USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Կոմպլեմենտարի՞զմ, թե՞ տարընթերցում

Կոմպլեմենտարի՞զմ, թե՞ տարընթերցում
15.06.2018 | 00:23

Ներքաղաքական հարթությունում նորերի պայքարը կրկին ու կրկին խարսխվում է ԱԱԾ-ին. սև բերետավորները դառնում են մեր կյանքի անբաժան ուղեկիցը։ Իրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ մոտեցումների փոխարեն։ Որևէ ոլորտում «ճանապարհային քարտեզ» չկա, անկանոն, բրոունյան շարժում է ամենուր։ Տխուր է, իհարկե։


Նույն, է՛լ ավելի տխուր վիճակ է արտքաղաքական հարթությունում։ Արդեն ընտելացանք, որ կարելի է հարթակից մեկ բան ասել, «հարթակից դուրս»՝ մեկ այլ` կոնկրետ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և մնացյալ դեպքերում։ Սա արտաքին խաղացողներին վստահություն «ներշնչել» չի կարող, արդյունքներն էլ արդեն իսկ ակնառու են։ Նիկոլ Փաշինյանի ռուսաստանյան վերջին այցի ընթացքում Դմիտրի Պեսկովը շատ հստակ հասկացրեց հայկական կողմին՝ Ռուսաստանը Փաշինյանին գլխավոր բանակցողի դերում չի տեսնում, չնայած Փաշինյանը քանիցս բարձրաձայնել էր, որ ինքը պատրաստ է բանակցելու ղարաբաղյան հարցով՝ Հայաստանի անունից։


Սրա արձագանքը նույնպես չուշացավ։ Հիշենք` ՌԴ ԱԳՆ պաշտոնյան դա համարեց «բարձրագոչ հայտարարություն, որը չի տեղավորվում ԵԱՀԿ ՄԽ մոտեցումների ռելսերի վրա»։ Իր հերթին Հայաստան ժամանած ԵԱՀԿ համանախագահները հանդիպեցին նաև Արմեն Սարգսյանի հետ, չնայած, վերջինս ոչ միայն օժտված չէ առաջնային մանդատով, այլև, ըստ Սահմանադրության, զուտ ֆորմալ պաշտոն է զբաղեցնում։ Ասել է՝ երկուստեք կարևորվեց վերջինիս դերակատարությունը։ Հարց` համանախագահները կոնսենսուս ունե՞ն նրա հարցում։ Կարծես։ Չնայած պետք է դեռ մի քիչ էլ սպասել։ Համենայն դեպս, առ այս պահը փաշինյանական կողմը չի արձագանքել Պեսկովի անչափ կարևոր «մտքին»։


Այսքանով չեն ավարտվում նոր իշխանությունների արտքաղաքական տարընթերցումները։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել է իրանցի հայտնի ընդդիմադիր գործիչ Շիրին Էբադիի հետ։ Ինչպես կարձագանքի այդ ընդունելությանը ֆունդամենտալ Իրանը, նույնպես դժվար է ասել, այնուհանդերձ, իրողությանը, որ Իրանի հետ նույնպես ամեն բան հարթ չէ, անդրադարձել ենք արդեն։ Իսկ որ ֆունդամենտալ Իրանին դա դուր չէր կարող գալ, նույնպես հասկանալի է, քանզի գրեթե հավասար է նրան, որ Փաշինյանը մի օր էլ այդքան ջերմ «նկարվեր» Ալեքսեյ Նավալնու հետ, ինչն ինքնին դրական, ժողովրդավարական է, սակայն, ինչպես նկատում ենք Պուտինի ու Պեսկովի արձագանքներից, վերջիններս, անգամ առանց Նավալնու, վստահություն չունեն Փաշինյանի նկատմամբ։ Պուտինի դեպքում էլ հիշենք, որ նա շատ անհարգալից է պահել իրեն ՀՀ վարչապետի նկատմամբ, Ալիևին ասելով. «Այստեղ կհանդիպես ինչ-որ մեկին»։
Ի դեպ, արտքաղաքական տարընթերցումներ առկա էին նաև ԱԺ ներկայացված կառավարության ծրագրում, հատկապես Չինաստանի մասով. ինչպես նկատել էր Արմեն Աշոտյանը, իսկապես անընդունելի էր, որ մեկ տողում հայտնվեին Չինաստանը, որի հետ քաղաքական և տնտեսական լուրջ հարաբերությունների հեռանկար ենք տեսնում, և Ճապոնիան ու Հնդկաստանը, ինչը նաև չինական կողմին կարող էր «դուր չգալ»։
Մեր տեղեկություններով, որոշ տարընթերցումների տեղիք է տվել անգամ «Ավրորա» մրցանակաբաշխությունը, որն ինքնին ոչ պետական, քաղաքական միջոցառում է։ Հիշենք, որ այս անգամ հաղթողը ռոհինջաների ցեղասպանության դեմ պայքարող փաստաբանն էր։

Փաստ, որն ընդունելի է մեզ համար, եթե չասենք՝ ավելին։ Սակայն աշխարհի մեծ խաղացողները խնդրո առնչությամբ «վեճ» ունեն. մի մասն ընդունում է այդ ջարդերի փաստը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա), մյուս մասը կարծում է, որ այն օգտագործվում է իրենց դեմ (Չինաստան, Հնդկաստան)։ Ասել է թե` Հայաստանն ակամա հայտնվում է «մատի ու մատանու արանքում», իսկ այս օրերին՝ հեղափոխությունից հետո, միջազգային հանրությունը խոշորացույցով է հետևում հետհեղափոխական գործընթացներին։
ՈՒստի շրջահայաց, նրբազգաց լինելը շատ կարևոր է։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1468

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ