«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջինն է

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջինն է
05.06.2018 | 09:35

Հեղափոխական ու հատկապես հետհեղափոխական Հայաստանում նախկին նախագահներից ասպարեզում միայն Լևոն Տեր-Պետրոսյանն է: Նա պարբերաբար իր խորհուրդներն ու նկատառումներն է ներկայացնում, բայց միայն իրեն հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Բազում կարևոր հարցեր անցնում են առաջին նախագահի կողքից ու նրան չեն հուզում` կամ պատմական դարձած պրագմատիկն է նրա մեջ լռում, կամ պատմական դարձած փորձը, կամ էլ վայել չի համարում առիթով ու չառիթով իր խոսքն ասել: Միով բանիվ` ՀԱԿ-ը լրջորեն նախապատրաստվում է արտահերթ ընտրություններին, երբ էլ լինեն, և մտադիր է վերադառնալ խորհրդարան: Երեկ ՀԱԿ-ը հրապարակել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իր տարբերակը և ազդարարել, որ ԸՕ-ում փոփոխություններ կատարելու համար պատրաստ է կանգնել կառավարության կողքին:


ՀԱԿ-ը կողմ է 100- տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցմանը,
կարևորում է ԸՕ-ում 2016-ին 4+4+4 ձևաչափով կնքված համաձայնագրի հիման վրա կատարված բոլոր փոփոխությունների պահպանումը, այդ թվում` ընտրողների նախագրանցման համակարգի ներդրմանը։ Ընտրակաշառքի ու ընտրական նպատակներով բարեգործության օգտագործման և վարչական ու քրեական ռեսուրսի կիրառման բացառման համար առաջարկում է նման հանցագործությունները ծանր հանցագործությունների շարքին դասել (կալանավորման առավելագույն ժամկետները 5-6 տարի սահմանելով)։ ՀԱԿ-ը պահանջում է վերջ տալ ընտրական հանձնաժողովների ձևավորման կուսակցական սկզբունքին, սահմանել այնպիսի ընտրակարգ, որում բոլոր մակարդակների ընտրական հանձնաժողովները ձևավորվում են պետության կողմից (հանձինս արդարադատության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության) և պետությունը ստանձնում է ընտրական գործընթացների օրինականության ապահովման ողջ պատասխանատվությունը:


Իր 3- էջանոց հայտարարությամբ փաստացի ՀԱԿ-ը քաղաքական ուժերից առաջինն է կառուցողական քայլ անում Նիկոլ Փաշինյանին ընդառաջ, եթե համարենք, որ նա, ինչպես ԱԺ ներկայացված կառավարության ծրագրում է արձանագրված, մտադիր է անպայման արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս կամ հաջորդ տարի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանն իհարկե «հայրաբար» օգնում է Նիկոլ Փաշինյանին, որ «որդիաբար» պիտի գնահատի նրա աջակցությունը: Իսկապես` քչերն են հիմա անշահախնդիր Նիկոլ Փաշինյանի կողքին: ԲՀԿ-ն արդեն հայտարարել է արտահերթ ընտրություններում մեծամասնություն կազմելու նվիրական նպատակը, այսինքն` կառավարության ՔՊ-ի գործընկեր կուսակցությունը դառնում է մրցակից: Նույնը կանի ՀՅԴ-ն` գաղափարական դրդապատճառներ գտնելով: ՔՊ-ն հնարավորինս արագ պետք է կողմնորոշվի «Ելքի» հարցում: Կա երկու տարբերակ` դաշինքը պահպանվում է և ալյանսով մասնակցում արտահերթ ընտրություններին կամ քաղաքակիրթ հայտարարություն տարածում, որ «Ելք» նախընտրական դաշինքը կատարել է իր պատմական դերը և հետայսու երեք կուսակցություններն ազատ են յուրաքանչյուրն իր քաղաքական ծրագրով առաջ շարժվել: Ո՞րը կընտրվի երկու տարբերակներից` «Ելքի» երեք կուսակցությունների ղեկավարները պիտի որոշեն: Դատելով անցած մեկ ամսվա իրադարձություններից` թե «Ելքի», թե քաղաքական դաշտի, թե ընտրողների համար առավել շահեկան է երկրորդ տարբերակը:

Դիտվել է՝ 3412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ