USD488.57
EUR549.84
RUB7.22
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

«Արցախից դուրս գտնվող ոչ խորագիտակ մարդիկ շտապեցին երևանյան դեպքերի կրկնություն տեսնել Ստեփանակերտում»

«Արցախից դուրս գտնվող ոչ խորագիտակ մարդիկ շտապեցին երևանյան դեպքերի կրկնություն տեսնել Ստեփանակերտում»
05.06.2018 | 02:48

Ստեփանակերտում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին զրուցում ենք Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, քաղաքագետ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԻ հետ։

-Էդգար, ի՞նչ է տեղի ունենում այս օրերին Ստեփանակերտում։
-Ստեփանակերտում կենցաղային խնդրի՝ ավտոն կայանելու, «ճռռիկ անելու» հողի վրա տեղի է ունեցել վեճ-պարզաբանում, ինչի պատճառով քաղաքացիական երկու անձինք ծեծել են հատուկջոկատային զինծառայողին՝ ըստ էլեկտրոնային մամուլում հրապարակված լուսանկարների՝ մարմնի և դեմքի շրջանում հասցնելով վնասվածքներ։ Դրանից հետո պատրիարխալ հասարակություններին բնորոշ կացութակարգի համաձայն՝ տուժածն օգնության է կանչել իր ընկերներին, որոնցից ոմանք, ըստ շրջանառվող լուրերի, նույնպես եղել են անվտանգության մարմնի զինծառայողներ։ Պատասխան ծեծը և մնացյալն արդեն տեսանելի են Արցախի դատախազության հրապարակած տեսագրության մեջ։ Նույն գիշերը առաջին ծեծն իրականացնողների և պատասխան ծեծի պատճառով տուժածների հարազատները փակել են կենտրոնական Ազատամարտիկների փողոցը՝ դժգոհելով անօրինությունից և պահանջելով մեղավորների պատժվելը։ Թե՛ այդ պահին, թե՛ հաջորդ օրվա առավոտյան դեպքի վայր են ժամանել բարձրաստիճան պաշտոնյաներ, ներառյալ պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը՝ զրուցելու բողոքավորների հետ և փոխանցելու նախագահ Բակո Սահակյանի հավաստիացումները, որ մեղավորները կպատժվեն։ Ի վերջո բողոքավորների պահանջները կարծրացան ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների հրաժարականի պահանջի շուրջ։ Բողոքավորները նշում էին, որ սա ԱԱԾ զինծառայողների առաջին նման իրավազանցությունը չէ, որով էլ փորձում էին հիմնավորել իրենց պահանջը։ Հընթացս տարբեր անձանց կողմից եղան նաև փորձեր՝ քաղաքական աստառ տալու և ապակողմնորոշելու հավաքը, որոնք հիմնականում կասեցվեցին հավաքի դեֆակտո կազմակերպիչների կողմից։
-Այդ ամենը կենցաղայի՞ն, թե՞, այնուամենայնիվ, քաղաքական ենթատեքստ ունի։ Արդյոք հայաստանյան հեղափոխությունը չի՞ պրոյեկտվում Արցախում։
-Քանի որ հավաքի կազմակերպման տեխնոլոգիական կողմը հար և նման էր արտաարցախյան վերջին դեպքերին, ապա Արցախից դուրս գտնվող և այստեղի անցուդարձին ոչ խորագիտակ մարդիկ շտապեցին երևանյան դեպքերի կրկնություն տեսնել Ստեփանակերտում։ Իրականում, սակայն, ներարցախյան շատ տրամադրություններ ու մտայնություններ էականորեն տարբերվում են երևանյան հասարակական-քաղաքական մշակույթից, հետևաբար՝ «մեկին մեկ» արվող զուգահեռները սխալ են։ Ավելին, սխալ ու մերժելի է երևանյան վերջին դեպքերի ու տրամադրությունների ամբողջ սպեկտրն արտապատկերել արցախյան իրականության վրա։ Ամենակարևոր տարբերությունն այս դեպքում ՀՀ նախկին իշխանությունների և ԱՀ ներկա իշխանությունների ժողովրդական հավանության աստիճանի և առաջ եկած շարժումների թիրախների տարբերությունն է։ Ստեփանակերտյան հավաքի դեֆակտո կազմակերպիչները՝ լիազորված ժողովրդի կողմից, պետական այրերի հետ զրույցներում մի քանի անգամ հավաստիացրել են, որ քաղաքական խնդիր չունեն ո՛չ նախագահի, ո՛չ պետական նախարարի հետ, և իրենց հուզող միակ խնդիրն այս պահին համապատասխան ուժային կառույցների արդյունավետության բարձրացումն է։ Եվս մեկ կարևոր տարբերությունն այն է, որ հավաքի գրեթե ամբողջ ընթացքում կոմունիկացիոն հստակ խողովակ կար բողոքավորների և իշխանությունը ներկայացնող անձանց միջև, ասել է թե՝ մշտապես կար երկխոսություն՝ ուղիղ կամ միջնորդավորված (դիցուք՝ Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի միջոցով)։ Անտեղի չեմ համարում հիշատակել նաև, որ իրենց կամ այլոց հանդեպ ուժային կառույցների թույլ տված անօրինականությունների մասին պատմող քաղաքացիները զուգահեռաբար մտահոգ էին ոչ միայն ներքին, այլև արտաքին վտանգի դեմ պայքարում ներգրավված հատուկջոկատայինների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից։ Պատմում էին, որ տուժած հատուկջոկատայինը մեր լավագույն դիպուկահար նշանառուներից է, և արձանագրում, որ անկախ որևէ պատճառից՝ անթույլատրելի էր նման վարմունքը։
-ԱՄՆ նախագահը, շնորհավորելով Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակը, հայտարարել է, որ առաջիկա ամիսներին հնարավորություններ կբացվեն ԼՂ հակամարտության կարգավորման համար, ինչն առավել կսերտացնի ամերիկա-ադրբեջանական համագործակցությունը: Ի՞նչ է սա նշանակում, առաջիկայում սպասել բեկումի՞, մանավանդ որ Թրամփը կարծես թե Հայաստանին չշնորհավորեց 100-ամյա հոբելյանի առթիվ:
-Դժվար է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձն ինչ-որ կոնկրետ համաշարի մեջ տեղավորել, հատկապես որ կոռուպցիայի դեմ պայքարի ու ԼՂ հակամարտության վաղահաս լուծման թեզերն առկա էին նաև ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում։ Այս պահին հակված եմ այդ մոտիվն ավելի շատ տեղավորելու թրամփյան քաղաքական հռետորաբանության ընդհանուր համատեքստի մեջ։
-Ի՞նչ կարծիքի եք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և Հայաստանը չի պատրաստվում Ղարաբաղի անունից բանակցելու:
-Այն, որ արցախյան կողմը պետք է մասնակցություն ունենա բանակցություններին, հայտարարվել է միշտ։ Բացե՛ք, խնդրեմ, ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը» բաժինը և կարդացե՛ք, որ սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության»։ Ցանկանում եմ շեշտել, որ այս տեքստը գրվել և հրապարակվել է տակավին նախորդ իշխանությունների կողմից։ Այսինքն՝ բովանդակային առումով ասվածում քիչ նորություն կար։ Նորություն էր այն, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ՀՀ ղեկավար, չի կարող բանակցել Արցախի անունից։ Այնուամենայնիվ, ես շարունակում եմ լիահույս մնալ, որ բոլոր ժամանակաշրջանների հետիշխանափոխական ցնծանքին բնորոշ հեղաբեկումներին հաջորդելիք հանրակարգային կառուցարկման ու ընդհանուր սթափության շրջանում ՀՀ իշխանությունների կողմից ԼՂ հարցով էական, առավել ևս՝ վնասաբեր փոփոխություններ չեն արվի, հավուր պատշաճի օգուտ կքաղվի նախորդ բոլոր իշխանությունների կուտակած դրական փորձից, ինչպես նաև պետության ինստիտուցիոնալ հիշողությունից, ինչի շահառուն վերջին հաշվով կլինենք մենք բոլորս։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao