Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ո՞Ւմ 30 արծաթի դիմաց է կարգալույծ վարդապետը Վեհափառի հրաժարական ակնկալում

Ո՞Ւմ 30 արծաթի դիմաց է կարգալույծ վարդապետը Վեհափառի հրաժարական ակնկալում
07.06.2018 | 11:08

Սրան էլ հասանք` կարգալույծ հոգևորականը վարչապետից պահանջում է … կաթողիկոսի հրաժարականը: Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը, հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների տարանջատվածությունը, Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսների ընտրության ու պաշտոնավարման կարգերը, ով-ով, բայց հոգևորականը, թեկուզ նախկին, կաթողիկոսի հրաժարական պահանջելով հաստատում է, որ բնավ էլ իր առաքելությունը չի հասկացել ու հույս էլ չկա, որ կհասկանա: Մեկ կարգալույծ հոգևորականի` Խորեն վարդապետ Հովհաննիսյանի, անհասկանալի չարության, վրեժի առ հոգևոր իշխանությունը ու նույնքան անհասկանալի շողոքորթության ու քծնանքի առ աշխարհիկ իշխանությունը, պոռթկումը, սակայն, իր հետևորդներն է գտել այն մարդկանց շրջանում, որ տարված հեղափոխական ժամանակների հովերով` ուրիշների հաշվին ինքնափառաբանումը կյանքի գործ են դարձրել ու սեփական տգիտությունը փորձում են փաթաթել ուրիշների պարանոցին:

Միշտ էլ կա հավերժ հեղափոխականների մի «խմբակ», որ Ծապլվարից դուրս չի գալիս ու իրեն Փանջունի է պատկերացնում, մարդկանց` իր սպասավորներ: Նրանք ոչ միայն գաղափար չունեն, թե ումից ինչ են ուզում, նրանց չի էլ հետաքրքրում` կստանան, թե ոչ իրենց ցանկացածը: Կարևորը իրադարձությունների կենտրոնում լինելն ու ինչ-որ պահանջ ունենալն է: Իրեն հայ եկեղեցու պատմության գիտակ ներկայացնող վարդապետը, կարծես, բոլորովին տեղյակ չէ քրիստոնեության ավանդույթներին: Եվ ընդհանրապես իր անձնական վիրավորանքը «նոր և արդար Հայաստանի վերջնական հանգրվանին ու վերջնական հաղթանակին» խառնելը նվազագույնը ցինիզմ է ու դեմագոգիա: Առավելևս սրիկայություն է 1999-ի հոկտեմբերի 27-ի մասին այդպես խոսելը, որ ստիպում է հարցնել` ու՞մ 30 արծաթի դիմաց է վարդապետը Վեհափառի հրաժարական ակնկալում: Իրեն ի՞նչ են խոստացել: Սա չափազանց անվայել պատմություն է, որի մեջ Մայր Աթոռն էլ իր մեղքն ունի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիոկսի 19 տարվա գործունեությունը իր ամբողջ ծավալով` նպատակներով, ծրագրերով ու կատարած գործերով չի ներկայացվել հանրությանը կամ շատ քիչ ու մակերեսային է ներկայացվել` հանդիպումների, այցերի, արարողություններին մասնակցության, ուղերձների պաշտոնական հաղորդագրությունների տեսքով: Վեհափառը հրապարակային ելույթներ չի ունենում, ասուլիսներ չեն կազմակերպվում, հարցազրույցներ չի տալիս: Արդյունքում ստացվել է, որ ժողովուրդը իրականում ու խորքով չի ճանաչում իր կաթողիկոսին ու այդ վակուումը լցնում է պարապ պատմություններով ու ասեկոսեներով: Գուցե պատճառը ժամանակի պակասն է եղել, կամ` «Աստծուն ամեն ինչ հայտնի է սկզբունքով» առաջնորդվելը: Աստծուն հայտնի է, իսկ մարդիկ նույնիսկ Աստծո որդուն խաչեցին:


Մայր Աթոռի միաբանական ժողովը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ «մեր եկեղեցու ներքին կյանքի խնդիրները լուծում են ստանում ըստ դարերով նվիրագործված ընթացակարգի՝ եկեղեցական կանոնական մարմինների միջոցով», և «խնդիրների լուծման կանոնական այլ ճանապարհներ և հարթակներ չկան»:


«Անուրանալի են անկախությունից ի վեր հայոց հայրապետների և ուխտապահ հոգևորականների ջանքերով կատարված աշխատանքները և արձանագրված ձեռքբերումները հովվական, քարոզչական, կրթական, սոցիալական, բարեսիրական և մեր ազգային կյանքի այլ ոլորտներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ամենօրյա գործունեությամբ մշտապես հետամուտ է հոգևոր կյանքի բարենորոգմանն ու զարգացմանը` շարունակ ջանալով լուծել եկեղեցական կյանքում ի հայտ եկող խնդիրներն ու մարտահրավերները»` ասում են միաբանական ժողովի մասնակիցները: «Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար: Առավել ևս ցավում ենք, որ հանդես են գալիս նաև անձեր, ովքեր ժամանակին հնարավորություն ունեին իրենց ծառայության մեջ բարձրաձայնելու ու նպաստելու խնդիրների լուծմանը», - ասված է հայտարարությունում: Քիչ է, լինում են ժամանակներ, երբ սեպը սեպով են հանում ու յուրաքանչյուրին իր տեղը պիտի ցույց տաս, որ հեղափոխության անվան տակ քաոս չսերմանվի: Հիմա յուրաքանչյուրն իրեն գործիչ է երևակայում ու պահանջներ ներկայացնելու իրավունք ճոճում: Մինչև ու՞ր: Մինչև չհասկացնես իր տեղն ու պարտականությունները չհիշեցնես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Աբսուրդի գագաթնակետն է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման ձևավորումը ի սկզբանե: Այդ սկզբունքով անհապաղ պետք է կազմակերպել նվազագույնը մեկ տասնյակ նման շարժումներ, օրինակ` «Նոր Հայաստան, նոր մայրաքաղաք», որի անդամները նամակ կգրեն Նիկոլ Փաշինյանին ու կպահանջեն մայրաքաղաք դարձնել նրա ծննդավայրը: Կամ` «Նոր Հայաստան` նոր անվանում»` ինչու՞ չփոխել Հայաստանի անունը և դարձնել, ասենք, Նիկոլստան: Գուցե զինանշանն էլ փոխվի` համապատասխան մորուքով նկարով, ու` այդպես: Ե՞րբ է կանգ առնելու այս անկապ ու անհեթեթ «հեղափոխականությունը», որի իմաստը սեփական ամբիցիաների բավարարումն է` Հայաստանից սփյուռք մասշտաբներով: Նույնիսկ աբսուրդը իր օրենքներն ունի, որոնց խախտման դեպքում վերածվում է սատանայական ստորության, թեպետ ջանում է թաքնվել Աստծո կերպարանքով:

Դիտվել է՝ 3761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ