Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Չեմ ուզենա, որ այս հեղափոխությունից օգտվողները լինեն պատեհապաշտները, հարմարվողներն ու հաճախակի ճամբարափոխները»

«Չեմ ուզենա, որ այս հեղափոխությունից օգտվողները լինեն պատեհապաշտները, հարմարվողներն ու հաճախակի ճամբարափոխները»
12.06.2018 | 00:23

Հայաստանում տեղի ունեցած «սիրո ու համերաշխության հեղափոխությունից» հետո երկրում ո՛չ սիրո, ո՛չ էլ հանդուրժողականության մթնոլորտ է տիրում: Այլակարծության և, հատկապես, ներկա իշխանություններին չգովելու համար թե՛ ռեալ կյանքում, թե՛ վիրտուալ տիրույթում մարդիկ քարկոծում են իրենց հարազատներին, բարեկամներին, ընկերներին ու անծանոթներին: Քարկոծումը մեղմ է ասված, ու եթե ինչ-որ մեկը իր կարծիքը հայտնելիս համարձակվում է «չաստվածացնել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ապա, վիրավորանքներից զատ, անիծում, հայհոյում ու սպառնում են նրան:


«Իրատեսի» հետ զրույցում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ երևույթը բնորոշ է բոլոր հեղափոխություններին, բայց դա չի նշանակում, որ բոլոր երկրների դեպքում հետհեղափոխական էյֆորիան անցնում է նույն ժամանակահատվածում: Հետևաբար՝ կոնկրետ ժամկետներ չկան, որ սպասենք, ու այն անցնի:


«Ես կարծում եմ, որ էյֆորիկ այս վիճակն ամիսներ դեռ կպահպանվի, մանավանդ որ նոր կառավարությունն ու իշխանությունը թույլ չեն տալիս այնպիսի վրիպումներ, որ լուրջ հիասթափությունների տեղիք տան, ու մարդիկ միանգամից սթափվեն: Իհարկե, կան տարբեր սպասումներ, հասարակության տարբեր շերտեր տարբեր տեմպերի մեջ են ուզում տեսնել կառավարության աշխատանքի արդյունքը, բայց բոլորի հույսերը միանգամից արդարացնել, անկասկած, չի ստացվի: Փորձելով լուծել բիզնեսը ստվերից օրինականության դաշտ բերելու, պետական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակության հետ հետադարձ կապի հաստատման հարցերը՝ նոր իշխանությունները ջանում են չկորցնել արդեն իսկ ունեցած բարձր վարկանիշը: Իսկ եթե կառավարության ծրագրի հաստատումով պարզ դառնա, որ գնում ենք դեպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա, կարծում եմ` ընտրությունները կարող են վերջ դնել հետհեղափոխական էյֆորիային»,- ասաց նա:


Նշենք, որ սոցիալական ցանցերում հայհոյանքները երբեմն նույնիսկ լրատվամիջոցներին են ուղղված լինում քննադատական որևէ հրապարակման համար, և այդ մասին անգամ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոսեց ապագա լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ ասելով. «Հանգիստ թողեք լրագրողներին, թողեք աշխատեն ու քննադատեն»:
Սաֆարյանը, անդրադառնալով տիկին Հակոբյանի այս խոսքերին, ասաց՝ հուսով է, որ նրա ուղերձը տեղ կհասնի: Ապա ավելացրեց, որ Հակոբյանի այդ կոչից հետո վիրտուալ հարթակում արդեն իսկ որոշակի փոփոխություն զգացել է, և մարդիկ որոշակիորեն զսպվածություն են ցուցաբերում մեկնաբանություններ գրելիս:


«Այն ագրեսիվությունը, որ կար իմ ընկերների ու ինձ հանդիպող քննարկումների ձևաչափում, այժմ այդքան շատ չէ: Իհարկե, խնդիրը դեռ կա հանրային քննարկման հարթակներում: Ցավալիորեն ոչ բոլորն են հասկանում, որ մտքերը պետք է քաղաքակիրթ ձևով արտահայտել՝ առանց անձնական վիրավորանքների ու հայհոյանքների, իսկ տարբերվող տեսակետի նկատմամբ առավել քան հարգալից լինել: Ճիշտ քայլ էր վարչապետի կնոջ քայլը, ու դատելով, թե այժմ ինչքան մարդ է հետևում նրան, հուսով եմ, որ այդ մարդիկ կփոխեն իրենց վարքագիծ` այդ ագրեսիվությունը, որ երբեմն հակառակ ճամբարի նկատմամբ ատելության է վերածվում, կթուլանա»,- ընդգծեց քաղաքագետը:


Մեր հարցին` ինչի՞ կարող է հանգեցնել տևական ժամանակ էյֆորիկ տրամադրության ազդեցության տակ մնալը, Սաֆարյանը պատասխանեց՝ ճամբարավորման: Բայց և նշեց, թե չի կարծում, որ մեր իշխանություններին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք է այդ ճամբարավորումը, քանի որ Հայաստանն առանց այն էլ չափից շատ ճամբարավորված ու «թայֆայացված» է եղել:
«Վստահաբար կարող եմ ասել, որ ճամբարավորումը, խրամատավորումն ու ներքաղաքական կյանքը փոխհրաձգության վերածելը՝ պատերազմի օրենքներով, ատելությամբ ու կապիտուլյացիայի կանոններով առաջնորդվելն անցանկալի են հենց Փաշինյանի կառավարության համար, որովհետև նա այդպես չի կարողանա կառավարել ոչ միայն այն մեծամասնությանը, որ իրեն սիրում ու համակրում է, այլև այն փոքրամասնությանը, որի վարչապետն է հիմա՝ անկախ նրանից՝ այդ մարդիկ իրեն սատարու՞մ են, թե՞ ոչ»,- առավել մանրամասն ներկայացրեց վերջինս:


Էյֆորիկ իրավիճակի մյուս դրսևորման՝ պատեհապաշտության մասին Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ դա վկայում է Հայաստանի արժեքային համակարգի դեգրադացիայի մասին: Ըստ նրա՝ երևույթին մեծապես խթանել է նախկին իշխանությունը՝ տուրք տալով քծնանքին, հաճոյախոսությանն ու սպասարկու լինելուն:
«Նախկին իշխանությունները գուցե չէին հասկանում, որ իրենց նկարները «լայքողները» ոչ թե իրենց, այլ իրենց իշխանությունն են սիրում: Այս կտրվածքով՝ ունենք այդ նույն վարքագծի շարունակությունը, երբ նախկին իշխանություններին հաճոյացած մարդկանց այժմ էլ տեսնում ենք նոր իշխանություններին քծնելիս: Բավականին զավեշտալի է, երբ նկատում եմ, որ սոցցանցի այս կամ այն օգտատիրոջ ընկերների ցանկը սկսում է միանգամից աճել, ինչ է թե նրան խորհրդական կամ օգնական են նշանակել նոր կառավարությունում: Բայց ուզում եմ հավատալ, որ այս փսիխոզը ավարտվելուց հետո նմանները կհասկանան, որ սա արդեն այլ երկիր է, ու պաշտոնյաներին քծնելն այլևս մոդայիկ չէ: Իրոք, անկեղծ ուզում եմ հավատալ դրան: ՈՒզում եմ հավատալ նաև, որ մեր իշխանությունները տուրք չեն տա և առաջ չեն քաշի այդ քծնողներին»,- շեշտեց ԱԺ նախկին պատգամավորը:


Մեր մյուս դիտարկմանը, թե նոր իշխանությունները, փաստորեն, մեծ անելիք ունեն մարդկանց իրական կյանք հետ բերելու և, իրավ, սիրո ու համերաշխության մթնոլորտ ստեղծելու հարցում, քաղաքագետ Սաֆարյանը դրական արձագանքեց: Բայց և նկատեց, որ կարող են լինել մարդիկ, որոնք իշխանափոխությունը որպես սեփական ռևանշի հնարավորություն են դիտարկում, մյուսները՝ համակարգից դուրս մնացած մարդկանց իրենցով փոխարինելու հնարավորություն, մեկ այլ հատված՝ պատեհապաշտությամբ և այլն:
«Անկեղծ ասած՝ շատ կտխրեմ, եթե այդ որակի մարդիկ գնահատված լինեն, իսկ սկզբունքային, իրենց դիրքորոշումը չփոխած, քննադատությամբ հանդես եկող ու արժեքային հստակ համակարգ ունեցող անձինք՝ ոչ: Կարճ ասած՝ չեմ ուզենա, որ այս հեղափոխությունից օգտվողները լինեն պատեհապաշտները, հարմարվողներն ու հաճախակի ճամբարափոխները»,- եզրափակեց Ստյոպա Սաֆարյանը:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ