USD482.59
EUR559.61
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

ԱՄՆ-ի շանտաժին և վերջնագրին ի պատասխան Իրանն առաջադրեց իր «7 պահանջները»

ԱՄՆ-ի շանտաժին և վերջնագրին ի պատասխան Իրանն առաջադրեց իր «7 պահանջները»
12.06.2018 | 00:31

(Նախորդ մասը)

Ռուսաստանի այլ ներկայացուցիչներ ոչ պակաս անգութ էին ԱՄՆ-ի իշխանությունների նկատմամբ: «Իրանին Վաշինգտոնի ներկայացրած պահանջները, որոնք հնչեցրեց ԱՄՆ-ի պետքարտուղարը, անհեթեթություն են, քանի որ դրանց հիման վրա հնարավոր չէ պայմանավորվել»,- մայիսի 22-ին հայտարարել է ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ ՈՒլյանովը: Նա, մասնավորապես, նշեց, որ անհնար է Իրանի լիակատար հրաժարումը պլուտոնիումի մշակումից, ինչը պահանջում է ԱՄՆ-ը. «Նրանք ի վիճակի չեն հասկանալու, որ Իրանն ունի ինքնիշխան իրավունքներ, այդ թվում՝ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման»:

ՈՒլյանովը նաև կարծիք հայտնեց, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի անիրազեկությամբ և «հենց գործարքի լիակատար անըմբռնողականությամբ»: Դիվանագետի կարծիքով, ԱՄՆ-ի գործողություններն անխուսափելիորեն կազդեն ԿԺԴՀ-ի միջուկազերծման վերաբերյալ երկխոսության վրա. «ԱՄՆ-ը ցուցաբերեց պայմանավորվելու անընդունակություն: Դա անխուսափելիորեն կազդի Կորեական թերակղզու միջուկազերծման վերաբերյալ հետագա երկխոսության վրա»: Եվ իսկապես, ԿԺԴՀ-ի ղեկավարությունը չեղյալ հայտարարեց Վաշինգտոնի հետ նախատեսվող բանակցությունը, և Թրամփն ստիպված եղավ ուրախ դեմք ցույց տալ ակնհայտորեն տանուլ տված ժամանակ, թե՝ ոչինչ, հետո կհանդիպենք: Խնդիրն այն է, որ «Թրամփի 12 վերջնագրի» ֆոնին այդ «հետոն» Կորեայի դեպքում կարող է և չլինել, մանավանդ որ Չինաստանը կարող է պատշաճ խորհուրդներ տալ Փհենյանին: Իսկ Պեկինի և Վաշինգտոնի միջև էլ ամեն ինչ չէ, որ հարթ է, և խնդիրը միայն «առևտրային պատերազմը» չէ, այլև իրադրությունը Հարավկորեական ծովում, որտեղ ՉԺՀ-ն շարունակում է ամրապնդել իր ներկայությունը վիճելի կղզիներում: Իրանին ԱՄՆ-ի պահանջները ՌԴ Պետդումայում մայիսի 22-ին անվանեցին շանտաժի փորձ:

«Ռուսաստանի և ԵՄ-ի դիրքորոշումներում Իրանի հետ միջուկային գործարքի հարցով ավելի շատ համընկնումներ կան, քան տարբերություններ»,- մայիսի 24-ին լրագրողներին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը: ԱՄՆ-ի համար ամենաանմեղ գնահատականները մայիսի 22-ին հնչեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Խնդիրն այն է, թե այդ 12 կետերն ինչպես է գնահատում Թեհրանը: Դուք գիտեք, որ և՛ Կրեմլը, և՛ Թեհրանը, և՛ համապատասխան եվրոպական երկրները հաստատել են ԳՀՀՊ-ին իրենց հավատարմությունը: Եվ հաստատել են հետագայում էլ այդ հավատարմությունը պահպանելու իրենց մտադրությունը»:


Այսպիսով, Ռուսաստանը, որը Չինաստանի հետ, բացի Իրանի և ԳՀՀՊ-ի քաղաքական աջակցությունից, գործուն կերպով խորացնում է Իրանի հետ տնտեսական և այլ կապերը (օրինակ, մայիսի 22-ին հայտարարվել է, որ լավ հեռանկարներ է տեսնում Իրանի էներգետիկ շուկայում և գազի ոլորտում համագործակցության համար, կամ «ՌԴ-ի երկաթուղիները», չնայած պատժամիջոցներին, էլեկտրիֆիկացնելու է Իրանի երկաթուղին և այլն), պատասխանել է ԱՄՆ-ին, անուղղակիորեն՝ նաև Իսրայելին: Ամեն ինչ որոշելու է Իրանն ինքը: Ռուսաստանը մտադիր չէ որևէ բանում «համոզելու» Իրանի իշխանություններին, իսկ Թեհրանը, Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի շուրթերով, պատասխան վերջնագրեր առաջ քաշեց, որոնք առայժմ վերաբերում են միայն ԵՄ երկրներին, ավելի ստույգ՝ 2015 թ. «միջուկային գործարքի» մասնակից Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային: Բայց այդ մասին՝ ստորև: Մենք արդեն հաղորդել ենք, թե Իրանի բարձրագույն գեներալակազմը (պաշտպանության նախարար Ամիր Խաթամի, գլխավոր շտաբի պետ, բրիգադային գեներալ Մոհամադ Բագերի, ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոհամադ Ջաֆարի, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավի և այլք) ինչ ոգևորությամբ ընդունեց Թրամփի մայիսի 9-ի հայտարարությունը ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու և Իրանի հետ «պատժամիջոցային պատերազմին» ամերիկացիների վերադարձի մասին: Գեներալների այդ արձագանքը ցույց տվեց, որ Իրանի զինվորական վերնախավը միանգամայն ուրախ է, որ այժմ բանակի և ԻՀՊԿ-ի «ձեռքերն ազատ են»:

Փոմփեոյի ելույթից հետո խոսեց ևս մեկ գեներալ՝ այաթոլահի զինվորական խորհրդական, ԻՀՊԿ-ի նախկին գլխավոր հրամանատար Ռահիմ Սեֆևին: Մայիսի 23-ին նա հայտարարեց. «ԱՄՆ-ը աշխարհում այլևս միակ գերտերությունը չէ, քանի որ բազմաբևեռ աշխարհն աճում է, և Ամերիկայի ազդեցությունը` նվազում»։ Նա դատապարտեց ԱՄՆ-ի պետքարտուղարի արտահայտությունները, ասելով, որ այդպիսի «թշնամական դիտողություններն» անընդունելի են իրանցիների և աշխարհի համար: Սեֆևին նաև ասաց, որ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը «տառապում է զառանցագին գաղափարներով, այդ պատճառով էլ կարծում է, թե Իսլամական Հանրապետության տապալումը հնարավոր է»:


Վաշինգտոնին ուղղված նախազգուշացումներով հանդես են եկել նաև գործող զինվորականներ: Պաշտոնական հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն ընդգծել է իր ռազմական հզորության հնարավորությունները և ԻԻՀ-ի թշնամիներին դիմակայելու ներուժը, ԱՄՆ-ին զգուշացնելով այն դաժան ճակատագրի մասին, որին նա կարժանանա Իրանի վրա հարձակվելու դեպքում. «Գերիշխանության և մեծամտության համակարգը, հատկապես քրեական, գրգռիչ, կեղծավոր և իր պարտավորությունները դրժած ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարները, պետք է իմանան, որ Իսլամական Իրանի դեմ ագրեսիան նրանց կստիպի արժանանալու մահապատժի ենթարկված Սադամի ճակատագրին»: Պաշտպանության նախարար Խաթամին հայտարարել է, որ Իրանը երբեք փոխզիջման չի գնա իր հրթիռային հզորության հարցում, ընդգծելով Թեհրանի այն դիրքորոշումը, որ Իրանի հրթիռային հզորությունը պաշտպանական բնույթ ունի. «Եթե Իսլամական Հանրապետությունը վերջին 40 տարում իր ուշադրությունն ուղղած լիներ այդպիսի զառանցագին հայտարարություններին, ապա չէր հասնի այսօրվա հզորությանը, փառքին և արժանապատվությանը: Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են դիմակայելու թշնամիների սպառնալիքներին և դավադրություններին: Պատմությունը ցույց է տալիս մեր ժողովրդի դիմակայության հաջողակությունը բոլոր բնագավառներում»: Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հոսեյն Բագերին հայտարարել է, որ բանակն ու նավատորմն այժմ ավելի, քան երբևէ պատրաստ են երկիրը պաշտպանելու արտաքին սպառնալիքներից, և Իրանին պետք չէ որևէ մեկի հավանությունը իր պաշտպանական հզորությունն ավելացնելու պլաններում, հավելելով, որ Ամերիկայի ղեկավարները դարձել են «սիոնիստական վարչակարգի աշխատակիցներ»:

Իրանական բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բրիգադային գեներալ Ահմադռեզ Փուրդաստանը հայտարարել է. «Իրանի ԶՈՒ ռազմական ուսմունքը ձևավորվում է զսպման և պաշտպանության հիման վրա: Մենք որևէ պատերազմ սկսող առաջին երկիրը չենք լինի և չենք ձգտում որևէ երկրի նկատմամբ գերիշխանության, բայց թշնամու սպառնալիքներին հակադարձելու ենք ամենուրեք և ամրացնելու ենք մեր պաշտպանական հնարավորությունները: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ զենք ու զինվածություն ունեն Հորդանանում, ԱՄԷ-ում, Կատարում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան բազաները»:


Առավել հետաքրքիր է Իրանի հանրային հատվածի արձագանքը, առաջին հերթին երիտասարդության, որի հետ «այաթոլահների վարչակարգը» տապալելու իրենց երազանքում մեծ հույսեր են կապում ԱՄՆ-ը և Իսրայելը: Մայիսի 12-ին երկրում հասարակության ներկայացուցիչների, հատկապես ուսանողների՝ կառավարությանն ուղղված հանրագրի ստորագրահավաք սկսվեց, որով երիտասարդությունը, ի պատասխան համաձայնագրից ԱՄՆ-ի նախագահ Թրամփի միակողմանի դուրս գալուն, կառավարությանը կոչ էր անում վերսկսելու միջուկային գործողությունները, որոնք կասեցվել կամ սահմանափակվել էին 2015 թ. միջուկային գործարքի շրջանակում: Հանրագրում, որը պատրաստել էր «Թահիմ վահդատ» («Միասնության ամրապնդում») կազմակերպությունը, որի բաժանմունքները գործում են իրանական բոլոր համալսարաններում, ընդգծվում է Իրանի միջուկային գործունեության վերականգնման անհրաժեշտությունը «ի պատիվ թշնամիների սպանած իրանցի միջուկաբան գիտնականների», հաշվի առնելով ԱՄՆ-ի անօրինապահությունը և իրանական ազգի իրավունքների իրականացման անհրաժեշտությունը: Մարդկանց ներկայացվել էին այն տեքստի պատճենները, որը ներառում էր միջուկային գործարքում ամերիկյան պարտավորությունների ցուցակը, և որոնք խախտվել էին ԱՄՆ-ի կողմից: Ինչպես տեսնում ենք, պսակազերծված են Թրամփ-Փոմփեոյի այն հույսերը, թե շարքային իրանցիները գիտեն «Իրանի ժողովրդի հետ ԱՄՆ-ի իշխանությունների համերաշխությունը», և ավելի շուտ հաստատվում է «Վաշինգտոն փոստի» վերլուծաբան-քննադատների իրավացիությունը, որոնց կողմից, ըստ էության, Սպիտակ տունը և պետդեպարտամենտը մեղադրվեցին մասնագիտական անպետքության մեջ՝ Իրանի իշխանությունների ներքին թուլության մասին Իսրայելից եկող «փսփսոցներին» անտեղի և անհիմն բարձր չափով վստահելու համար: Եվ եթե նույնիսկ մտածենք, թե կառավարությունը «Թահիմ վահդատի» հանրագիրն իրանական հատուկ ծառայությունների կամ բարձրագույն հոգևորականության ինչ-որ մշակումն է, այնուամենայնիվ, ամբողջ Իրանով մեկ մինչև մայիսի 24-ը հավաքված միլիոնավոր ստորագրությունները, այն էլ իրականության հետ այդպիսի սուր կապվածությամբ («ի պատիվ թշնամիների կողմից սպանված իրանցի միջուկաբան գիտնականների»), հուսալի լծակ է, որպեսզի Իրանի «միջուկային թատերգության» եզրափակիչ գործողության մեջ աշխարհին ստիպեն հաշտվել այն բանի հետ, որ ԱՄՆ-ը և Իսրայելը տանուլ են տվել Մերձավոր Արևելքի համար գոտեմարտը և` ոչ միայն այդ տարածաշրջանի:


Այաթոլահ Խամենեիի վերջնագիրը հնչեցվեց մայիսի 24-ին, երկրի իշխանության երեք ճյուղերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ: Նա Եվրոպային կոչ արեց ԱՄՆ-ի կողմից միակողմանիորեն ԳՀՀՊ-ի խախտումը դատապարտող բանաձև ընդունել: Եվրոպական երկրները, ըստ նրա, պետք է երաշխավորեն, որ հարց չեն բարձրացնի Իրանի հրթիռային ծրագրի մասին և չեն միջամտի նրա տարածաշրջանային քաղաքականությանը, առավել ևս՝ Իրանի ներքին գործերին: Ըստ ԻԻՀ Գերագույն առաջնորդի, Եվրոպան պարտավոր է հակազդելու Իրանի դեմ ուղղված ամերիկյան պատժամիջոցներին: Նա նաև երաշխիքներ պահանջեց, որ իրանական նավթն ամբողջությամբ վաճառվի, չնայած ԱՄՆ-ի գործողություններին: «Եթե ԱՄՆ-ին հաջողվի խանգարել մեր նավթի վաճառքին,- ասաց Խամենեին,- մենք պետք է հնարավորություն ունենանք վաճառելու մեր ցանկալի ծավալով վառելիքը: Եվրոպացիները պետք է երաշխիքների ձևով փոխհատուցեն դա և գնեն իրանական նավթը»: Բացի դրանից, Խամենեին եվրոպական բանկերից պահանջեց գործառնություններ կատարելու երաշխիքներ: Ըստ նրա, Իրանը հակամարտություններ չունի Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ, բայց ընդգծեց, որ Իրանում նրանց չեն վստահում՝ ելնելով նախկին փորձից: Ընդ որում, նա զգուշացրեց, որ եվրոպական երկրների պատասխանի չնչին ուշացման դեպքում Իրանն իրեն իրավունք է վերապահում վերականգնելու իր միջուկային գործունեությունը: Իսկ Եվրոպային տված ժամկետը սեղմ է. ըստ փոխարտգործնախարար Արակչիի, «եվրոպացիները հնարավորություն ունեն 45 օրից մինչև 2 ամիս ժամկետում տրամադրելու անհրաժեշտ երաշխիքները Իրանի շահերն ապահովելու և գործարքից Ամերիկայի դուրս գալով Իրանին հասցրած վնասները հատուցելու համար»: Եվ որպեսզի ԱՄՆ-ն ու Եվրոպան դադարեն կասկածելուց Իրանի վճռականությանը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարեց. «Իրանն սկսել է գործակցությունը Ռուսաստանի հետ ԳՀՀՊ-ի իրականացումից հետո կայուն իզոտոպների հարստացման բնագավառում, բայց մինչև ԳՀՀՊ-ի կնքումը մենք նոր էինք սկսել ուրանի հարստացումը»։ Սալեհին հավելել է նաև, որ Իրանն սկսել է կառուցել ևս երկու ԱԷԿ։ Կյանքը շարունակվում է, և Իրանը մտադիր չէ սպասելու ԱՄՆ-ի ողջամտությանը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ