USD485.23
EUR551.80
RUB7.32
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Հետաքրքիր իրավիճակ Արցախում ու նրա շուրջը

Հետաքրքիր իրավիճակ Արցախում ու նրա շուրջը
08.06.2018 | 18:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած առաջին պաշտոնական այցից և հնչեցրած հայտարարությունից հետո հայկական երկրորդ հանրապետությունում սկսվեց հետաքրքիր շրջադարձ կատարվել: Նախ` հայտարարության առնչությամբ: Փաշինյանը հստակ սահմանագիծ անցկացրեց՝ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Այս միտքն ավելի բացեց կառավարության ծրագիրը խորհրդարան ներկայացնելիս: «1998 թվականից հետո Հայաստանի ներկայացուցիչները բանակցել են նաև Ղարաբաղի անունից: Ճիշտ են արել, թե սխալ, ուրիշ խնդիր է, բայց դրա համար ունեցել են պատճառ: Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուց առաջ եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը Արցախի ինքնապաշտպանության շարժման կազմակերպիչներից էր: Եվ հետևաբար, նրանք կարող էին ունենալ կամ իրենց վերագրել Ղարաբաղի անունից բանակցելու մանդատ՝ անկախ նրանից, թե մենք բոլորս դրան ոնց ենք վերաբերվում: Նույն բանը չեմ կարող անել ես։

Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի մասնակցում հայաստանյան ընտրություններին, չի մասնակցում Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացին, փոխարենն ունի իր իշխանությունը՝ իր Ազգային ժողովը, կառավարությունն ու նախագահը, և նրան կարող է ներկայացնել միայն դա անելու օրինական և լեգիտիմ հիմք ունեցող ներկայացուցիչը»: Նույն օրը այս հայտարարությանը զուգահեռ ՌԴ արտգործնախարարն ուշագրավ դիտարկում է արել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Սերգեյ Լավրովի, Ռուսաստանի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. խնդրի կարգավորումը Մինսկի խմբի միջոցով է հնարավոր, որը օպտիմալ ձևաչափ է: «Այդ աշխատանքը շարունակվում է երկար տարիներ, եղել են տարբեր փուլեր: Ընդ որում՝ որոշ փուլերի ժամանակ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել են այդ գործընթացին: Հետագայում կողմերի պայմանավորվածություններով ձևաչափը փոխվեց: Եթե կողմերը պայմանավորվածության գան որևէ փուլում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացվի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այդ որոշումը»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը: Ստացվում է, որ Ռուսաստանը, կոպիտ ասած, «ձեռքերը լվանում է» այս փուլից՝ հայտարարելով, թե ժամանակին երկու երկրների պայմանավորվածության արդյունքում է Ղարաբաղը դուրս մնացել բանակցություններից, ուրեմն նաև վերադարձը միմիայն երկու երկրների պայմանավորվածությամբ կարող է լինել: Այսինքն, եթե Հայաստանին հաջողվի համոզել Ադրբեջանին, որ Ղարաբաղը դառնա բանակցային կողմ, թող դառնա: Միանշանակ է, որ Ադրբեջանն էլ երբեք չի գնա այդ քայլին, եթե համանախագահող որևէ գերտերություն հզոր ճնշում չգործադրի նրա վրա, ինչը Ռուսաստանի պարագայում բացառվում է, քանի որ այդ երկիրն ամենևին էլ մտադիր չէ հանուն Հայաստանի, տվյալ դեպքում` Արցախի, հարաբերությունները սրել Ադրբեջանի հետ: Եթե նման նպատակ ունենար, վաղուց բանակցություններն այլ ձևաչափով կընթանային, ու դա ամենևին էլ միայն Հայաստանի նախորդ իշխանության ցանկության «պակասի» հետևանքով չէ:


Այս համատեքստում հետաքրքիր է նաև ՌԴ քաղաքական շրջանակների տեսակետը Արցախի հարցում: Նախօրեին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ մի ուշագրավ դրվագ եղավ: Երբ ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունը հայտարարեց, թե ղարաբաղյան հակամարտությունում պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արժանացավ հաղորդավարի՝ Սոլովյովի խիստ հակադարձմանը: «Այսինքն՝ Դուք Արցախի դե՞մ եք: Դուք տեղյա՞կ եք, որ Արցախն այն վայրն է, որտեղ հայերը միշտ են եղել: Անգամ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակաշրջաններ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայեր միշտ են եղել: Այդ հարցը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու միակ հնարավորությունն Արցախի բոլոր հայերին վերացնելն է, ինչին մարդկությունը չի գնա: Արցախում ապրել են մարդիկ, ուսուցիչ են աշխատել, հող են մշակել, իսկ հետո սկսվեց պատերազմ, ընդ որում՝ Խորհրդային Միության ղեկավարության մեղքով: Այդ ժամանակ արցախցիները ոտքի ելան և ստիպված էին պաշտպանել իրենց: Դա սարսափելի հակամարտություն է, այն այդպես հեշտ չէ լուծել, դա սարսափելի ժառանգություն է: Այդ պատճառով պետք է շատ զգույշ լինել հայտարարություններում»:
Ի դեպ, Սոլովյովը համարվում է Կրեմլի «խոսափողներից» մեկը, որը հենց այնպես ոչ մի դիտարկում չի անում:


Իսկ եթե այս ամենին էլ ավելացնում ենք Ղարաբաղում վերջին զարգացումները, պատկերն ամբողջանում է: Արցախում և նրա շուրջը իրավիճակ է փոխվում, եթե անգամ Ղարաբաղն առաջիկայում չմասնակցի բանակցություններին, միանշանակ է, որ նոր նրբերանգներ են հաղորդվում արդեն իսկ լճացած բանակցություններին, որը դարձել էր ձևական ու անպտուղ: Քանի որ Ադրբեջանը չի հարգում ու չի պահպանում որևէ պայմանավորվածություն, չի կատարում ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունները: Թե այսուհետ ինչ զարգացումներ կլինեն բանակցային գործընթացում, դժվար է ասել՝ հաշվի առնելով, թե, ի դեմս Ադրբեջանի, ինչ երկրի հետ գործ ունենք, բայց աներկբա է, որ հայաստանյան նոր իրողությունների պայմաններում փորձ է արվում նոր շունչ հաղորդել այդ բանակցություններին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2125

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao