Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Հռոմեական ակումբի» գլադիատորները

«Հռոմեական ակումբի» գլադիատորները
08.06.2018 | 00:27

1965-ից Հայաստանում սկիզբ առած ազգային ազատագրական պայքարը, 1988-ի մայիսից արդեն (երբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի օժանդակությամբ հեռացվեցին պայքարի կազմակերպիչները, և նրանց փոխարինեցին ՀԽՍՀ ՊԱԿ-ի գործակալները), աստիճանաբար ձևախեղվեց։ Ժամանակի ընթացքում մարեցին պահանջատիրության օջախները, իսկ արցախյան ազատագրական պայքարը ամրագրվեց «ղարաբաղյան հակամարտություն» ձևակերպմամբ:

Այս ակտով փորձ կատարվեց նաև զրոյացնելու արցախյան ազատամարտում ձեռք բերված նվաճումներն ու հաղթանակները։


1994 թ. նոյեմբերից ՀՀ բարձրագույն իշխանությանը պարտադրվեց նախապես ծրագրված արշավ ՀՅԴ «Դրո» կազմակերպության դեմ:
1995 թ. հունվարից, երբ հստակ դարձավ հայկական կողմի վերջնական հրաժարումը պահանջատիրության ու ազատագրական պայքարից, քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) մարտիկներին զարմանալիորեն թույլատրվեց գործունեություն ծավալել Կարսից հյուսիս ընկած (մինչ այդ նրանց համար արգելված) տարածքներում:
1998 թ. ամռանը ո՛չ միայն ՔԲԿ-ն, այլև ողջ քուրդ ժողովուրդը հայտնվեցին ծանր վիճակում:
Զինված պայքարը Թուրքիայի հյուսիսարևելյան շրջանում բավական շուտ ջախջախվեց: Դրա իրականացման համար Թուրքիան օգտագործեց իր բանակի գրեթե բոլոր մարտունակ ուժերը: ՔԲԿ առաջնորդ Աբդուլլա Օջալանի համաժողովրդական պայքարի հույսերը Թուրքիայում չարդարացան: Հիշյալ հանգամանքը ազդեց Օջալանի դիրքորոշման վրա, որը հանգեցրեց կենսական դարձած քաղաքական ուղղվածության, արտաքին քաղաքականության և գաղափարախոսական կողմնորոշման վերաիմաստավորմանը: Այն հետաքրքրություն էր ստեղծում վերահաստատելու հնարավոր նոր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ:


Օջալանը, սակայն, ո՛չ ժամանակ ուներ, ո՛չ էլ հնարավորություն մշակելու նոր քաղաքական մարտավարություն: Նրա ջանքերը` ստեղծել նոր հզոր քաղաքական կենտրոն Ռուսաստանում կամ Եվրոպայում, ձախողվեցին։ Հանրագումարը` Օջալանը հանձնվեց Թուրքիային:
Նրա ձերբակալությունը հանգեցրեց ՔԲԿ-ի ապակազմավորմանը և պայմաններ ստեղծեց տրանսֆորմացիայի ենթարկելու ՔԲԿ կառույցները:
1994-95-ին գրեթե նույն իրավիճակում էր հայտնվել ՀՅԴ-ն։


ՀՅԴ «Դրո»-ի դիմագծի, հեղափոխականության, ազգային ազատագրական պայքարի, Արցախի ազատագրման համար անզիջում կեցվածքը հանգեցրեց նավթով Արցախը ծախել փափագող ատլանտիստների հակադաշնակցական մոլուցքին, ինչն էլ, ի վերջո, բերեց անդառնալի կորուստների։ 100-ամյա կառույցի դեմ սկսվեց կազմակերպված արշավ։ ՀՅԴ «Դրո»-ի դեմ պայքարը պայքար էր հակաթրքության դեմ, նրա ոչնչացման դատավճիռը վճիռ էր հակահամակարգայնականության, ազգ-պետություն կերտելու, ազգային ընկերվարական ուղղվածությունները վերակերտելու դեմ։ Այն մաս էր ընկերվարության, ազգայնականության, հայկական պահանջատիրության դեմ մղվող ատլանտիստական պայքարի:
Այդ պայքարը որպես պետական մեղադրանք, իրավաբանական ձևակերպում ստացավ 10.12.1996 թ. ՀՀ Գերագույն դատարանի դատավճռով։


Հարկ է նշել, որ գրեթե 25 (քսանհինգ) տարի պահանջվեց Հայաստանի և աշխարհով մեկ սփռված հայությունից հասկանալու, որ 1995-ին «վերաբացված» ՀՅԴ կուսակցությունը որևէ կերպ չի աղերսվում և չի կարող իրավահաջորդ լինել 1994-ին ՀՀՇ-ական իշխանության հրահանգով արգելված, փակված և մահվան դատապարտված ՀՅԴ հայաստանյան կառույցի:
Վերոնշյալ գործընթացներին զուգահեռ տեղի էր ունենում ազգային անվտանգության, ինքնիշխան և անկախ պետության ու պետականության նորաստեղծ համակարգի աստիճանական տրանսֆորմացիայի ծրագրային իրականացում։
Նախ փաստենք, որ ՆԱՏՕ-ի կազմավորումից անմիջապես հետո ստեղծվեց ԳԼԱԴԻՈ (GLADIO) գաղտնի ծառայությունը: Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ի քաղաքականությունը աստիճանաբար ձևավորվում էր համաշխարհային չափանիշներով, իսկ նրա քաղաքականության բոլոր հիմնական դրույթներն ու սկզբունքները ձևակերպվել էին «Հռոմեական ակումբի» ջանքերով: Վերջինս համաշխարհային նոր կարգեր ձևավորող ատլանտիզմի ու համակարգայնականության ինստիտուտների բաղադրիչներից էր:


«Հռոմեական ակումբի» գործուն մանիպուլյացիայի շնորհիվ ՆԱՏՕ-ն պառակտվեց. ա) իշխանության քաղաքական խմբի, որը դիտարկվեց որպես (ձախեր),
բ) բուն ռազմական կառույցի:
GLADIO-ն, ստեղծվելով ՆԱՏՕ-ի կազմում, հենվեց ծայրահեղ աջ հակակոմունիստ շրջանակների վրա։ Մինչև 1978-ը նպատակ ուներ վարշավյան պայմանագրի մասնակից երկրների տարածքներում ծավալելու ապստամբական և հեղափոխական գործունեություն:
GLADIO-ն իր կազմի մեջ ներգրավեց ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետություններին, այլև շոշափուկները տարածեց աշխարհագրական լայն շառավիղով: Շնորհիվ հանցագործ աշխարհի գործակալական և ազդեցության գործակալների բազմաճյուղ ցանցերի, արևմտաեվրոպական կազմակերպված հանցագործ շրջանակներն ու մաֆիոզ կլաններն անցան հատուկ ծառայության տնօրինության տակ:


GLADIO-ին հաջողվեց ծայրահեղ ազգայնական ու հանցագործ ուժերը համախմբելով ստեղծել ահաբեկչական կազմակերպություններ, նմանեցնելով դրանք մարքսիստական կազմակերպությունների ազգայնական դիմագծին: 1978-ից GLADIO-ն օգտագործվեց որպես արևելաեվրոպական հանցագործ շրջանակներ ներթափանցելու և դրանց պոտենցիալ ուժն օգտագործելու միջոց:


1990-ականներին ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ռիչարդ Հելմսը անհետաձգելի խնդիրների շարքում նշել էր նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետախուզական ծառայությունների հետ համագործակցության ամրապնդման, Ռուսաստանի տնտեսական, միջուկային և ռազմական ներուժի վերաբերյալ հետախուզական աշխատանքների իրագործման, Մերձավոր Արևելքում և Չինաստանում լրտեսական համացանցի ընդլայնման ու կատեգորիայի բարձրացման կարևորությունը: Այդ ամենում թույլատրվեց ներգրավել նաև արևելաեվրոպական և մերձբալթյան երկրների հետախուզական ծառայություններին, որով էլ ակտիվացվեց հետախուզական գործունեությունն ընդդեմ Ռուսաստանի և նրա դաշնակից երկրների: Հատուկ ուշադրություն էր դարձվում հետախուզության մեջ կոնսպիրացիայի խստացմանն ու գործունեության ծավալների մեծացմանը:


Լրտեսներ և գաղտնի օպերացիաների մասնագետներ էին ուղարկվում կարևորագույն տարածաշրջաններ: ԿՀՎ-ի չորս գլխավոր վարչություններին (օպերատիվ, տեղեկատվության, գիտության և տեխնիկայի, ադմինիստրատիվ) զուգահեռ սկսեցին գործել նաև պլանավորման և համակարգման վարչությունները, խնդիր ունենալով իրենց վերահսկողության տակ վերցնելու գլխավոր վարչության ֆունկցիաները (արտասահմանում գաղտնի օպերացիաների պլանավորում) և դաշնակից երկրների հետախուզական կառույցների միջև համագործակցության իրագործումը:


Հատկանշական է որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հանդեպ միշտ էլ դրսևորել է ըմբռնման սկզբունքներն ու որդեգրել հատուկ վերաբերմունք` փորձելով զերծ պահել Հայաստանը հավելյալ ցնցումներից: Մինչդեռ վերոնշյալ գործընթացները ուղղորդում էին ոչ թե դասական ԱՄՆ-ի, այլ համաշխարհային նոր կարգեր հաստատող ատլանտիստական ուժերը, որոնք բավականին լուրջ հարվածներ էին հասցրել և էականորեն ազդել նաև ԱՄՆ-ի վրա։ Այդ պատճառով էլ ԱՄՆ-ը չկարողացավ քսանմեկերորդ դար մուտք գործել որպես հզոր արդյունաբերական պետություն:
Համաշխարհային նոր կարգերի հաստատմանը ծառայող բարձր մտավոր կենտրոնների և նորագույն գիտական տեխնոլոգիական ինստիտուտների ջանքերով ԱՄՆ-ը սնանկացրել էին նախ հոգևոր ու բարոյական դաշտում, ապա, քանդելով արդյունաբերական հիմքերը, առաջացրել էին երեսուն միլիոնի հասնող գործազրկություն, հանցագործությունների որակի, տեսակի և չափի նոր մոդիֆիկացված հզոր «ընտրանի», կառավարության համատարած ծախվածություն ու կոռուպցիայի աներևակայելի չափեր:


Արդեն 1990-ից ԽՍՀՄ տարածքում գործի էին դրվել խորհրդային քաղաքացիների հավաքագրումները քաղաքական բարձրաստիճան, ապա հասարակական դիրքի տնտեսական լծակների տիրապետող և հանցագործ շրջանակներում: Այդ հետո էր, որ Ռուսաստանի ՊԱԿ-ի նախագահ (1991-92 թթ.) Վադիմ Բակատինին պիտի մեղադրեին հայրենիքի դավաճանության մեջ, մի շարք կարևորագույն պետական գաղտնի փաստաթղթեր ԿՀՎ-ին փոխանցելու համար:


GLADIO-ի թափանցումը Ռուսաստան արագորեն ձևավորեց փող-իշխանական մաֆիոզ կլանային համակարգ, որը աստիճանաբար ներթափանցեց հետխորհրդային երկրներ, այդ թվում` նորաստեղծ Հայաստանի Հանրապետություն: Հայաստանում հավաքագրվեցին բարձր պետական այրեր, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ և անդամներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, գիտության ու մշակույթի գործիչներ։ Արագորեն ձևավորվեցին նոր որակներ կրող զինված հանցախմբեր, որոնց նշանակած ներկայացուցիչները թափանցեցին պետական կառավարման ինստիտուտներ, օրենսդիր և գործադիր իշխանություններ, ուժային, օրինապահ և դատական կառույցներ, երկիրը մղելով դեպի անարդարության, աղքատության ու համատարած ստրկացման անդառնալի ճահիճը:
Սրանց առջև խնդիր էր դրված արհեստականորեն առաջացնելու տնտեսական կառավարելի անկումներ, արհեստածին ճգնաժամեր և համատարած լճացում բոլոր ուղղություններով` մարդկային կամքի, մտքի, գիտության, մշակույթի, հոգևոր, բարոյական ու ընկերվարական... Նման աղետները նախերգանքն էին է՛լ ավելի սարսափելի իրադարձությունների։ Նպատակը հայ ժողովրդի հոգևոր ֆորմայի և գիտակցական մտքի խաթարումն էր, մարդկային խեղված զանգվածների կազմավորումը։ Հիշյալ զանգվածն ապագայում պիտի վերածվեր գործազուրկների ստրկամիտ բանակի:


ՀՅԴ «Դրո» գաղտնի ծառայության գլխավոր վարչության կարևորագույն խնդիրների շարքում էին մանիպուլյացիոն թափանցումների բացահայտումները` պետական կառավարման ինստիտուտներ, պետական հանցագործ այրերի և զինված խմբավորումների միջև տեղի ունեցած կապի ու հանցավոր գործունեության քողազերծումը, անզիջում պայքարը պետական մաֆիայի ղեկավարների դեմ և այլն, և այլն: Հիշյալ խնդիրների լուծման ճանապարհին «Դրո»-ն օգտագործեց տնտեսական հետախուզական օպերատիվ կառույցի (ՏՀՕԿ) լավագույն պատրաստություն անցած մասնագետների ուժերը, 10-րդ բաժանմունքի տնտեսական հանցագործությունների և ճգնաժամերի առաջացման վերլուծական աշխատախմբերը, օպերատիվ շտաբի հետախուզական և հակահետախուզության կառույցներն ու լրտեսական ցանցերը:


Արցախի ազատագրման, պատմական Հայաստանի վերականգնման համար մղվող պայքարին զուգահեռ, սկիզբ էր առել ևս մի պայքար` պայքար սեփական երկիրը նվաճած պետական մաֆիայի ու աճող պետական հանցագործների ու զինված կլանների դեմ: Մի համակարգ, որն աստիճանաբար ձևավորվում էր համաշխարհային նոր կարգերի հաստատման ճշգրիտ մեխանիզմով: 1994-ին Արցախյան ազատամարտի կեղծ զինադադարից անմիջապես հետո և պատմական Հայաստանի ազատագրման պայքարի սկզբնավորման ճիշտ նախօրյակին, սեփական կուսակիցների դավաճանության, դավադրության ու զրպարտանքների հեղեղի ներքո «Հռոմեական ակումբի» կողմից ուղղորդվող, Թուրքիայի կամակատար «Մալթական օրդենի» կոմանդոր Բորիս Ելցինի նախաձեռնությամբ «Դրո» կառույցը ոսկյա սկուտեղի վրա մատուցվեց հանցագործ ռեժիմի վրեժխնդրությանն ու հաշվեհարդարին: Որքան էլ զավեշտալի հնչի, այս պայքարը նույնպես իրավաբանական ձևակերպում ստացավ և որպես լուրջ մեղադրանք ներկայացվեց «Դրո» կառույցին ողջ նախաքննական և դատաքննական ընթացքում և ապա ամրագրվեց դատավճռով («Դրո» ծառայության կանոնակարգի համաձայն, նրա նպատակներն են եղել պայքարել ու քողազերծել պետական մաֆիան... Որ հարկադրաբար («Դրո»-ն) ծրագրել է ստիպողական միջոցների դիմել մաֆիայի ղեկավարների դեմ...» հատված` ՀՀ Գերագույն դատարանի 10.12.1996-ի «Դրո» գործի դատավճռից):
Պայքարը չի ավարտվել, այն միայն թևակոխել է ազատամարտի մի նոր շրջափուլ։


Արմենակ Լևոնի ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ - «Դրո» գործով մահվան դատապարտված
1 հունիսի 2018 թ.

Դիտվել է՝ 13070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ