Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Համայնքը կդառնա՞ Նյու Վասյուկի

Համայնքը կդառնա՞ Նյու Վասյուկի
12.06.2018 | 00:34

Տավուշի ամենահին բնակավայրերից մեկը՝ Աչաջուր համայնքը, որը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից, մարզի ամենամեծ ու գեղեցիկ համայնքներից է: Աչաջուրը միշտ էլ աչքի է ընկել բնակչության աճով, ներկայիս Հաղարծին և Թեղուտ գյուղերը հիմնադրվել են Աչաջրից տեղափոխված բնակիչներով: Գյուղի անվանումը ծագել է երկու վտակների միախառնումից, ինչպես տեղաբնակներն են ասում՝ «աչայից»: Համայնքն առաջին հերթին աչքի է զարնում խիտ ու փարթամ այգիներով, գեղեցիկ տներով, սուպերմարկետով, փողոցներում տեղակայված երթևեկության նշաններով, ընդարձակ ֆուտբոլի դաշտով ու Աչաջրի ֆուտբոլային ակումբով, որում ընդգրկված են 11-17տարեկան 78 տղա և 18 աղջիկ: Ակումբը ստեղծվել է 2004 թ. տեղաբնակ Վաղարշակ Ղալթաղչյանի շնորհիվ: Այսօր ֆուտբոլային ակումբին շարունակում են աջակցել նրա որդիները: Թիմերը Վրաստանում անցկացվող միջազգային մրցաշարերում հաղթող են ճանաչվել: Ի դեպ, ֆուտբոլի պարապմունքներն անվճար են:


«ՄԵՐ ԳՅՈՒՂԸ ՔԱՂԱՔԻ ՊԵՍ ՄԵԾ Է»


Համայնքով կարելի է հիանալ, քանի դեռ անտեղյակ ես ներքին խնդիրներին: Իսկ դրանք քիչ չեն: Շուրջ 5000 բնակչություն ունեցող համայնքում աշխատատեղերի բացակայության պատճառով տարեկան 800-1000 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի, մնացողները զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Ընտանիքները հիմնականում ապրում են դրսից ուղարկված գումարներով: Աչաջուր համայնքի նորընտիր ղեկավար Կարեն Ղալթաղչյանի խոսքով՝ վերջին տարիներին գյուղից անվերադարձ մեկնել է 2-3 ընտանիք, սակայն նախկին մեկնածներից վերադարձողներ էլ կան:


Սահմանամերձ Տավուշի մարզում Իջևանի տարածաշրջանի համայնքների խոշորացումը նախատեսվում էր իրականացնել 2018 թվականի փետրվարին: Հավանական է, որ Իջևանի տարածաշրջանի 19 համայնքները միավորվելով՝ կազմեն ոչ թե մեկ, այլ խոշոր 3 համայնք՝ Իջևանը, Ազատամուտը և Աչաջուրը: Սակայն Կարեն Ղալթաղչյանի խոսքով չի բացառվում նաև Աչաջրի միացումը Իջևան քաղաքին: «Բայց մեր գյուղը քաղաքի պես մեծ է, ինչու՞ միանա: Եվ հետո, ոչ ոք համայնքների խոշորացումից գոհ չէ, դա աբսուրդ ծրագիր է»,- համոզված է համայնքապետը:


2017 թ. նոյմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Աչաջրի համայնքապետ ընտրված Կարեն Ղալթաղչյանի նախընտրական ծրագրի դրույթներից էին գյուղամիջյան ճանապարհների հիմնանորոգումն ու ոռոգման ցանցի բարեկարգումը: Աչաջրի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Յուրիկ Միրզոյանը ավելացնում է նաև շուրջ 650 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցումը:
«Համայնքի հավաքագրվող եկամուտների չափը 30 մլն դրամ է, իսկ դոտացիան՝ 72 մլն դրամ: Բյուջեի 70 տոկոսը հատկացվում է աշխատավարձերին, հանրակրթական դպրոց ունենք, որտեղ 700 աշակերտ է հաճախում, ունենք երաժշտական դպրոց, լավ կահավորված բուժկետ, այդ ամենը ծախսեր է պահանջում: Անցյալ տարի համայնքում 110 երեխա է ծնվել, այս տարի թիվը նվազել է,- պատմում է Յուրիկ Միրզոյանն ու հավելում,- համայնքային սեփականություն հանդիսացող հողերը 6000 հեկտար են, որի 10 տոկոսն է մշակվում: Դե, գիտեք, գյուղատնտեսությունն ինքնին ռիսկային ոլորտ է, անգամ զարգացած երկրներում մշակովի հողերը կազմում են 2, լավ, թող 5 տոկոս լինի, դրանից ավելին չկա: Մեր համայնքի հողերը եկամտաբեր չեն, ուստի հիմնականում խոտհարքներ են»:


Զրույցը շարունակում եմ Կարեն Ղալթաղչյանի հետ: Պարզվում է, որ բնակիչների զգալի մասը զբաղվում է անասնապահությամբ, սակայն գյուղում չկա կաթի վերամշակմամբ զբաղվող արտադրություն, իսկ մթերող կազմակերպությունները չեն ցանկանում մթերել կաթը, քանի որ 1 լիտր կաթի դիմաց իրենց առաջարկած 100-150 դրամը ձեռնտու չէ գյուղացիներին: Վերջիններս էլ 300 դրամով կամ իրենք են վաճառում, կամ հանձնում են վերավաճառողներին:

«ԲԱ ՈՐ ԹԵՐԹ ՉԵՆՔ ԿԱՐԴՈՒՄ, ՈՐՏԵՂԻ՞Ց ԵՆՔ ԻՄԱՆՈՒՄ, ՈՐ ԼԱՎ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ»


«Մի քանի տարի առաջ թերթերից իմացանք, որ կառավարությունը շվեյցարական կովեր է ներկրել, բայց թե ի՞նչ եղավ, ինչի՞ ժողովրդին չտվեցին: Ժուռնալիստները գյուղացիներին հարցնում են, դե լավ, գոնե թերթ կարդու՞մ եք, նրանք էլ թե՝ բա որ չենք կարդում, ի՞նչ գիտենք՝ լավ ենք ապրու՞մ, թե՞ չէ: Հիմա, ասեմ, թերթերում էր գրված, որ շվեյցարական կովեր են բերել, բա ի՞նչ եղան»,- ասում է Յուրիկ Միրզոյանը:


Աչաջուր համայնքում կոոպերատիվ տնտեսություններ չկան, գյուղտեխնիկա չկա, եղածն ընդամենը 2-ն են՝ մի տրակտոր ու մի խոտ հնձող ու կապող մեքենա: ՈՒ քանի որ մարզում անձրևների շրջանը երկար է ձգվում, ժամանակին չհավաքված խոտի կորուստը մեծ է լինում: Դեպի դաշտեր գնացող համայնքային ճանապարհների որոշ հատվածներ քամու, ձյան ու անձրևի պատճառով վնասներ են կրում, լինում են նաև քարաթափումներ:


Հարկերից ազատված սահմանամերձ համայնքների ցանկում Աչաջուրն ընդգրկված չէ, թեև անբարենպաստ եղանակային պայմաններից գյուղացիները շատ են տուժում:
Աչաջուրը 95 տոկոսով գազիֆիկացված է, թեև ձմռան երկար ամիսներին քչերն են օգտվում երկնագույն գազից: Անտառի «քթի» տակ ապրող համայնքի բնակիչները անտառը չեն հատում, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ստանում է իր չափաբաժին 8 խորանարդ մետր թափուկը ¥ծառերի մանր կտորտանքները¤: ՈՒ քանի որ տարիներ առաջ բնակիչների կացնից անտառները նվազել էին, համայնքապետի պատմելով` աչաջուրցիներից մեկը սեփական միջոցներով հողատարածք է գնել և որոշել է անտառ հիմնել:

«ՏՈՒՆ ՉԿԱ, ՈՐ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆԱ, ՀԱՄԱ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՐՑԸ ԴԺՎԱՐ Է»


Համայնքի ամենասուր խնդիրները եղել և մնում են ոռոգման ջուրն ու անբարեկարգ ճանապարհների վիճակը: Գյուղը խմելու ջրով հիմնականում ապահովված է, թեև խմելու ջրագծի ներքին ցանցը տասնամյակների վաղեմություն ունի: Աչաջրի բնակիչ Ցոլակ Նազինյանը 6000 մետր խաղողի այգի ունի, թեև պոմպակայանների միջոցով գյուղ հասնող ջրով ոռոգում է այգիները, սակայն վճարման հարցում նեղվում է, ժամը 4000 դրամ արժե, իսկ ամբողջ այգին ջրում է 8 ժամում, որը մեծ գումար է կազմում: «Ստիպված մեկ անգամ եմ ջրում, շատ թանկ ա գալիս: Գյուղում գետ կա, կոչվում ա Աչաջուր, բայց նաև Գրվանքա են ասում, գարնանը էդ ջրով ենք ջրում հողերը, դա էժան է, ժամը 1500 դրամ ու ինչքան ուզում ես ջրի: Խմելու ջուրը նախկինում կար, բայց հետո ամեն թաղամաս իր համար անտառի աղբյուրներից ջուր բերեց: Տուն չկա, որ խմելու ջուր չունենա, համա ոռոգման ջրի հարցը դժվար է»,- ասում է Ցոլակ Նազինյանը, որը չորս որդի ունի, տասներկու թոռ և տասը ծոռ: Նրա չորս որդիները մասնագիտությամբ բժիշկ են և գերադասել են մնալ ու աշխատել հայրենի մարզում:

ՀԱՄԱՅՆՔԸ ՊԵՏՔ Է ԴԱՐՁՆԵԼ ԱՅՆՊԻՍԻՆ, ԻՆՉՊԻՍԻՆ ԲՆԱԿԻՉՆ Է ԵՐԱԶՈՒՄ


…Իսկ դրա համար ամեն տարի համայնքի բյուջեից պետք է ֆինանսներ հատկացնել համայնքի ճանապարհների հարթեցման, խճապատման համար: Քանի որ գյուղ մտնող ճանապարհը թեք է, անձրևներն ի չիք են դարձնում այդ աշխատանքների արդյունքը, հատկապես, երբ գյուղի որոշ հատվածներում առկա են սողանքներ, մասնավորապես «Գետի յալ» թաղամասում, որտեղ մեծ թվով առանձնատներ գտնվում են սողանքային գոտում:
«Գյուղից մինչև հռչակավոր Մակարավանքի վանական համալիր տանող 7 կմ ճանապարհը հանրապետական նշանակություն ունի և Մակարավանք տանող միակ ճանապարհն է: 7-8 տարի առաջ վերանորոգվել է ճանապարհի մի հատվածը, հավանաբար ծրագրով այդքան էր նախատեսված, կամ գումարն էր այդքան, մնացածը քարուքանդ վիճակում է: Մինչդեռ պետական աջակցության դեպքում վերանորոգված ճանապարհը կարող է լինել զբոսաշրջության զարգացման գրավական: Մակարավանք գնալու համար զբոսաշրջիկների ավտոբուսը չի կարող բարձրանալ այդ ճանապարհով, նրանք էլ հարկադրված գյուղամիջից տաքսիներով են բարձրանում վանական համալիր: Այս հարցում ակնկալում ենք կառավարության աջակցությունը»,- ասում է Կարեն Ղալթաղչյանը:


Իսկ զբոսաշրջության զարգացումը կնպաստի նաև համայնքի զարգացմանը: Գյուղական մթերքների, անտառային բարիքների առևտուրը կբարելավի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը, մշտապես ուշադրության կենտրոնում կգտնվեն համայնքային նշանակության շենք-շինությունների բարեկարգման, փողոցների լուսավորության համար տարվող ու բազմաթիվ այլ աշխատանքները:


Բարեկարգ համայնքը ներդրողների համար բարենպաստ միջավայր է, հատկապես արտերկրում ապրող հարուստ աչաջուրցիների համար, որոնք ցանկություն են հայտնել ներդրումներ կատարելու հայրենի համայնքում: Նրանցից մեկը որոշել է հարսանյաց սրահ կառուցել, իսկ Հայաստանում բնակվող, համայնքից քիչ հեռու աչաջուրցի Խաչատուր Քոքոբելյանի կառուցած ջերմոցները շուտով կանցնեն շահագործման:
Եթե անգամ Աչաջուրը դառնա Նյու Վասյուկի, եղածի պահպանումն անգամ բավական է, որ չքնաղ բնության համադրության մեջ համայնքը դառնա այնպիսին, ինչպիսին բնակիչն է երազում:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ