Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նադալը դարձյալ մնաց գահին

Նադալը դարձյալ  մնաց գահին
12.06.2018 | 00:32

Իսպանացի Ռաֆայել Նադալը տասնմեկերորդ անգամ անընդմեջ հաղթեց «Ռոլան Գարոսի» մրցաշարում՝ վարկանիշային աղյուսակում շարունակելով մնալ աշխարհի թիվ մեկ թենիսիստը: «Մեծ սաղավարտի» մրցաշարում նա ընդամենը երեք տիտղոսով է հետ մնում շվեյցարացի նույնքան հանրահայտ Ռոջեր Ֆեդերերից:


Եզրափակչի նրա մրցակիցը ավստրիացի Դոմինիկ Տիմն էր, որը մրցաշարերում աշխարհում ամենից շատ է անհարմարություններ պատճառել իսպանացուն: Վիճակագրության սիրահարների համար ասենք, որ թենիսի աշխարհը Նադալ-Տիմ ինը դիմակայության է ականատես եղել: Հետաքրքրական է, որ բոլորն էլ եղել են հողածածկ կորտում: Վեցում հաղթանակ է տոնել Նադալը, երեքը շահել է Տիմը: Ընդ որում, ինչն առանձնապես ուշագրավ է, այդ հաղթանակները եղել են վերջին երեք տարում:


Ավստրիացին իր ահեղ մրցակցից առաջին անգամ ուժեղ է գտնվել Բուենոս Այրեսում (2016 թ.), հաջորդը հավերժական քաղաքում էր, անցած տարի, իսկ վերջինը, որ ընթացիկում էր, գլխեց ամեն ինչ՝ Նադալը պարտվեց հայրենական Մադրիդի կորտում: Վերջին երեք տարում երեք անգամ Նադալին փաստի առաջ կանգնեցնելը, հարկավ, շատ բաների մասին էր խոսում, այդուհանդերձ, իսպանացին էր համարվում եզրափակչի ֆավորիտը:
Ինչ խոսք, շնորհիվ «Ռոլան Գարոսում» բացառիկ հաջող մրցելույթների, Նադալն այստեղ հնարավոր բոլոր ռեկորդներն իրենով է արել, սակայն դա չի նշանակում, որ նա չի ձգտելու հերթական անգամ իրեն գերազանցել ու սերունդներին ժառանգություն թողնել այնպիսի անհավանական մրցելույթների շարք, որը գերազանցելը եթե ոչ անհնարին, գոնե չափազանց դժվարին լինի: Տասի փոխարեն տասնմեկ անգամ այս հեղինակավոր մրցաշարի գավաթը գլխավերևում պահելը իսպանացու համար, բնականաբար, ավելի քան լուրջ մոտիվացիա էր, սակայն եկեք չմոռանանք, որ մադրիդյան պարտության համար վրեժխնդիր լինելը պակաս գործոն չէր, ու դա էլ այս վերջին եզրափակչում իր դերն ունեցավ:


Բնականաբար, մոտիվացիայի իր բաժինն ուներ և Դոմինիկ Տիմը: Հաղթանակը կլիներ Նադալի նկատմամբ անընդմեջ չորրորդը, սրանից զատ հնարավորություն կտար «Մեծ սաղավարտի» իր համար առաջին իսկ եզրափակչում գլխավերևում պահել գավաթն ու դրանով իսկ Թոմաս Մուստերից հետո (1995 թ.) դառնալ «Ռոլան Գարոսում» հաղթած երկրորդ ավստրիացին:
Առաջին սեթում տարած հաղթանակից հետո վիճակագիրները շտապեցին հիշել, որ Ռաֆայել Նադալը Փարիզում պարտություն ասվածը երբեք չի իմացել այն դեպքերում, երբ հաղթական է եղել առաջին սեթում: Ի միջի այլոց, այս վիճակագրությունը նրա համար փայլուն է և «Մեծ սաղավարտի» մեկ քառորդ, կիսաեզրափակիչ, եզրափակիչ հանդիպումների կտրվածքով՝ ֆանտաստիկ 51:1 հարաբերությամբ (այդ միակ պարտությունը նա կրել է սերբ Նովակ Ջոկովիչից Ավստրալիայի 2012 թվականի բաց առաջնության եզրափակչում, որը տևել է մոտ վեց ժամ):


Ինչևէ: Փարիզյան եզրափակչի մանրամասների մեջ չմտնենք, միայն ասենք, որ հաղթանակը ձեռք է բերվել երեք սեթում՝ 6:4, 6:3, 6:2 հաշվով: Այդուհանդերձ, լեգենդար իսպանացուն այն հեշտ չի տրվել: Ամեն ինչ կարող էր անսպասելի ավարտ ունենալ այն բանից հետո, երբ վերջին սեթի միջնամասում նա դիմեց բժշկի օգնությանը: «Ես վախեցա: Հանկարծ ցավ զգացի ու պարզապես չէի կարողանում ռակետը ձեռքում պահել»,- հանդիպման ավարտից հետո ասել է նա:
Իրավիճակի ողջ դրամատիզմը նաև այն է եղել, որ ավստրիացին չի կարողացել օգտվել ճակատագրի կամոք իրեն ընձեռված բացառիկ հնարավորությունից: Հակառակը՝ սխալ սխալի հետևից է թույլ տվել, ինչն էլ Նադալին հնարավորություն է տվել հանդիպումը հասցնելու հաղթական ավարտին:


«Մեծ սաղավարտի» վերջին վեց տիտղոսներն իրար մեջ հավասարապես բաժանել են երկու թենիսիստներ՝ Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը: Ասել է թե, նրանց միջև առկա ստատուս քվոն մնացել է նույնը: Ռոջերն ունի 20 «Սաղավարտ», Նադալը՝ 17: Կկարողանա՞ Նադալը հասնել Ֆեդերերին՝ սա հարց է, որ արդեն քանի տարի այս հրաշալի մարզաձևի սիրահարները տալիս են իրենց ու չեն գտնում պատասխան: Սակայն, չգտնելով պատասխան, նրանք ուրախ են, որ մեծ թենիսի երկու հզորներն էլ մարտական մարզաձևում են, ինչը խոստանում է այս հրաշք մարզաձևի սպասված գեղեցիկ ու դրամատիկ դիմակայություններ:


Կանանց մրցությունում հաղթել է Սիմոնա Հալեպը, որն իր մարզական կարիերայում չորրորդ փորձից հետո է միայն կարողացել գլխավերևում պահել գավաթը (3:6, 6:4, 6:1): Հաղթելով ամերիկուհի Սլոան Սթիվենսին՝ վերջին քառասուն տարում նա դարձել է առաջին ռումինացի չեմպիոնուհին: Ի միջի այլոց, սա «Ռոլան Գարոսում» նրա երրորդ եզրափակիչն էր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2602

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ