Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Այս պահին մենք ունենք վարչապետի լիազորությունները բեռնաթափելու խնդիր»

«Այս պահին մենք ունենք վարչապետի լիազորությունները բեռնաթափելու խնդիր»
12.06.2018 | 00:19

Նախագահ Արմեն Սարգսյանը «Россия 24» հեռուստաալիքին օրերս տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, խոսել էր նաև Հայաստանի Սահմանադրության ու մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ կառավարության չափից ավելի լիազորությունները Հայաստանում «սուպերվարչապետություն» են կոչում, ապա հավելել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր խորհրդարանում, որ որպես ընդդիմության առաջնորդ քննադատում էր այս ամենը: Հետևաբար, ըստ նախագահի, այժմ պետք է անել հնարավորը, որպեսզի իրական իշխանությունը բալանսավորվի խորհրդարանի, կառավարության և նախագահի գրասենյակի միջև: «Սուպերվարչապետության» թեմայի շուրջ «Իրատեսը» զրուցել է սահմանադրագետ ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆԻ հետ:

-Նախագահ Սարգսյանի մտահոգությունն արդարացի՞ է, մասնավորապես, ի՞նչ փոփոխություններ են պետք ՀՀ Սահմանադրության մեջ կամ օրենքներում «սուպերվարչապետությունից» զերծ մնալու համար:
-Սահմանադրորեն մենք չունենք «սուպերվարչապետական» համակարգ, պարզապես նախագահի ինստիտուտն ենք չափազանց թուլացրել: Այդ առումով, սահմանադրության մեջ, այո, կարիք է զգացվում նախագահի լիազորությունների վերանայման, ընդլայնման և պետական համակարգում վերջինիս ավելի մեծ իրավաքաղաքական կշիռ հաղորդելու: Իսկ ինչ վերաբերում է վարչապետի գերհզոր լիազորություններին, դա մեծապես պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով, երբ հնարավոր բոլոր լծակները վերագրվում էին բացառապես մեկ անձի: Բայց հիմա եթե օրենսդրական որոշ աշխատանք կատարենք, ապա կարող ենք վարչապետի լիազորությունները, այսպես ասած, բեռնաթափել, ու դրանք համաչափ բաշխել, օրինակ, կառավարության և Ազգային ժողովի միջև:
Ինչ վերաբերում է սահմանադրությանը, այստեղ մենք խնդիր ունենք նախագահի լիազորություներն ավելի առարկայական դարձնելու: Իրականում Հայաստանի նախագահը խորհրդարանական կառավարման համակարգի երկրների մեջ թույլերից մեկն է: Օրինակ, Իտալիայում նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, Հունաստանում և կրկին Իտալիայում նախագահը պառլամենտը ցրելու իրավասություն ունի: Եթե նախագահը Հայաստանում նման լիազորություն ունենար, ապա քաղաքական ճգնաժամի առաջ չէինք կանգնի: Այսինքն, նման նոնսենս չէր լինի, երբ քաղաքական մեծամասնությունն իրեն ստիպված ընդդիմություն է հայտարարում: Սահմանադրության ուժով նախագահը պառլամենտը կցրեր, ու ճգնաժամը կհարթվեր միանգամից: Եթե մենք ընդունում ենք, որ նախագահը ներքաղաքական արբիտր է, ինչը բխում է նրա կարգավիճակից, ապա նա պետք է ունենա ավելի գործուն լիազորություններ: Իսկ նախագահի բավականին ակտիվ գործունեությունն անձնական խարիզմայի ու լիդերական հատկությունների դրսևորում է սոսկ, ոչ թե ունեցած լիազորությունների:
Այս պահին մենք ունենք ՀՀ նախագահի կարգավիճակն ուժեղացնելու խնդիր սահմանադրական մակարդակում և վարչապետի լիազորությունները բեռնաթափելու խնդիր արդեն օրենսդրական մակարդակում:
-Ձեր մատնանշած փոփոխություններն ի՞նչ ժամկետներում կարելի է իրականացնել:
-Նախանշվող արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ գոնե վարչապետի լիազորությունների բեռնաթափում պետք է անել: Իսկ սահմանադրության փոփոխությունը շատ ավելի ժամանակատար է, քանի որ հանրաքվեի խնդիր կա, ու շատ նորմեր պետք է փոփոխվեն միայն հանրաքվեով:
-Օրինակ, վարչապետի ո՞ր լիազորությունը կարելի է վերապահել նախագահին:
-Նախագահին կարող է տրվել, օրինակ, գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը: Նախագահը պետք է ներգրավված լինի նաև Անվտանգության խորհրդում: Նկատեմ, որ այս երկու լիազորությունները փոխկապակցված են, քանի որ, եթե նախագահին տալիս ենք գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթ, նա, բնականաբար, պետք է անդամակցի Անվտանգության խորհրդին: Տեսեք՝ այստեղ ինչ խնդիր կարող է լինել. վարչապետը կարող է անընդհատ փոխվել, ու մենք անընդհատ գերագույն գլխավոր հրամանատար փոխելու խնդիր ունենանք, ինչը, անվտանգության առումով, ճիշտ չէ: Գերագույն գլխավոր հրամանատարը պետք է ձերբազատված լինի ընթացիկ քաղաքական կոնյունկտուրայից անընդհատ ազդվելու պարտադրանքից:
Նախագահին կարելի է ավելի մեծ լիազորություններ տալ վարչապետի կողմից նախարարներին նշանակելու հարցում ևս, ավելի երկար ժամկետներ սահմանել՝ առաջադրված անձանց թեկնածությունը քննարկելու համար, ինչու՞ ոչ, վերջիններիս թեկնածությունը չհաստատելու լծակներ տալ նաև, Ինչպես նաև՝ Ազգային ժողովն արձակելու, իհարկե, ոչ անվերապահ հնարավորություն, քանի որ այսօր, բացի քաղաքական կոնսենսուսից, ոչ մի լծակ չկա խորհրդարանը դեյուրե ցրելու:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ