USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

«Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում սահմանին տիրող իրավիճակը»

«Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում սահմանին տիրող իրավիճակը»
15.06.2018 | 00:31

Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպերի, բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների ու նոր նշանակումների, նախագահ Բակո Սահակյանի՝ այլևս նախագահի թեկնածու չառաջադրվելու հայտարարության և, առհասարակ, քաղաքական դաշտում նկատվող փոփոխությունների մասին է մեր զրույցը քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:


-Արցախյան վերջին հրաժարականները, նոր նշանակումներն ու հայտարարությունները կարո՞ղ ենք համեմատել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների հետ:
-Ինչ-որ առումով, այո, կարող ենք, քանի որ Արցախի քաղաքական ու քաղաքականամերձ որոշակի շրջանակներ փորձ են անում, այսպես ասած, հայաստանյան իշխանափոխության տեխնոլոգիաները տեղափոխել Արցախի տարածք: Այսինքն, ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթ փորձում են օգտագործել իրավիճակը լարելու և իշխանափոխության որևէ փորձ իրականացնելու համար:
Իհարկե, Արցախում նույնպես տարբեր խմբեր կան, որ շատ դեպքերում տարբերվում են գաղափարախոսությամբ, ծագումնաբանությամբ ու ապագայի նկատմամբ պատկերացումներով, ուղղակի ժամանակ առ ժամանակ, տակտիկական առումով ու իրավիճակը սրելու մասով, վերջիններիս շահերը համընկնում են: Այս պահին այդ խմբերի շահերը համընկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրակարգ ձևավորելու շուրջ, իսկ Արցախի յուրահատուկ Սահմանադրության համաձայն, ԱԺ նոր ընտրությունները ենթադրում են նաև նախագահի ընտրություններ, հետևաբար, Ազգային ժողովի ու նախագահի համաժամանակյա ընտրությունների պահանջ է առաջ քաշվում:
Կարող եմ ասել նաև, որ վերոնշյալ միջադեպերն օգտագործվում են իշխանափոխության քաղաքական օրակարգը հանրային օրակարգ դարձնելու միտումով, և, քանի որ Արցախի խորհրդարանում ընդդիմության ներքին ռեսուրսը չի բավարարում այդ ամենն իրականացնելու (ԱԺ-ի ջախջախիչ մեծամասնությունը համաձայնության կառավարության մաս է կազմում), հետևաբար, աշխատում են ինչ-ինչ լարումներով մարդկանց փողոց դուրս հանել ու հասնել ցանկալի արդյունքի: Դրա համար ամենաչնչին թվացող հարցերն ուռճացվում են ու մատուցվում հասարակությանը, ինչին էլ հետևում է բողոքի ալիքը: Հիշենք, օրինակ, թե ինչ աղմուկ բարձրացրեց «Ղարաբաղ տելեկոմի» հետ կապված խնդիրը կամ այն կապտահեր աղջկա պատմությունը, որ հասարակական լայն հնչեղություն ստացավ: Ընդգծեմ, սակայն, որ այն, ինչ այս պահին տեղի է ունենում Արցախում, քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ է, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ցանկալի ժամանակահատվածում ուզում է ցանկալի արդյունքի հասնել, իսկ թե որքանով դա կհաջողի, այլ հարց է:
-Բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները, նոր նշանակումները, նախագահ Բակո Սահակյանի վերջին հարցազրույցը բավարար չէի՞ն արցախցիներին՝ հասկանալու, որ բարեփոխումներն արդեն իսկ մեկնարկել են:
- Ըստ իս՝ Արցախի բնակչության զգալի հատվածն այս պահի դրությամբ բավարարված է այդքանով, բայց կան քաղաքական որոշակի խմբեր, որոնք ունեն իրենց քաղաքական օրակարգը: Նրանք մտածում են՝ ինչու՞ հայաստանյան նախադեպը չօգտագործեն Հայաստանի փաստացի մաս կազմող Արցախում նույնպես: Այդ ոգևորվածությունն ու տրամադրվածությունը հենց հիմա են ուզում օգտագործել, որովհետև պարզ չէ, թե 2020-ին՝ խորհրդարանի հերթական ընտրությունների ժամանակ, ինչ տրամադրություններ կլինեն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Բացի այդ, հայտնի չէ, թե երկու տարի անց ինչ իրավիճակ կարող է լինել աշխարհաքաղաքական առումով, քանի որ այսօր տեսնում ենք, թե օր օրի ինչպես են փոխվում գերտերությունների հարաբերությունները, դաշնակից պետությունները մեկ օրում թշնամանում են, աշխարհաքաղաքական նոր քարտեզներ են գծվում, խոստումներ են հնչում, որոնք արժեզրկվում են կարճ ժամանակ անց և այլն: Մյուս կողմից էլ, Մերձավոր Արևելքն աշխարհաքաղաքական բախումների ու քննարկումների ամենաթեժ կետն է, ու քանի որ Հայաստանն էլ այդ մեծ ռեգիոնի մի հատվածն է ու շատ մոտ է Արևելքին, ապա ցանկացած արտաքին քաղաքական ազդեցություն ներհայաստանյան քաղաքական կյանքում լուրջ փոփոխություններ է նախանշում:
-Արցախում տեղի ունեցող փոփոխությունները միայն Հայաստանի ներքաղաքական տրամադրություններո՞վ են պայմանավորված, թե՞ դրսի ուժերի «մատն էլ է խառը»:
-Հաշվի առնելով այն փաստը, թե ինչպես շատ հանկարծակի որոշ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց սովորական կենցաղային միջադեպը՝ ծեծկռտուքը, չեմ բացառում, որ դրսի ուժեր էլ կան կամ կարող են լինել: Ես նույնիսկ չեմ բացառում, որ Հայաստանի իշխանության մեջ կան ուժեր (ամենևին նկատի չունեմ վարչապետին), որ շահագրգիռ են Արցախում իրենց ներկայացուցիչների միջոցով որոշակի գործընթացների խառնվելու, գուցե ոչ այս պահին, այլ հետագայի համար հարցեր լուծելու:
Ես ընդհանրապես միշտ էլ համարել եմ, որ արտաքին ֆակտորն առկա է հայաստանյան ներքաղաքական հարցերում: Հայաստանի քաղաքական կյանքը և ղարաբաղյան հակամարտությունը աշխարհաքաղաքական մի շարք ուժերի ուշադրության կենտրոնում են: Հետևաբար, Արցախը, որպես աշխարհի ամենաթեժ կետերից մեկը, չի կարող չհետաքրքրել վերոնշյալ ուժերին:
-Արցախում սկսված փոփոխություններին իրավիճակայի՞ն, թե՞ քաղաքական գնահատական կտաք:
-Ըստ իս՝ Արցախի ղեկավարությունն իրոք նախատեսում էր բարեփոխումներ իրականացնել՝ անկախ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներից: Այնտեղ պրագմատիկ ռազմաքաղաքական ղեկավարություն է աշխատում, որը լավ է հասկանում՝ պետք է հարմարվել նոր իրողություններին ու կանխարգելող քայլերով գնալ առաջ: Այդ մասին ասել էր նաև նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Նա ընդգծել էր, որ բարեփոխումների ծրագիր իրականացնելու մասին քննարկումներն Արցախի կառավարությունը սկսել է դեռ երկու ամիս առաջ: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե արցախյան վերջին դեպքերն այնքան սուր էին, որ անհապաղ կտրուկ ռեֆորմների կարիք կար: Եթե օբյեկտիվորեն դատենք, իրավիճակը լիովին վերահսկելի էր: Հնարավոր է, որ այդ իրադարձությունները կատալիզատորի դեր խաղացին և արագացրին բարեփոխումների արդեն նախանշված գործընթացը:
-Արցախում տեղի ունեցած փոփոխություններին զուգահեռ, հակառակորդը սահմանին ուժեր ու ռազմական տեխնիկա է կենտրոնացնում: Ստեղծված իրավիճակից կարո՞ղ են օգտվել մեր հարևանները:
-Սահմանում տիրող վիճակը մտահոգիչ է, այո, ու կան կոնկրետ փաստեր Ձեր նշած կուտակումների մասին: Ինչ խոսք, կարող է տպավորություն ստեղծվել, թե հայերն այս պահին այնքան էլ միասնական չեն, և առիթն օգտագործելու հարմար պահ է: Բայց ուզում եմ ասել նաև, որ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ուշադրության կենտրոնում է պահում սահմանին տիրող իրավիճակը: Եվ ոչ միայն սահմանին: Մասնավորապես, նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում ուղղակիորեն աջակցություն հայտնեց տեղի իշխանություններին: Սա նշանակում է, որ ՀՀ նոր իշխանությունները հասկանում են` պետք է վերջ դնել ապակայունացմանն ուղղված բոլոր գործողություններին:


Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ