USD482.59
EUR559.61
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ֆուտբոլը երբեք անթերի չի լինում

Ֆուտբոլը երբեք անթերի չի լինում
12.06.2018 | 09:51

Մի քանի օրից Ռուսաստանում կսկսվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Պատմաբան, Փարիզի Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի հետազոտությունների ղեկավար Անտուան Լիլտին Le Monde-ում հիշեցնում է, թե որքան բարդ ու երկակի է ֆուտբոլը` կառուցված հասարակության ու հույզերի կերպարով ու նմանությամբ: Արդեն հնչում են բարոյախոսների մաշված խոսքերը, որ նյարդայնացած են գնդակով պարզ խաղին համամոլորակային ուշադրությունից:

Նրանց քննադատական ռեպերտուարը լավ հայտնի է` սպորտի չնչինությունը, ղեկավար ատյանների կոռուպցիան, երկրպագուների շովինիզմը, զանգվածային հիմարացումը: Այս տարի անպայման կհավելվի անհանգստությունը, որ Վլադիմիր Պուտինը քաղաքական շահ կստանա, ինչպես արել էր Մուսոլինին 1934-ին ֆուտբոլի աշխարհի երկրորդ առաջնությունում, որ տրիումֆալ դարձավ «Սկուադրո Աձուրայի» ու ֆաշիստական իշխանության համար, կամ ինչպես 1978-ին արեց արգենտինացի գեներալ Խորխե Վիդելան: Հանգստացեք` հավանականությունը, որ Ռուսաստանի ազգային հավաքականը կհաղթի, շատ փոքր է: Իրականության մեջ ֆուտբոլն ու քաղաքականությունը շատ ավելի բարդ կապեր ունեն: Հաճախ ֆուտբոլը ծառայել է ավելի շուտ իշխանությունից դժգոհությունն արտահայտելուն, քան նրան փառաբանելուն: 1938-ին Ավստրիայի հավաքականի աստղ Մաթիաս Սինդելարը մարտահրավեր նետեց նացիստներին` Ավստրիայի բռնակցումից երկու շաբաթ անց երկու գոլ խփելով Գերմանիայի հավաքականի հետ խաղում, որ պետք է «հաշտության խաղ» դառնար և ավարտվեր խորհրդանշական 0:0 հաշվով` ամրապնդելով անեքսիան: Բայց պետք է զգուշանալ մյուս որոգայթից, որ հանուն պուրիզմի հակադրում է ժողովրդական, իսկական և ազատագրական ֆուտբոլը զվարճանքին, որ վարակել են ԶԼՄ-ները, իշխանությունն ու փողը: Կարճ ասած` Գարինչան ընդդեմ Պելեի:

Ֆուտբոլը երբեք անթերի չի լինում, նույնքան բազմազան ու բազմանշանակ է, որքան հասարակությունն ու մեր հույզերը: Այսօր տրիբունաների հանդիսատեսը ներկայացման դերասան է, որ ցուցադրվում է ամբողջ աշխարհին, ներկայացվում տարատեսակ հանդիսատեսին` հմայված կամ զվարճացող: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեդիա իրադարձություն է` օլիմպիական խաղերին, ԱՄՆ նախագահի պաշտոնակալությանը կամ ռոք աստղի հուղարկավորությանը հավասար: Նրա հարուցած կրքերը` մեկ լուրջ, մեկ խաղացկուն, վերաճում են երկրպագուների շովինիզմի, որպես կանոն, մինչև վերջ չհասկացված, հաճախ հեգնանք հարուցող: Մեդիա իրադարձությունները կարևոր դեր ունեն ժամանակի սոցիալական ընկալման մեջ: ՈՒղիղ եթերը խաղի, անվստահության ու լարված սպասումի, ուժեղ, խմբային հույզերի ժամանակ է: Սակայն ֆուտբոլը նաև սնուցում է սուբյեկտիվ ու անձնական ժամանակը:


Մեզնից շատերի համար դա «երազների ու մանկության ժամանակն է» (Ժան-Ֆիլիպ Տուսեն), որ վերածնվում, հագենում ու երկարում է ամեն խաղով: Վերջապես ֆուտբոլի ժամանակը պատմական է իր մեծագույն խաղերով, հերոսներով, առասպելական հաղթանակներով ու անմոռանալի պարտություններով, որոնց մասին ֆուտբոլասերները անվերջ պատմում են միմյանց: ՈՒրիշ ի՞նչ կա խմբային, որ այսօր ի վիճակի է այդքան հեշտ ներթափանցել սոցիալական ու աշխարհագրական սահմաններից ներս:
Անտուան ԼԻԼՏԻ, Le Monde


Հ.Գ. Ֆուտբոլն արվեստ է, իսկ արվեստում պետք է տաղանդ ունենալ: Եվ ընդհանրապես` բոլոր դատողությունները գրողի ծոցն են գնում մեկ բառից` գոլ: Մնացածը` 45+45 րոպեում, որ տեղավորում է աշխարհի բոլոր հույզերն ու ամեն ինչ նորից ու նորից սկսելու ցանկությունը: ՈՒ` այդպես ամբողջ կյանքում` դաշտում կամ մարզադաշտում: Գնդակը կլոր է` չգիտես ուր կթռչի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ