Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

«Բոլորն էլ հասկանում են, որ բռնապետական Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարական Հայաստանի վրա պատժելի երևույթ է»

«Բոլորն էլ հասկանում են, որ բռնապետական  Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարական Հայաստանի վրա  պատժելի երևույթ է»
12.06.2018 | 00:28

Թուրք-ադրբեջանական վտանգի շորշոփները դանդաղ մոտենում են Հայաստանին, իսկ մենք դեռ մտածում ենք «մարդասիրական մոտեցման» մասին: Ապրիլից շփման գծում Ադրբեջանը զորամիավորումներ է կուտակել ու հետ քաշելու մտադրություն չունի, հայկական կողմը կրկին զոհ ու վիրավոր ունի: Ակտիվ «գործարկվում» է նաև մեկ այլ, շատ վտանգավոր ուղղություն: Նախիջևանում ադրբեջանական զինուժը զգալիորեն կրճատել է չեզոք գոտին, մեր դիրքապահների ու նրանց միջև հեռավորությունը հասել է 500-750 մետրի: Օրերս էլ ադրբեջանցիները հանկարծ հիշեցին, որ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Գունուտ գյուղում հանգուցյալների շիրիմներ ունեն ու պետք է այցի գնան, իսկ հայկական կողմն էլ ընդառաջեց նրանց «անկեղծ» հոգետվայտումներին: Սակայն անհասկանալի է, թե մեր ռազմական ղեկավարությունը ինչ տրամաբանությամբ է թույլատրել նրանց հատել սահմանը, այն դեպքում, որ նույն օրերին Ադրբեջանը մեկ այլ ուղղությամբ հայ զինվոր է սպանում: Իրենց «մարդասիրությու՞նն» ուր կորավ: Մի՞թե պարզ չէր, որ առաջին անգամ նման ցանկություն հայտնող Ադրբեջանն այս ամենը գյուղը «գրավելու» իմիտացիա-շոուի համար էր անում, ուրեմն ինչու՞ մեր ղեկավարությունը խայծը կուլ տվեց: Մեր սահմաններում կատարվողի, Արցախի ներքին ու սահմանային դրության մասին զրուցում ենք միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Սահմանային իրադրությունը բավական մտահոգիչ է: Առաջնագծում լարվածություն է նկատվում, իսկ ադրբեջանական զինուժը կուտակումներ է անում շփման գծում: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել:
-Ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք ոչ ադեկվատ հարևանի հետ: Սա նշանակում է, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինել ցանկացած հարձակման, գործողության: Մեր զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն ցանկացած ռազմական գործողություն հնարավորինս օպերատիվ հետ մղելու: Ադրբեջանի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ իրենցից ամեն ինչ սպասելի է: Այդ երկրի և՛ իշխանության, և՛ հասարակության շրջանում կա ադեկվատության պակաս: Այս իսկ պատճառով մենք պետք է ամենատարբեր սցենարի և զարգացման պատրաստ լինենք:
-Երբ Հայաստանի նոր իշխանության ղեկավարը հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցություններին, դա որոշակի լարվածություն առաջացրե՞ց Ադրբեջանում:
-Չեմ կարծում, որ իրավիճակը կարող է լարվել Հայաստանում իշխանափոխության և նման հայտարարությունների պատճառով: Մեկ բան հստակ է. Ադրբեջանի մոտեցումները չեն փոխվել և... չեն փոփոխվելու, նրանց նպատակը մեկն է՝ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել իրենց տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա: Ասել եմ ու շարունակում եմ պնդել` որքան էլ արդյունավետ դիվանագիտական աշխատանք տարվի, այդուհանդերձ, մեր զինված ուժերը միշտ պետք է պատրաստ վիճակում լինեն: Ապրիլյան իրադարձությունները դրա ապացույցն են:
-Ասել է՝ ցանկացած բանակցություն, դիվանագիտական քայլ դատապարտվա՞ծ են, քանի որ ունենք ոչ ադեկվատ հարևան:
-Չէ, դատապարտված չեն, ամեն ինչ պետք է անել, որ խաղաղ կարգավորվի՝ հաշվի առնելով ազգերի ինքնորոշման իրավունքը: Տարածքային իրավունքի սկզբունքը վերադաս չէ ազգերի ինքնորոշման սկզբունքին: Դիվանագիտական ճակատում ևս մեծ աշխատանքներ անելու անհրաժեշտություն կա: Վստահ եմ, որ այս կառավարության օրոք այդ աշխատանքը տարվելու է: Արցախի խնդիրը չափազանց բարդ խնդիր է և փոխկապակցված է բազմաթիվ հանգամանքներով: Շատ պետություններ այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունեն: Մենք պետք է առաջնորդվենք մեր և Արցախի ժողովրդի շահն առաջ մղելով, այս առումով, կարծում եմ, կարող ենք հաջողության հասնել:
-Օրերս բավական հետաքրքիր էր ՌԴ արտգործնախարարի՝ Արցախը բանակցություններին վերադառնալու առնչությամբ հայտարարությունը, թե դա երկու երկրների պայմանավորվելու հարցն է: Ասել է՝ ՌԴ-ն «ձեռքերը լվանու՞մ» է և ոչ մի հստակ դիրքորոշում չի՞ ցանկանում հայտնել:
-Մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ Մինսկի խմբի համանախագահներն ընդամենը միջնորդներ են և օգնում են կողմերին, որպեսզի նրանք իրենց սկզբունքային մոտեցումները կարողանան հնարավորինս իրար մոտեցնել: Նրանց դերը զուտ միջնորդական է, և բնական է Լավրովի նման հայտարարությունը, եթե երկու կողմերը ինչ-որ հարցի վերաբերյալ պայմանավորվում են, մոտեցումների փոփոխություն է տեղի ունենում, ոչ միայն Ռուսաստանը, Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրներն իրենց համաձայնությունը ամբողջովին կտան: Չի լինում այնպես, որ կողմերն ինչ-որ համաձայնության գան, իսկ համանախագահողներն այդ գաղափարը չկիսեն: Լավրովի հայտարարությունը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել: Այսինքն, սա չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ Ֆրանսիան «լվանում են ձեռքերը»: Վստահ եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի որևէ համաձայնության դեպքում Մինսկի խումբն իր աջակցությունն է հայտնելու:
-Արցախում ներքաղաքական զարգացումները կարո՞ղ են ինչ-որ կերպ անդրադառնալ կարգավորման գործընթացի վրա:
-Չափազանց կարևոր է, որ Արցախում ցանկացած փոփոխություն տեղի ունենա ժողովրդավարական ճանապարհով: Երբ ամբողջ աշխարհը տեսնում է, որ Արցախը գնում է ժողովրդավարության ճանապարհով, բնական է, որ քիչ պետություններ, գործիչներ կլինեն, որ ասեն, թող Արցախն իր դեմոկրատական իշխանությունից հրաժարվի ու գնա, դառնա Ադրբեջանի դիկտատուրայի բաղկացուցիչ մասը: Հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում չես կարող ժողովրդավարական հասարակություններին ստիպել, որ գնան բռնապետական պետության մի հատված դառնան: Այս առումով Արցախում ցանկացած դեմոկրատական փոփոխություն բխում է ոչ միայն Արցախի ժողովրդի շահերից, այլև բանակցային գործընթացում մեր դիրքերի ամրապնդումից:
-Հայաստանում շատերը, այդ թվում` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, անհանգստություն հայտնեցին, որ այն, ինչ Հայաստանում կատարվեց, չպետք է կրկնվի նաև Արցախում՝ հաշվի առնելով, որ այն պատերազմական իրավիճակում գտնվող երկիր է: Դուք ունե՞ք այդ անհանգստությունը:
-Իհարկե, անհանգստություն կա, բայց մեկ կարևոր բան պետք է հաշվի առնել, որ Արցախը հայկական աշխարհի բաղկացուցիչ մասն է, և բնական է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ուղղակիորեն ազդում է նաև Հայաստանի վրա և հակառակը՝ Հայաստանում տեղի ունեցածն իր ազդեցությունն է ունենում Արցախում: Այս առումով զարմանալի ոչինչ չեմ տեսնում, սրանք գոնե հանրային ընկալման տեսանկյունից փոխկապակցված գործընթացներ են, դրա համար այստեղ որևէ խնդիր չկա: Սակայն միևնույն ժամանակ պետք է Արցախը հնարավորինս զերծ պահել հասարակական, սոցիալական ցնցումներից: Հաշվի առնելով հակառակորդի ագրեսիվությունը, այս պահին Արցախն ավելի խոցելի է: Սա գիտակցում են նաև Արցախի իշխանությունները և վերջին հրաժարականները այս ռազմավարության ներքո պետք է դիտարկել:
-Հրաժարականների շքերթը այդքանով կավարտվի՞, արդեն հնչում է նաև Բակո Սահակյանի հրաժարականի հարցը:
-Որևէ ցուցարարի կողմից Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ չեմ լսել: Ստեփանակերտի փողոց դուրս եկած ցուցարարները հստակ ձևակերպել էին իրենց պահանջները: Այս պահի դրությամբ որևէ հրաժարականի կամ քաղաքական փոփոխության վերաբերյալ պահանջ չի ներկայացվել: Կարծում եմ` մեծ հաշվով ընդունված և սիրված ղեկավար է, չեմ լսել, որ որևէ մեկը հրաժարականի պահանջով հանդես գա:
-Նման պահանջ ներկայացրել էր ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը:
-Կլինեն առանձին անհատներ, քաղաքական գործիչներ, որոնք նման պահանջ կներկայացնեն, բայց հանրային ընդվզում կամ նման պահանջ այս պահին չկա: Ինչ վերաբերում է առանձին քաղաքական գործիչների, պատգամավորների պահանջին, պետք է հաշվի առնել, որ Արցախն իր ժողովրդավարության մակարդակով ոչ մի եվրոպական ժողովրդավար երկրի, այդ թվում` Հայաստանին, չի զիջում: Բնական է, որ ներքին անհամաձայնություններ կարող են լինել, կարող է լինել և նման պահանջ: Այլ հարց է, թե որքան է այդ պահանջը մասսայական և հիմնավորված:
-Արցախյան ճակատի լարվածությանը զուգահեռ Ադրբեջանը մեկ այլ ճակատում ևս ակտիվ ծրագրեր է մշակում: Նախիջևանում թուրք-ադրբեջանական տանդեմը սկսել է վտանգավոր քայլեր ձեռնարկել: Ի՞նչ սպառնալիքներ եք տեսնում այս ուղղությամբ:
-Ինչպես արցախա-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ Նախիջևանի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին մեր զինված ուժերը պետք է շատ զգոն լինեն: Մեր թշնամին նենգ է, ու ամեն ինչ սպասելի է նրանից: Ոչ մի տարբերություն չկա` գործ ունենք արցախա-ադրբեջանական շփման գծի՞ հետ, թե՞ հայ-ադրբեջանական սահմանի: Նույն վտանգները կարող են և այս, և այն կողմից լինել: Միակ տարբերությունն այն է, որ Նախիջևանը Հայաստանի հետ սահմանակից է և ցանկացած գործողություն Հայաստանի դեմ նաև ՀԱՊԿ-ի դեմ է: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ի տարբերություն Արցախի: Այդ կազմակերպությունը ստանձնած համաձայնագրով հստակ պարտավորություն ունի և դժվար է պատկերացնել, որ այդ ուղղությամբ Ադրբեջանը ինչ-որ արկածախնդրության կդիմի:
-Որոշ դիվանագետներ կարծում են, որ Նախիջևանում Թուրքիան փորձում է հեռուն գնացող ծրագրեր մշակել: Համամի՞տ եք:
-Ծանոթ եմ այդ մտահոգություններին, տեսություններին: Թուրքիայի պարագայում, իհարկե, պետք չէ բացառել ոչինչ: Ձեզ հետ զրույցում էլ եմ ասել, որ Թուրքիայի ղեկավարն անպատիժ մարդ է և անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում: Էրդողանն աշխարհում միակ մարդն է, որ չի պատժվում, երբ խոցում է ռուսական օդանավը, մտնում է Սիրիա, Իրաք, Վաշինգտոնի կենտրոնում ծեծում-ոտքերի տակ գցում ԱՄՆ քաղաքացիների: Այսինքն, նա մարդ է, որն ամեն ինչի ունակ է, և բնական է, որ մենք պետք է ուշադիր լինենք:
-Ասացիք, որ եթե ինչ-որ գործողություն լինի Նախիջևանի հատվածում, ՀԱՊԿ-ը կարող է միջամտել: Սովորաբար այդ կազմակերպությունը մեզ համար դիտարկվում է որպես հայ-ռուսական ռազմավարական գործընկերություն: Եթե ինչ-որ քայլ կատարվի Նախիջևանի ուղղությամբ, կարծում եք, Լուկաշենկոն, Նազարբաևը զորք կմտցնե՞ն այնտեղ:
-Իրականում ցանկության խնդիր չէ, հստակ պարտավորությունների խնդիր է, որն ամրագրված է պայմանագրով, որտեղ այդ դրույթները շատ հստակ դրված են: Իսկ թե ինչ գործողություններ կարող են լինել, եթե, Աստված մի արասցե, հարձակում լինի Հայաստանի վրա, դժվարանում եմ ասել:
-Մենք արդեն օրինակն ունենք: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը պարբերաբար Ադրբեջանի հրթիռակոծության տակ են հայտնվում, սակայն ՀԱՊԿ-ի արձագանքը զրո է:
-Այո, ընդամենը 1-2 հայտարարություն է եղել այդ ուղղությամբ: Բայց երբ խոսքը ոչ թե մի քանի կրակոցների, այլ լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին է, ՀԱՊԿ համաձայնագրի դրույթները պետք է պարտադիր լինեն անդամ բոլոր պետությունների համար: Բայց մեր հիմնական հույսը մեր զինված ուժերն են, դրա համար ամեն ինչ պետք է անել զինուժի ամրության, սպառազինության, ժամանակակից զենք ձեռք բերելու համար:
-Իշխանափոխությունից հետո շատերն ասում են, թե Հայաստանի վարկանիշը դրսում բավականին բարձրացել է: Եթե, այդուհանդերձ, անկանխատեսելի զարգացումներ լինեն և՛ արցախա-ադրբեջանական շփման գծում, և՛ Նախիջևանի սահմանին, կգտնվե՞ն պետություններ, որ կկանգնեն Հայաստանի թիկունքին:
-Իշխանության թիկունքին կանգնած է լինում ժողովուրդը:
-Խոսքը միջազգային հանրության աջակցության մասին է:
-Միջազգային հանրության մեջ, այո, Հայաստանի հանդեպ ընկալումը փոխվել է: Աշխարհը հասկանում է, որ Հայաստանը գնացել է ժողովրդավարական ճանապարհով: Ի պատիվ ներկա և նախկին իշխանությունների, տեղի ունեցած բողոքի գործողությունները չեն գնացել բռնությունների ճանապարհով: Սա ընդունում և ընկալում է ամբողջ աշխարհը: Ինչ վերաբերում է Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, իսկապես միջազգային ասպարեզում և կազմակերպություններում Հայաստանի վարկանիշը բարձր է, և դեմոկրատական արժեքները, որոնք Հայաստանը որդեգրել և իմպլիմենտացրել է, դրական ազդեցությունը բերելու են բոլոր ուղղություններով: Բոլորն էլ հասկանում են, որ բռնապետական Ադրբեջանի հարձակումը ժողովրդավարական Հայաստանի վրա հստակ պատժելի երևույթ է: Այս առումով մեր դիրքերը միջազգային ատյանում ամրապնդվել են:
-Բայց մի տեսակ տարօրինակ չէ՞, որ բռնապետական Ադրբեջանի պետականության օրը շնորհավորում է ԱՄՆ-ի նախագահը, իսկ մայիսի 28-ին Հայաստանի ժողովրդավար իշխանությանը` ոչ մի շնորհավորանք:
-Իրականում Թրամփը վերջին շաբաթներին Ադրբեջանին մի քանի անգամ տարբեր առիթներով շնորհավորել է՝ և՛ Ալիևի «վերընտրման», և՛ հանրապետության 100-ամյակի, և՛ նավթային ընկերության 25-ամյակի կապակցությամբ: Չշնորհավորելու հիմնավորումը, ըստ ԱՄՆ-ի, այն է, որ Ադրբեջանի հիմնական տոնը մայիսի 28-ին է, իսկ Հայաստանինը՝ սեպտեմբերի 21-ին: Այս պնդումը համարում եմ թույլ, որովհետև Ադրբեջանին շնորհավորել են Խորհրդային Միությունից անկախանալու ձեռքբերումը: Օբաման այս շնորհավորանքը մի քան անգամ հղել է: Այսուհանդերձ, նման մոտեցումը փաստարկված չեմ համարում: Կարծում եմ` ամերիկացիների հետ պետք է ակտիվ աշխատենք: Ադրբեջանն ակտիվ աշխատում է, և մենք էլ հակակշիռ պետք է ստեղծենք: Ոչ միայն ԱՄՆ-ի, այլև մյուս գործընկեր պետությունների, հատկապես Մինսկի խմբի երկրների հետ պետք է սերտ աշխատել, որպեսզի մոտեցումները հավասար լինեն:

Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ