«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ներիշխանական քողարկվող և երևացող հակասությունների դաշտում

Ներիշխանական քողարկվող և երևացող հակասությունների դաշտում
08.06.2018 | 00:09

Բավականին հետաքրքիր հատված կար օրերս ավստրիացի լրագրողին տված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցում։ Երբ ավստրիացի լրագրողը, որը բավականին ագրեսիվ էր տրամադրված ու հաճախ ընդհատում էր Ռուսաստանի ղեկավարին, հերթական անգամ անդրադարձավ ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների արդյունքի վրա ռուսական ներազդման տարաբնույթ ռեսուրսների ազդեցության թեմային և տվեց արևմտյան մամուլում շատ շրջանառվող Եվգենի Պրեգոժինի անունը, Վ. Պուտինը պատասխանեց, որ թեև ճանաչում է այդ «ռեստորատոր» Պրեգոժինին, սակայն վերջինս որևէ կապ չունի ՌԴ իշխանությունների հետ։ Եվ եթե նա ինչ-որ բան էլ իրոք արել է, դա նրա նախաձեռնությունն է, և իշխանությունները որևէ պատասխանատվություն չեն կրում։


Ռուսաստանի ղեկավարը հակադարձեց մեկ այլ օրինակով. Միացյալ Նահանգներում կա միջազգային մասշտաբի գործիչ և ֆիլանտրոպ Ջորջ Սորոսը, որը սիրում է խառնվել ամեն ինչին՝ տարբեր երկրների ընտրական գործընթացներից մինչև ֆինանսական սպեկուլյացիաներ և պետական իշխանությունների խարխլում։ Բայց երբ մատնանշում ես Սորոսին, ԱՄՆ-ի իշխանությունների արձագանքը սովորաբար սա է՝ մենք ի՞նչ կապ ունենք Սորոսի հետ։ Նույնը նաև այս պարագայում է։ Պուտինը, բերելով այս պատկերավոր համեմատությունը, հակադարձեց՝ հիմա մենք էլ ենք ասում՝ Ռուսաստանն ի՞նչ կապ ունի Պրեգոժինի հետ։


Ընդհանրապես նկատելի է, որ վերջին շրջանում շատ լուրջ պայքար է գնում Ջորջ Սորոսի, նրա հիմնադրամի կողմից հովանավորվող կառույցների նկատմամբ։ Ռուսաստանի Առաջին ալիքի վերլուծական ծրագրում Ջորջ Սորոսին նվիրված հատուկ մաս կար, որտեղ նշվում էր հետխորհրդային տարածքում նրա կազմակերպած գունավոր հեղափոխությունների մասին, այդ թվում հիշատակվեցին վրացական «Վարդերի հեղափոխությունը», ուկրաինական հեղաշրջումները։ Տվյալ շղթայում հայաստանյան «թավշյա հեղափոխությունը» այս անգամ չէր հիշատակվում։


Մինչդեռ վերջին մեկ-երկու ամիսներին հայաստանյան քաղաքական և հանրային շրջանակներում շատ ակտիվորեն քննարկվում է Սորոսի ու նրա կողմից հովանավորվող կառույցների ազդեցությունը հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա։ Մասնավորապես, այս համատեքստում շատ են շեշտվում հայաստանյան նոր իշխանությունում ներգրավված որոշ անձանց անունները, երիտասարդ պաշտոնյաների, որոնք ուղղակիորեն կամ միջնորդված կապվում են Սորոսի հիմնադրամի կողմից հովանավորվող կազմակերպությունների հետ։ Ընդ որում` Սորոսի որոշակի հետքեր սկսեցին նկատել նաև արցախյան զարգացումներում ու ներքին խմորումներում։ Մասնավորապես, աննկատ չմնաց, որ ամենաակտիվ կերպով արցախյան դեպքերի լուսաբանում ապահովում էին որոշակի ուղղվածություն ունեցող լրատվամիջոցները։
Որքանո՞վ է Սորոսի ազդեցության մասին պնդումը ճիշտ կամ սխալ, կամ որքանո՞վ է իրականում դա առնչվում ընդհանրապես «դավադրության տեսության» հետ, միանշանակ ասել դժվար է, թեև պարզ է, որ որոշակի հետքեր կան։ Մանավանդ եթե հաշվի ենք առնում, որ հեղափոխական շարժմանն ակտիվորեն ներգրավված էին նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ։


Միևնույն ժամանակ նկատվում է, որ այդ կառույցները որոշակի խնդիրներ են սկսում ունենալ վարչապետի հետ, և դա հիմնականում արտացոլվում է այն դժգոհություններում, որոնք մատնանշում են Փաշինյանի ոչ կտրուկ լինելն իր գործողություններում։ Որոշ հոդվածներում ակնառու է դառնում այն նոտան, թե Նիկոլ Փաշինյանը բավականին մեղմ է վարվում կամ փոխհամաձայնեցված է գործում նախկին ռեժիմի, Սերժ Սարգսյանի թիմի հետ ու կտրուկ քայլերի չի գնում իշխանության մյուս օղակները վերցնելու ուղղությամբ։ Օրերս նույնիսկ համապատասխան կենտրոնից վերահսկվող մամուլում հրապարակվեցին հոդվածներ, որոնք ակնարկում էին, թե առանց Սերժ Սարգսյանի պատահական կամ գուցե ոչ պատահական սխալների հեղափոխությունը, թերևս, այս զարգացումը չէր ունենա։


Բավականին լուրջ դժգոհություններ կան այն թեմայի շուրջ, թե վարչապետի կողմից օլիգարխների նկատմամբ առկա է տարբերակված վերաբերմունք։ Մասնավորապես, մշտապես մատնանշվում է Գագիկ Ծառուկյանի գործոնը, ում նկատմամբ պատժիչ գործողություններ կամ ստուգումներ չեն արվում, ինչը տեսնում ենք ՀՀԿ-ական օլիգարխների առնչությամբ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի մեծ թիմում որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք առնչվում են ինչպես կադրային, այնպես էլ ընդհանուր քաղաքականության հարցերին։ Բնականաբար, կան նաև խնդիրներ արտաքին քաղաքական վեկտորի հարցում։


Ինչևէ, Պուտինի վերոհիշյալ խոսքերը՝ որքան Սորոսը կապված չէ պաշտոնական Վաշինգտոնի հետ, այնքան էլ Պրեգոժինն առնչություն չունի ռուսաստանյան ղեկավարության հետ, թերևս նաև ակնարկ է այն կարծիքներին, որոնք տիրում են Հայաստանում։ ԱՄՆ-ը ներկայացնող պաշտոնյաները կամ այդ շրջանակների հետ ասոցացվող վերլուծաբանները փակ կամ բաց խոսակցություններում մատնանշում են, որ Սորոսը որևէ կապ չունի պաշտոնական Վաշինգտոնի հետ, այդպիսով, փաստորեն, ցանկանում են մաքրել պաշտոնական ԱՄՆ-ին՝ հստակ զատելով Սորոս և Միացյալ Նահանգներ կամ Թրամփ հասկացությունները։ Թեև այստեղ տեղին է նաև Պուտինի ակնարկը. եթե անգամ այդպես է, և Վաշինգտոնը կապ չունի Սորոսի հետ, ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, օգտվում է ու փորձում է շատ հարմարավետ տեղավորվել խաղի մեջ։


Որոշակի ներիշխանական առայժմ քողարկված լարումների այս համատեքստում հետաքրքրական էր ու աղմկահարույց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բավականին անսպասելի թեզն «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում։ Հայաստանի նախագահը բարձրացրեց սահմանադրության ոչ բալանսավորված լինելու խնդիրը, մասնավորապես այն, որ հավասարակշռված չեն իշխանությունների տարբեր թևերի միջև լիազորությունները։ Ըստ էության, նշեց, որ խորհրդարանական երկրում իշխանությունների լիազորությունները պետք է վերաբաշխված լինեն նախ և առաջ խորհրդարանի և հետո, ինչպես ինքը նշեց, նախագահական ու վարչապետական ինստիտուտների միջև։ Սա ընկալվեց, որ Արմեն Սարգսյանը ցանկանում է համալրել սեփական լիազորությունները։ Իհարկե, միանգամից հարց առաջացավ. երբ ժամանակին Սերժ Սարգսյանը եղած լիազորություններով նրան առաջարկում էր նախագահի պաշտոնը, Արմեն Սարգսյանը դրա մասին չէր էլ հիշում, իսկ այժմ, երբ իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանը, այդ հարցը հանկարծ բարձրացվում է։ Ընդ որում, նույնիսկ այն բանից հետո, երբ վերոնշյալ մոտեցումը ոչ այնքան միանշանակ ընդունվեց հեղափոխական համայնքում, ՀՀ նախագահը մի քանի օր հետո փաստացի հաստատեց իր մոտեցումը՝ հարցազրույցում հայտարարելով, որ «Ժամանակն է՝ քննարկենք, որ իշխանությունը հավասարապես բաշխված լինի»։ Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ մամուլում տեղեկատվական արտահոսք եղավ, որ Արմեն Սարգսյանը սեփական կուսակցություն ստեղծելու մտադրություն ունի։ Այդ պահից սկսած` որոշ շրջանակներ սկսեցին խոսել, որ հակահեղափոխություն ասվածը ավելի շուտ սկսում է կենտրոնանալ նախագահական նստավայրում։


Ինչո՞վ է պայմանավորված Արմեն Սարգսյանի կողմից իշխանության լիազորությունների վերաբաշխման հարցի բարձրաձայնումը։ Շատերը, այդ թվում` ռուսաստանյան վերլուծական շրջանակները, համարում են, որ հայկական հեղափոխության մեջ Արմեն Սարգսյանը, որն ասոցացվում է անգլոսաքսոնական համայնքի հետ, մեծ դերակատարում է ունեցել և հեղափոխության ընթացքում կարողացել է ոչ միայն չկորցնել իր դիրքերն իշխանական թևերի մոտ, այլև ամրապնդվել։ Ընդ որում` նախ և առաջ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որը պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ճանաչեց նրա լեգիտիմությունը։ Պետք չէ մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը միակ մարդն է, որը, ըստ իր պնդման, տեսել է ՀՀ նախագահի` անգլիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը։ Ճիշտ է, պարզ չէ, թե քաղաքականության մեջ շատ լավ թրծված Արմեն Սարգսյանին, որն ամեն ինչից կարողանում է PR ստանալ, ինչն է խանգարում այդ նույն փաստաթղթին ծանոթացնել նաև հանրությանը։
Թեև Արմեն Սարգսյանի դերը Հայաստանում այնքան էլ մեծ չէին համարում, սակայն փորձագիտական շրջանակներում կարծում են, որ հայաստանյան վերջին զարգացումներում նա բավականին լուրջ դերակատարում է ունեցել, այդ թվում՝ ստվերային, գուցե նաև կազմակերպչական։ Եվ իրադրության փոփոխությունից հետո ցանկանում է իր փաստացի ազդեցիկ կարգավիճակը դեյուրե ամրագրել։ Սակայն հարց է առաջանում, թե որքանով Նիկոլ Փաշինյանը կհամաձայնի սահմանադրական փոփոխություններ անցկացնել և վերաբաշխել լիազորությունները։ ՈՒշագրավ է, որ նույն օրը, երբ Արմեն Սարգսյանը խոսում էր իշխանության լիազորությունների բալանսավորման մասին, հրապարակվեց կառավարության ծրագիրը, որտեղ ոչ մի տող չկա սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ։ Կարելի է եզրակացնել, որ այս խնդրի շուրջ իշխանական թևերի միջև համաձայնություն չկա։ Առավել ևս փաստենք, որ ընդդիմություն եղած ժամանակ սուպերվարչապետական լիազորությունների դեմ հանդես եկող Նիկոլ Փաշինյանն առայժմ այդ լիազորությունները կրճատելու ծրագրեր չունի։ Սակայն նման ծրագրեր ունի Արմեն Սարգսյանը։ Եվ, ինչպես հուշում են տեղեկատվական արտահոսքերը, ՀՀ նախագահը բավականին լուրջ է տրամադրված ու պատրաստվում է մտնելու իշխանափոխության գործընթացի հաջորդ փուլ։


Գործընթացները շարունակվում են և շարունակվում են ոչ միայն տեսանելի դաշտում, այլև, որ պակաս հետաքրքիր չէ, կուլիսներում ու անտեսանելի ճակատներում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ