Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն Արթուր Վանեցյանին, ՀՀ ոստիկանապետ պարոն Վալերի Օսիպյանին

Բաց նամակ ՀՀ ԱԱԾ տնօրեն պարոն  Արթուր Վանեցյանին, ՀՀ ոստիկանապետ պարոն Վալերի Օսիպյանին
08.06.2018 | 01:06

Հարգելի պարոններ, ես ողջունում եմ մեր երկրում կոռուպցիան արմատախիլ անելու ձեր մտադրություններն ու վճռականությունը, այս ճակատում մենք պարտավոր ենք լուրջ հաջողություններ արձանագրել, այլապես կորած ենք: Կարող եմ իմ համեստ ներդրումը բերել այդ կարևոր գործում՝ ներկայացնելով իմ բացահայտած կոռուպցիոն սխեմայի և երկրի թալանի հանցավոր գործը շարունակելու մեկական դեպքեր, որոնք առնչություն են ունեցել, այսպես ասած, իմ կյանքին ու աշխատանքային գործունեությանը:


Առաջին: Եթե ձեզ հաջողվի պարզել, օրինակ, ինչու՞ 2017 թվականի փետրվարին ոստիկանության Մալաթիայի բաժնում չցանկացան բացահայտել սկուտեղի վրա իրենց մատուցված կոռուպցիոն ակնհայտ գործարքը, ապա մենք կարող ենք որոշակի առաջընթաց արձանագրել: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված իմ դիմումին ոստիկանության Մալաթիայի բաժնից ստացա ձևական պատասխան-խուսագրություն, ինչը նշանակում էր, որ դատավոր-փաստաբան-փորձագետ կոռուպցիոն գործարքի կոնկրետ դեպքի բացահայտումը տորպեդահարվելու է ու, փաստորեն, կոծկվելու է: Այսպիսի առանձին դեպքերի ուսումնասիրությունն ու ընդհանրացումը թույլ կտային բացահայտել Հայաստանի դատական համակարգում գործող հանցավոր սխեմաները, որոնք չարվեցին հատուկ դիտավորությամբ, որովհետև համոզված եմ՝ ոստիկանության Մալաթիայի բաժինը ևս թաթախված է նշված հանցավոր սխեմայի մեջ, կոռուպցիոն հանցավոր սխեմային ուղեկցող պահակն է:


Երկրորդ: Եթե ձեզ հաջողվի պարզել, օրինակ, ինչու՞ 2017 թվականի ամռանը Սպիտակում վանդալները քանդեցին ու հողին հավասարեցրին Հայաստանի ամենահզոր մեքենաշինական գործարանի մասնաշենքերը, որի մետաղական կոնստրուկցիաները ոստիկանական ուղեկցող պահակախմբի հսկողությամբ էին գիշերվա կեսին դուրս բերվում աղետի գոտուց, ապա մենք կարող ենք որոշակի առաջընթաց արձանագրել ու մեր հանրությանը ներկայանալ կոնկրետ արդյունքներով:
Կարծում եմ՝ ինձ հետ առնչություն ունեցող այս դեպքերը ուսումնասիրման, պարզաբանման ու փարատման անհրաժեշտություն ունեն:


Դեպք առաջին: Վեց տարի շարունակ իմ ընտանիքը հայտնվել է անիմաստ դատական քաշքշուկների մեջ: Խնդիրը հետևյալն է: Մոսկովյան 21 շենքի մեր բնակարանը բակի կողմից հայտնվել է հարևանների ապօրինաբար կառուցած բազմաթիվ պատշգամբների ստվերում, փակվել են մեր բնակարանի բնական լուսավորության ու օդափոխության ճանապարհները, 5 կետով խախտվել են իմ և իմ ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները: Երևանում կառուցված ցանկացած ապօրինի պատշգամբային կառույցի հետևում, իհարկե ցանկության դեպքում, կարելի է փնտրել ու գտնել տարբեր կոռուպցիոն գործարքներ, որոնք կնքվում են Երևանի քաղաքապետարանի ու բնակիչների միջև: Այս պահին ես, իմ ընտանիքի անդամների հետ, դարձել եմ ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործով «պատասխանող» կողմ: ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործով հայցվորը խնդիր է դրել դատարանի միջոցով մասնակիորեն անվավեր ճանաչել մեր բնակարանի տնտեսական պատշգամբի նկատմամբ մեր սեփականության իրավունքը՝ մեր տարածքում կառուցված իրենց ապօրինի պատշգամբը ընդարձակելու նպատակով: ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործին նախորդել է ևս 2 գործ՝ վարչական դատարանում, հայցվորի ապօրինի պահանջները չեն բավարարվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ, բոլոր դեպքերում, խախտված են միայն մեր իրավունքները: Իհարկե, մեր խախտված իրավունքները վերականգնելու համար մենք կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, բայց դա հետագայում: Առայժմ ես ցանկանում եմ ներկայացնել իմ կոռուպցիոն բացահայտումները, թե ինչ սխեմաներ են գործում, մասնավորապես, մեր հայրենական դատարաններում, «հարցերը լուծելու» ի՞նչ կոռուպցիոն ստանդարտներ են կիրառվում: Մեր դեպքում այն արտահայտվել է հետևյալ կերպ. վիճարկվող կառույցի սեյսմակայունությունը ստուգելու պատրվակով դատավորը գործը ուղարկում է փորձագիտական կենտրոն՝ համապատասխան եզրակացություն ստանալու նպատակով, երկարատև սակարկություններից հետո հայցվորը բերում է իր անձնական խնդիրը լուծելու համար հարմար փորձագիտական եզրակացությունը, որը դատարանն ընդունում է որպես ապացույց:

Վստահաբար կարող եմ ասել, որ մեր դեպքում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է կեղծ եզրակացություն, որի համար փորձագետը կարող էր պատասխանատվության ենթարկվել ՀՀ քր. օր.-ի 338 հոդվածով: Եթե փորձենք այս դեպքն ընհանրացնել, ապա կարելի է խոսել դատական պրակտիկայում օգտագործվող կոռուպցիոն ցանցային սխեմայի մասին: Մեր ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործով դատավոր Ռ. Ներսիսյանի կայացրած վճռի հիմքում (դատավոր Ռ. Ներսիսյանի ԴԴ-17-Ե-64671, 30.11.17 վճիռով ԵԿԴ/3442/02/15 գործը հերթական անգամ կարճվել է), որպես ապացույց, հիշատակվում է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 17.11.2016 թ. տրված հ.15.-0406դ կեղծ եզրակացությունը: Փորձագետի թույլ տված սխալների մասին ես 2017 թ. հունվարի 9-ին հայտնել էի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն պրն Ա. Ջավադյանին, 2017 թ. փետրվարի 1-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Պատասխանատու այրերից առայժմ ստացել և ստանում եմ միայն ձևական պատասխաններ, սակայն, կարող ենք արձանագրել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն (արդեն նախկին տնօրեն) Ա. Ջավադյանն անուղղակի ձևով ընդունել է կեղծ փորձագիտության փաստը՝ 2017 թվականի մարտի 20-ին աշխատանքից ազատելով փորձագետ Հրանտ Ավետիսյանին: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ բողոքի հիման վրա, Հրանտ Ավետիսյանի գործը քննվել է ոստիկանության Մալաթիայի բաժնում (հետաքննիչ՝ ոստիկանության ավագ լեյտենանտ Արմենուհի Ասրյան), 27.02.2017 թվականին կայացվել է Հրանտ Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Նշեմ, որ փորձագիտական սխալ եզրակացության գործը ոստիկանության Մալաթիայի բաժնում քննվել է առանց փորձագետ Հրանտ Ավետիսյանի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի այլ պատասխանատու աշխատակիցների մասնակցության: Հետաքննության ընթացքում, ըստ Արմենուհի Ասրյանի ինֆորմացիայի, փորձագետը երկրից բացակայում էր և անմիջապես վերադարձավ, երբ ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ս. Զոհրաբյանի կողմից 27.02.2017 թ. ընդունվեց քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ փորձագետի ծառայողական հանցագործությունը թաքցնելու, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ներքին գաղտնիքները դուրս չտալու միտում:


Ի դեպ, ոստիկանության Մալաթիայի բաժնում ես պարզեցի, որ մեր կեղծ փորձաքննության դեպքը միակը չէ, նման դեպքեր լինում են, որոնք մեր հանրությունից թաքցվում են որպես ծառայողական գաղտնիքներ: Առաջիկայում ես կշարունակեմ ոստիկանության «ծառայողական գաղտնիքների» ֆենոմենի ուսումնասիրությունը՝ մամուլում այն հրապարակելու նպատակով: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը զբաղված է կեղծ փորձաքննությունների վաճառքով: Եթե վերադառնանք ԵԿԴ/3442/02/15 գործի խնդիրներին, ապա կարող եմ պնդել, որ դատավոր Ռ. Ներսիսյանը և հայցվորի փաստաբան Է. Կոստանյանը դատական գործը ներդաշնակորեն տարան դեպի «Փորձաքննությունների ազգային բյուրո»՝ Մոսկովյան 21 շենքի թիվ 9 բնակարանի «պատշգամբի սեյսմակայունությունը պարզելու» պատրվակով (դժվար է պատկերացնել, թե ի՞նչ կապ կարող է լինել օբյեկտի սեփականաշնորհման և նրա սեյսմակայունության խնդիրների միջև):


Դժվար է մեր դատական պրոցեսների վերաբերյալ որևիցե խելամիտ կարծիք կազմել՝ առանց բացահայտելու «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 17.11.2016 թ. տված հ.15.-0406դ եզրակացության կոռուպցիոն բաղադրիչի առանձնահատկությունները:
Փորձագիտական պրակտիկայում ընդունված կարգ կա, որ սխալ փորձագիտությունների դեպքում կազմակերպությունը պարտավոր է դատարանից հետ կանչել իր եզրակացությունը, փորձագետի նկատմամբ ծառայողական հետաքննություն սկսել, գնահատել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և, վերջապես, նշանակել նոր փորձաքննություն: Դրանք չեն արվել, իսկ դատարանը շարունակում է ԵԿԴ/3442/02/15 քաղաքացիական գործի կիզակետում պահել նշված կեղծ փորձագիտական եզրակացությունը:


Այս մասնավոր դեպքը խոսում է դատաիրավական համակարգում տեղ գտած թերությունների մասին, որոնք պետք է հետևողականորեն բացահայտել ու արմատախիլ անել, որից հետո նոր կարելի է մտածել Հայաստանի տնտեսության զարգացման մասին, որովհետև դրանք խիստ փոխկապակցված են: Նման դատաիրավական համակարգի պայմաններում գործարարների համար խիստ ռիսկային կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար լուրջ ներդրումներ բերելը, մտածելը մեր տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու մասին, որովհետև գործարարների ու ներդրողների միջև ծագած ցանկացած վիճահարույց խնդիր (գործարար աշխարհում դրանք հաճախ են պատահում) ի վերջո պետք է լուծվի մեր դատարաններում, իսկ թե ինչ դատարաններ ունենք, արդեն պարզ է, լսելով չէ, որ գիտեմ:
Երկրորդ դեպքը առնչվում է իմ աշխատանքային գործունեությանը: Հանրությանը հայտնի են իմ պլանները՝ Սպիտակի վերելակների չգործող գործարանի մասնաշենքերում կազմակերպել հելիոտեխնիկական սարքերի խոշոր գործարան՝ 5 հազար աշխատատեղով և 300 միլիոն դոլար արտադրանքի ծավալներով, որը թույլ կտար թեթևացնել թշվառության մեջ հայտնված մարդկանց սոցիալական վիճակը, սկսել ներգաղթը, նախաձեռնել այլ ազգանվեր գործեր: Բայց, ավաղ, 2017 թվականի ամռանը Սպիտակում տեղի ունեցավ մի աննախադեպ դեպք, քաղաքացիների աչքերի առաջ քանդեցին ու հողին հավասարեցրին Հայաստանի ամենախոշոր մեքենաշինական գործարանի մասնաշենքերը, եզակի կառույցները, որոնք խիստ անհրաժեշտ կլինեին Հայաստանում մեքենաշինության տարբեր ճյուղերի, մասնավորապես, ռազմական արդյունաբերության զարգացման համար:

Պատկերացրեք, որ 9-բալանոց սեյսմակայունությամբ նորակառույց գործարանի մասնաշենքերը քանդում էին ցերեկվա ժամերին, պարիսպների հետևում, իսկ մետաղական թանկարժեք կոնստրուկցիաները Սպիտակից դուրս էին բերվում սպիտակցիներից թաքուն, գիշերվա ժամը 3-ին՝ ոստիկանական գումարտակի ուղեկցությամբ: Իմ հրապարակումներում ես դա բնութագրել եմ որպես թշնամական-դավաճանական վերաբերմունք, վանդալիզմ ու ոճրագործություն՝ սեփական պետության ու ժողովրդի նկատմամբ, հնարավոր եմ համարում, որ այդ ամենը իրագործվեց օտար երկրների թելադրանքով ու ֆինանսավորմամբ: Նշեմ, որ 2018 թվականի մայիսի 16-ին նման մի մասնաշենքում Լուկաշենկոն Տաջիկստանում բացեց տարածաշրջանի միակ տրակտորների գործարանը:

Նույն գործը, առավել հաջողությամբ, կարելի էր կազմակերպել նաև Սպիտակում՝ տրակտորներից բացի կազմակերպելով զրահատեխնիկայի, ռազմական ինքնաթիռների և երկրի տնտեսության ու պաշտպանության կարիքների համար այլ տեխնիկայի արտադրությունները: Դրանք արդեն չեն լինի, որովհետև գործարանը, չնայած սպիտակցիների համառ դիմադրությանը, քանդվեց ու այլանդակվեց նաև ոստիկանների օգնությամբ ու օժանդակությամբ: Ովքեր էին այդ այլանդակ վանդալիզմի, բարբարոսության ու վայրագությունների հեղինակներն ու գաղափարախոսները, ում հրամաններն էին կատարում անունով հայ ոստիկանները, որոնք նպաստում էին ստրատեգիական նշանակությամբ գործարանի կոնստրուկցիաների գողությանը: Դուք պարտավոր եք մեր հանրությանը, մասնավորապես, հույսն ու հավատը կորցրած սպիտակցիներիս, տալ այդ հարցերի պատասխանը, մեղավորները պետք է ստանան իրենց արժանի պատիժը և դուրս մղվեն մեր կյանքից, որպեսզի նման դեպքերն այլևս չկրկնվեն:


Բերված նկարների մեկնաբանությունը թողնում եմ ձեր խղճին ու խնդրում եմ մեզ՝ երկրի հոգսերով տառապող նվիրյալներիս, բացատրեք, թե որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը, ի՞նչ հույսերով ու համոզմունքներով ենք մենք այսուհետ առաջնորդվելու, ի՞նչ մոտիվացիա ունենք, որ բարբարոսներով հարուստ Հայաստան երկրում քարը քարի վրա դնենք, տնտեսություն ու գիտություն զարգացնենք, աշխատենք հզորացնել ու անպարտելի դարձնել մեր երկիրը: Դեռ որքան ենք շարունակելու առկա խնդիրներին նայել կոռուպցիոներների, երկրում վխտացող մեծապատիվ գողերի ու ազգադավ ոստիկանների մատների արանքով ու անիրականանալի հրաշքների սպասել, հույս ունենանք, որ այսուհետ ամեն ինչ ճիշտ է լինելու, որ երկրում արդարություն ու արդարադատություն է հաստատվելու, որ կաշառակերությունն ու կոռուպցիան արմատախիլ է արվելու: Խնդրեմ, հարգելի պարոններ, գնդակը ձեր դաշտում է, միասին, ձեռք ձեռքի տված պայքարեք մեր երկիրը վանդալիզմից ու դատաիրավական չարիքներից ազատելու համար, բացահայտեք իմ բարձրացրած հանցագործություններից գոնե մեկը, և մենք կոնկրետ արդյունք կարձանագրենք, կհավատանք ձեր խոսքերին ու խոստումներին, ինչին, ցավով եմ արձանագրում, ես անձամբ չեմ հավատում, երկար սպասել չեմ էլ պատրաստվում ու ստիպված եմ լինելու իմ բոլոր գիտական ու տնտեսական ծրագրերը իրականացնել Հայաստանից դուրս:


Հարգանքով՝
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ,

տեխնիկական գիտությունների դոկտոր
Երևան, Մոսկովյան 21, բն 9, հեռ. 56-44-69, 093-35-95

Հ.Գ. ՈՒզում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի սկսած գործը կօգնի, որ մեր երկիրը դուրս գա այս ճգնաժամային-մղձավանջային իրավիճակից, դառնա հայերիս երազած երկիրը: Պատրաստ եմ աջակցելու և օգնելու Փաշինյանին, որպեսզի իր առաքելությունը իրականություն դառնա, դրա նախադրյալները արդեն կան. անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր իշխանությունները հետաքրքրվեցին հելիոֆիկացիայի ծրագրով, դա լուրջ առաջընթաց է, բայց... մոտ օրերս, դարձյալ Սպիտակում, սկսվում է մեկ այլ խոշոր օբյեկտի՝ Սպիտակի կարի ֆաբրիկայի սնանկացման գործընթացը, հսկայական ֆաբրիկան դարձյալ պատրաստվում են վաճառելու շան մսի գնով՝ 250 հազար դոլարով: Սպիտակցիները գիտեն, որ դա էլ ոչ մի լավ բանի չի բերի, և կարի ֆաբրիկան կարժանանա վերելակների գործարանի ճակատագրին՝ արդեն Նիկոլ Փաշինյանի օրոք:

Դիտվել է՝ 7995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ