Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հրաժարականներ և հրաժարականներից հրաժարականներ

Հրաժարականներ և հրաժարականներից հրաժարականներ
15.06.2018 | 00:26

Հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին: Չգրված օրենքներն ավելի գործուն են, քան գրված ու գրվող օրենքները: Ավելի ճշգրիտ լինելու համար` հեղափոխությանը Հայաստանում սկսել են հակադարձել ուղեկիցները, որ վերջին պահին թռան գնացքի վերջին վագոնը ու իրենց հայտարարեցին համաժողովրդական շարժման մեջ:


Փաստացի` երբ էլ լինեն ԱԺ արտահերթ ընտրությունները, քարոզչությունն ու հակաքարոզչությունն արդեն սկսվել են: Շնորհիվ ԲՀԿ-ի: Ընդամենը մի քանի օր առաջ` կառավարության ծրագրի հաստատման ժամանակ, Նիկոլ Փաշինյանին քաղաքական սիրո երդումներ տվող ու ՀՀԿ-ի հաշվին հերոսացող խմբակցությունը 180 աստիճանով փոխեց իր դիրքորոշումը: Երեքշաբթի հայտարարությունների ժամը «Ծառուկյան» խմբակցությունը վերածեց Բարեգործության օրենքի մերժման ու Գագիկ Ծառուկյանի բենեֆիսի: Այսինքն` ԲՀԿ-ն հույս չունի առանց բարեգործության քաղաքական դաշտում, առավել ևս խորհրդարանում ապահովել իր ներկայությունը, ուր մնաց արդեն հնչած 50+1-ն ու մեծամասնությունը: Այսինքն` հեղափոխությունը հրապարակավ ընդունած ու իրեն հեղափոխական հայտարարած կուսակցությունը, որ նաև կառավարության մաս է, չի ընկալել ու համաձայն չէ հեղափոխության բովանդակության հետ: Այսինքն` ԲՀԿ-ն մնացել է այն հայրենիքում, որը կրկես էր, և ցանկություն չունի փոխել խաղի հին կանոնները` ընտրությունների «Վճարիր ու ստացիր» սկզբունքը, որ գործում էր ոչ միայն ՀՀԿ-ի համար, այդ սկզբունքով էր ԲՀԿ-ն դառնում ԱԺ երկրորդ ուժ: Պարբերաբար:


ԱԺ-ում հնչող ԲՀԿ-ականների հայտարարությունները տուրք էին հին ու իրենց համար բարի ժամանակներին, երբ թագավորը ընտրություններից առաջ լուծում էր հարցերը և բոլորն ունեին մեկ խնդիր` Գագիկ Ծառուկյանն իրենց հետ մյուսների դրդմամբ չթարսվեր: Նրանց մանդատ տվողը ԿԸՀ-ն չէր, այլ Գագիկ Ծառուկյանը, որ նաև մանդատ վերցնող էր` եթե դեռ հիշում եք 2017-ի ընտրություններին հաջորդած սկանդալները` ով է մանդատը ստանում, ով է Գագիկ Ծառուկյանի ոտքերի տակ դնում: Նրանք պատրաստ են կառավարությանը ու իրենց համար Գագիկ Ծառուկյանից հետո երկրորդ աստված հայտարարված Նիկոլ Փաշինյանին պատվանդանից վար բերել, որովհետև նա ձեռք է բարձրացրել սրբություն սրբոցի` բարեգործության ու համայն Հայաստանի թիվ 1 բարեգործ Գագիկ Ծառուկյանի չկանոնակարգված բարեգործության իրավունքի վրա:


ԲՀԿ-ին հատկապես զայրացրել էր, որ օրինագիծը Կարեն Կարապետյանի կառավարությանն էր, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի մերժել, այլև ներկայացրել է ԱԺ հրատապ քննարկման: ԲՀԿ-ի մատյան գունդն անցել էր ուլտիմատումների ու շանտաժի: Դեմագոգիկ շանտաժի` կառավարության օրինագիծը ոչ թե Գագիկ Ծառուկյանի դեմ է, այլ բարեգործության կարիք ունեցող քաղաքացիների և նրանց ուղղելու են դեպի կառավարություն: Ընդ որում` գիրկապ անող ու րոպեում 1000 բառ արագությամբ իրենց ելույթներում նրանք հենց այն մեղադրանքն էին ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, որի մեղքը գործում էին` մեղադրում էին, որ իրենց հետ չի խորհրդակցել և չէին նկատում, որ իրենք էլ` առանց նրա հետ խորհրդակցելու, ԱԺ ամբիոնը վերածում են ռազմադաշտի կառավարության դեմ: «Պարոն Փաշինյան, բարեգործությունների 95 տոկոսը կատարում է Գագիկ Ծառուկյանը, խորհրդակցե՞լ եք նրա հետ»` ընդվզում էր Միքայել Մելքումյանը: Նաիրա Զոհրաբյանը կոչ էր անում Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բարեգործությունը, Իվետա Տոնոյանը հայտարարում էր, որ առանց Գագիկ Ծառուկյանի բարեգործական ծրագրերի երկիրը կքանդվի: Որ փորձելու են քանդել` բողոքի ցույցեր կազմակերպելով Հանրապետության հրապարակում, չկասկածեք: Հիշու՞մ եք «Առինջ մոլում» ՊԵԿ-ի ստուգումներին հաջորդած փոթորիկը ԱԺ-ում: Նույն սցենարն է` մոլի խմբակցությունը դառնում է բարեգործության խմբակցություն: ԲՀԿ-ականներին թվում է, որ Հայաստանը պտտվում է ԲՀԿ-ի առանցքի շուրջը, իմա` Գագիկ Ծառուկյանի, օրենքներն ու որոշումները ընդունվել ու ընդունվում են Գագիկ Ծառուկյանի դեմ անձնական համակրանքից կամ հակակրանքից ելնելով:

Հունիսի 12-ին ընդամենը հրետանային նախապատրաստությունն էր, իսկական համազարկը կհնչի հունիսի 19-ին կառավարության առաջարկով հրավիրվող արտահերթ նստաշրջանում, որի օրակարգում է Բարեգործության օրենքը: Կառավարությունը նախագիծը ճանաչել է հրատապ: ԲՀԿ-ի խնդիրը Նիկոլ Փաշինյանի վրա հասարակական ճնշում գործադրելն է` «Սեպը սեպով են հանում» սկզբունքով` հրաժարեցնելու օրինագծից, որ իրենց առաջ բաց կպահի ընտրություններից առաջ ու ընտրությունների ժամանակ բարեգործելով` քվե ստանալու շանսը: Մեղմ ասած` խելամիտ ռազմավարություն չէ, եթե հիշեն կառավարության ծրագրի քվեարկությունից առաջ Նիկոլ Փաշինյանի խոսքը: Շատերին գուցե թվաց, որ հասցեատերը ՀՀԿ-ն էր, իրականում ԲՀԿ-ն էր, որի ձայն տալու «լավությունը» արժեզրկվում է` այլընտրանք չունենալու փաստարկով: Դեմագոգիկ ռազմավարությունը ԲՀԿ-ին հանգեցնելու է ընտրության ընտրությունից առաջ` մնա՞լ իշխանության մաս, թե՞ դառնալ ընդդիմություն ու հեռանալ կառավարությունից: ԲՀԿ-ն ինքնակամ իրեն մտցրեց փակուղի, որտեղից հազիվ թե դուրս գա Նիկոլ Փաշինյանի օգնությամբ: Հազիվ թե վարչապետը օրինագիծը շրջանառությունից հանի կամ փոխի: Դա կլինի երկրորդ հարկադիր սխալը առաջինից հետո: Առաջինը ԲՀԿ-ին թավշե հեղափոխությանը կցելն էր: Հեղափոխությունն իր գաղափարների հետ հակասության մեջ մտավ, բայց քաղաքականության մեջ կոմպրոմիսներն անխուսափելի են ու կա իրավիճակային որոշումների անհրաժեշտություն: Ահա և բումերանգը վերադարձավ:

Կգնա՞ ԲՀԿ-ն կառավարությունից դուրս գալուն, նախարարների ու մարզպետների հրաժարականին` զրկվելով ընտրություններում վարչական լծակներ գործադրելու շանսից: Թե՞ կողմ կքվեարկի օրինագծին` Գագիկ Ծառուկյանին թիվ 1 բարեգործի դափնեպսակից զրկելով ու բարեգործությունից օրենքով զրկվածներին հանելով կառավարության դեմ: Ինչու՞ են օրենքի փոփոխություններն այդպես ընկալվում ԲՀԿ-ում:
Ըստ օրինագծի` վարչապետի որոշմամբ ստեղծվում է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնում օրենքով սահմանված լիազորված մարմնի գործառույթների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցական հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը հաստատում է վարչապետը: Օրինագիծը սահմանում է` ի՞նչ է բարեգործությունը և ինչպե՞ս գրանցել։ Այլևս անհատ բարեգործները չեն որոշում` ու՞մ և ե՞րբ բարերարել: Քաղաքական դաշտում ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ, և ԲՀԿ-ն հարկադրված է ֆինանսական կապիտալից անցնել քաղաքականի, ու` կարող է սնանկ ճանաչվել: Բայց սա միակ վերադարձած բումերանգը չէր:


Հրաժարական տվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը` առաջին հրաժարականը նոր կառավարությունում, որը Մոսկվա մեկնած վարչապետը դեռ չի ընդունել: Նա ապացուցեց, որ կառավարությունում առավել սկզբունքային նախարարներ լինում են, թեկուզ հրաժարականի գնով: Պատճառը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր ներդրմանը դեմ լինելն էր, երբ կառավարությունը չհետաձգեց և հայտարարեց, որ պարտադրված է ներդնել համակարգը: Ֆեյսբուքի իր էջում Մանե Թանդիլյանը գրել էր. «Դուք տեղյակ եք իմ դիրքորոշմանը, որը ես հայտնել եմ դեռ տարիներ առաջ՝ համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ։ Նշանակվելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իմ դիրքորոշումը հայտնել եմ պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդրումը 1 տարով հետաձգելու և հանրային քննարկումների միջոցով համակարգը փոփոխելու տեսքով՝ շահառուների համար գրավիչ տարբեր լուծումներ տալու, առանցքում ունենալով ազատ կամահայտնության սկզբունքը»։ Երկար քննարկումներից հետո կառավարությունը նրա առաջարկը չընդունեց: Թանդիլյանը նաև դուրս է եկել «Լուսավոր Հայաստանից»` կուսակցությանը հարվածի տակ չդնելու համար, թեպետ Մարուքյանը ևս նրա «հրաժարականը» չի ընդունել: Նրա քայլն ակնհայտ դարձրեց ՀՅԴ-ի կոնֆորմիզմը:

Կառավարության նիստում Արծվիկ Մինասյանը հայտարարել էր` «Երբեք չի եղել դեպք, որ ես, իբրև ՀՅԴ ներկայացուցիչ, կողմ քվեարկեմ պարտադիր կուտակային համակարգին, այս անգամ նույնպես մնում եմ իմ տեսակետին», հետո հավելել. «Դեմ եմ պարտադիր կուտակայինի այն մոդելին, որ կա, բայց հասկանալով հանդերձ՝ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է»` չցանկացավ քննադատել կառավարության որոշումը: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ գործում են թիմային պատասխանատվության շրջանակներում: Հետո Ֆեյսբուքի ուղիղ տեսակապով ասաց. «Մենք այս իրավիճակում կայացրել ենք այն որոշումը, որը բխում է մեր բոլորի շահերից» ու խոստացավ, որ եթե 2-3 ամսից կպարզվի, որ որոշումը հակասահմանադրական է, «որևէ ողբերգություն չկա, քաղաքացիներն իրենց վճարած մինչև վերջին կոպեկը կարող են հետ ստանալ»։ Խոստումը նպատակ ուներ կանխել «Դեմ եմ» շարժման բողոքի ակցիաները: Նրանք համարում են, որ հանրության ճնշող մեծամասնության համար պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դեռ անընդունելի է, վստահություն չկա` մարդկանց հարկադրում են հրաժարվել եկամուտի մի մասից: Նրանք էլ չեն նկատել իշխանափոխությունը: Թավշե հեղափոխության միակ «հասկացողը» ՀՅԴ-ն է: Արմեն Ռուստամյանը, օրինակ, Արծվիկ Մինասյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում և համոզված է, որ Մանե Թանդիլյանի պարագան այլ էր` նա այդ ոլորտի ղեկավարն էր և ներկայացրել էր մի նախագիծ, որը մերժվել էր: ՀՅԴ-ն ԲՀԿ-ի սխալները կրկնելու մտադրություն ու ռեսուրս չունի: Նա գնում է իր ճանապարհով` հեղափոխության նախավերջին վագոնում: Իսկ ընդհանրապես հեղափոխությունն ու հակահեղափոխությունը զուգահեռներ են, որ Հայաստանում չափազանց արագ սկսեցին ուղղահայաց դառնալ: Համակարգը քանդելն ու համակարգը ամրապնդելը հակադիր գործողություններ են, որ հնարավոր չեն համաժամանակյա: Ոչ ոք առանձնապես չէր հավատացել ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի` հեղափոխությանը հարելու անկեղծությանը, ուստի զարմանալի չէ սեփական շահը պաշտպանելու նրանց անկեղծությունը: Հարցը մեկն է` ի՞նչ է պետք Հայաստանին, որ տեղապտույտից դուրս գա` դադարելով մեկի կրկեսը, մեկի էրգիրը, մյուսի փորձադաշտը լինել: Կուսակցապաշտությունը գուցե սքանչելի, բայց եսասիրական մղում է, ցանկացած կուսակցության գինն արժեք է դառնում, երբ պետք է պետականաշինությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Նկատե՞լ եք` ի՞նչ մրցակցություն է «Սասնա ծռերին» պատգամավորական երաշխավորությամբ բանտից դուրս բերելու համար: Դրոշակակիրը ԲՀԿ-ն է, ի՞նչ չես անի, որ հանրությանը դուր գաս, բայց սա այն դեպքն է, որ իրավիճակ փոխվելը 3 ոստիկանի սպանության փաստը չի փոխում: Հանրությունը միանշանակ չի գնահատում: Ամեն ինչ չէ, որ քաղբանտարկյալի սոուսով կմարսվի: Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների ազատ արձակմամբ` ԱԺ ընտրություններից առաջ ասպարեզում հայտնվելու է նոր քաղաքական ուժ կամ դաշինք, որ հավակնում է ԱԺ մտնել: Ի՞նչ անելու: Որևէ մեկն ունի՞ այս հարցի պատասխանը: Եթե հաշվարկն արված է, որ «Հիմնադիր խորհրդարանը» սկսում է պայքարել հեղափոխության ձեռքբերումների ամրապնդման համար` «ուղեկիցներից» ու նախկին համակարգից պաշտպանելով իբրև համախոհ ու դաշնակից, ի՞նչ երաշխիք, որ նրանք չեն հրաժարվելու Հայաստանի «ապագաղութացման» գաղափարից (իսկ եթե հրաժարվեն, ու՞մ են պետք) ու հակասության մեջ չեն մտնելու արտաքին քաղաքականության մեջ փոփոխությունների չգնացող վարչապետի հետ: Վերջապես` ի՞նչ երաշխիք, որ նորից զենքի չեն դիմելու անհամաձայնության պարագայում: Նիկոլ Փաշինյանը ամենուր որոնում է աջակիցներ և կառուցում է հեղափոխության պաշտպանության բազմաշերտ պատ` ոչ մեկին չվստահելով և փորձելով ստեղծել շահերի հակասություն` պաշտպանված լինելու համար: Հայաստանում այդ մարտավարությունը 20 տարի աշխատել է:

Դիտվել է՝ 3860

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ