Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրապարակի ծրագիրը «եկել» էր խորհրդարան

Հրապարակի ծրագիրը «եկել» էր խորհրդարան
08.06.2018 | 00:24

Մտայնությունը մնաց նույնը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր կառավարությունը դեռ չեն կարողանում հաղթահարել հարթակային «հիշողությունը», մտնել իշխանական ղեկավարման տրամաբանության մեջ։ Ցայտնոտ. այս միակ բառով պետք է բնորոշել թե՛ նրանց կառավարման երեք տասնյակ օրերը, թե՛ խորհրդարան ներկայացված ծրագիրը։ ՈՒ թե անկեղծ` բավականին մեղմ էին Էդուարդ Շարմազանովի գնահատականներն այդ ծրագրին՝ բնորոշված որպես երազանքների ու կենացների բառամթերք։ Ցնցողը, անշուշտ, Նիկոլ Փաշինյանի բնորոշումն էր. «Սա հրապարակի ծրագիրն է»։
Դու՛ ասացիր։


Միտինգայնությամբ առլեցուն ծրագիրը, կոնկրետություն չպարունակելուց բացի, որևէ հարցի չէր պատասխանում, ցավալիորեն ամրակայելով թեզը, որ բացի ԱԱԾ-ից, այս կառավարությունն աշխատանքային այլ գործիք չունի, և որ բարեփոխումները, անգամ հռչակումների մակարդակում, տեղ չունեն ոչ միայն նրա գործելաոճում, այլև ծրագրում։
«Հրապարակի ծրագիրը» հար և նման է հարահոսային այն իրավիճակներին, որոնց ականատեսն ենք նորօրյա կառավարության գործունեության ողջ ընթացքում՝ կուտակայինին, արագաչափերին, վարկերի տույժ-տուգանքներին, հայտնի նարկոդիլլեր, Հովիկ Աբրահամյանի խորհրդական Ժորիկին, այդ թվում` սփյուռքի «հուժկու» նախարարի նույնքան «հուժկու» նշանակումներին վերաբերող, երբ նախարարը «անչափահասին» նշանակել էր իր խորհրդական, ապա հետ կանչել իր իսկ հրամանը։


Ասել է՝ ծրագիրն օրինաչափորեն այդ ամենի շարունակությունն էր, որը նաև «առաջ էր քաշում» քաղաքական ամենակարևոր հարցը` սևեռումը կոռուպցիայի վրա, քաղաքական դաշտի մաքրումը Նիկոլ Փաշինյանի և իր թիմակիցների ձեռքերով, իսկ «հետնաբեմում» խաղացող «բաք-օֆիսները» կարծես իրականացնում են երկրորդ՝ իրական խաղացողին խաղի մեջ մտցնելու համար:
Եթե հնարավոր էր այդքան էյֆորիկ, «բողոքավոր» մասսա «դնել» Նիկոլի «տակ»՝ հեղափոխություն իրականացնելու համար, մի նորմալ ծրագրի կազմումը զուտ տեխնիկայի խնդիր էր իրական մոդերատորների համար, ինչը չէր արվել, որպեսզի Փաշինյանը ֆիասկո ապրի, ինչն էլ կատարվեց. ամբիոն բարձրացած վարչապետի ծրագրի ամեն մի տողից ծիկրակում էր սիրողականության անհասկանալի-անչափելի մի ահավոր մակարդակ։ Ծրագիրը կատաստրոֆիկ էր ոչ միայն թվերի, ծրագրային դրույթների, ասելիքի ու անելիքի բացակայության, այլև հայոց ամենացավոտ խնդրի՝ Ղարաբաղի մասով։ Հենց միայն այն հանգամանքը, որ «մոռացել» էին նշել Ղարաբաղի անվտանգության բաղադրիչը, այն է՝ հարձակման դեպքում Հայաստանը կդառնա երաշխավոր այդ հարձակումը հետ մղելու (պատգամավոր Միհրան Հակոբյանի «զգուշացում-հիշեցումից» հետո Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց հիշեցման համար ու ասաց՝ կներառեն այդ դրույթը ևս ծրագրի մեջ), արդեն իսկ ցուցիչն էր՝ առկա իշխանությունների դիլետանտության, անգամ այնպիսի կենսական հարցում, ինչպիսին Ղարաբաղն է։ Էլ չենք ասում, որ Ղարաբաղում այս օրերին բավականին անհանգիստ է, և միայն միամիտներին կարող է թվալ, թե իրական մոդերատորները այնտեղ կարող են բավարարվել վերևից արվող կադրային «հեղափոխությամբ»։ Ղարաբաղում զարգացումները դեռ առջևում են ու շատ ջուր կքաշեն։
Հուսադրող չէր ծրագրի ղարաբաղյան կոնֆլիկտի «խաղաղ» կարգավորման «դրույթների», առավել ստույգ՝ դրանց բացակայության մասը ևս։ Այդպես էլ չհասկացվեց նոր իշխանության ղարաբաղյան հայեցակարգը, երբ ասվել է, որ իրենք փոխելու են արցախյան հիմնախնդրի լուծման ճարտարապետությունը։ Ոչինչ չասվեց` արդյո՞ք իրենց համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու, եթե, Աստված մի արասցե, ԵԱՀԿ ՄԽ-ին զուգահեռ, Թուրքիայի մասնակցությամբ նոր ֆորմատ ստեղծելու փորձեր արվեն, և այդպես շարունակ։ Դեկլարատիվ, միտինգային էին նաև տնտեսությանը, ներդրումներին, ինչպես նաև ներքաղաքական առկա իրողություններին վերաբերող ծրագրային «դրույթները», որոնցից ամենազարմանահրաշը, թերևս, քաղաքականության ու գործարարության տարանջատման թեզն էր, որը, ի դեպ, լսել ենք բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների բերանից։ Եվ դա այն դեպքում, երբ գործող վարչապետի կաբինետում կոալիցիոն անդամ են երկրի ամենամեծ գործարարն ու նրա գործարար թիմը։
Կարելի է երկար շարունակել «Հրապարակի ծրագրի» թեզավորումը, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու ու ամրագրելու` իրավիճակն ու ապագան նոր կառավարության «հագով» չեն։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ