Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մայրապետը

Մայրապետը
08.06.2018 | 00:57

(Նախորդ մասը)

Սուրբ Խաչ եկեղեցու ավագ քահանա Արսեն Սիմոնյանի սպասուհին հայտնեց, որ հյուրասենյակում սպասում են երկու կանայք: Քահանան շտապեց ու տեսավ գունատ, սարսափահար Վառվառե Քանանյանին ու նրա դստերը:
-Տիկին Քանանյան, ի՞նչ է պատահել, ինչու՞ եք գունատված:
-Մի՛ հարցրեք, տեր հայր, սարսափելի օրեր ապրեցինք,- ապա հայացքն ուղղելով ներսի սենյակների կողմը, հարցրեց,- այնտեղ օտար մարդ չկա՞, կարելի՞ է ազատ խոսել, մեզ չե՞ն լսի:
-Անհոգ եղեք, օտար մարդ չկա, կարող եք ազատ զգալ ձեզ:


Վառվառեն պատմեց իրենց գլխին եկածը, ապա ավելացրեց.
-Տեր հայր, օրեր շարունակ գրգռված, նյարդային վիճակում էինք: Այնքան հուսահատ էի, որ պատրաստ էի նախ Մարիամին սպանել, ապա իմ կյանքին վերջ տալ:
-Նստեք, նստեք, հանեք ձեր վերարկուները և հանգստացեք:
Վառվառեն ձեռքը մտցրեց, շրջազգեստի կրծքի մասից հանեց մի ծրար ու մեկնեց քահանային:
-Տեր հայր, ինձ համար ամենաթանկ բանն այս կտակն է: Ես նույնիսկ գոհարեղենս հետս չեմ առել, վերցրել եմ միայն այս փաստաթուղթը, որ ուրիշի ձեռքը չընկնի: Թեև քանիցս ձեզ այդ մասին ասել եմ, բայց ուզում եմ, որ հիմա կարդաք ու մանրամասներին ծանոթանաք:
Արսեն քահանան բացեց ծրարը: Կտակը գրված էր ռուսերեն, պաշտոնական թղթի վրա, պատշաճ ստորագրված էր իր ու վկաների կողմից և վավերացված նոտարի կնիքով:
Իր սեփական տունը, կալվածքները, ամբողջ կանխիկ դրամն ու արժեթղթերը, որոնց հավաքական գումարը կազմում էր մի քանի միլիոն ռուբլի, տիկին Քանանյանը հատկացրել էր հետևյալ նպատակներին.
1. օրիորդաց դպրոց պիտի բացվեր Երևանում, ուր ձրիաբար կրթվելու էին հայ աղջիկները: Դպրոցն ապահովվում էր դրամագլխով, որի շահութատոկոսներով պիտի հոգացվեին կրթարանի ծախսերը.
2. գյուղատնտեսական դպրոց պիտի բացվեր Մշո Սբ Կարապետ վանքի տարածքում.
3. դստեր մահից հետո, նրա տունը, ամբողջ դրամագլուխը, թողած գոհարեղենը պիտի վաճառվեր, կանխիկ դրամի վերածվեր և հատկացվեր դպրոցներին.
4. 10 հազար ռուբլի էր կտակել այրի տիկին Ն. Կ.-ին:
Կտակակատարներ էր նշանակել Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանին, ԿՀԲԸ խորհրդի նախագահ Սամսոն Հարությունյանին և Անանուրի իր կալվածքների կառավարիչ Արշակ Թադևոսյանին:


Արսեն քահանան հազիվ զսպեց հուզմունքը:
Սբ Խաչ եկեղեցու բակում գտնվում էր «Գասպարյան անկելանոցը», ուր տարիներ շարունակ ապրում ու սնվում էին միայնակ, ծեր, հիվանդ, աղքատ երկսեռ հայերը: Վառվառեն Արսեն քահանայից խնդրեց այդտեղ մի ազատ սենյակ ճարել, որպեսզի ինքն ու դուստրը մի որոշ ժամանակ պատսպարվեին, մինչև կարողանային Թիֆլիս մեկնել:
Արսեն քահանայի համար դա անընդունելի էր, նման բան թույլ տալ չէր կարելի, և նա առաջարկեց իր բնակարանի ցանկացած սենյակը: Մայր ու աղջիկ մերժեցին.
-Մենք չենք համաձայնի ձեզ նեղություն պատճառել, դրա համար չէ, որ եկել ենք…
Քահանան կանչեց երիցուհուն, որն արցունքն աչքերին թախանձեց մնալ իրենց մոտ:
-Մեր ննջարանը ձեզ, իսկ մենք կտեղավորվենք տղայիս սենյակում: Աղաչում եմ, մնացեք,- ասաց երիցուհին:
Ի վերջո, համաձայնեցին:

ԱՏՐՃԱՆԱԿՆԵՐ ԵՎ ԱԴԱՄԱՆԴՆԵՐ
1915 թ. արհավիրքը Սբ Էջմիածնին դրդեց ապահով վայր` Մոսկվա փոխադրել անգին ձեռագրերը, որոնք թաքցվեցին Սբ Խաչ եկեղեցու երկու խորաններում: Թեև խորանների դռները, եկեղեցու պատուհանները պողպատակուռ, հուսալի էին, սակայն ցարի և ժամանակավոր կառավարության անկումից հետո վտանգ ծագեց, որ գիշերը եկեղեցին կարող է կողոպտվել, և ձեռագրերը կորստի կմատնվեն: Ուստի Ազգային կոմիտեի նիստում քահանաները հարց բարձրացրին, որ գիշերային պահակներ վարձվեն: Առաջարկն ընդունվեց, և կոմիտեն որոշեց տաճկահայ գերիներից երեք հոգու վարձել: Ապա 1917 թ. նոյեմբերին դիմեց Մոսկվայում զինված ապստամբության ղեկավարներից մեկին` Մոսկվայի ռազմական օկրուգի կոմիսար Նիկոլայ Մուրալովին՝ թե՛ թույլտվություն ստանալու, թե՛ պահակներին զինելու խնդրանքով: Կոմիսարը սիրով համաձայնեց, խոստացավ պահակներին զինվորական համազգեստ, մուշտակ, թաղիքե տաք սապոգներ տրամադրել, բայց զենք` ոչ: «Մենք ինքներս զենքի կարիք ունենք,- ասաց,- աշխատեցեք դուք որևէ տեղից ճարել»:
Մի օր, երբ թեյի ժամանակ քահանա Արսեն Սիմոնյանը մտահոգված այս մասին պատմեց, տիկին Վառվառեն բացականչեց.
-Տեր հայր, ես կարող եմ այդ հարցում օգնել:
-Ինչպե՞ս,- զարմացավ քահանան:
-Ես ունեմ երկու հատ 10-լիցքանի «մաուզեր», որոնք գտնվում են բանկում, իմ անձնական սեյֆում: Կարող եմ դրանք տրամադրել Ձեզ:
-Որտեղի՞ց Ձեզ այդ զենքը:
Տիկինը պատմեց, որ դեռևս 1905 թ. հայ-թաթարական կռիվների ժամանակ ինքը քանիցս զենք է գնել ու տեղափոխել Կովկաս: Այդ երկուսը մնացել էին:
Ապա ավելացրեց.
-Բայց կարծում եմ՝ Ձեզ մեկ «մաուզերն» էլ է բավական, մյուսն ուզում եմ ուղարկել Թիֆլիս, մեր կալվածքների կառավարիչ Արշակ Թադևոսյանին:
Որոշեցին հաջորդ օրը, ճաշից հետո, գնալ բանկ` զենքերը բերելու:
Եղանակը տաքացել էր, ձյունն ու սառույցը հալվել էին, ցեխաջրի վերածվել, և բարակ անձրև էր մաղում:


Տիկին Վառվառեն և Արսեն քահանան թևանցուկ, տոտիկ-տոտիկ քայլերն ուղղեցին Իլյինկա փողոց, ուր գտնվում էր Ռուսաստանի հնագույն և ամենահեղինակավոր ֆինանսական հաստատություններից մեկը` Մոսկվայի վաճառականական բանկը (ԾՏրՍՏՉրՍՌռ ՍցտպփպրՍՌռ ոՈվՍ):
Երբ ներս մտան, բանկի ծառայողները վրա թափվեցին ու սկսեցին հարցեր տեղալ.
-Ինչպե՞ս եք, Վառվառա Իվանովնա, ինչու՞ չեք հեռացել Մոսկվայից:
-Սեյֆիս հետ հանդիպման եմ եկել, պարոնայք,-ասաց տիկին Քանանյանը:
Երկու ծառայողներ նրանց ուղեկցեցին պահուստի բաժանմունք, դժվարությամբ սեղանին դրեցին սեյֆն ու հեռացան: Դա քառակուսի, մեկ մետր լայնությամբ ու երկարությամբ և կես մետր բարձրությամբ երկաթե մի արկղ էր:
Արսեն քահանան ուզեց հեռանալ, որպեսզի չտեսնի սեյֆի պարունակությունը, սակայն Վառվառեն պնդեց, որ մնա:
-ՈՒզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ եմ թողնելու մեր ազգին:
«Մաուզերներն» արկղի հատակին էին, և դրանք հանելու համար հարկ էր վրայի եղածը դուրս բերել, ինչն էլ արեց Վառվառեն:


Արսեն քահանան, որ պսակադրությունների ժամանակ թանկագին քարերով զարդարուն շատ կանանց և օրիորդների էր տեսել, այս անգամ զարմանքից քար կտրեց:
Խոշոր գոհարներից կազմված 4-5 մանյակներ, որոնցից երկուսը կապույտ ցոլքով ադամանդներ էին` յուրաքանչյուրը 8-10 կարատ: Մեկ հատ երկգույն` կանաչ զմրուխտից և ադամանդից պատրաստված մեծ մանյակ: Եվս մեկը` ադամանդից ու խոշոր մարգարտից: Կրծքին կրելու բազմաթիվ զարդասեղներ` զմրուխտից ու հակինթից` շրջանակված ադամանդներով: Բռերով մատանիներ ու գինդեր` մեկը մյուսից գեղեցիկ ու թանկարժեք: Գինդերից մեկը մոտ 20-կարատանոց ադամանդ էր, ներքնամասում` տանձաձև գեղեցկագույն զմրուխտով:


Լռությունը խախտեց Վառվառեն.
-ՈՒթսունական թվականներին հայրս Կ. Պոլսում հայ ակնավաճառ բարեկամներ ուներ: Նրանք հորս գրեցին, որ սուլթանի արդեն պառաված կանայք, որոնք պիտի լքեին հարեմը, իրենց ակնեղենը շատ էժան վաճառում եմ, և եթե ուզում է գոհարեղեն ունենալ, թող փող ուղարկի: Հայրս ուղարկում է 30 հազար ռուբլի և ակնեղենն ստանում: Սա իմ բաժինքն է:
Վերջապես Վառվառեն դուրս բերեց «մաուզերները»՝ փամփուշտներով, ու տվեց քահանային, որն իսկույն դրանք թաքցրեց փարաջայի տակ:
Վառվառեն զարդեղենը նորից լցրեց սեյֆի մեջ ու բանալիներով կողպեց:
Փողոցները թաց էին ու սայթաքուն…
Տիկին Քանանյանն ու դուստրը Արսեն քահանայի տանը մնացին երեք շաբաթ: Առավոտյան նախաճաշից հետո նրանք փոխնիփոխ, բարձրաձայն կարդում էին դեռևս չփակված «Ռուսսկիե վեդոմոստի» և «Ռուսսկոե սլովո» թերթերը, ինչպես նաև ֆրանսիական ինչ-որ վեպ:


Վերջապես, երբ դրությունը համեմատաբար խաղաղվեց, մայր ու աղջիկ որոշեցին տեղափոխվել իրենց առանձնատուն, չանսալով քահանայի ու երիցուհու խնդրանքին մնալու իրենց մոտ:

Ամբողջ թափով սկսեց կենսագործվել լենինյան պատգամը` «կողոպտիր կողոպտվածը»: Առաջին հարվածներից մեկը, բնականաբար, հասցվեց բանկերին` «ազգայնացում» անվան տակ: Ընդ որում, կատարվեց ուրույն ձևով: Բանկեր էին ներխուժում բոլշևիկյան հանձնաժողովներ, որոնք բացել էին տալիս սեյֆերը, կամայականորեն գնահատում պարունակությունը, սահմանում որոշակի գին, ապա տիրոջը կանչում էին և առաջարկում սահմանած գումարը վճարել: Եթե ոչ, ապա պարունակությունն անցնում էր պետությանը, ի դեմս պետբանկի:
Նույն կիրառվեց տիկին Քանանյանի նկատմամբ: Բայց նա կարողացավ սրանից-նրանից գումար ճարել և զարդեղենը փրկել:
Սակայն սա դեռ սկիզբն էր: Վրա հասան նէպի «օրհնյալ» ժամանակները: Ֆինանսանյութական արժեքների վերաբաշխման արդյունքում հին հարուստներին փոխարինեցին նորերը` «նուվորիշները»:


Մոսկվայի բարձրագույն առևտրային դպրոցի հայ ուսանողների ու շրջանավարտների մեջ զգալի թիվ էին կազմում ալեքսանդրապոլցիները, որոնք արագորեն կողմնորոշվելով, բացեցին կոոպերատիվ խանութներ: Եվ, իհարկե, հարստացան:
Տիկին Վառվառեն, իր և դստեր տարրական ապրուստն ապահովելու համար, Արսեն քահանային խնդրեց իր մոտ ուղարկել լենինականցի նէպմանների, որոնց սկսեց վաճառել իր տան եղած-չեղածը` կահ-կարասի, սպասք, գորգեր և այլն:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ