Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՄ-ն պետք է «ուժի բնազդ» ձեռք բերի

ԵՄ-ն պետք է «ուժի բնազդ» ձեռք բերի
09.06.2018 | 10:17

Եվրոպացիները պետք է ամրապնդվեն, որ դիմադրեն ԱՄՆ-ի նախաձեռնություններին, Ռուսաստանի կամքին ու Չինաստանի մանևրներին` խորհուրդ է տալիս Փարիզի միջազգային հարաբերությունների հետազոտոթյունների ինստիտուտի պրոֆեսոր Զակի Լաիդին Le Monde-ում: Երբ Դոնալդ Թրամփը հաստատում է Եվրոպայի վրա առևտրական բեռը բարդելու ցանկությունը, բարձրացնելով պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը` ելնելով վիճելի օրինականության, չարդարացված ու քաղաքական նսեմ նպատակներից, անհրաժեշտ է արագ կողմնորոշվել ուժ հավաքելու Եվրոպայի ունակության առումով, եթե նա դեռ ցանկանում է խուսափել տրոհումից: Այդ սպառնալիքին հեշտ չէ դիմակայելը` ԵՄ-ն ստեղծվել է իբրև հակակշիռ ուժի գերակայության գաղափարին: Սկսած 1957-ից Եվրոպան ջանացել է հեռանալ դեռ կայծկլտացող ռազմական նկրտումներից և թեթևորեն տեղավորվել է ԱՄՆ-ի ռազմական պաշտպանության թևի տակ, որից հետո իր ամբողջ ստեղծագործական ներուժը ուղղորդել է վիթխարի ու միասնական շուկայի ստեղծմանը: Նրա արտաքին ուժի միակ լծակը եղել ու մնում է առևտրական քաղաքականությունը: Եվրոպան միանգամայն հիմնավորված համոզել է ինքն իրեն, որ բազմաբևեռությունն ու մուլտիլատերալիզմն անբաժանելի են միմյանցից:

Մուլտիլատերալիզմը գործել է այնքան, քանի դեռ ԱՄՆ-ը գերհզոր էր: Անկասկած, նրանք պարտադրում էին իրենց խաղը, բայց փոխարենը տրամադրում էին տնտեսական նպաստներ ամենաաղքատներին ու ռազմավարական վահան ամենահարուստներին (Եվրոպա, Ճապոնիա): Այսօր ԱՄՆ-ը ցանկանում է դուրս գալ մուլտիլատերալ խաղից և չի ցանկանում ոչ փոխհատուցում վճարել ամենաաղքատներին, ոչ պաշտպանել սովորական պարտատերերի վերածված դաշնակիցներին: Փաստացի խոսքն արդեն դասական բազմաբևեռության մասին չէ, մենք ներկա ենք երկու երկբևեռության առաջացմանը` ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսական երկբևեռությանը և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ռազմավարական երկբևեռությանը:
Մինչդեռ Եվրոպան համաշխարհային խաղում ներկա է միայն մուլտիլատերալ կանոնների ներդրման միջոցով, որ նրա ուժն ու պաշտպանությունն են: Ինչպե՞ս ուժ հավաքել` չլինելով պետություն և իմանալով, որ երբեք չես դառնա: Պատասխանել դժվար է: Պատասխանը հնարավոր է գտնել ոչ եվրոպական գերտերություն կառուցելով, որ համադրելի է մյուս գերտերությունների հետ, այլ ուժերի հատվածների ստեղծումով, որ պետք է ամրապնդել ու միմյանց հետ կապել: Եվրոպական ուժի առաջին հատվածը` նորմատիվ ուժը` այսինքն նորմեր ու ստանդարտներ ստեղծելու ունակությունը, որ ի վերջո ներդրվելու են համաշխարհային մասշտաբով: Լավագույն դրսևորումն ընդհանուր կանոնակարգն է, որի համապատասխան մայիսի 25-ին Եվրոպան առաջինը միացավ անհատական տվյալների մշակման նորացված համակարգին: Այնուհանդերձ, նորմատիվ ուժը, որ թերագնահատել են եվրոպացիները, չի ընդգրկում բոլոր ոլորտները: Ընդհակառակը, Եվրոպան ուժի առավել ընդհանուր գործիքի կարիք ունի, որ կապված է 3 պայմանների հետ` ինքնահարգանք, վտանգի զգացում և գործելու ունակություն: Օրինակ կարող է ծառայել Գերմանիան: Գերմանացիները կրկին սկսել են իրենց հարգել: Սակայն ստորացուցիչ տոնը, որով Թրամպը վարվում է Գերմանիայի հետ, մեղադրելով, որ կուտակում է ու պաշտպանության համար քիչ գործ է անում, պետք է համոզի ավելի շատ օգտագործել սեփական ներուժը Եվրոպայի օգտին:

Գերմանիան Եվրոպայի կարիքն ունի: ՈՒժի ձևավորման երկրորդ գործոնը վտանգի զգացումն է: Վտանգի, ոչ թե վախի: Եվրոպան շատ ավելի մեծ է, քան ԱՄՆ-ը, ենթակա է ահաբեկչական ու միգրացիոն ռիսկերի: Ավելին` բախվել է Չինաստանի լայնամասշտաբ տնտեսական հարձակմանը: Չինաստանից բխող մարտահրավերը համադրվում է ավելի հայտնի ու ավելի հին մարտահրավերի հետ` Ռուսաստանից, որ ոչ բարեկամական քայլեր է անում և ուզում է մեզ վտարել Մերձավոր Արևելքից: Սակայն Ռուսաստանի տնտեսական թուլությունը և չափազանց ցածր քաղաքական գրավչությունը նրա ներգործությունը սահմանափակում են: Մնում է ԱՄՆ-ը: Թրամփի հետ խզման պատճառը փաստն է, որ 1945-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ը իր դաշնակիցներին դիտարկում է իբրև անօգուտ ու չլսող պարտապաններ: Այստեղ սկսում է գործել ուժի երրորդ չափորոշիչը` նախաձեռնությունը ստանձնելու ունակությունը: Մուլտիլատերալ առևտրային համակարգը կործանելու Թրամփի ցանկությանը դեմ հանդիման` մենք պետք է պատկերացնենք` ինչպիսին կդառնա այդ համակարգն առանց ԱՄՆ-ի` ընդհուպ կառուցվածքի վերանայում: Մենք պետք է մտածենք պատերազմի զենք ստեղծելու մասին ոչ թե կոնֆլիկտի տրամաբանությունը մեծ տերությունների դեմ կիրառելու համար, այլ` բարձրացնելու մեր քաղաքական համոզչության մակարդակը և ստեղծելու ուժին բնորոշ պահվածք, որը մենք դեռ չունենք: Չնայած անվերջանալի հակասություններին` Եվրոպան ինչպես երբեք նախկինում, պետք է ձեռք բերի ուժի բնազդ, որ իրեն պակասում է:
Զակի ԼԱԻԴԻ, Le Monde


Հ.Գ. Իսկ կհանդգնի՞ ԵՄ-ն պատասխան պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ: Միևնույն է` Թրամփին չես փոխի, իսկ քեզ հարգել պարտադրել պարտավոր ես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2696

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ