Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիևն ու Փաշինյանը խոսում են տարբեր լեզուներով ու տարբեր թեմաներով

Ալիևն ու Փաշինյանը խոսում են տարբեր լեզուներով ու տարբեր թեմաներով
08.06.2018 | 11:01

Մոսկվայում հանդիպեցին ու բանակցեցին ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարները: Հանդիպմանը սևեռված էր փորձագետների ուշադրությունը: Տարբեր պատճառներով: Նախ և առաջ` որովհետև հանդիպումը առաջինն էր ՀՀ ԱԳ նախարարի համար և սկզբունքորեն սովորական թեմաներ ու խնդիրներ էին քննարկվում, բայց Երևանում իշխանափոխությունից հետո այլ կերպ էին հնչում: Շատերին հետաքրքրում էր` ինչպե՞ս է Հայաստանը կառուցելու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իր քաղաքականությունը: Որոշակի անակնկալներ կան, բայց ծնվել են ոչ Մոսկվայում: Բանակցությունների նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում ելույթ ունենալով, կարևոր հայտարարություն արեց. «Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հաստատվել է 1994-ին ԵԱՀԿ-ի Բուդապեշտի սամմիթում: 1998-ից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են և Ղարաբաղի անունից: Ռոբերտ Քոչարյանը նախկինում Ղարաբաղի նախագահն էր, իսկ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը:

Հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել բանակցությունների մանդատ, անկախ նրանից, ինչպես ենք մենք դրան վերաբերվում: Բայց ես ամբողջ ցանկությամբ հանդերձ` չեմ կարող ինձ նման իրավասություններ վերագրել: Դրա համար չկան ոչ իրավական, ոչ բարոյական հիմքեր: Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում Հայաստանի իշխանության ձևավորմանը, իր կառավարությունն ու նախագահն ունի»: Փաստարկները, որ բանակցություններին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, Փաշինյանն անվանեց «չհիմնավորված» այն պատճառով, որ «այդ մարդիկ, մեկնելով Ադրբեջան, դարձել են նրա քաղաքացիներ»: Վարչապետի խոսքով` «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններ է վարում և նրանց անունից, քանի որ նրանք մասնակցել են ընտրություններին»: Իսկ Արցախի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի իշխանություններին չեն ընտրել, այդ պատճառով Հայաստանի իշխանությունները չեն կարող նրանց ներկայացնել, ղարաբաղցիները պետք է «սեփական ձայնն» ունենան: Ահա և որոշարկվեց Երևանի դիրքորոշումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ժամանակ խոսելու է միայն իր անունից, բայց «այդ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն, որ ձեռք բերված պայմանավորվածությունները չմնան թղթի վրա»:

Հասկանալի է, որ Բաքվի արձագանքը բացասական էր: Ալիևը, մասնակցելով Ռամազանի իֆտարին, հայտարարեց, որ «Բաքուն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շուտափույթ խաղաղ կարգավորմամբ և սպասում է Հայաստանի նոր իշխանություններից ռեալ քայլեր բանակցային գործընթացում», որ «հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է կարգավորվի միայն միջազգային իրավունքի ու սկզբունքների հիման վրա», որ «ոչ մի երկիր չի ճանաչում ու երբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղում գոյություն ունեցող «քրեական» ինքնահռչակ վարչակարգը»: Նրա խոսքով` «ինքը հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չի կրկնի նախկին իշխանության սխալները, լուրջ աշխատանք կկատարի կոնֆլիկտի շուտափույթ կարգավորման համար և ռեալ, այլ ոչ իմիտացիոն բանակցությունների մեկնարկը կտրվի»: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությունը գնահատեց «իբրև ոչ կառուցողական քայլ` ուղղված բանակցային գործընթացի կաթվածահարմանը և օկուպացիայի ստատուս քվոյի պահպանմանը» և կոչ արեց Երևանին ղեկավարվել «ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի պահանջներով»: Հասկանալի է` ինչ հրահանգներ է ստացել Մնացականյանը, որ Մոսկվայում չէր կարող նահանջել: Այդ պատճառով Լավրովը համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ գործընկերոջը վստահեցրել է` «Ռուսաստանը կաջակցի հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը»:

Ինչպե՞ս` դեռ հասկանալի չէ, որովհետև Մինսկի խումբը դեռ պետք է Երևանում հանդիպի նոր ղեկավարության հետ, երբ որոշարկվեն բանակցային գործընթացի հեռանկարները: Երկկողմ հարաբերությունները Մոսկվան ու Երևանը բարձր են գնահատում: «Մենք լավ բանակցություններ ենք ունեցել, կառուցողական, վստահության ու դաշնակցային հարաբերությունների ոգով, որով կապված են մեր պետությունները, ռազմավարական համագործակցության ոգով,- ընդգծեց Լավրովը,- մենք արձանագրում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում` բարձր ու բարձրագույն մակարդակում»: Նշվեցին նաև խորհրդարանական շփումների զարգացումը, առևտրատնտեսական գործակցության, էներգետիկ ծրագրերի իրականացումը, հեռուստահաղորդակցության ու բանկային ոլորտները: Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դինամիկ զարգացում է ստանում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկապես` ինչի՞ն է Մոսկվան աջակցելու: Համենայն դեպս հիշեցնեմ, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մի քանի անգամ արդեն հայտարարել եմ, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Այս դիրքորոշումը շատերը մեկնաբանեցին որպես նորույթ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում: Բայց սա հենց այն դեպքն է, որ տվյալ մոտեցումը ոչ մի նորություն չի պարունակում, և այն, ինչ համարվում է նորույթ, ընդամենը լավ մոռացված հինն է: Այն, որ Արցախը հակամարտության լիարժեք կողմ է, հաստատվել է 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի շրջանակներում և մինչև 1998 թվականը բանակցային գործընթացը տեղի է ունեցել հենց այս ձևաչափով: 1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից:


Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը՝ իր Ազգային ժողովը, կառավարությունն ու նախագահը և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը:


Տեղյակ եք, անշուշտ, որ ամեն անգամ երբ բանակցային գործընթացին Ղարաբաղին ներգրավվելու հարց է ներկայացվում, Ադրբեջանն ասում է, թե այդ դեպքում բանակցություններին որպես ինքնուրույն կողմ պետք է մասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի, այսպես ասած, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Իրականում, սակայն, սա կեղծ փաստարկ է, որովհետև Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների քաղաքացիական կարգավիճակը որևէ փոփոխություն չի կրել կոնֆլիկտի պատճառով: Կոնֆլիկտից առաջ էլ, հետո էլ նրանք շարունակում են մնալ Ադրբեջանի քաղաքացի: Եվ որպես Ադրբեջանի քաղաքացի՝ այդ մարդիկ շարունակում են մասնակցել Ադրբեջանում տեղի ունեցող ընտրություններին, այդ թվում` Ադրբեջանի նախագահական ընտրություններին, ասել է թե` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանակցություններին մասնակցում է նաև այդ մարդկանց տված մանդատով, ասել է թե` այդ մարդիկ բանակցային գործընթացում արդեն իսկ ներգրավված են ի դեմս Ադրբեջանի գործող նախագահի:


Ամեն դեպքում, հարկ եմ համարում ընդգծել, որ մեր այս մոտեցումները որպես բանակցային գործընթացը վիժեցնելու փորձ ներկայացնողները ճիշտ չեն գնահատում իրավիճակը: Ինչպես նախկինում ասել եմ, պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Բայց մինչ այդ պարտավորված եմ զգում ամեն ինչ անել բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու համար, եթե իհարկե, մենք բանակցում ենք խնդիրն իսկապես կարգավորելու, և ոչ թե բանակցելու համար: Բանակցությունների արդյունավետությունը բարձրացնելու առումով պակաս կարևոր չէ, կարծում եմ, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու վրա աշխատելը: Սա էական հարց է, որովհետև մի փոքր անհարմար կլինի բանակցել նոր պայմանավորվածությունների հասնելու շուրջ, եթե նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները մնում են առանց իրագործման:


Այսուհանդերձ, մենք շարունակելու ենք կառուցողական դիրք ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում՝ մեր նպաստը բերելով տարածաշրջանում և աշխարհում կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ընդգծեմ նաև, որ որպես ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում, ժողովրդական հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած կառավարության ներկայացուցիչ, համոզված ասում եմ, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ հակառակորդի յուրաքանչյուր արկածախնդրություն կհանդիպի մեր զինված ուժերի և ողջ հայ ժողովրդի ջախջախիչ հակահարվածին»:
Հիմա ինչի՞ն է Մոսկվան աջակցելու: Փաստացի` և Նիկոլ Փաշինյանը, և Իլհամ Ալիևը չեն ուզում իմիտացիոն բանակցություններ, բայց ի՞նչ օրակարգով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ