USD480.30
EUR558.49
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Իրական մրցակցին թողած, ում հետևից են ընկել

Իրական մրցակցին թողած, ում հետևից են ընկել
11.06.2018 | 22:17

Ներքաղաքական հարթությունում երկու ուղղություն է այսօր առաջատար: Հանրային սպասումներ և քաղաքական ուժերի անթաքույց նպատակներ: Առաջինի դեպքում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, մարդիկ ավելի շատ ոչ թե ակնկալում են, թե երբ է իրենց կյանքը բարելավվելու, այլ թե ամեն բացվող օրվա հետ էլ ինչ նոր կոռուպցիոն բացահայտումներ են լինելու, էլ ովքեր պետք է հրաժարական ներկայացնեն, ՀՀԿ-ի իշխանությունն էլ ինչ ստվերային գործարքների մեջ է թաղված, մի խոսքով` սկանդալային նորությունների ինչ լրահոս է մատուցվելու իրենց, իմա՝ ինչպես են տարիներ շարունակ իշխանավորները «կերել» իրենց վաստակածը: Հանրությանը դեռ կյանքի որակի բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլերի դինամիկան չի հետաքրքրում, դեռ այս առնչությամբ ոչ մի դժգոհություն չկա, առայժմ սպասում են:

Բայց սա շա՜տ «վտանգավոր» սպասում է: Ի վերջո, սկանդալները մի օր ավարտվելու են, ու պարզվի, որ իրենց կյանքն էլ դեռ չի բարելավվել: Ամենամեծ սպառնալիքը սա կարող է լինել, եթե կառավարությունն արագ փոփոխությունների չգնա ու իրական արդյունք ցույց չտա: Իսկ երբ մարդիկ արդեն կենտրոնանան իրենց խնդիրների վրա, նրանք օր առաջ կձգտեն փոփոխությունների, իսկ դա նշանակում է նոր կառավարության իրական ժամանակացույցը միացված է:


Քաղաքական ուժերի անթաքույց նպատակներն էլ գնալով ավելի ցցուն են դառնում: Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ որոշ քաղաքական ուժեր, մոռանալով, թե ով է իշխանությունը հիմա և ով է իրենց իրական մրցակիցն առաջիկա ընտրություններում, սկսեցին ՀՀԿ-ի հինունորը հիշել ու մարդկանց աչքին մաքրամաքուր ուժ երևալ: Այդ գործում առաջատարը, բնականաբար, «Ծառուկյան» խմբակցությունն էր: Պարզ է, չէ՞, որ հիմա ՀՀԿ-ն, մեղմ ասած, «ընկել» է ու չունի հզոր լծակներ, հանրային վստահություն, ուրեմն ինչու էր «Ծառուկյան» խմբակցությունը գրոհ կազմակերպել: Նախկին վերքե՞րն էին հիշել ու հաշիվնե՞ր էին մաքրում: Տհաճ էր: Հասարակության հիշողությունը կարճ չէ ու բոլորն էլ գիտեն, որ ժամանակին այդ ՀՀԿ-ի, նրա «քաղաքական բռնապետի» հովանավորությամբ ու բարեհաճությամբ այդ կուսակցության գործարար հատվածը՝ վերից վար, արտոնյալ աշխատել է: Հիմա ո՞րն է խնդիրը, հասարակության աչքի՞ն են փորձում անեղծ երևալ, թե՞ չեն ներում ՀՀԿ-ին, որ ժամանակին թույլ չտվեց իշխանափոխություն անել: Իսկ ո՞ր իշխանությունն է նման բան թույլ տալիս: Նիկոլ Փաշինյանին էլ չէին թողնում և ի՞նչ:


Իրականում «Ծառուկյան» խմբակցությունը նոր իշխանության ընտրության հաջորդ իսկ օրից սկսել է քարոզարշավը, և քանի որ ոչ մի բան չեն կարող ասել ժողովրդի թեկնածուի հասցեին, ՀՀԿ-ին են թիրախում պահում, հետո էլ դա հասարակության ականջն է շոյում: Պարզապես երբեմն այնքան ծիծաղելի իրավիճակ է ստեղծվում, որ նրանց ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ իշխանափոխությունն իրենք են արել ու հիմա էլ ձեռուոտ ընկած գնում են արտահերթ ընտրությունների: Սակայն ՀՀԿ բուրգը կազմաքանդած Նիկոլ Փաշինյանն էլ քնած չէ: ՈՒ դա շատ լավ երևաց կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նրա եզրափակիչ ելույթից: Նա սառը ցնցուղի տակ պահեց բոլորին, այդ թվում` «Ծառուկյան» խմբակցությանը, որ ոչ մի ուժի իրենք պարտական չեն և նրանց ամենամեծ գործն այն է, որ աջակցել են ժողովրդի թեկնածուին: Այնպես որ, այս քաղաքական ուժը ճիշտ կանի, որ այսօրվանից կռվաններ փնտրի Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի առաջիկա ընտրություններում ընտրազանգված նրանից «պոկի»: Իսկ հռետորաբանության «մասնագետ», վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժվար չէ «գծից» գցել մի կուսակցության, որի հենքը գործարարներն են:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ