխատանքներին, կասկածում եմ, թե մի բան կարող է ստացվել: Իրանի, Ռուսաստանի ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է իրականացվեն, հարկավոր է դիվանագիտական գրոհ սկսել: Ռազմական ուղղությամբ ևս աշխատանքներ են պետք: Ժողովրդական դիվանագիտությունը ևս պետք է գործի դրվի:
-Իշխանական նախկին համակարգը փլուզվել է, և նոր ուժեր են եկել: Արտաքին քաղաքականությունում ի՞նչ վերանայումներ պետք է լինեն:
-Երկու ուղղությամբ պետք է մեծ փոփոխություններ լինեն՝ արտաքին քաղաքականության վերանայում, որը, կարծես, արվում է, և դիվանագիտական ծառայության լուրջ փոփոխություն: Արմատական փոփոխություններ են պետք արտաքին գերատեսչության աշխատանքում: 300-հոգանոց «բանակ» է նստած այդ նախարարությունում, երբ 50-60 հոգով կարելի է աշխատանքները կազմակերպել: Պետք է համակարգից օտարել դիլետանտ դիվանագետներին, 10-15 հոգի ունենք, որոնք ի վիճակի չեն ոչինչ անելու:

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5055

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ