Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խորքայի՞ն, թե՞ մակերեսային պետություն

Խորքայի՞ն, թե՞ մակերեսային պետություն
12.06.2018 | 00:11

Ձեզնից դեռ չե՞ն պահանջել հրաժարական: Ո՞վ: Մի խուլ փողոցում հավաքված թաղի տղերքը կամ «լայն հանրությունը»: Ոչ մի սոցհարցում չե՞ն արել ձեր վարկանիշի վերաբերյալ: Լավ չէ: Դու՞ք էլ ոչ մեկի հրաժարականը չեք պահանջել: Ավելի վատ: Դուք դուրս եք տրենդից: Ժամանակից եք դուրս թռել: Դուք երկրից եք թռած: Շտապ, անհապաղ կամ հրաժարական եք տալիս, կամ ինչ-որ մեկի հրաժարականն եք պահանջում: ՈՒ՞մ: Կարևոր չէ: Պահանջում եք, ու` վերջ: Թեկուզ հարևանի: Թող տունը ծախի-գնա: Իսկ ավելի լավ է` նվիրի: Ձեզ: Չի կարելի այստեղ ու հիմա ապրել ու ոչինչ չանել:


Բոլորը բոլորին ու ամեն ինչ մերժող ժամանակներ ենք ապրում: Քաղաքականությունից` մերձքաղաքականություն ու քաղաքականությունից դուրս: Այսօրվա երեկվանները մերժում են վաղվա այսօրվաններին, բոլորը մերժում են երեկվաններին, երեկվանները` վաղվաններին, ու` այդպես: Եթե կարող եք, քայլ արեք, եթե ոչ, կողմ քաշվեք ու ոտքի տակ մի ընկեք: Այլապես կպարզվի, որ դուք Կիկոսն եք, որ ծառից ընկավ, ու գիտեք` ինչ եղավ: Մի տարբերությամբ` այդ ծառը դեռ տնկված չէ, բայց դուք կընկնեք, ու` վերջը նույնն է: Չէ, իհարկե, ապրում ենք սիրո ու համերաշխության հեղափոխության ստվերի տակ: Ամբողջ հարցը ստվերն է, երբ գլուխ են բարձրացնում ոչ միայն արև տենչացողները, այլև ստվերի սատանաները: Բոլոր նրանք, որ կարող են իրենց վաճառել, վաճառում են, ինչ գին էլ տան: Վաղը պահանջարկը կընկնի, առաջարկը ևս սահմանափակված է ժամանակի մեջ: Իսկ ընդհանրապես, երբ հայոց փառապանծ ոստիկանությունը կոռուպցիայի դեմ պայքարի ու հրավառությունները 23.00-ից հետո կանխելու գործը գլուխ բերի, պարտավոր է քրեական գործ հարուցել: Ավելի շուտ: Եթե ոչ ոստիկանությունը, ԱԱԾ-ն արդեն պիտի զբաղվեր այն հայտարարություններն անողներով, որ հոկտեմբերի 27-ը Աստծո պատիժն էր Վազգեն Սարգսյանին, որ իբր կաշառք էր վերցրել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին կաթողիկոս դարձնելու համար: Առավել ևս, որ Էջմիածնում էլ միտինգ անողները հայտարարում են, թե գեներալ Մանվելը Վազգեն Սարգսյանի նվերն էր քաղաքին: Այս շիլան եփվել է մեկ հասցեում, ու այդ հասցեատերը բավականին զորեղ է, որ իր նոր, ավելի ճիշտ` մշտական, խառնակչությունը տիրաժավորի լրատվամիջոցներով ու տեղավորի նոր տրենդում` հրաժարականների: Ամենակատաղի երևակայության ու վրեժի տերն էլ չէր հնարի, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կաշառքով կաթողիկոս է նշանակել: Ընդհանրական չարության, ստորության ու շուրջբոլորը ապականություն տարածելու մոլուցքի մեջ խրվածներին հիշեցնեմ, որ կաթողիկոսական ընտրություններում երկու թեկնածու կար` Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը և լուսահոգի Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, որ աղոթում ու բանաստեղծություններ էր գրում և կաթողիկոս դառնալու ցանկություն ուներ տարիքի բերումով: Հիշեցնեմ նաև, որ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը իր թեկնածությունը հանեց, երբ կաթողիկոս էր ընտրվում Գարեգին Առաջինը: Իսկ գեներալ Մանվելը մինչև 1999-ի հոկտեմբերի 27-ը «Ջիպ» չուներ ու ապրում էր Հորադիզում` սահման էր պահում: Ե՞րբ ու ինչու՞ վերադարձավ գեներալ Մանվելն Էջմիածին, ավելի լավ գիտեն երկրորդ ու երրորդ նախագահները: Բայց ոչ Վազգեն Սարգսյանը: Եթե Էջմիածինը անցանկալի նվեր է ստացել, նվիրողի հասցեն Բաղրամյան 26-ն էր: 19 տարի է անցել. այնքան երկար ժամանակ չէ ամեն ինչ մոռացած լինելու համար, բայց և պարզվում է` բավարար ժամանակ էլ չէ հասկացած լինելու համար, որ Վազգեն Սարգսյանի վրա քար նետողներն իրենք իրենց վրա են քար նետում:


Եվ, այնուամենայնիվ, ինչքան պետք է ատել հայ եկեղեցին ու ինչքան պետք է անհավատ լինել` հավատացնելու, որ կաթողիկոսին կաշառքով են նշանակել: Փողոցներում հրաժարական պահանջելու ու ծեծկռտուք սարքելու համար: Ինչքա՞ն ժամանակ է պետք հասկանալու, որ սա մարտահրավեր է ազգային անվտանգությանը, և հիմքում աղանդավորներն են ու նրանց բուն նպատակը եկեղեցին վարկաբեկելն է, հավատի հիմքերը խարխլելը:

ՈՒ՞մ է պետք: Որոնեք ու գտեք: Մութ չէ, երբ ուզում ես տեսնել, տեսնում ես: Երբ որոշել ես չտեսնել, չես տեսնի ոչինչ ու ոչ մեկին: Հավելեք միասեռականներին, որոնց դեմ պայքարում է եկեղեցին, ու կստանաք պատկեր, երբ 30 արծաթով աղանդավորներն ու միասեռականները գնվում ու «հարց են լուծում»` իրենք իրենց տեղավորելով քայլ անելու տրենդում ու լիովին ընկալելի դառնում նրանց համար, ովքեր եկեղեցին միշտ հասկացել են շենք, մոմը` փող, հավատը` աշխատանք: Իրենց պատկերացրել են շենքում փող աշխատելու լավագույն թեկնածու: Իսկ վաղը նրանք փողոց են դուրս գալու ու պահանջելու են «Մերժիր Հիսուսին», որովհետև ո՞վ էր Հիսուսը որ: Ինչ-որ հրեա, ում խաչեցին հռոմեացիները` հրեաների պատվերով:


Գլխավորը պատվերն է ու պատվիրատուն: Կատարողներ կգտնվեն: Համատարած ամլացման ու ազգուրացության այս տենդը թավշե հեղափոխության սիրո ու համերաշխության մեդալի հակառակ կողմն է, որ դուրս է լողում իբրև ազգի տականք ու ինքնաներկայանում է սրբապատկերված` «Վերադարձրեք հայ եկեղեցին հայ ժողովրդին» կոչով: Ժողովրդի անունից խոսելու տենդը բնորոշ է նրանց, որ սեփական դեմք չունեն ու ի վիճակի էլ չեն ունենալու, ուստի մնում է ապավինել հավաքական «ժողովրդի» կերպարին, որովհետև «ժողովուրդը» չի վեր կենալու ու մարդ առ մարդ չի ասելու` դու ո՞վ ես, որ իմ անունից ես խոսում: Այս դեմագոգիան առաջին հայացքից է աբսուրդային: Իրականում գերվտանգավոր է, երբ վարկաբեկվում են ազգային արժեքները և ի սկզբանե արդարացողի կարգավիճակում դնում եկեղեցին ու հոգևորականներին: «Նոր Հայաստան, նոր Հայրապետ»-ը հրաժարականի պահանջ չէ, «Եկեղեցին հանձնեք աղանդավորներին ու գնացեք ձեր տները» պահանջ է: Ցանկացողներն էլ թող միասեռականությանը տրվեն: Իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է ընդունում, որ. «Անընդունելի է մտահոգությունների ներկայացման որդեգրված վերջնագրային ոճը, որ ներկայացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ առաջադրված պահանջի տեսքով: Եպիսկոպոսաց դասը, իբրև հիմնական երաշխավորը Հայ Եկեղեցու կանոնական կարգի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանգամանքի անձեռնմխելիության, հաստատում է, որ կաթողիկոսի հրաժարականը՝ արտաքին և բռնի միջամտության միջոցով պարտադրված, հակականոնական է, ուստի և անվավեր»: Այսինքն` պաշտպանվում է ու բացատրություններ տալիս` ինչպես պատշաճ է: Բայց` անօգուտ ու անհամարժեք` վտանգավոր ու ստոր քայլերի դեմ:


«Նոր Հայաստան, նոր Հայրապետ»-ն ընդհանրապես աբսուրդ է. Հայաստանը կրոնապետություն չէ, աշխարհիկ պետություն է, եկեղեցին անկախ է պետությունից ու կրոնական կյանքը քաղաքականի մեջ չի տեղավորվում: Սահմանադրությամբ` պետությունն ու եկեղեցին անկախ են միմյանցից և անհնար է քաղաքական փոփոխությունները տարածել եկեղեցու վրա: 101 տարի առաջ Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո իշխանության եկած բոլշևիկների առաջին քայլերը Աստծո ու եկեղեցու դեմ էին. հազարավոր եկեղեցիներ քանդվեցին, սպանվում ու վարկաբեկվում էին հոգևորականները, նոր Ռուսաստանին քրիստոնեությունը պետք չէր, սոցիալիզմն ու կոմունիզմն էին նոր գաղափարախոսությունը, որ շարունակվեց տասնամյակներով` հոգևոր անապատ թողնելով ու հնարավոր դարձնելով 1937-ը, որի զոհերի մեջ հոգևորականներն առաջիններից էին, և միայն 1941-ին Ստալինն արտոնեց Աստծուն հիշել, մեկ-մեկ էլ հավատալ, հաղթանակի համար աղոթել: Այսօր բոլշևիկների փոխարեն աղանդավորներն են հեղափոխության մակաբույծների դերում:


Հայ առաքելական եկեղեցին համազգային կառույց է և այդ կառույցի դեմ քայլերը համահայկական ներուժի դեմ են ամբողջ աշխարհում: Մտածե՞լ են այս խնդրի մասին փողոցներում աղմկողները, թե՞ հենց դա է նպատակներից մեկը: Հայաստանի թավշե հեղափոխությունը կապ չունի նրանց հետ, ովքեր եկեղեցու դեմ պայքարը կոնկրետացնում են կաթողիկոսի դեմ պայքարով, բայց թավշե հեղափոխությունը պարտավոր է ինքն իրեն պաշտպանել պետության հիմքերը խարխլողներից ու օգտագործել իր կառույցները: Իսկ ի՞նչ է անում եկեղեցին: «Մենք գիտակցում ենք Եկեղեցու ապագայի հանդեպ մեր պատասխանատվությունը և ժամանակակից կյանքի պայմաններին համարժեք՝ եկեղեցական կյանքի բարեփոխումները շարունակելու անհրաժեշտությունը: Հարգանք դրսևորելով մեր Եկեղեցու նախանձախնդիր հավատացյալների ողջամիտ ակնկալությունների ու սպասումների նկատմամբ՝ Հայ Եկեղեցու կանոնական մարմինների՝ Գերագույն հոգևոր խորհրդի, Եպիսկոպոսաց ժողովի, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Ազգային-եկեղեցական ժողովի շրջանակներում կշարունակենք քննարկել և արդյունավորել եկեղեցական բարեփոխումների գործընթացը՝ հավատացյալների հոգևոր պահանջները առավելագույնս բավարարելու համար», - ասված է եպիսկոպոսաց ժողովի հայտարարությունում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Թվում էր` թավշե հեղափոխությունը փակեց 3 նախագահների էջը: Բայց կան էջեր, որ հնարավոր չէ փակել, քանի դեռ մնում են անպատասխան հարցեր: Խնդիրն այն չէ, որ երրորդ նախագահը քաղաքականության մեջ է` մնալով ՀՀԿ նախագահ, և փորձելու է վերադարձնել հեշտ հանձնած իշխանությունը: Ի վերջո` Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Սերժ Սարգսյանը հիանալի լուծում է սեփական խնդիրները` «ինքնամաքրելով» ՀՀԿ-ն առայժմ օլիգարխներից, իսկ հետո իր ձեռամբ «կմաքրի» Անդրանիկ Մարգարյանի «կադրերից» ու կստանա ստերիլ կառույց, որ իր պոլիգլոտ երիտասարդներով պատրաստ է կատարել ցանկացած հրաման: Թեկուզ` աստղեր իջեցնել երկնքից: Իհարկե` փողով: Այսօր դեռ ՀՀԿ-ն պետք է նրան` իբրև ապահովության բարձիկ հեղափոխությունից հետո, գրոհի մարդանյութ ֆորս մաժորի դեպքում: Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգը ամբողջացավ ու հզորացավ 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո ու հետևանքով: Բիզնեսի իշխանությունից տարանջատման խնդիր դնելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամա-ակամա վերադառնում է պատմության փակ էջերի` 1999-ի հոկտեմբերի 27-ի ու 2008-ի մարտի 1-ի, բացահայտման անհրաժեշտությանը: Հայաստանի քրեաօլիգարխիան ինքնակա չէ, կա ու բարգավաճել է, որովհետև մասն է հետխորհրդային տարածքի ու հատկապես ռուսական համակարգի` «տանիքի» դիմաց վճարելով պետության ինքնիշխանության կորստով: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի` թավշե հեղափոխությունը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այդ ենթատեքստն ինքն է առաջ գալիս կոռուպցիայի դեմ պայքարով, որ եթե առարկայական է, վերաբերելու է Հայաստանում գործող ռուսական ընկերություններին` սկսած թեկուզ Հարավկովկասյան երկաթուղին ռուսական կոնցեսիոն կառավարման հանձնելու կասկածելի պայմանագրից: Շարքը երկար է ու ընդգրկում է տնտեսության ռազմավարական ոլորտները: Պատրա՞ստ է Հայաստանը դիմակայել «հակահեղափոխությանը», երբ կոռուպցիայի դեմ պայքարը վտանգի ռուսական շահը: Պատրա՞ստ է Հայաստանը հոկտեմբերի 27-ի ու մարտի 1-ի բացահայտմանը: Սա ոչ միայն հեղափոխության, սա պետականության քննություն է` 1999-ից հետո Հայաստանը գնաց այն ճանապարհով, որի դեմ դուրս եկավ 2008-ին ու պարտվեց` երկու ոճիրներն էլ պետության դեմ էին ու իշխանության լեգիտիմության: Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանին անսահմանափակ իշխանություն նվիրեց ու վոինի կարգավիճակ, 2008-ի մարտի 1-ին նա լուծեց քրեաօլիգարխիկ համակարգի պահպանման հարցը` իր ու Սերժ Սարգսյանի համար, որ հանգիստ ապրի ու երբեք չբացվի հոկտեմբերի 27-ի էջը` բացահայտելու սպանության պատվիրատուներին:

Ամենահեշտը ամեն օր հանրությանը թվեր հրամցնելն է, թե ոստիկանությունը ինչ բացահայտումներ է արել ու ինչքան գումար է պետբյուջե վերադարձվել, սպանությունների վրա հիմնված պետությունը չի կայունանա, քանի դեռ բացահայտված չէ ճշմարտությունը ու պատժված չեն մեղավորները: Դա ոչ միայն պատվի, այլև օրինականության հաստատման անայլընտրանք ճանապարհն է: Թավշե հեղափոխությունը պետք է պարզի` մակերեսայի՞ն, թե՞ խորքային փոփոխությունների համար էր ու ի՞նչ պետություն է կառուցում:

Դիտվել է՝ 5110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ