Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինչ է բարձրաձայնում Մեդվեդևան

Ինչ է բարձրաձայնում Մեդվեդևան
08.06.2018 | 01:17

Ամերիկյան ELLE ամսագիրը հարցազրույց է վարել հանրահայտ գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևայի հետ, մեր հայրենակիցը խոսել է իր կյանքի բազմաթիվ հարցերի շուրջ, որոնք, հարկավ, հանրային մեծ հետաքրքրություն են ներկայացնում:

ԱՐԱԳ ԱՎԱՐՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ


«Իմ մանկությունն ավարտվել է տասներկու տարեկանում: Սպորտը պարտադրում է արագ հասունանալ: Մանկությունը հեռանում է, երբ դու կենսափորձ ես ձեռք բերում ու դեմ ես առնում այնպիսի արգելքի, որպիսին դավաճանությունն է: Այն մեզ սովորեցնում է մեծանալ»: Դավաճանության մասին խոսելիս տասնութամյա Մեդվեդևան անուններ չի հիշատակում, միայն նշում է, որ իր համար անհասկանալի է նման վարքագիծ դրսևորած մարդկանց վերաբերմունքը, ովքեր օգտագործում են ուրիշի աշխատանքն ու հարստանում ուրիշի ձեռք բերածը հօգուտ սեփական անձի ծառայեցնելով:


Երիտասարդ գեղասահորդը, որի ակտիվում են բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների ոսկե, օլիմպիական խաղերի արծաթե մեդալները, դժգոհել է, որ պրոֆեսիոնալ սպորտն իրեն բառացիորեն զրկել է ոչ միայն մանկությունից, այլև ծանոթություններ հաստատելու, մարդկանց հետ կանոնավորապես շփվելու հնարավորությունից. «Ես չունեմ համադասարանցիներ, դպրոցական ընկերներ, ես առանձին եմ սովորել, ապրել եմ մարզումների միջև ընկած ժամանակահատվածում, ուսուցիչներն ինձ մոտ եկել են հավաքների ժամանակ, այնտեղ էլ նրանց հանձնել եմ քննություններ: Ես երբեք երկուսներ չեմ ունեցել, եղել եմ լավ սովորող»: Եվ չնայած այս ամենին, Եվգենյան իր կյանքը չի պատկերացնում առանց սպորտի ու մասնավորապես առանց գեղասահքի:

ՉԱՐԱԲԱՍՏԻԿ ՎՆԱՍՎԱԾՔԸ


Անցած մրցաշրջանը նրա համար եղավ ճակատագրական ու ինչ-որ պահ կարող էր արժենալ կարիերայի կորուստ: Գրան պրիի ճապոնական մրցաշարում հաջող մեկնարկելով` մարզուհին դուրս եկավ եզրափակիչ, սակայն ներբանի ոսկրի վնասվածքի պատճառով ստիպված էր լքել մրցաշարը: Վնասված ոտքի պատճառով նա կանգնած էր Փհենչխանի օլիմպիական խաղերի մասնակցությունից զրկվելու փաստի առաջ: Բժիշկներն արեցին հնարավորն ու անհնարը նրան մարզական կյանքի ամենախոշոր տոնահանդեսին մասնակից դարձնելու համար: Թիմային ու անհատական հաշվարկով Մեդվեդևան Կորեայում արժանացավ երկու արծաթե մրցանակի, սակայն պարզ էր, որ իրականում նրա նվաճած մեդալներն ուրիշ գույն ու հարգ պիտի ունենային, եթե չարաբաստիկ վնասվածքը չլիներ:


Օլիմպիադա-2018-ից հետո նա պիտի մասնակցեր Միլանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, սակայն մինչև վերջ չբուժված վնասվածքն արեց իրենը: Ներկա պահին Մեդվեդևան պատրաստվում է մասնակցելու Ճապոնիայում անցկացվելիք սառցային շոուին, սակայն, իր իսկ խոստովանությամբ, պարտադրված է սահմանափակումներով պարապել. «Առողջական վիճակով պայմանավորված` հիմա ինձ արգելված է գեղասահքով զբաղվել, ինչպես որ արգելված է ցանկացած ֆիզիկական բեռնվածություն, սակայն ես ոչ մեկին չեմ լսում. չէ՞ որ այն իմ տարերքն է: Մինչև հիմա ինձ չի թույլատրվում վազել, զբաղվել աերոբիկայով. ես առանց դրանց չեմ կարող ու գտնում եմ սողանցքեր: Կան և հոգեբանական բարդություններ. երբ երկար ժամանակ չես սահում, վախենում ես, որ հետ կվարժվես: Ես չեմ հանձնվում: Երբ վնասվածք ունեի, մտովի մարմնիս պարտադրում էի արագ վերականգնվել, համոզում էի ինձ, որ լիովին առողջ եմ: Վերջնահաշվում դա ինձ օգնեց»:

«ՀԱՆԴՈՒԳՆ ԽՈՒԼԻԳԱՆԸ»


Խոսելով հոգեբանության մասին` Մեդվեդևան ընդգծել է, որ ինքն ունի բավականին յուրահատուկ բնավորություն: Մասնավորապես ասել է, որ երեխա ժամանակ սիրել է ներկայանալ որպես «հանդուգն խուլիգան»: Դա նրան օգնել է ավելի շատ մոտիվացիա գտնելու գեղասահքով պարապելու համար: «Մշտապես բլբլացնում էի, բարձրաձայն բղավում էի, կախվում էի ծնողներիս ձեռքերից: Սակայն երբ ինձ ասում էին. «Բավական է, կանգ առ, չի կարելի», ես մի հրահանգով դադարում էի: Իհարկե, սառցահրապարակում ինձ հանդգնություններ եմ թույլ տվել. գնացել եմ քառակի պտույտի կատարման, երբ մարմինս մինչև վերջ պատրաստ չէր: Մարզիչներն ասում էին. «Գուցե պետք չէ՞», իսկ ես, միևնույն է, աշխատում էի դա անել: Անգամ հեռուստաեթերում ես իմպրովիզներ եմ անում` անջատվում է ականջակալը, իսկ ես արդեն մենախոսում եմ»:

«ԿԱ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՆ ԿՇՏԱՄԲԱՆՔՆԵՐ»


Գեղասահքում հայտնվելու համար Մեդվեդևան պարտական է մորը: Ժաննա Դևյատովան նախկինում նույնպես գեղասահորդ է եղել: Նա եղել է Մոսկվայի չեմպիոնուհի, սակայն կարիերան ընդհատվել է վնասվածքի պատճառով, ու հարկադրված է եղել չմուշկները կախել մեխից. «Մայրս նույնպես գեղասահորդ է, սակայն սրանով հանդերձ երբեք չի խառնվում մարզումային գործընթացիս: Նա կարող է խորհուրդ տալ, սակայն լսել-չլսելը ես որոշում եմ մարզչիս հետ: Կա քննադատություն, և կան կշտամբանքներ: Կշտամբանքներին չեմ արձագանքում: Քննադատությունն օգնում է հասնելու ավելիին: Սրա հետ մեկտեղ ես երբեք չէի ցանկանա ինչ-որ մեկին նման լինել, կարևոր է մնալ անհատ»:

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ


Չնայած ծայրաստիճան զբաղվածությանը` ինքնազարգացման համար մարզուհին ժամանակ գտնում է: Ինչպես և իր տարիքի յուրաքանչյուր աղջիկ, նա ուշադիր հետևում է արտաքինին: Փաստն այն, որ ESPN ամերիկյան մարզական հեռուստաալիքի վարկածով հանրահայտ գեղասահորդը հայտնվել է 2018-ի 25 ամենահայտնի մարզիկների ցուցակում, պահանջում է միշտ լինել լավագույն վիճակում: «Թուլանալու համար ինձ միայն մի բան է պետք` լռություն: Միայն լռություն: Ես պարզապես պառկում եմ ու նայում հեռախոսին: Ես արդեն 18 տարեկան եմ, օրգանիզմս արդեն վերակառուցվել-վերահարմարվել է, միանգամայն այլ մաշկ է: Նոր կարգավիճակը նույնպես մշտական խնամք է պահանջում, դրա համար էլ ես շատ ուշադրություն եմ դարձնում արտաքինիս: Մատնահարդարումն անում եմ մասնավոր վարպետների մոտ, իսկ ահա մաշկիս առավոտյան ու երեկոյան խնամքն անում եմ ինքս»:
Մեդվեդևան նշում է, որ հաջող ելույթին իրեն էապես ոգևորում, օգնում է երաժշտությունը. «Յուրաքանչյուր մրցելույթից առաջ ես մի քանի ժամ լինում եմ ականջակալներով, լսում կորեական փոփ երաժշտություն: Ես EXO խմբի ֆանատն եմ»:

ՉԱՓԱԶԱՆՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ


Շատերին է հայտնի նրա հետաքրքրվածությունը Կորեայով, Ճապոնիայով: Ի միջի այլոց, շատ են խոսում օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ճապոնացի Յուձուրու Խանյուի ու Մեդվեդևայի ունեցած ռոմանտիկ կապի մասին: Այս խոսակցությունները հատկապես ծավալվեցին այն բանից հետո, երբ մարզուհին որոշում ընդունեց Էթերի Տուտբերիձեի հետ համագործակցությունը դադարեցնելու և կանադացի Բրայան Օրսերի ղեկավարությամբ մարզվելու մասին, որն արդեն երկու օլիմպիական փուլ մարզում է Խանյուին: Ինքը` Խանյուն, շտապել է հերքել լուրը` այն համարելով ոչ հավաստի. «Լրատվամիջոցներում տարօրինակ տեղեկություններ են տպում: Դրանց հետ ես կապ չունեմ: Ես ցնցված էի: Մտածում էի, որ դա զուգահեռ աշխարհում գոյություն ունեցող Յուձուրու Խանյուի մասին է»:


Բոլոր դեպքերում նշենք, որ Եվգենյա Մեդվեդևայի կյանքում սկսվում է բոլորովին նոր շրջան: Մարզուհին շատ բան ունի ապացուցելու թե իրեն, թե աշխարհին: Ինչպիսին կլինի նրա դիմաց բացվող կյանքի նոր դուռը, ցույց կտա ժամանակը, սակայն արդեն իսկ հիմա մի բան անվիճելի է` ի դեմս Մեդվեդևայի, գեղասահքն ունեցել է, ունի առաջին մեծության աստղ, որի ձեռագիրն անկրկնելի է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ