Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ֆուտբոլից առաջ և հետո

Ֆուտբոլից առաջ և հետո
12.06.2018 | 00:16

Նիկոլ Փաշինյանը մեկ ամսվա ընթաքում երկրորդ անգամ կհանդիպի Վլադիմիր Պուտինին, ընդ որում` այս անգամ ևս ոչ թե պաշտոնական կամ աշխատանքային այցի շրջանակներում, այլ՝ «ձեռի հետ»։ Ֆուտբոլի «ընդմիջմանը»։ Տեղի ունենալիք հանդիպման օրակարգը, բնականաբար, չի հրապարակվում։ Դատելով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտգործնախարար գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հանդիպման «արդյունքներից», երբ հաջորդող օրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն ուղղակի սկանդալային հայտարարություն արեց՝ «ռուսական գազի թանկացման դեպքում գազ կգնենք Իրանից», հասկանալի է դառնում, որ միտքը հնչեցվում է ոչ թե հայ շարքային սպառողի «սիրուն աչքերի», այլ ռուսաստանյան կողմի համար։
Փոքր-ինչ ձգենք պաուզան Իրանի մասով ու շարունակենք «ֆուտբոլային դիվանագիտության» պատումը։ Ակնհայտ է` ինչ-որ բան այն չէ նաև Հայաստան-Իրան հարաբերությունների մասով։ Նախ` գիտենք, որ իրանյան գազն ավելի թանկ է, քան ռուսաստանյանը, գումարած, որ Իրանից գազ ստանալու համար նույնպես պետք է հարցում կատարել Ռուսաստանից, քանզի նրանց է տրված գազի մատակարարման, այսպես ասած, մոնոպոլիան, և իրանական գազամուղը ևս նրանց «իրավասության» ներքո է, ասել է՝ պետք է վերացնել նախ և առաջ մոնոպոլիան։


Ի՞նչ ռեակցիա կտա դրան Ռուսաստանը։ Կարելի է պատկերացնել՝ «Գույք` պարտքի դիմաց» սխեման հիշելով։ Ի դեպ, Իրանն էլ իր հերթին «քայլ ձիով» արեց և չեղարկեց դեպ Հայաստան ինքնաթիռային հինգ չվերթ։ Հասկանալի է՝ Հայաստանում իրանցի զբոսաշրջիկները մեծ թիվ են կազմում, սակայն խնդիրն այս դեպքում ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական էր։ Դրան հաջորդեց ՀՀ-ում Իրանի դեսպան-Փաշինյան հանդիպումը։ Ընդ որում` այդ հանդիպումից հետո Հայաստանը «բարի կամք» դրսևորեց և իրանցի չորս դատապարտյալների արտահանձնեց Իրանին։


Ասել, որ Փաշինյան-իրանական կողմ հանդիպումը հատկապես գազի ու այդ դատապատյալների «մասին» էր, փոքր ինչ միամտություն կլինի, այնուհանդերձ, ակնհայտ է. այս դեպքում ևս կողմերի միջև սլաքների ու ժամացույցների «ճշգրտում» է տեղի ունենում, հատկապես՝ տարածաշրջան այցելող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցից «րոպեներ» առաջ։ Ասել է թե, չի բացառվում՝ Իրան-Հայաստան «ընթերցումները», գուցե «տարընթերցումները», ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներին են առնչվում, այլև և առաջին հերթին ղարաբաղյան խնդրին։


Նկատենք, որ Փաշինյանի հանդիպումը Պուտինի հետ կհաջորդի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ Փաշինյանի անմիջական հանդիպմանը։ Այս դեպքում ևս պետք է հիշել Լավրով-Մնացականյան հանդիպումը, որից անմիջապես հետո ՀՀ ԱԳ նախարարը հարցազրույց էր տվել «Կոմերսանտին», որի առանցքը նաև Ադրբեջանի ԵԱՏՄ անդամ դառնալու հարցն էր. բավականին «փափուկ», ՄԱԿ-ական հայաստանյան դիվանագետը, որը, ի դեպ, ավարտել է նաև Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, տվել էր բավականին կոշտ, բազմանշանակ պատասխան, ինչից կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանի նման «հնարավորությունները» նույնպես քննարկվել են մոսկովյան այցի ընթացքում։
Բոլոր դեպքերում, մինչև ֆուտբոլի «ավարտը», իսկ աշխարհի առաջնությունը կտևի մոտ մեկ ամիս, քայլեր չեն լինի։ Չնայած, եթե հիշենք, Օսիա-Աբխազիա-Վրաստան բլիցկրիգը տեղի ունեցավ հենց ամառային օլիմպիադայի օրերին։ Սա՝ ի միջի այլոց։ Այնուհանդերձ, երկրորդենք պնդումը, որ որևէ բան տեղի չի ունենա։

Նկատենք նաև, որ Ադրբեջանի նախագահը նույնպես կմասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը. կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիևը, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Բոլոր դեպքերում, Պուտինն անում է ամեն ինչ, որ այդ խաղերը «միջազգային տոնի» վերածվեն, հեռախոսով խոսում է Պորոշենկոյի հետ, «Նորմանդական ձևաչափն» է կրկին հավաքվում (գերտերությունները փորձում են Պուտինից զիջումներ կորզել ՈՒկրաինայի առնչությամբ` ֆուտբոլի աշխարհի առաջնությունից առաջ), և այդպես շարունակ։ Ասել է՝ այդ խաղերը ոչ այնքան սպորտային, որքան քաղաքական-հաղթական ֆոն պետք է ապահովեն Ռուսաստանի համար, և անչափ կարևոր է, թե աշխարհի որ լիդերներն են մասնակցելու Պուտինի «տոնին»։
Ինչպես կավարտվի «ֆուտբոլային» նոր դիվանագիտությունը Հայաստանի համար, պետք է դեռ սպասել, փորձագիտական կարծիքները միախառնել «կուլիսային» արտահոսքերի հետ` «ոսկի միջինն» ստանալու համար, ինչպես եղավ ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչ պարոն Կոժինի բարձրաձայնումների դեպքում։
Համբերությունը կյանք է։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5387

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ