USD482.27
EUR567.63
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Հեղափոխության նավը կարող է հայտնվել ծանծաղուտում

Հեղափոխության նավը կարող է հայտնվել ծանծաղուտում
12.06.2018 | 00:27

Կառավարության կազմի ձևավորումից հետո արդեն տեսանելի էին հայեցակարգային որոշ խնդիրներ, որոնք տեղ ունեն Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ երկրի զարգացման տեսլականում:


Առաջին այդպիսի հանգամանքն այն էր, որ կառավարության կառուցվածքի փոփոխություն չէր նախատեսվում: Դրա անհրաժեշտությունը կառաջանար, եթե երկրի զարգացման մասին նոր կառավարության պատկերացումներն ու մոտեցումները տարբերվեին նախորդ կառավարության մոտեցումներից: Այսինքն, տնտեսական մոդելի փոփոխություն, անգամ նույն մոդելի շրջանակներում մարտավարական բնույթի փոփոխություններ էլ չեն նախատեսվում:
Այս մեկ փաստն արդեն բավարար է վստահ ասելու, որ այս ժամանակավոր (կոալիցիոն) կառավարության գործունեությունից մեծ ակնկալիքներ ունենալ չի կարելի: Կառավարության գործունեությունը, զարգացման ինչպիսի տոկոսներ էլ որ ներկայացվեն, ունենալու է ցածր արդյունավետություն:


Նախորդ իշխանություններն իրենց ղեկավարած պետությունն անվանում էին սոցիալական ուղղվածություն ունեցող: Այդ պետության մեջ էր, որ արմատավորվել էին գործազրկությունն ու արտագաղթը, աղքատության բարձր մակարդակը և ունեզրկման անկասելի գործընթացները: Դրանք շատ առումներով պայմանավորված էին իշխանությունների ստեղծած տնտեսական (կարելի է ասել հակատնտեսական) միջավայրով՝ տնտեսությունը սպանող օրենքներ, մենաշնորհներ, կոռուպցիա… Բայց կան նաև օբյեկտիվ պատճառներ, որոնք անգամ ազնիվ պաշտոնյայի պարագայում թույլ չեն տա իշխանություններին իրականացնել իրենց սոցիալական ծրագրերի մինիմումը: Այդ պատճառները տեղադրված են տնտեսական մոդելի մեջ, որն ընտրվել էր (կամ նրանց պարտադրվել էր) նախորդ իշխանությունների կողմից և որով առաջնորդվելու է Փաշինյանի կառավարությունը:


Երկրորդ խնդիրը, որ տեսանելի էր կառավարության կազմից, էկոնոմիկայի և տնտեսական զարգացման նախարարությունը ՀՅԴ-ին հանձնելն էր: Դիտավորությու՞ն՝ չեմ կարծում: Սա նշանակում է, որ վարչապետը տնտեսության զարգացման սեփական ամբողջական հայեցակարգ չունի կամ գուցե չի կարևորում դրա առկայությունը: Այս դեպքում դրանք հավասար նշանակություն ունեն: Ըստ էության, բավարար են թվում մի քանի ուղենիշներ՝ կոռուպցիայի դեմ պայքար, մենաշնորհների դեմ պայքար, Սփյուռքից ներդրումներ:
Դեռ հասկանալ է պետք, թե ինչ է նշանակում մենաշնորհների, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքար: Այն, ինչ արվում է այսօր ԱԱԾ-ի միջոցով սուպերմարկետներում և մաքսային ոլորտում, իրական անելիքի համեմատությամբ մանկական թոթովանք է: Առաջին հերթին այդպիսի աշխատանքների իրականացումը մեկ ծառայության վստահելը նպատակահարմար չէ տարբեր պատճառներով, նաև՝ կոռուպցիոն ռիսկերի: Այդպիսի աշխատանքը պետք է կատարվի մի քանի (համապատասխան) գերատեսչությունների մասնագետների խմբի միջոցով, որոնք գիտեն, թե որտեղ ինչպիսի կոռուպցիոն սխեմաներ կարող են գործել, և որտեղից պետք է սկսել ցանկալի արդյունքի հասնելու համար:


Այն վստահությունը, որ Սփյուռքը պատրաստ է հսկայական ներդրումներ անելու հեղափոխությամբ մաքրագործված հայրենիքում, դա շատ լավ է: Մեր երկրում արդեն մի քանի տասնամյակ այնպիսի թալան ու ավերածություն է կատարվել, որ յուրաքանչյուր, անգամ ոչ մեծ ներդրում, ուր մնաց այդպիսի քայլերի շարքը կարող են ոգևորել ժողովրդին, կյանքը արագ շտկելու հույսեր արթնացնել: Բայց այդ տասնամյակների բեռը նման ճանապարհով շտկելու համար նույնպես տասնամյակներ կպահանջվեն:
Մյուսը ֆինանսների նախարարի նշանակումն էր և դրա հետ փոխկապակցված՝ ԿԲ նախագահին իր պաշտոնում պահելը: Ես մեծ թերահավատություն ունեմ, որ բազմաթիվ տարիներ հանրապետական իշխանությանը սրտով և հոգով ծառայած այս չինովնիկները վայր կդնեն հին գործելաոճն ու հին նպատակները և ազնվորեն կծառայեն՝ այժմ էլ համաժողովրդական նպատակներին:


Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում թե՛ Կենտրոնական բանկի գործառույթների, թե՛ ֆինանսական հոսքերը կառավարելու վերաբերյալ նոր կառավարության պատկերացումների մասին:
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ վարչապետի արտահայտած կողմնորոշումն էլ առանձնապես շատ բան չի նշանակում: Մենք համանախագահների հետ (իհարկե, նրանց կողմից այդպիսի համաձայնության դեպքում) կարո՞ղ ենք համոզել Ադրբեջանին, որ բանակցային սեղանին մոտ թողնի Արցախին:
Այժմ վերադառնանք կառավարության ծրագրին:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, կարծես, ամեն ինչ հասկանալի է և ընդունելի: Կառավարությունը պատրաստվում է առավելագույնը մեկ տարվա ընթացքում անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կառավարությունն առաջարկում է բացառել ռեյտինգային ընտրական համակարգը և անցնել լիարժեք համամասնական համակարգի, միաժամանակ երաշխավորում է, որ մի շարք մեխանիզմների կիրառմամբ կապահովի ազատ, թափանցիկ ընտրությունների անցկացում, կերաշխավորի ընտրողների ազատ կամարտահայտումը:


Արտաքին անվտանգության ոլորտում ձևակերպված նպատակների, անելիքների, մոտեցումների առումով ոչ մի տարբերություն չկա նախորդ իշխանությունների գործելաոճից: Նույնքան ընդհանուր ձևակերպումներ, նույնքան էլ հասանելի (անհասանելի) արդյունքներ:
Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ես իմ մոտեցումն արտահայտել եմ «Իրատեսի» էջերում («Արցախյան հիմնախնդիր. ինչպես փոխել օրակարգը»): Մենք պետք է կարողանանք փոխել բանակցային օրակարգը, այն դարձնել մեզ համար նպաստավոր: Իսկ մեծ հաշվով, իմ կարծիքով, խնդրի լուծման ճանապարհը Արցախը Հայաստանին միավորելն է: Թե ինչ արձագանք կստանա դա դրսում (որոնց նույնպես պետք է նախապատրաստվել), կամ ինչ խնդիրներ կարող են առաջանալ ներսում, դառնում են երկրորդական, եթե մենք իրոք կարողանում ենք փոխել բանակցությունների օրակարգը: Դրա համար կան գործադրելի մեխանիզմներ:
Անհասկանալի է նաև վարչապետի վերաբերմունքը սահմանին կանգնած մեր զինվորներին խոցելու հակառակորդի գործողությունների վերաբերյալ: Տեսանք, որ վարչապետն այցելեց վիրավորված զինվորին: Աջակցություն: Ոչ ավելին:


Իսկ ի՞նչ է անում Ադրբեջանը: Մեր իշխանություններին միառժամանակ ուսումնասիրելուց հետո նա վերադարձավ իր հին գործելաոճին: Մեր դիրքապահների վրա կրակելով հակառակորդն ավելի խոր պելենգավորում է իրականացնում, ճշգրտում՝ կլինե՞ն իրական տարբերություններ նոր իշխանությունների մարտավարության մեջ, թե՞ իրենք ազատ են վերադառնալու նախ հին գործելաոճին, ապա և հին հռետորաբանությանը: Մինչդեռ հենց սկզբում, առաջին իսկ փորձի դեպքում մեր ճիշտ և հաշվարկած պատասխանը ի զորու է շատ բան փոխելու իրավիճակում: Եվ մեր զինվորները խոցվում են:
Եթե այժմ մենք գործենք, ինչպես նախորդ իշխանություններն էին անում, այսինքն՝ գերադասենք խնայել փամփուշտն ու առիթ չտալ հակառակորդին մեզ որպես ագրեսոր ներկայացնելու, ապա դրանով մենք բացում ենք դուռը նրա առաջ՝ նորից անվերահսկելի պահվածք դրսևորել հակամարտության ողջ գծի երկարությամբ և մեր զինվորների անվտանգությունը դնել հարցականի տակ: Սա նաև ուղիղ ճանապարհ է դեպի նոր պատերազմ (թանկացող նավթի պայմաններում):


Առողջապահության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը դիտարկվում է որպես ելք: Դա նույնքան արժանահավատ է, որքան կուտակային հիմնադրամի միջոցով կենսաթոշակառուների վիճակի բարելավումը: Այսօրվա իրողությունների տեսանկյունից դա թյուր պատկերացում է: Խնդիրը մատուցվող ծառայությունների որակն ու գներն են որպես ամենաառաջին պայման:
Տնտեսության մեջ մենաշնորհների գոյության մասին կարծիք է հայտնվում, որ «Մենաշնորհային երևույթների գոյությունը պայմանավորված է հիմնականում երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակում համապատասխան քաղաքական որոշումների կայացմամբ: Հետևաբար այդ երևույթների վերացումը նույնպես քաղաքական որոշման խնդիր է»: Մենաշնորհի առաջացման համար իրոք կարող է քաղաքական որոշման առկայությունը բավարար լինել, սակայն դրա վերացման համար քաղաքական որոշումը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
Նույն կերպ՝ «Ստվերային շրջանառության ծավալները համաձայնեցված և որոշված են եղել իշխանության ներկայացուցիչների հետ և հետևաբար դրանց կրճատման հնարավորությունը իրական է»: Մասամբ, որովհետև իշխանության ներկայացուցիչների հետ կայացված համաձայնությունները բավարար չեն հասկանալու համար ստվերը կառուցելու մեխանիզմները:


Մեկ այլ միտք ծրագրից. «Տնտեսության իրական հատվածում ներդրումների կատարումը խթանելու նպատակով բազմակողմանիորեն ուսումնասիրվելու են կապիտալի և եկամուտի հարկումից աստիճանաբար սպառման հարկման վրա շեշտադրում կատարելու հնարավորությունները»:
Սա ուղղակի ծառայություն, ոչ, հաճկատարություն է կապիտալին: Նախ, այստեղ առանձնապես ուսումնասիրելու բան էլ չկա, առավել ևս՝ բազմակողմանիորեն: Այս մոտեցումն ընդհանրապես հակատնտեսական է: Պատկերացրեք, որ այդ ներդրման արդյունքը միտված է արտահանման: Այս դեպքում որտե՞ղ գտնել և ինչպե՞ս հարկել սպառողին (եթե մանրամասների մեջ չմտնենք):
Ֆինանսների կառավարման վերաբերյալ. «Կառավարությունը նպատակ է դնում աստիճանաբար վերանայել պետական կամ համայնքային հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը»: Ինչու՞ աստիճանաբար: Այստեղ անժխտելի են ոլորտը ղեկավարող կադրերի մասնավոր նպատակները:


Տարիներ շարունակ (Տ. Սարգսյանի՝ ԿԲ նախագահությունից սկսած) ձևավորվում էին տարբեր արտաբյուջետային հաշիվներ, որոնցում կուտակվում էին զգալի գումարներ: ԿԲ գործիքակազմում գտնվող և տեսանելի սխեմաներով վերացվում էին այդ գումարների ծագման, ծավալների, տեղաշարժի վերաբերյալ տեղեկությունները (պարզ՝ այդ փողերը լվացվում էին) և հեռացվում պետական տնօրինության տարածքներից: Այդ կերպ երկար տարիներ հսկայական միջոցներ են խուսափել բյուջե տանող ճանապարհներից:
Այդպիսի արտաբյուջետային հաշիվներ ունեն իրենց հարգող բոլոր գերատեսչությունները: Ընդհանրապես նոնսենս է, երբ պետական ծառայություն իրականացնող գերատեսչությունն իր բուն գործառույթի հետևանք հանդիսացող ինչ-որ մուտքեր կարող է կուտակել ոչ բյուջետային հաշիվներում (ասենք՝ մաքսայինը):
Այս համատեքստում նոր կառավարության ամենակարևոր խնդիրներից մեկը Կենտրոնական բանկի նախագահին օր առաջ կառավարումից հեռացնելը պետք է լիներ և իրական աուդիտ կամ հետաքննություն սկսելը ԿԲ-ում: Դրա համար բավարար պատճառ էր հենց այն հնարավոր ֆինանսական արտահոսքերի կանխումը, որը, որքան էլ ԿԲ նախագահը հավաստիացնի, թե չի եղել, արդեն կատարված փաստ է:


Կառավարությունը պարտավորվում է առևտրային բանկերի նկատմամբ ՀՀ բնակչության ունեցած ֆինանսական պարտավորություններն ազատել տույժ-տուգանքների բեռից: Դա լավ է: Սակայն ոչ բավարար: Բնակչության՝ ցածր եկամուտներ ունեցող ողջ հատվածի գրեթե ողջ ունեցվածքը գտնվում է երկրիս առևտրային բանկերում՝ անշարժ և շարժական գույքից մինչև ոսկեղենը: Այդ իրավիճակի համար առաջին պատասխանատուն պետությունն է, թեկուզ նախկին իշխանությունների տեսքով, և դրա մեկնաբանման անհրաժեշտությունը չկա: Որպես իրավահաջորդ, ներկա կառավարությունը պարտավոր է հասարակության այդ հատվածի ունեցվածքը հետ գնել բանկերից: Դրա համար կարող է պիտանի լինել այդ գումարների՝ որպես պետական ներքին պարտք ձևակերպելու տարբերակը: Այդ գործընթացում գերակա պետք է համարվի պետության ու ժողովրդի շահը: Ձևակերպված ներքին պարտքի մարման ճանապարհները կարող են լինել բազմազան՝ կախված պետության և մասնավոր բանկերի շահերի համապատասխանեցման հնարավորություններից:


Տնտեսության զարգացման սոցիալական էֆեկտի, զբաղվածության աճի և աղքատության հաղթահարմանը վերաբերող գլխում կարդում ենք. «Մինչդեռ հարկավոր է կիրառել տնտեսական զարգացման և ստեղծված արժեքի բաշխման այնպիսի մոդել, որը հնարավորություն կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իր վրա զգալու տնտեսական աճի հետևանքները»: Այս ամենը, որ կոչվում է կառավարության ծրագիր, հենց այստեղից էլ պետք էր սկսել: Բայց քանի որ այդպես չի եղել, մեզ մնում է ենթադրել, որ այս նախադասությունը պարզ ծաղկաքաղի արդյունք է և հայտնվել է ենթատեքստից դուրս:
Տնտեսության զարգացման գերակա ուղղություններ են սահմանվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության համակցված զարգացումը, գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը:


Եթե ոչ սխալ, ապա գոնե անհասկանալի մոտեցում: Այդ դեպքում այս կառավարությունից ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ այն քաղաքացիները, ովքեր ՏՏ ոլորտի մասնագետներ չեն, գյուղում չեն ապրում և սպասարկման ոլորտում ներգրավվելու պարամետրեր չունեն:
Չնայած գյուղացիների համար էլ մխիթարական բան չկա: Կառավարության ծրագրի՝ այդ ոլորտին վերաբերող մասից մի հատված կարող ենք մեջբերել պատկերացնելու համար, թե ինչ սպասել գյուղատնտեսությունից. «Կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկելու չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերը ըստ նպատակի օգտագործելու ուղղությամբ: Այս նպատակին հասնելու համար պետք է դրամատիկ ջանքեր գործադրել նոր խթաններ ու մեխանիզմներ մշակելու ուղղությամբ»: Այս բառապաշարը հուշում է, որ ծրագրի հեղինակները չունեն հստակ պատկերացում անելիքի մասին:
Զբոսաշրջությանը չանդրադառնանք, որովհետև շատ զգացմունքային է:
Հնարավոր չեմ համարում այսպիսի ծրագրով լուրջ հաջողությունների հասնել: Առավել ևս տնտեսության մեջ, որտեղ հաջողություն ունենալը կնշանակի հասարակության և երկրի առաջ կանգնած բոլոր խնդիրների լուծման հնարավորություն՝ պաշտպանունակությունից ու ներքին անվտանգությունից մինչև գիտական, կրթական, մշակութային և սոցիալական հիմնախնդիրները:


Մեկ քայլով համաժողովրդական ալիքի բարձրանալու բուն պատճառը ժողովրդի սոցիալ-տնտեսական ծայրահեղ ծանր վիճակն էր, սեփական երկրում ապրելու անհնարինությունը, մեր պետականության հետևողական կործանման հեռանկարը:
Նախորդ վարչապետն իր նախագահության տարիներին իշխանությունը ծառայեցրել էր այդ նպատակին և ինքը դարձել էր արդեն դրա խորհրդանիշը:
Երիտասարդությունը, որ լծվեց նրան իշխանությունից հեռացնելու գործին և պատվով կատարեց այն, այժմ արդեն սպասում է փոփոխությունների: Եվ ոչ միայն երիտասարդությունը, ողջ հասարակությունն է սպասում փոփոխությունների: Էական փոփոխությունների: Եվ դրանք առաջին հերթին տնտեսության մեջ սպասվող փոփոխություններն են:


Մեր բոլոր մտահոգությունները կարելի է ամփոփել մեկ նախադասությամբ. համաժողովրդական շարժման ալիքի վրա Հանրապետության հրապարակ մտած հեղափոխության նավը կարող է հայտնվել ժամանակավոր կառավարության ծանծաղուտում:

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1880

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ