USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Դարավոր կույր հավատը առ Ռուսաստան մեզ կանգնեցրել է անելանելի վիճակի առաջ

Դարավոր կույր հավատը առ Ռուսաստան մեզ կանգնեցրել է անելանելի վիճակի առաջ
08.06.2018 | 00:23

Պարոն Արման Նավասարդյան, սիրով կարդացի Ձեր հարցազրույցը: Բայց լինեմ անկեղծ՝ հարցազրույցում չստացա ինձ հուզող հարցի պատասխանը՝ պրոտեկտորատն իրավունք ունի՞ իր տարածքը տրամադրելու... Մինչ բազմակետերի բացումը հարցնեմ ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարներին՝ իրո՞ք Նախիջևանից մեզ վտանգ չի սպառնում, թե՞ հերթական փափուկ բարձն է, որ դրել ու դնում են հայ ժողովրդի գլխի տակ մեր իշխանությունները:


Ես միջազգային իրավունքի մասնագետ չեմ և չեմ կարող սիրողական մակարդակի դատողություններ անել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ Նախիջևանը տարածք է Ադրբեջանի հովանու ներքո: Այդ տարածքի անվտանգության երաշխավորներն են Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Վրաստանն ու Հայաստանը:
Պարոն դեսպան, Դուք Ձեր հարցազրույցում նշում եք այն հսկայական ռազմական տեխնիկայի մասին, որ օգտագործել է Թուրքիան Ադրբեջանի հետ Նախիջևանում կայացած զորախաղերի ժամանակ: Խնդրեմ պատասխանեք, հովանավորը դրա իրավունքն ունի՞: Փաստը մնում է փաստ, որ այդ զորախաղերը, ինչպես և ռազմական ինժեներական կառույցներն ուղղված են միայն և միայն Հայաստանի դեմ:


Կարսի պայմանագրով Նախիջևանի, որպես պրոտեկտորատի, հովանավոր է հանդիսանում նաև Ռուսաստանը: Ռուսաստանին պետք է պարզ հարց տրվի. այդ տարածքի միլիտարիզացիան քեզ չի՞ վերաբերում: Չէ՞ որ դու ես մեր վզին փաթաթել այդ ապօրինի պայմանագիրը, ուստի բարի եղիր առ ոչինչ համարել մեզ պարտադրված այդ ոճիրը: Ռուսաստանը, ի տարբերություն անգլոսաքսերի, երբեք չի գիտակցել իր վաղվա օրը, նա միշտ ապրել է պահի շահով, և արդյունքը եղել է այն, որ հարյուր տարին մեկ մահացու վիրավորվել է: Քանի՜ հարյուր տարի կա խարդախ ու խորամանկ Ալբիոնը, ինչու՞ երբեք այն չի փլուզվում: Այսօր, անշուշտ, Ռուսաստանը ռազմական հզոր ուժ ունի, բայց նա ավելի հզոր չէ, քան ԽՍՀՄ-ը: Ի՞նչ եղավ նրա հետ: Այսօր ՀԱՊԿ-ը կարելի է համարել ձևական կառույց: Լուկաշենկոն, Նազարբաևը երբևէ զորք կուղարկե՞ն ՀԱՊԿ-ի տարածքները պաշտպանելու: Հույսը դնել, որ Նախիջևանից մեզ սպառնացող վտանգի դեպքում ՀԱՊԿ-ը կմտնի պատերազմի մեջ, կասկածելի է:


Պատմությունը մեզ ապացուցել է բազմիցս, որ ռուս-թուրքական լարված հարաբերությունները միշտ լուծվել են մեր հաշվին: Որտե՞ղ են այսօր Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած Արևելյան Հայաստանի տարածքները: Ռուսաստանի հետ պետք է խոսել հավասարի իրավունքով: Եթե նրանք հասկացնեն, որ մենք իրենց պետք չենք, ապա պատասխանը պետք է լինի միանշանակ՝ դուք էլ մեզ պետք չեք: Հայաստանը կորցնելուց հետո Ռուսաստանի սահմանները կսկսվեն Ստավրոպոլից: Ռուսաստանը պետք է դադարեցնի իր դարավոր ստոր դիվանագիտական խաղը թուրքերի հետ և այսօր ավելի քան երբևէ պետք է պաշտպանի իր դաշնակցի շահը, քանի որ դա նաև իր շահն է: Նախիջևանի հարցով Ռուսաստանը պետք է կատարի կոնկրետ քայլեր: Սակայն, անկախ Ռուսաստանի քայլերից, մենք պետք է կատարենք մեր պաշտպանությանն ուղղված հստակ քայլեր, և պետք է Հայաստանը ինքնապաշտպանության նպատակով ստեղծի ատոմային զենք: Մենք չպետք է հույսներս դնենք և ոչ մեկի վրա: Դարավոր կույր հավատը առ Ռուսաստան մեզ կանգնեցրել է անելանելի վիճակի առաջ: Նախիջևանի հարցում մեր դիվանագիտությունը պետք է գրոհի լայն ճակատով, դիմելով ընդհուպ ՄԱԿ: Հիմարություն է մեր պաշտոնյաների այն խոսքը, թե Ադրբեջանն իր տարածքում իրավունք ունի ինժեներական կառույցների: Նախիջևանը Ադրբեջանի տարածք չէ, այլ ընդամենը տարածք նրա հովանու ներքո: Հայ դիվանագիտությունն իր անելիք քայլերը չպետք է բխեցնի ուրիշ պետության գործողություններից: Օտարերկրյա պետություններում հավատարմագրված դեսպաններն էլ պետք է ակտիվորեն ծառայեն իրենց պետության շահին և ոչ թե սպասեն, թե դեպքից դեպք իրենց ինչ կհրահանգեն:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Եթե պետության ներսում պաշտոնյաներ նշանակելիս պետության այրը առայսօր ղեկավարվել է անձնական շահով, գոնե դեսպաններ նշանակելիս ելնեն ազգային շահից, որովհետև դա է պահանջում մեր ժողովրդի շահը:

Դիտվել է՝ 2679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao