Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինին, իսկ Ալիևի՞ն

Փաշինյանը Մոսկվայում կհանդիպի Պուտինին, իսկ Ալիևի՞ն
12.06.2018 | 09:48

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա` հունիսի 14-ին մասնակցելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը «Լուժնիկի» մարզադաշտում: ՌԴ մայրաքաղաք իբրև վարչապետ սա նրա առաջին այցն է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերընտրությունից հետո պաշտոնական առաջին այցով Թուրքիա մեկնեց: Փաշինյանի Մոսկվա այցը հաստատել են և ռուսական, և հայկական կողմերը: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասաց, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ: «Այո, սպասում ենք ֆուտբոլի»` ասաց Պեսկովը: Որոշ, դեռ չհաստատված տվյալներով, կլինի ոչ միայն հանդիպում, այլև` կբանակցեն: Հայաստանի վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը հայտարարեց, որ «այցի առավել մանրամասն օրակարգը կհրապարակվի համապատասխան ժամկետում»: Արտառոց ոչինչ չկա: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել էր, որ Մոսկվան հրավեր է ուղարկել բոլոր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին: Արձագանքել են ոչ բոլորը: Մոսկվայի քաղաքապետ Ալեքսանդր Սոբյանինը ֆուտբոլի աշխարհի առաջնության քաղաքային օպերատիվ շտաբի բացման ժամանակ հայտարարեց, որ սպասում են 10 ղեկավարների: Երևանը, ինչպես նախկինում, հաստատեց իր մասնակցությունը մարզական տոնին: Կգա նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Այս իրավիճակում պետք է աջակցել ՌԴ նախագահին: Նրան աջակցելու համար ես գնալու եմ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը: Թեպետ պետք է գնալ եզրափակիչ խաղերին, բայց ես մեկնում եմ: Ոմանք բոյկոտում են»` ասաց Նազարբաևը: Նման հայտարարությունները որոշակի իմաստով քաղաքականացնում են իրավիճակը և Մոսկվա Հայաստանի վարչապետի այցին հատուկ երանգ են հաղորդում:

Ստեղծված իրավիճակը զուգորդվում է 2009-ի սեպտեմբերի հետ, երբ Երևանի ու Անկարայի միջև հայտնի Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման նախօրեին գործադրվեց ֆուտբոլային դիվանագիտությունը: Այն ժամանակ Թուրքիան ու Հայաստանը ֆուտբոլի 2010-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի նույն խմբում էին և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մեկնեց Երևան, որից հետո սկսվեց կարճ ու ի վերջո անհաջող ջերմացման շրջան երկու հարևանների փոխհարաբերություններում: Իհարկե, պատմական զուգահեռը պայմանական է, բայց խորհրդածելու տեղիք է տալիս: Ռուսաստանն ընդհանուր առմամբ չեզոք դիրքորոշում դրսևորեց Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուն: Հիմա վերլուծական-տեղեկատվական տարածքը հագեցած է ամենաանհավանական վարկածներով` ներառյալ «հայկական ցնցումների» պատճառների, որ նաև «սիրո հեղափոխություն» է կոչվում, դավադրության տեսությունները, երկրի հնարավոր նոր արտաքին քաղաքականությունը: Պուտինի հանդիպումը Փաշինյանի հետ Սոչիում, ՌԴ ու ՀՀ ԱԳ նախարարների բանակցությունները Մոսկվայում հաստատեցին երկու երկրների մտադրությունները` զարգացնել ու ամրապնդել ռազմավարական համագործակցությունը: Առավել ևս, որ Երևանը չգնաց ոչ Վրաստանի, ոչ ՈՒկրաինայի ճանապարհով, որտեղ գունավոր հեղափոխությունները ուղեկցվում էին աշխարհաքաղաքական փոփոխություններով: Ճիշտ է`Հայաստանում կան ուժեր, որ քննադատում են Ռուսաստանի հետ համագործակցության որոշ կողմերը: Նրանց դատողություններում ռացիոնալ հատիկ կա, որի հետ Մոսկվան պետք է հաշվի նստի:

Պուտինը պետք է նորովի վերաբերվի Փաշինյանին` ոչ իբրև «սպիտակ ագռավի», այլ` ՀԱՊԿ դաշնակցի ու ԵԱՏՄ անդամի` դադարելով հայացք նետել Աստանային, որի թիկունքից երևում է Բաքուն: Հաշվի առնելով ԱՄՆ-ի ու ԵՄ-ի դեռ գոյություն ունեցող առճակատումը, օգտագործել նոր Հայաստանը, որ ստացել է Արևմուտքի աջակցությունը, իբրև կամուրջ արևմտյան ուղղությամբ: Ադրբեջանն ու Վրաստանը Ռուսաստանի համար այդ առումով պոկված պատառ են: Թբիլիսին ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի ինտեգրման կուրս է վերցրել, Ադրբեջանը շեշտը դնում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի վրա: ՈՒստի Պուտինի ու Փաշինյանի միջև լուրջ խոսակցություն է կայանալու: Եվ, իհարկե, նրանք չեն կարող շրջանցել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարները: Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետությունը համարում է կոնֆլիկտի կողմ և հանդես էր եկել Ստեփանակերտի բանակցություններին մասնակցության օգտին: Նա աչքի առաջ ունի Մերձդնեստրում, Վրաստանում, ՈՒկրաինայում կոնֆլիկտների կարգավորման փորձը:

Թբիլիսին հայտնի պատճառներով արդեն հաշտվել է իր տարածքում նոր հանրապետությունների առկայությանը: Ամեն ինչ ասում է, որ Կիևն էլ ստիպված կլինի ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների գործոնը, եթե հրաժարվի նրանց հետ բանակցել, որ նախատեսվում է Մինսկի համաձայնություններով: Ադրբեջանը համարյա ոչ մի կապ չունի իր նախկին շրջանի կյանքի հետ: Սակայն Բաքվի ներգրավումը Արցախի Հանրապետության հետ բանակցություներում կարող է ազգային դիվանագիտության համար նոր հնարավորություններ բացել: Պարադոքս է, բայց փաստ, որ Ալիևը պաշտոնապես կոնֆլիկտն անվանում է «հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի»: Եթե «հայ-ադրբեջանական» է, ուրեմն Ադրբեջանը կոնֆլիկտի մեջ է ՀԱՊԿ-ի հետ: Եթե «հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի» կոնֆլիկտ է, պետք է բանակցել Ստեփանակերտի հետ: Հենց այդ բանաձևի մասին է խոսում Փաշինյանը, փաստացի նեղացնելով Երևանի էթնոքաղաքական հավակնությունները: Բայց Բաքուն ձևացնում է, թե Հայաստանի վարչապետի առաջարկի մեջ իմաստ չի տեսնում, թեպետ հասկանում է, որ Արցախի Հանրապետությունում քաղաքացիների նոր սերունդ է կյանք մտել, որ ուղղակի չի պատկերացնում իր կյանքը Ադրբեջանի կազմում: Իսկ Մոսկվան, ինչպես Լավրովն է ասում, եթե «Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեն Լեռնային Ղարաբաղի, իբրև բանակցային կողմի, մասնակցության մասին, հարգանքով կվերաբերվի այդ վճռին»:


Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար Մոսկվա է գալու և Ադրբեջանի նախագահը: Տեսականորեն կարելի է ենթադրել, որ Պուտինը կփորձի հանդիպեցնել Ալիևին ու Փաշինյանին կառուցողական կապերի հաստատման համար նրանց միջև: Իսկ ի՞նչ կլինի գործնականում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Գուցե պատահականություն է, բայց Հայաստանի նոր ղեկավարության կապերը աշխարհի հետ ստացվում են միայն հետխորհրդային տարածքի սահմաններում: Վարչապետը մեկնեց Սոչի, ԱԳ նախարարը` Մոսկվա: ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներից դուրս միայն Պնախարար Դավիթ Տոնոյանն է համարձակվել Բրյուսել մեկնել` ՆԱՏՕ-ի միջոցառմանը մասնակցելու: Ստացվում է, որ Հայաստանը շարունակում է աշխարհին նայել ռուսական պատուհանից, իսկ դա նվազեցնում է թավշե հեղափոխության ընձեռած արտաքին քաղաքական հնարավորությունները: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ոչ ռուսամետ է, ոչ արևտամետ, հանդիպումների վիճակագրությունը միանշանակ ռուսամետության օգտին է:

Փաստացի` նա գնում է Սերժ Սարգսյանի նվիրական ոտնահետքերով: Հայաստանը շարունակում է «Նախ և առաջ Մոսկվան, հետո մյուս մայրաքաղաքները» սկզբունքով կառուցել իր արտաքին քաղաքականությունը: Դա սխալ է, որ չի կարող չնկատվել ոչ Ռուսաստանում, ոչ Արևմուտքում: Նաև` չգնահատվել: Այն տպավորությունն է, որ Հայաստանում բոլոր հարցերը լուծված են ու առանց Հայաստանի վարչապետի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը չէր սկսվի: Այն պարագայում, երբ Արևմուտքը բացահայտ բոյկոտում է առաջնության բացումը: Ստացվում է` Հայաստանը նորից նույն շարքում է հայտնվում Ղազախստանի հետ ու Նիկոլ Փաշինյանը գնում է աջակցելու մեկուսացման մեջ հայտնված Վլադիմիր Պուտինին: Իսկ ֆուտբոլային դիվանագիտության նոր զուգահեռ գծել` նախորդի ձախողումից հետո, պարզապես անիմաստ է: Ի՞նչ է տալու Ադրբեջանի նախագահի հետ շփումը Մոսկվայում (հանդիպման ու բանակցության մասին վաղ է խոսել` առանց հաստատված օրակարգի) հանուն կապեր հաստատելու: Հրադադարի ռեժիմի խախտում ու հերթական զոհ ունենալուց հետո ի՞նչ պիտի ասի Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևին: Բարև, դու կրակելու իրավունք չունե՞ս: Գնա Ստեփանակերտի հետ բանակցի՞: Թե՞ Երևանը մտքիցդ հանի: Իսկ թե ինչ կասի Ալիևը, լավ հայտնի է` նույնը կրկնում է տասնամյակներով ու ձայնապնակը փոխելու մտադրություն չունի` ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևեր, սուբստանտիվ բանակցություններ, հայկական երկրորդ պետություն Ադրբեջանի տարածքում անհնար է: Ֆուտբոլը մարզադաշտում, թե հեռուստացույցով նույն հաշիվն է գրանցում: ՈՒնի՞ Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման իր օրակարգը, թե՞ հանդիպումը Պուտինի օրակարգով է` սա է խնդիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ