USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

«Մեր պատասխանատուները, դիվանագիտական կառույցից սկսած մինչև մշակույթի, գիտակրթական գերատեսչություն, բոբիկ են Նախիջևանի հարցում»

«Մեր  պատասխանատուները, դիվանագիտական կառույցից սկսած մինչև մշակույթի, գիտակրթական գերատեսչություն, բոբիկ են Նախիջևանի հարցում»
15.06.2018 | 00:38

Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրական փաստագրության միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության դափնեկիր, ծնունդով նախիջևանցի ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆՆ այն եզակի մարդկանցից է, որն իր ողջ կյանքում հետամուտ է եղել Նախիջևանի խնդիրներին, ավելի քան 250 աշխատություն է հրատարակել, որոնցից 49-ը լույս են տեսել առանձին գրքերով՝ մի մասը նաև ռուսերեն և անգլերեն։ Բազմաթիվ երկրներում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Իրան և այլն), միջազգային գիտաժողովներում գիտական զեկուցումներ է ներկայացրել, նախիջևանյան հայկական ժառանգության, հուշարձանների հեղինակային լուսանկարների ցուցահանդեսներ կազմակերպել, իր հեղինակած «Ջուղա՝ խզված մեղեդի» երկմասյա ֆիլմով, բանախոսություններով ցույց տվել աշխարհին, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում հայկական արժեքներն ու հետքն այդ տարածաշրջանից: Մեզ հետ զրույցում Այվազյանը խոսեց ինչպես վերջին զարգացումների, այնպես էլ պատմական իրողությունների մասին:


-Բավական բուռն քննարկման թեմա դարձավ այն, որ հայկական կողմը, որպես մարդասիրական քայլ, թույլ է տվել ադրբեջանցիներին մոտենալ Գյուննութ գյուղի գերեզմանատեղերին: Արժե՞ր նման «մարդասիրություն» ցուցաբերել:
-Ես դեմ չեմ մարդասիրական ցանկացած քայլի. քրիստոնեական մոտեցում է՝ լավություն արա, ջուրը գցիր: Այնպես որ մարդը, մարդկությունը առհասարակ չեն կարող գոյատևել առանց մարդասիրական զգացմունքների ու գործելակերպի։ Սակայն այս կերպ կարելի է վարվել այն դեպքում, երբ դիմացինդ հասկանում է, եթե չի հասկանում, ավելորդ մարդասիրությունը վերածվում է ստրկամտության: Հայաստանի Հանրապետությունը տասնհինգ տարուց ավելի միջազգային տարբեր կազմակերպությունների միջոցով քանիցս ջանաց, փորձեց, որ ոչ թե Հայաստանի, այլ գոնե միջազգային որևէ կառույցի ներկայացուցիչները Նախիջևանի եկեղեցիներ, Ջուղայի հռչակավոր խաչքարերի գերեզմանատուն այցելեն, որոնք Ադրբեջանի կողմից վանդալիզմի ենթարկվեցին:
-Փաստորեն ժամանակին մենք դիմել ենք համանման պահանջով և մշտապես արժանացել ենք Ադրբեջանի մերժմա՞նը:
-Այո: Ադրբեջանը ոչ մի անգամ մարդկային նման քայլ չարեց, ասաց՝ իմ տարածքն է ու վերջ: Ավելին, փաստեց, որ այդ տարածքում հայեր չեն ապրել, հայկական խաչքարեր, վանքեր ու եկեղեցիներ և առհասարակ հայկական ոչինչ չկա: Այս ֆոնին չի կարող մարդասիրության գործոնն աշխատել: Ենթադրում եմ, որ պաշտպանության նախարարությունն այդ քայլին գնաց, քանի որ երկրում իշխանափոխություն էր եղել, և կարծես այդ սիրո և համերաշխության հեղափոխությունը փորձեցին տեղափոխել միջազգային հարթակ: Գուցե այս տեսանկյունից ընդունելի է, բայց երբ փաստերը համադրում ես, հասկանալի է՝ դա սխալ քայլ էր: Բազմիցս Հայաստանն էլ, միջազգային հանրությունն էլ համոզվել են, որ Ադրբեջանը մշտապես երդմնազանց է: Ադրբեջանական լրատվամիջոցներն այդ «մարդասիրությունը» ներկայացրին որպես շուրջ 11 հազար հեկտար տարածքի գրավում: Ահա այն, ինչ ստացանք մարդասիրության դիմաց: Շատ խիստ և զգույշ պետք է լինել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ:
-Այս ամենին նախորդել էր մեկ այլ ուշագրավ իրադարձություն. Ադրբեջանն իր դիրքերը բավական առաջ է բերել՝ կրճատելով չեզոք գոտին: Դուք հեռահար նպատակներ տեսնու՞մ եք այս ամենում:
-Ոչ միայն հեռահար, այլև անթաքույց նպատակներ են ցուցադրում: Վերջին տասը տարում, Նախիջևանի Շարուրի դաշտում՝ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա, ադրբեջանական կողմը հզոր զինտեխնիկայով զինուժ է տեղակայել, որը ցանկացած պահի կարող է ռմբակոծել Երևանը կամ այլ տարածքներ: Սա Նախիջևանի խնդրին Հայաստանի իշխանությունների ոչ ճիշտ քաղաքական մոտեցման հետևանք է: Եթե պատմական ոչ հեռու անցյալի էքսկուրս անցկացնենք, կտեսնենք, որ մինչև Նախիջևանի պատմական գավառների խորհրդայնացումը՝ 1920 թ. հուլիսը, 1828-40 թթ. Արևելյան Հայաստանի կազմում միացվել է Ռուսաստանին և գտնվել է Հայկական մարզի վարչական միավորման մեջ։ 1841-1918 թթ. եղել է Երևանի նահանգի կազմում, 1918 թ. հուլիսին Անդրանիկ Զորավարը Նախիջևանը հայտարարել է Ռուսաստանի ենթակայության երկրամաս։ 1918 թ. նոյեմբեր-1919 թ. փետրվար ժամանակահատվածում այն վարչականորեն գտնվում էր Հայաստանի կազմում։ 1919 թ. փետրվար-ապրիլին այդտեղ կազմավորվել էր Անգլիական նահանգապետություն, 1919 թ. ապրիլ-օգոստոսին՝ վերստին Հայաստանի առաջին Հանրապետության կազմում էր։ 1920 թ. այն հռչակվում է խորհրդային տարածք, ապա 1921-ի ռուս-թուրքական չարաբաստիկ դաշնագրով Նախիջևանը դրվեց Ադրբեջանի խնամակալության ներքո, որի երաշխավորը Ռուսաստանն ու Թուրքիան են: 1923-ին մարզն իր կարգավիճակը փոխեց և դարձավ ինքնավար երկրամաս, 1924-ին՝ ինքնավար հանրապետություն։ Հայաստանի իշխանություններն այս առնչությամբ ոչ մի վերաբերմունք չցուցաբերեցին: Մինչդեռ դրանով Նախիջևանը ամրապնդեց իր դիրքը Ադրբեջանի կազմում: Հետագայում հայկական բնակչությունը աստիճանաբար նվազեց, և 1980-ական թվականների վերջերին այն արդեն հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված տարածք էր և հայկական բնակչության թվաքանակն էլ 2600-ի սահմաններում էր: 1905, 1918-19 թվականների ջարդերից հետո Նախիջևանի հայկական բնակչության զգալի մասը բռնագաղթվեց: Խորհրդայնացումից հետո տասնյակ հազարներով հայեր, որոնք ոչ միայն Հայաստանում էին բնակություն հաստատել, այլև Թիֆլիսում, 1922-26 թթ. դիմեցին Հայաստանի կառավարությանը և խորհրդային ղեկավարությանը, որպեսզի իրենց թույլատրեն հայրենիք վերադառնալ: Այս մասին վկայող բազմաթիվ արխիվային նյութեր կան: Օրինակ, Ադրբեջանի ժողկոմի նախագահ Մուսաբեկովը 1922 թ. հունիսի 24-ի հեռագրով Հայաստանի ժողկոմին հաղորդում է, որ բնակչության «զանգվածային մուտքը Ադրբեջանի սահմաններ արգելվում է»։ Հայաստանի իշխանությունները դարձյալ գործնական աշխատանքներ չիրագործեցին: Ավելին, Ադրբեջանի կառավարությունը 1926-ին որոշում ընդունեց, որով ասվում էր, թե Նախիջևանում հողաբաժանումն արված է և նոր բնակիչների չեն կարող ընդունել: Կրկին պետական ոչ մի աջակցություն չեղավ։ Այսպիսով, Նախիջևանի բնակչության մի մասը մնաց Վրաստանում. մյուսները տեղափոխվեցին Հայաստան ու այլ երկրներ: Աստիճանաբար արհեստականորեն կրճատվեց նախիջևանաբնակ հայերի թվաքանակը: 1926-ին Խորհրդային Միությունում անցկացվեց առաջին մարդահամարը, որի ժամանակ Ադրբեջանը ներկայացրեց, թե Նախիջևանի տարածքում հայկական բնակչության թվաքանակը 11276 է: Այնինչ դա կեղծ տվյալ էր, միայն Գողթան գավառի հայության թվաքանակն էր այդքան: Իրականում՝ այդ ժամանակ նախիջևանահայության թվաքանակը 26700-ի սահմաններում էր։ Այսինքն, նրանք դեռ էն գլխից պետական ծրագիր ունեին, որով էլ առաջ են շարժվում:
-Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական պետական քաղաքականությունը փաստեց՝ մենք համակերպվեցինք իրողության հետ, որ ընդմիշտ կորցրել ենք Նախիջևանը:
-Համակերպվեցինք այդ ու շատ այլ բաների հետ: Երբ Նախիջևանն ինքնավար մարզ և հանրապետություն էր մինչև 1928-ը, ոչ մի սահման չուներ Թուրքիայի հետ: Որպեսզի Նախիջևանի հետ կապ ունենա, 1930-ից հետո Թուրքիան Իրանի հետ տարածք փոխանակեց և 11 կմ սահմանով ապահովեց իր կապն այս տարածաշրջանի հետ: Այս փաստին էլ չեն արձագանքում Հայաստանի խորհրդային իշխանությունները: 1921-ից լինելով Ադրբեջանի հովանավորության ներքո, ոչ մի տող Հայաստանում չի գրվել Նախիջևանի մասին ոչ դպրոցական, ոչ էլ բուհական դասագրքերում ու ձեռնարկներում, չգրվեցին նաև աշխատություններ, մամուլն անգամ չէր անդրադառնում նախիջևանյան խնդիրներին: Հայաստանը պետականորեն, դիվանագիտորեն «ձեռքերը լվացել» էր Նախիջևանից: Այդ տարիներին միայն մեկ գիրք՝ Սմբատ Տեր-Ավետիսյանի «Ջուղան» (ռուսերեն), տպագրվեց, այն էլ Թբիլիսիում: Հայաստանի ակադեմիան հիմնադրումից (1943) հետո ոչ մի աշխատություն ցայսօր չի տպագրել։ Մինչ իմ աշխատանքների տպագրումը ընդամենը մեկ-երկու հոդված կամ էլ հիշատակումներ կային: Բարեբախտաբար, վերջին տասնամյակում Է. Զոհրաբյանը երկու կարևոր գիրք հրատարակեց Նախիջևանի 1918-20-ական թվականների վերաբերյալ։ Մեկ-երկու աշխատանք էլ վերջին տարիներին հրատարակել են այլ հեղինակներ։ Այդօրինակ փաստերը կարելի է անվերջ շարունակել։ Ահա այսպիսի մոտեցում է հայկական կողմը մշտապես որդեգրել Նախիջևանի խնդրում:
-Փաստորեն տեր չկանգնելով մեր ունեցածին, այսօր յուրացնողների ախորժակն ավելի՞ է մեծացել: Ադրբեջանի նախագահը հայտարարում է Երևանի գրավման մասին, իսկ մենք դա չգիտես ինչու խիստ անհավանական ենք համարում: Սա ցույց է տալիս, որ մենք իսկապես ոչ մի դաս չե՞նք քաղել պատմությունից:
-Այո, ոչ մի դաս չենք քաղում: Խորհրդային տարիներին, եթե ցանկանայինք գնալ Նախիջևան, այնքան խիստ ռեժիմով էր այցը, որ հստակ նշվում էր, թե որտեղ պետք է գնալ, անգամ հարևան գյուղը մտնելու իրավունք չկար: Այսպիսի խիստ պայմաններով հայությանը կտրում էին իրենց հայրենիքից: Իսկ Հայաստանը թեկուզ և մշակութային առումով, կարող էր կապերը պահել, բայց չպահեց: Պետք էր առանց մրցույթի մանկավարժներով, գյուղատնտեսներով ապահովել Նախիջևանին, որ հայկական դպրոցները չփակվեին։ Այս խնդիրները բացարձակապես չեն հետաքրքրել Հայաստանի իշխանություններին: Եթե հիմա ուսումնասիրենք ԽՍՀՄ կոմկուսի Մոսկվայի կամ Ադրբեջանի, Հայաստանի արխիվները, կտեսնենք, թե քանի հարյուրավոր նախիջևանահայերի բողոք-նամակներ կան տարբեր խնդիրների վերաբերյալ: Երբ դիմում էին Հայաստանի իշխանություններին, ասում էին՝ դա մեր տարածքը չէ, նամակն ուղարկում էին Ադրբեջանի կառավարություն, իբր թե իրենց դեմ բողոքում են, իրենք էլ պետք է հարցը լուծեն: Սա պետական միամիտ քաղաքականություն է: Կար իբր ճնշում, որ երկու հանրապետությունները՝ Ադրբեջանը և Հայաստանը, չպետք է այնպիսի նյութեր, փաստեր հրապարակեն, որոնք երկու ժողովուրդների բարեկամությունը կխաթարեն: Հայաստանը հլու-հնազանդ ենթարկվում էր դրան, չնչին բացառություններով, իսկ Ադրբեջանը հակառակը՝ մամուլով անգամ ուսուցանում էին ժողովրդին, թե այս-այս տարածքը մերն է: Այդ մասին տպագրում էին նաև ռուսերենով: Իսկ մեր մասնագետները, գիտնականները նույնիսկ գրախոսելու շատ քիչ հնարավորություն ունեին: Բերեմ մեկ օրինակ։ Ակադեմիկոս Զիա Բունիաթովը 1965 թ. ռուսերեն հրատարակեց «Ադրբեջանը 7-9-րդ դդ.» գիրքը, որը ծավալուն աշխատություն է: Այստեղ ամբողջովին խեղաթյուրված է պատմությունը: Երջանկահիշատակ Պարույր Սևակը և Ասատուր Մնացականյանը «Պատմաբանասիրական հանդեսում» (1967, թիվ 1) ռուսերեն ծավալուն գրախոսական հրապարակեցին, որը մի քանի անգամ՝ մինչև տպագրվելը, մկրատվեց, կրճատվեց: Այս ամենը հիմք էր տալիս Ադրբեջանին գործելու այնպես, ինչպես իրեն էր հարմար: Իրենց ակադեմիային հանձնարարված էր ասպիրանտներ աճեցնել։ Եվ այդ ամենը գլխավորում էին ակադեմիկոս Զիա Բունիաթովը, Դ. Ախունդովը, Ֆ. Մահմեդովան, Վ. Ալիևը և այլք: 60-ականներից հետո սկսեցին մեծ ծավալի աշխատանքներ հրատարակել և՛ Նախիջևանի, և՛ Ղարաբաղի պատմության ու հուշարձանների վերաբերյալ, որ իբր Հայաստանը պատմական փաստերը խեղաթյուրում է, փորձելով «ապացուցել», որ Մովսես Կաղանկատվացին, Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վանական Վարդապետը և այլ հայ հեղինակներ աղվաններ են (իմա` ադրբեջանցիներ):
-Խոսել Նախիջևանի մասին ու չհիշել հայկական խաչքարերի վանդալիզմը, դժվար է: Մենք անգամ այս վայրենությունը չկարողացանք աշխարհին հավուր պատշաճի ներկայացնել և դիվանագիտական բոլոր սեղաններին առաջնային փաստաթուղթ դարձնել: Նախիջևանի հարցում Խորհրդային Հայաստանի իշխանությունների վատ ավանդույթները շարունակեցին նաև անկախ Հայաստանի ղեկավարները: Ինչու՞:
-Արցախյան պատերազմի ժամանակ Նախիջևանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները ոչ մի վնաս չկրեցին, չավերվեցին: Վանդալիզմը սկսվեց 1998-ից կամ դրանից 1-2 տարի առաջ: Այդ մասին բազմիցս եմ գրել, խոսել լրատվամիջոցներով: Սա ունի քաղաքական ենթատեքստ: Այսպես, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, պատճառներից մեկն էլ համարվեց այն, որ նա կողմ էր Արցախի խնդրի փուլային լուծման տարբերակին: Եկան ուժեր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, որոնք կարծում էին, թե խնդիրը պետք է միանգամից՝ փաթեթային լուծվի: Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եկավ Ռոբերտ Քոչարյանը, որը պետք է փաթեթային լուծում տար հիմնախնդրին, իսկ կռվաններից մեկն էլ Նախիջևանի հարցն էր: Մինչ այդ նշեմ, որ Ադրբեջանի հետ բանակցությունների օրակարգում միշտ եղել է փախստականների վերադարձի հարցը, բայց բանակցողները՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը երբեք հետամուտ չեն եղել, որ Նախիջևանից բռնագաղթի ենթարկված հայությունը ևս պետք է վերադառնա իր բնակավայրերը: Չնայած ոչ մեկը չի գնա, ոչ ադրբեջանցիները, ոչ էլ հայերը: Սակայն պետք է այդ խնդիրը շոշափվեր, եթե խոսվում է փախստականների մասին: Նախիջևանի խնդիրը, այսպիսով, մեխանիկորեն բանակցությունների սեղանին էր դրվում: Կոնկրետացան միայն ղարաբաղյան խնդրի վրա, ու հիմա տեսնում ենք՝ կարողացա՞ն արդյոք ոչ փուլային տարբերակով հարցը լուծել: Քանի տարի է անցել, նույնիսկ փուլայինի չեն էլ հասել: Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալով՝ իբր Նախիջևանի խնդիրն ակտիվացրին, բայց դա կատարվեց մանկամիտ տրամաբանությամբ՝ ժողովուրդը պետք է այն բարձրաձայնի: Ասել է՝ եկեք Արցախի խնդրին այս կամ այն լուծումը տանք, այլապես նախիջևանահայերը կբարձրացնեն Նախիջևանի խնդիրը: Ակտիվացրին Նախիջևանի հայրենակցական միությունը, Զորի Բալայանը սկսեց ինչ-որ ելույթներ ունենալ, հոդվածներ գրել, թե պետք է վերադառնանք մեր հայրենիք, Նախիջևանը մերն է և այլն: 1998 թ. մտավորականների հավաք կազմակերպեցին, որոշեցին դիմել ԱԺ-ին, որ Մոսկվայի հետ բանակցություններ վարի և վերանայի 1921-ի պայմանագիրը: Բացարձակապես ոչինչ չարվեց, հանդիպել եմ անգամ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ու արել եմ հստակ հարցադրում՝ սա պետակա՞ն մոտեցում է, թե՞ խնդիրը հենց այնպես է առաջ քաշվում, որը կարող է մեծ վնասներ բերել: Հստակ պատասխան չեն տվել: Խնդիրը պարզ էր, որ Նախիջևանի հարցի աշխուժացումը միայն շահարկումների համար էր։ Քանզի 2-3 տարի հորդորում էին Ադրբեջանի իշխանություններին, թե թույլատրեք, գանք մեր եկեղեցիներ ուխտի, հուշարձաններին այցի: Այս ակտիվությունը հանգեցրեց այն բանին, որ Ադրբեջանին կարծես մատնացույց արեցին, որ պատմական փաստերը Նախիջևանից վերացնի: Եթե միջազգային կառույցները հասկանում են, որ արցախյան խնդիրը մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման հարթությունում է, Նախիջևանը չենք կարող նույն կերպ ներկայացնել: Կասեն, որ դուք Ղարաբաղն եք ինքնորոշել, 99 տոկոս ադրբեջանցիներով բնակեցված Նախիջևանում էլ ժողովուրդն ինքնորոշվել է Ադրբեջանի կազմում: Խնդիրը ո՞րն է: ՈՒրեմն այլ ճանապարհ պետք է գտնեին: Դա պատմական ճանապարհն է՝ փաստաթղթերով, պատմություն ներկայացնելով և 1921-ի պայմանագիրը վերանայելով, Ռուսաստանի հետ ճիշտ աշխատելով: Երկրորդ ճանապարհն էլ ռազմական լուծումն է: Ոչ հիմա, ոչ էլ 10-20 տարի հետո Հայաստանն ի վիճակի չէ մտնելու նման պատերազմի մեջ և հարցը լուծելու:
-Ո՞րն է Ձեր բացատրությունը. ինչու՞ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները չեն ցանկացել Նախիջևանի խնդրին, այսպես ասած, լուրջ վերաբերվել և տարբեր բանակցություններում կռվան դարձնել: Սա քաղաքական կարճատեսությու՞ն է, թե՞ վտանգավոր հարցից խուսանավել:
-Առհասարակ պետության առաջնորդ լինելը շատ դժվար աշխատանք է: Պետական գործիչը պետք է ունենա նախ և առաջ ազգային գործչի հատկանիշներ, այլապես վերածվում է չինովնիկի և հստակ ինչ-ինչ պարտականություններ է անում: Ինչպես կարելի է Նախիջևանն այդպես աչքաթող անել, որը Հայաստանի սրտի մեջ մտած տարածք է, իսկ Թուրքիան իր ձեռքի տակ է վերցրել ու դարձրել է պլացդարմ Հայաստանի դեմ: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հատկանիշները չեն ունեցել: Չնայած վերջինս որպես գիտնական մոտ էր կանգնած այդ խնդրին։ Այստեղ, կարծում եմ, բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես 1992-ին, երբ հայկական զորքերը Սադարակի հատվածից 10-15 կմ խորացել էին, Թուրքիան անմիջապես արձագանքեց: Այն ժամանակվա Թուրքիայի վարչապետն էր կարծեմ Թանսու Չիլլերը։ Վերջինս Բ. Ելցինին հորդորեց, որ հայկական զորքերը հետ քաշեն, 2-3 ժամում թուրքական մեծաթիվ զինուժը սահմանի երկայնքով արդեն կանգնած էր: Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր հրահանգելու հետ քաշվել: Շատերն ասում էին, թե մտել էին, պետք է թողնեին խնդիրը վերջնական լուծել: Ցավոք ոչ, խնդիրը կարող էինք լուծել, եթե նախապատրաստված լինեինք: Ընթերցողներին պետք է հիշեցնել, որ արցախյան շարժման առաջին կրակոցները հնչեցին հենց Նախիջևանից, ընդհարումներ եղան Երասխավանում, բայց զարգացում չեղավ: Թուրքիան և Ադրբեջանն անմիջապես կռահեցին, որ եթե այդտեղ զարգացումներ լինեն, Նախիջևանը կարող է վտանգվել: ՈՒ անմիջապես կրակի ուղղությունը փոխեցին դեպի Արցախ: Երկար տարիներ, մինչև վերջերս Նախիջևանի ուղղությամբ՝ եզակի բացառությամբ, ընդհարումներ չեն եղել: Նրանք ունեին այդ հեռահար մտածողությունը, որը, ցավոք, մենք չունենք: Հուշարձաններն ավերեցին Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին՝ 1998-2006 թթ.: Քոչարյանն այդ տարիներին բանակցությունների ժամանակ պապանձվել էր, մի բառ չէր խոսում Նախիջևանի հայկական ժառանգության, բազմահազար խաչքարերի և այլ հուշարձանների վանդալիզմի մասին: Խոսքը 27 հազար հուշարձանի մասին էր: Այսպիսի վերաբերմունքի դեպքում ի՞նչ եք սպասում Ադրբեջանից: Սերժ Սարգսյանը ևս այդ վանդալիզմի համար ոչ մի միջազգային հարթակում չկարողացավ որևէ բարոյական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին: Հիմա հայկական եկեղեցիների մի մասի տեղում մզկիթներ են կառուցում, իսկ Ջուղայի խաչքարերի անտառը 2006-ից զինվորական հրաձգարանի է վերածվել։ Ավելին, պետականորեն էլ հայտարարում են, թե Նախիջևանի տարածքում առհասարակ ոչ մի հայկական հուշարձան էլ չի եղել: ԱՄՆ-ի սենատին բողոք ներկայացնելով՝ պահանջում են նույնիսկ, որպեսզի Արցախյան պատերազմի ժամանակ Արցախի հսկողության տակ անցած 7 տարածք-շրջաններում, իբր ավերված ադրբեջանական հուշարձանների համար, Հայաստանը Ադրբեջանին պետք է վճարի 7 միլիարդ դոլար վնասի հատուցում։
-Հանուն իրենց նկրտումների պատմությունը սրբագրում են:
-Իրենք սրբագրում են, իսկ մենք պատմությունը բանի տեղ չենք դնում: Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ զբաղված էին երկրի ազգային հարստությունները կողոպտելով: ՈՒրեմն թշնամու դեմ ինչպես պետք է դիմակայել, երբ և ֆիզիկապես, և բարոյապես լքված ենք: Բարոյազուրկ ժողովուրդը չի կարող ուժ ցուցաբերել:
-Այսօր ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի նոր իշխանությունն այս հարցում:
-Մինչ ինչ-որ բան անելը, նախ հայկական կողմի պատասխանատուներին պետք է ուսուցանել, տեղեկացնել Նախիջևանի խնդրի մասին, որովհետև մեր պատասխանատուները շատ բոբիկ են այս հարցում՝ դիվանագիտական կառույցից սկսած մինչև մշակույթի, գիտակրթական գերատեսչություն: Հայաստանի որոշ իշխանավորներ, լրատվամիջոցներ մինչև հիմա էլ չեն տարբերում, ո՛րն է Ջուղան և ո՛րն է Նոր Ջուղան: Նույնիսկ ԱԺ-ում երբեմն ասում էին, թե ոչնչացվել են Նոր Ջուղայի խաչքարերը: Այդպիսի անմակարդակ մակարդակով ինչպե՞ս կարելի է պայքարել պետական մակարդակի հասցված ադրբեջանական կեղծիք-քաղաքականության դեմ։


Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2661

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ