USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սատարում է Վեհափառին

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը սատարում է Վեհափառին
12.06.2018 | 21:54

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը պաշտոնապես հերքում է՝ թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ոչ միայն կանգնած չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում, այլև սատարում է Վեհափառին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.


«Բացարձակ սուտ է մամուլում շրջանառվող անհասցե ու ստահոդ այն «տեղեկությունը», թե իբր Նավասարդ Սրբազանը կանգնած է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ալիքի թիկունքում: Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ինչպես միշտ, այս օրերին ևս կանգնած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի կողքին՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու միասնականության: Մասնակիցը լինելով այս օրերին Մայր Աթոռում անցկացվող Գերագույն Հոգևոր, միաբանական և եպիսկոպոսական ժողովների՝ Նավասարդ Սրբազանն իր աներկբա բացասական վերաբերմունքն է արտահայտել արհեստականորեն ստեղծված իրավիճակին՝ ստորագրելով ժողովականների հայտարարությունները: Դրանց տրամաբանությունից դուրս ցանկացած ենթադրություն պարզապես հերյուրանք է: Սովորաբար սուտ ու անհեղինակ հրապարակումներին չենք արձագանքում՝ դրանց ավելորդ կարևորություն չտալու համար, սակայն այս հարցը վերաբերում է մեր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների առաքելության պահպանմանը: Յուրաքանչյուր վրիպում, բամբասանք կամ հիվանդ երևակայության արգասիք կարող են անդառնալիորեն վնասել հայրավանդ մեր ընթացքին, Հայ Եկեղեցու ամրությանն ու անվերապահ հեղինակությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում հեռու մնալ արժանապատիվ մարդուն ոչ հարիր ձևով սուտ «տեղեկությունների» տարածումից, գործել ի նպաստ Հայ Եկեղեցու զորացման և Ս. Լուսավորչի գահի ամրության:

Այս օրերին յուրաքանչյուրս պարտավոր է գիտակցել պատասխանատվության այն մեծ աստիճանը, որ ունենք մեր Եկեղեցու և գալիք սերունդների առաջ, չենթարկվել սադրանքների ու խաղաղարար ոգով հանապազ աղոթել ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի փառս Աստծո: Աղոթում ենք, որ Սուրբ Հոգին իմաստնություն ու խաղաղություն շնորհի բոլորիս»:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ