Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

G7. Թրամփի հետ պայմանավորվել չհաջողվեց

G7. Թրամփի հետ պայմանավորվել չհաջողվեց
10.06.2018 | 11:23

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու G7-ի 6 երկրների հակասությունները չհաջողվեց հաղթահարել Քվեբեկում: Տարաձայնությունները հիմնականում առևտրի հարցերին են վերաբերում: ԱՄՆ գործընկերները զայրացած են ալյումինի ու պողպատի ներկրման մաքսատուրքերից, որ սահմանել է Թրամփը: Հակասությունները այնքան են, որ փորձագետները խոսում են առևտրական պատերազմի մասին: Պարզ չէ` կլինի՞ ամփոփիչ հայտարարություն, որ պետք է շաբաթ օրը հրապարակվեր` բոլոր մասնակիցների ստորագրությամբ: Քվեբեկի սամմիթի նախօրեին Ֆրանսիայի նախագահը ընդգծեց, որ G7-ի ամփոփիչ հայտարարությունը կարող է ստորագրվել և առանց ԱՄՆ-ի մասնակցության: ՙԱՄՆ նախագահը գուցե դեմ չէ մեկուսացման, մենք էլ դեմ չենք 6 երկրների հայտարարությունը ստորագրելուն՚` հայտարարեց Էմանուել Մակրոնը: Բլումբերգը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացրեց, որ Ֆրանսիան մտադիր չէ ստորագրել G7-ի համատեղ հայտարարությունը, եթե ԱՄՆ-ը հրաժարվի զիջումներ անել պողպատի մաքսատուրքերի, Իրանի հետ համաձայնագրի ու Կլիմայի մասին Փարիզի համաձայնագրերի հարցերում: G7-ն այս տարի անցկացվում է կանադական Լա Մալբե առողջարանային քաղաքում: Թրամփը Քվեբեկից առաջինը կհեռանա` շաբաթ օրը, մեկնելու Սինգապուր, որտեղ հունիսի 12-ին ծրագրված է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը:


Դիվանագետ Ջեյմս Ռոբինսը կարծում է, որ սամմիթը շատ վատ սկսվեց և կարող է ավարտվել նրանով, որ ամփոփիչ հայտարարությունը ոչ բոլոր մասնակիցները ստորագրեն: Թրամփի ու G7-ի 6 երկրների տարաձայնությունները դուրս են գալիս առևտրային վեճի սահմաններից: Թրամփի ու ԱՄՆ գործընկերների տեսակետները չեն համընկնում կլիմայի փոփոխությունների, Իրանի հետ հարաբերությունների ու պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի հարցերում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ հակասությունների մասին պետք է բաց խոսել` չստեղծելով կեղծ պատկերացումներ բոլոր հարցերում համաձայնության մասին: Նրա խոսքով` դա ավելի ազնիվ է, քան ձևացնել, որ ամեն ինչ կարգին է: G7-ի երկրների որոշ ղեկավարներ համարում են, որ կոնսենսուսի հասնել, այնուամենանիվ, հնարավոր է: Թրամփն ասում է, որ բանակցություններում առաջընթացի հույս ունի: Բայց կասկածներ արդեն չկան, որ այս դեպքում Թրամփը մնում է մենակ: Նրան դուր չեն գալիս բազմակողմ բանակցությունները և նա Քվեբեկից կհեռանա նախքան սամմիթի պաշտոնական ավարտը:


Հունիսի 1-ից ԱՄՆ-ը 25 տոկոս մաքսատուրք սահմանեց պողպատի և 10 տոկոս ալյումինի ներկրման վրա Կանադայից, Մեքսիկայից ու ԵՄ երկրներից: Նրա խոսքով մաքսատուրքերը պաշտպանում են ԱՄՆ-ի պողպատ ու ալյումին արտադրողներին: Ի պատասխան ԵՄ-ն մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ի արտադրանքի վրա` Harley-Davidson մոտոցիկլներից մինչև վիսկի: Կանադան ու Մեքսիկան ևս խոստացան պատասխան մաքսատուրքեր սահմանել: ՈՒրբաթ օրը Կանադայի ԱԳ նախարարը անօրինական անվանեց Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերը: Կանադան մտադիր է Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ին զուսպ գործելու կոչ արեց: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ էր, որ բոլոր կողմերն են ուզում համաձայնության գալ և հակասությունները վերացնել:


G7-ը Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ճապոնիայի ղեկավարների ամենամյա հանդիպումն է: Սամմիթի գլխավոր հարցերը տնտեսական են, սակայն բավականին հաճախ G7-ի բանակցությունները դիտարկվում են իբրև միջազգային կարևորագույն հարցերում որոշում ընդունելու հնարավորություն: Դոնալդ Թրամփը Քվեբեկ մեկնելուց առաջ հայտարարեց, որ Ռուսաստանին պետք է G7 վերադարձնել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շաբաթ օրը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովին` չինական Ցինդաո քաղաքում, սամմիթի հիմնական քննարկումները նախատեսված են կիրակի` հունիսի 10-ին:
BBC


Հ.Գ. RFI-ին հաղորդում է, որ Դոնալդ Թրամփի ձեռքի լուսանկարը Էմանուել Մակրոնի ցուցամատի հետքերով` նրանց ձեռքսեղմումից հետո Քվեբեկի սամմիթում հունիսի 9-ին պտտվեց ամբողջ աշխարհի լրատվամիջոցներով և դարձավ G7-ի լարված մթնոլորտի խորհրդանիշը: Մեկնաբանների մեծամասնությունը լուսանկարը անվանեց լարվածության նշան, որ տիրում է ԱՄՆ-ի ու մյուս երկրների հարաբերություններում առանցքային հարցերում` միջազգային առևտուր, Իրան, բնապահպանություն, հարաբերություններ Ռուսաստանի հետ:
Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի նախագահների ՙմարմնի լեզուն՚ ամեն հանդիպումից հետո դառնում է ակտիվ քննարկման առարկա: 2017-ի մայիսին Բրյուսելում նրանց առաջին հանդիպումից հետո մամուլը մեծ ուշադրություն է դարձնում ձեռքսեղմումներին: Դոնալդ Թրամփը հայտնի է իր ամուր ձեռքսեղմումով, բայց ի դեմս Էմանուել Մակրոնի նա բախվեց արժանի մրցակցի: Նախագահները այնքան երկար թափահարեցին միմյանց դաստակները, որ ոսկորները սպիտակեցին: Այն ժամանակ Reuters-ը գրեց, որ ամերիկացին պարտվեց ֆրանսիացուն` առաջինը թուլացնելով ձեռքը: Լրագրողները հաշվել էին, որ Թրամփի ու Մակրոնի ձեռքսեղմումը 2017-ի հուլիսի 14-ին Փարիզում շքերթի ժամանակ տևել է 29 վայրկյան: Ձեռքսեղմումի հարցը Մակրոնը մեկնաբանել է. «Մեր ձեռքսեղմումն այնքան էլ անմեղ չէ, իհարկե, քաղաքականության ալֆան ու օմեգան չէ, բայց ճշմարտության ինչ-որ պահ է՚:
Իսկ ճշմարտությունն այն է, որ Թրամփը Քվեբեկից կմեկնի Սինգապուր և եթե հաջողվի Կիմ Չեն Ինի հետ համաձայնագիր կնքել, բոլորը կմոռանան, որ Քվեբեկում նա մեկուսացման մեջ էր: Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցը ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ի հակասությունները Եվրոպայի, Կանադայի, Մեքսիկայի ու Ճապոնիայի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3417

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ