Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ո՞վ է ԼՂՀ-ն դուրս մղել բանակցություններին ուղղակի մասնակցելուց

Ո՞վ է ԼՂՀ-ն դուրս մղել բանակցություններին ուղղակի մասնակցելուց
05.06.2018 | 02:45

(Նախորդ մասը)

Արցախ-ԼՂՀ-ի հարցով ներերևանյան բանավեճում ո՞վ և ինչու՞մ է ճիշտ: Մի նյութի շրջանակում հազիվ թե հնարավոր է ընդգրկել 1992-97 թթ. բանակցությունների բոլոր նրբությունները, երբ, ըստ էության, դրվում էին ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում բանակցությունների այսօրվա ձևաչափի հիմքերը: Մասնավորապես, հարկավոր է հրապարակավ ցույց տալ, թե ինչու 1993-ին Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ի իշխանությունը համերաշխվել էին Քելբաջարը հանձնելու Արևմուտքի և ՌԴ «կոզիրևյան» ԱԳՆ-ի պահանջներին, և ինչպես դրան արձագանքեց ԼՂՀ-ի պաշտպանության պետկոմիտեն: Օրինակ, ինչու Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդատուն՝ Ժիրայր Լիպարիտյանը, այն ժամանակ փաստորեն փախավ Ստեփանակերտից՝ հաջողության չհասնելով հորդորներում: Եվ ինչու նա շտապ հեռացավ Հայաստանից, երբ Քոչարյանը 1997-ի ամռանը եկավ Երևան ու նշանակվեց վարչապետ: Փաստը մնում է փաստ. նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով 1993-94 թթ. աշխարհը ճշգրիտ գիտեր, որ հակամարտությունում առկա է երրորդ ինքնուրույն կողմ. ՄԱԿ-ի ԳԱ-ի 853-րդ բանաձևը, որը պահանջում էր «Ղարաբաղի լեռնային մասի տեղական հայկական կազմավորումների» դուրսբերում, վկայում է, որ համաշխարհային հանրությունն ընդունում էր Արցախ-ԼՂՀ-ի պաշտպանության ինքնուրույն բանակի առկայությունն ու ակտիվ գործունեությունը: Այնպես որ, այստեղ գլխավորն այն չէ, թե Բուդապեշտի կամ Պրահայի փաստաթղթերը համակարգող կողմերի քանակը 2, թե 3 էին ընդունում: Դա արդեն երկրորդական է, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ի 1993 թ. բանաձևում հստակորեն նշվում է երրորդ կողմը՝ «Ղարաբաղի լեռնային մասի տեղական (անգլերեն «local» բառն իհարկե ունի և այլ թարգմանություններ) հայկական կազմավորումներ»:


Ինչպես հետևում է բանավեճից, հարցն ավելի շատ վերաբերում է այն պատճառներին, որոնց առնչությամբ 1997-ի վերջին բուռն վեճեր եղան մի կողմից՝ Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի այլ պարագլուխների, մյուս կողմից՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի միջև: Բանն այն է, որ 1996-ի երկրորդ կեսից աճեց ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջամտությունը ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակի «խորքերի» տրամադրություններին: Իրավիճակը սրվեց, երբ 1996 թ. դեկտեմբերին Հեյդար Ալիևը Բաքվում ստորագրեց կասպիական նավթի և գազի մասին հայտնի «Դարի գործարքը», որում տոն տվողները բացառապես բրիտանացիներն էին: Ավելի ուշ, երբ նորվեգական «Ստատ օյլ» ընկերության փոխարեն «Դարի գործարքում» հայտնվեց ամերիկյան «Ամոկո» ընկերությունը, և կազմավորվեց «Բրիթիշ փեթրոլեում»-«Ամոկո» միավորումը, իսկ ռուսական «Լուկօյլը» դուրս մղվեց «Դարի գործարքից», Արցախի հարցով «շահագրգիռ կողմերի» դիրքերի դասավորությունը դարձավ գրեթե վերջնական: Եվ պատահական չէ, որ ԵԱՀԿ-ի 1996 թ. դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովն ամենահակահայկականն էր և ստիպեց, որ Հայաստանը վետո դնի իրեն պարտադրվող եզրափակիչ փաստաթղթի վրա: Վետոն վերաբերում էր ԱՄՆ-ի առաջարկած և Արևմուտքի պաշտպանած երեք կետերին.
1. ԼՂՀ-ի պաշտպանության բանակը դուրս է բերվում նախկին ԼՂԻՄ-ի վարչական սահմաններից դուրս գտնվող բոլոր տարածքներից,
2. իրենց նախկին բնակավայրերը, այդ թվում՝ ԼՂՀ-ի ներսում, պետք է վերադառնան բոլոր ադրբեջանցի փախստականները, առանց հայ փախստականների համաչափ վերադարձի, նույնիսկ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում,
3. վերոնշյալ երկու պահանջի կատարումից հետո հակամարտ կողմերը, ՄԽ-ի մասնակցությամբ, սկսում են բախման դադարեցման և ԼՂՀ-ի՝ միայն Ադրբեջանի կազմում «ամենալայն ինքնավարության» շրջանակում ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները:


Այդ ամբողջ ցնդաբանությունը կոչվում էր կարգավորման «փուլային» պլան: Կարծում եմ, հիմա հասկանալի է, թե ինչու Հայաստանի ներկայացուցիչները 1996 թ. դեկտեմբերին վետո դրեցին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի թելադրած, ըստ էության, Արցախի հանձնման պլանի վրա: Եվ ինչպես հայտնի է, իր ուզածին (այսինքն՝ Հայաստանի ստորագրությանը) չհասնելով, Արևմուտքը փորձեց այդ հակահայկական դրույթներն ամրագրել ինքնակամ՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, շվեյցարացի Ֆլավիո Կոտտիի շուրթերով, որն այդ հակահայկական երեք զազրելի կետերը կարդաց իր եզրափակիչ խոսքում: Այդ պահից էլ Հայաստանում և ԼՂՀ-ում սկսեցին ծավալվել ներքին բուռն քննարկումներ և վեճեր, քանի որ ԼՂՀ-ի ղեկավարությունը հանդես եկավ հակաառաջարկով, որը կոչվում էր կարգավորման «փաթեթային» պլան: Նրա էությունն այս էր. պատերազմի հետևանքներն Արցախի պետական-քաղաքական կարգավիճակի վերաբերյալ առանցքային չլուծված հարցի արդյունքն են, որի լուծումը Ադրբեջանի կազմում անհնար է: Այդ պատճառով էլ սկզբում՝ բանակցություններ կարգավիճակի վերաբերյալ, մնացածը՝ հետո: Բայց Լիսաբոնի գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ը սկսեց զանգվածաբար մշակել եվրոպական երկրների ղեկավարներին, իսկ Այսրկովկաս իր գործակալների «մաքոքային» այցերի ընթացքում՝ նաև Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի ղեկավարներին: Այդ ճնշման արդյունքը եղավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի վերանայումը, և արդեն 1997 թ. հունվարի վերջից, հակամարտ կողմերի համաձայնությամբ, ԱՄՆ-ը մտավ այդ համանախագահության կազմ, չնայած մինչև 1996 թ. վերջը համանախագահները երկուսն էին՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի անդամ երկրներից որևէ մեկի ներկայացուցիչները: Այդ պահին երկրորդ համանախագահը Ֆրանսիայի ներկայացուցիչն էր: Այդպես էլ ձևավորվեց համանախագահների այժմյան եռյակը՝ ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ: Եվ հենց 1996-ի վերջին քառորդից-1997-ի սկզբից Ստեփանակերտը, կարծես, սկսում են մեկուսացնել ուղղակի բանակցություններից և խորհրդակցություններից:


Հայաստանի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի 2018 թ. մայիսի 14-ի հայտարարությունը շատ կոշտ կերպով այդ մասին հիշեցնում է և՛ Տեր-Պետրոսյանին, և՛ Կազիմիրովին և՛, հեռակա կարգով, նույնիսկ Փաշինյանին. «Այսօր նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ելույթ ունեցավ իրականությանը չհամապատասխանող հայտարարությամբ, որում երկրորդ նախագահին մեղադրեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ձևաչափից Արցախի դուրսբերման մեջ: Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բազմիցս անդրադարձել է այդ հարցին և փաստերով ապացուցել, որ հենց Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա քաղաքական թիմն են մեղավոր, որ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից: Պատմական փաստերը վկայում են, որ ԼՂՀ-ի ներկայացուցիչները դադարել են բանակցություններին մասնակցելուց Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահ ընտրվելուց առնվազն մեկ տարի առաջ: Իսկ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները և բանակցությունները պարբերաբար կայանում էին 1990-ից՝ Մինսկի գործընթացին զուգահեռ: Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցել է և՛ Այազ Մութալիբովի, և՛ Աբուլֆազ Էլչիբեյի, և՛ Հեյդար Ալիևի հետ: Ավելին, միևնույն ժամանակ բուռն հանդիպումներ էին կայանում երկու նախագահների ներկայացուցիչների՝ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև (1995-96 թթ. կայացել է նման 11 հանդիպում)»:

Որպես ապացույց գրասենյակը մեջբերում է Լոնդոնի «Անդրկովկասի հեռանկարները» կոնֆերանսում Լիպարիտյանի ելույթը, որը հրատարակվել է «Հայք» թերթի 1997 թ. հունվարի 27-ի համարում («Հայքը» Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀՀՇ-ի պաշտոնաթերթն էր). «Հայաստանն Ադրբեջանի հետ այլևս բանակցություններ չի վարի առանց Ղարաբաղի մասնակցության»: Լիպարիտյանը նաև հաղորդել է, որ Հայաստանն այդ որոշումն ընդունել է այն պատճառով, որ, ինչպես ցույց է տվել ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, Ադրբեջանը փորձում է երկկողմ հանդիպումներն օգտագործել բանակցային գործընթացից Ղարաբաղը դուրս մղելու համար: Ըստ նրա, Հայաստանը ժամանակին ընդառաջ է գնացել և երկկողմ բանակցություններ վարելու մասին Ադրբեջանի առաջարկն ընդունել գործընթացը հեշտացնելու համար: «Տեր-Պետրոսյանի ցինիզմը տառացիորեն չափն անցնում է. նա երկրորդ նախագահին կրկին մեղադրում է այն բանում, որի մեղավորն ինքն է»,- ասվում է Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ:


ՈՒստի զարմանալի չէր, որ Տեր-Պետրոսյանի խրատներին և ստահոդ մեղադրանքներին (փաստորեն՝ ի պաշտպանություն վարչապետ Փաշինյանի) Ռ. Քոչարյանի գրասենյակից առաջ արձագանքեց պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը՝ հենց մայիսի 14-ին հիշեցնելով. «Ղարաբաղյան հարցի նկատմամբ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի մոտեցումները հայտնի են բոլորին, և հենց նրանք դարձան պետության ղեկավարի պաշտոնից նրա հրաժարականի, ինչպես նաև 2017 թ. խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած ՀԱԿ կուսակցության լրիվ ձախողման պատճառը»: Վիգեն Սարգսյանը հույս հայտնեց, որ Փաշինյանը համամիտ չէ հակամարտության վերաբերյալ ՀՀՇ-ՀԱԿ-ի մոտեցումներին: Այստեղ կամա-ակամա հարկ է հիշեցնել երկու փաստ: Առաջին. Տեր-Պետրոսյանի աշխատակազմում շատ բարձր ու պատասխանատու պաշտոն զբաղեցնող նույն Լիպարիտյանը շարունակում էր մնալ ԱՄՆ-ի քաղաքացի: Երկրորդ. 1997 թ. վերջին առաջին նախագահը հրապարակեց «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածը, որում բացահայտորեն քարոզում էր կապիտուլյացիա և կարգավորման «փուլային» պլանին համաձայնություն՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով: Հենց այդ մոտեցումների, ըստ էության, դավաճանության մասին էր հիշեցնում Վ. Սարգսյանը, ինչի մասին թափանցիկ ակնարկ կար նաև Ռ. Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ: Եվ հենց այդ հոդվածից հետո, իսկ ավելի ստույգ՝ «Առավոտ» թերթում Տեր-Պետրոսյանի հասցեին այս նյութի հեղինակի դիմում-պատասխանի հրապարակումից հետ, 1998 թ. հունվարին կայացավ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հիշարժան մամլո ասուլիսը, որին հետևեց Տեր-Պետրոսյանի «կամավոր-պարտադրված» հրաժարականը և այլն:
Քանի դեռ լռում է Սերժ Սարգսյանը, քանի դեռ լռում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները, սպասելի է, որ նշված հարցերի շուրջ վեճերը Երևանում չեն դադարի: Սակայն խաղաղ բանակցությունների ընթացքի և ցայսօր բանակցային գործընթացի վիճակի մասին հավաստի տեղեկացվածները, նախկին պաշտոնատար անձինք ակնհայտորեն ավելի զգույշ են լինելու, որ հանկարծ ինչ-որ «ավելորդ բան» չասեն: Իսկ ահա Հայաստանի և Արցախի հանրությունը պարտավոր չէ զգույշ և դիվանագետ լինելու. Տեր-Պետրոսյանի, նաև վարչապետ Փաշինյանի երեսին հարց տալու ժամանակն է. դուք ու՞մ կողմից եք խաղում, պարոնայք: Մի այլ հարց պետք է տալ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին. ինչու՞ դուք այդպես էլ «ժամանակ չգտաք» Հայաստանի և Արցախի ռազմական փոխօգնության մասին այն փաստաթղթի օրինականացումն իրականացնելու համար, որը ձեզ «ժառանգություն էր թողել» Ռոբերտ Քոչարյանը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ