Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պատահական «դաշնակիցները» սկսել են նյարդայնանալ. ինչու՞

Պատահական «դաշնակիցները» սկսել են նյարդայնանալ. ինչու՞
15.06.2018 | 00:41

Այս օրերին քաղաքական և փորձագիտական շրջանակներում բավականին ակտիվորեն քննարկում են իշխանական ներկայիս կոալիցիոն ձևաչափում նկատված տարաձայնությունները։ Փորձ է կատարվում գտնելու դրանց պատճառները։
Մինչդեռ դեռևս Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հնչեցին մի շարք ուշագրավ հայտարարություններ։ Դրանց թվում առանձնացնենք երկու առավել կարևորները, որոնք կարող էին այդ իրադարձությունների կատալիզատոր հանդիսանալ։


Առաջինը վերաբերում է կառավարության ծրագրի քաղաքական պատասխանատուներին, հարց, որն անընդհատ բարձրացնում է հիմնականում հանրապետական կուսակցությունը և փորձում հասկանալ, թե որ քաղաքական ուժերն են, այնուամենայնիվ, այս ծրագրի պատասխանատուն։ Որպեսզի երկիմաստ քննարկումները բացառվեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն նշեց, որ ծրագրի քաղաքական պատասխանատվությունը վերցնում է կոնկրետ այն քաղաքական թիմը, որը նախապատրաստել և իրականացրել է թավշյա հեղափոխությունը։ Այսինքն՝ ուղղակիորեն ասվեց, որ ոչ մի քաղաքական ուժ, բացի «Քաղաքացիական պայմանագրից», որևէ առնչություն չունի ծրագրի հետ։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե արձանագրեց այս փաստը, որպեսզի այն կուսակցությունները, որոնք հեղափոխության ավարտից մի քանի րոպե առաջ են միացել համաժողովրդական շարժմանն ու դեպքերի բերումով են անցել օրվա իշխանությունների կողմը, հանկարծ որևէ կերպ չասոցացվեն հեղափոխության հետ։ Սա վարչապետի կողմից հիմնարար հայտարարություն է, քանի որ որոշակիորեն ուրվագծում է, թե ինչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենալու ընտրությունների նախաշեմին և հենց ընտրություններում։


Երկրորդ կարևորագույն հայտարարությունը, որ արեց Նիկոլ Փաշինյանը, ուղղակի պատասխան էր վերջին շրջանում ակտիվացած ու քաղաքական նկրտումներ ցուցաբերող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Խոսքն իշխանության տարբեր ճյուղերի միջև լիազորությունների վերաբաշխման մասին է։ Հայտնի է, որ Արմեն Սարգսյանը բազմիցս ընդգծել է, որ պետք է հստակ բաժանում լինի իշխանության երեք ճյուղերի՝ խորհրդարանի, վարչապետի և նախագահի ինստիտուտների միջև։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ թեև սուպերվարչապետական լիազորություններում որոշակի շտկումներ պետք է լինեն, բայց նաև նշեց, որ ինքը երբեք չի ասել, թե խորհրդարանական երկրում պետք է նշված ճյուղերի միջև հավասար բաժանում լինի։ Ըստ վարչապետի՝ դա բացառվում է։ Եվ որպեսզի Արմեն Սարգսյանի դեպքում նշվածը շատ ավելի ցայտուն լինի, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման բան չկա ոչ միայն Եվրոպայում, այլև նույն Անգլիայում, որտեղ թագուհու և վարչապետի ինստիտուտները նույնպես հավասար չեն։ Ըստ էության, այսպիսով վարչապետն իր ավելի քան թափանցիկ ակնարկով փակեց նաև վերոնշյալ հարցը։ Նա նաև մոտավորապես ուրվագծեց, թե ինչ ուղղությամբ են ընթանալու պրոցեսներն առաջիկայում։ Հասկացվեց, որ որոշակի քաղաքական հակամարտություններ են սկսվում նաև վարչապետի ու նախագահի միջև։


Հիմա՝ ինչո՞վ են այս երկու հայտարարությունները կարևոր։
Կարևոր են, քանի որ հասկանալի է դառնում, որ «Ծառուկյան» դաշինքն առաջիկա խորհրդարանական ընտրություններում որևէ լուրջ ակնկալիք չպետք է ունենա, թե Նիկոլ Փաշինյանի հետ կարող է հանդես գալ նույն քաղաքական թիմում։ Դաշնակցության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, քանի որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի շահ չունի ՀՅԴ-ին իրեն ամրակցելու համար, մի կուսակցություն, որը վերջին տարիներին գրեթե միշտ իր հույսը դնում է օրվա իշխանությունների բարեհաճության վրա։ Եվ Արծվիկ Մինասյանի փաստացի դեմարշը թերևս ՀՅԴ-ի նյարդային պատասխանն էր վարչապետի ոչ շահագրգիռ վերաբերմունքին այդ կուսակցության հանդեպ։ Ավելին, քաղաքական վերլուծաբանները խիստ կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին որևէ կուսակցության հետ դաշինքով գնալու հեռանկարը։ Խոսքը նաև «Ելք» խմբակցության մաս կազմող ուժերի մասին է։ Նիկոլ Փաշինյանը վերջիններիս ուղղակիորեն հասկացրեց, որ թեև գործադիր իշխանության մեջ են, սակայն կառավարության ծրագրի համար քաղաքական պատասխանատվություն նույնիսկ նրանք չեն կրում։


Վարչապետ Փաշինյանի նշված երկու հայտարարություններով, փաստորեն, տրվեց ընտրական արշավի մեկնարկը։
Նշենք, որ ընտրություն կոչվածում թե՛ քաղաքական, թե՛ կազմակերպական առումներով բոլորովին այլ տրամաբանություն է գործում։ Ընտրություններում առաջին պլան են գալիս ոչ միայն վարկանիշը, իմիջը, այլև կոնկրետ կուսակցության ռեսուրսները։ Ով ունի ռեսուրս, նա էլ, թեկուզ բավականին կասկածելի վարկանիշի պայմաններում, կարողանում է օգտագործել այն ու արդյունքի հասնել։


Պարզ է, որ «Քաղպայմանագրի» գլխավոր խնդիրն է զերծ մնալ իշխանության կուսակցության վերածվելու խնդրից։ Իհարկե, կա մեծ վտանգ, որ ՔՊ-ն դառնալու է հերթական իշխանական կուսակցությունը (ինչպես ժամանակին ՀՀՇ-ն էր կամ ավելի ուշ՝ ՀՀԿ-ն), որին ով պատահի, անդամագրվելու է մեկ հիմնական նպատակով՝ որքան հնարավոր է մոտ լինել իշխանական դաշտին՝ սեփական խնդիրները լուծելու համար։


«Ծառուկյան» դաշինքը թեև բոլոր ռեսուրսներն ունի՝ մարդկային, ֆինանսական, կառույցներ, իմիջային որոշակի առավելություն, սակայն կա մի մեծ խնդիր. եթե Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն իրոք քաղաքական կամք դրսևորեն և ապահովեն առանց կաշառքի ընտրական մթնոլորտ, ապա «Ծառուկյան» դաշինքը կկանգնի բավականին տհաճ փաստի առաջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառուկյանական հիմնական ընտրազանգվածը սովոր է ընտրակաշառքի և ԲՀԿ ղեկավարին ընկալում է որպես մի մարդու, որը բարեգործության կամ այլևայլ ռեսուրսների շնորհիվ բավարարում է նրանց օրվա պահանջը։ Եվ եթե Ծառուկյանը զրկվում է իր ավանդական գործիքակազմից, շատ մեծ ռիսկ է առաջանում, որ այդ գործիքակազմին սովոր մարդիկ կհիասթափվեն և կլքեն երկրի թիվ մեկ օլիգարխի ընտրազանգվածը։ Իսկ այն, որ այդպես կարող է պատահել, ցույց են տալիս ուժային կառույցների կողմից պարբերաբար արվող հայտարարությունները, թե որևէ մեկը ընտրություններում չի կարող կիրառել ընտրակաշառքի մեթոդը։


Ի դեպ, շատ հետաքրքիր է, որ խորհրդարանի առաջիկա նիստում կառավարության կողմից ներկայացվելու է «Բարեգործության մասին» օրինագիծը, որտեղ, ամենայն հավանականությամբ, օրենքի մակարդակով բավականին լուրջ սահմանափակումներ կմտցվեն, որպեսզի բարեգործության անվան տակ ընտրությունների ժամանակ ոչ ոք չկարողանա ընտրակաշառք բաժանել։ Վարչապետն առայժմ օրենսդրության և ուժային կառույցների մակարդակով հասկացնում է, որ ընտրակաշառքը բացառվում է ցանկացած ձևաչափով, ընդհուպ մինչև բարեգործության քողի տակ։ Այսպիսով՝ թույլ չի տրվելու աշխատեցնել մեծն բարերարի կերպարը։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ վերոնշյալ օրինագծի հայտնվելը ԱԺ-ում այդ աստիճանի նյարդայնացրել է Գագիկ Ծառուկյանին և նրա թիմակիցներին ու ստիպել նրանց ուղղակի «վրաերթ» անել անձամբ վարչապետին։
Ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանի բավականին կտրուկ հայտարարությունները չեզոքացնում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի՝ սեփական խաղ ձեռնարկելու հույսերը։ Այս թեման արդիական է վերջին շրջանում արծարծվող այն հայտարարությունների ֆոնին, թե Արմեն Սարգսյանը նույնպես մտադիր է մուտք գործելու ակտիվ քաղաքականություն, եթե ոչ իր դեմքով ու իր գլխավորած կուսակցությամբ, ապա գոնե որոշ կուսակցությունների հովանավորելով։ Այստեղ նույնպես Նիկոլ Փաշինյանը կարմիր գիծ է քաշել. վարչապետը որևէ խնդիր չի տեսնում նախագահի հետ համագործակցության առկա ձևաչափում, սակայն Արմեն Սարգսյանի կողմից քաղաքական հավակնություններն անմիջապես արժանանալու են Փաշինյանի հակազդեցությանը։


Թերևս նույնը կարելի է ասել «Ելք» դաշինքում ներգրավված ուժերի մասին։ Այստեղ ընդգրկված կուսակցություններն այս պահին թեև քաղաքական դաշնակիցներ են, սակայն երևի թե պայման կդրվի՝ դառնալ մեկ կուսակցություն, հակառակ դեպքում չի բացառվում, որ «Քաղպայմանագիրը» ընտրությունների կգնա միայնակ։
Որոշակի աշխուժություններ կան արտախորհրդարանական ուժերի շրջանում։ «Ժառանգությունը» հայտարարությամբ կոչ է անում Նիկոլ Փաշինյանի հետ մեկ ճակատով հանդես գալու մասին։ Անհասկանալի է, սակայն, թե բարձր վարկանիշ ունեցող վարչապետն ինչու պետք է միավորվի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ասոցացվող քաղաքական ուժի հետ։
Ստեղծված իրավիճակում որոշակի հնարավորություններ են բացվում ՀԱԿ-ի համար։ Այս կուսակցությունը թեև կառուցվածքային, ինստիտուցիոնալ և այլ առումներով վաղուց արդեն թույլ գործոն է, սակայն ունի դեռևս չմարած քաղաքական ներուժ՝ բնականաբար ի դեմս իր ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի, որը, ի դեպ ,Նիկոլ Փաշինյանի հաղթանակից հետո փորձեց դառնալ վերջինիս հոգևոր հայրերից մեկը՝ ոչ բնորոշ ակտիվություն ցուցաբերելով հոդվածային ժանրում։ Ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ը կա՛մ Նիկոլ Փաշինյանի հետ հանդես կգա, կա՛մ էլ կստանա որոշակի արտոնություն։


Գուցե հետաքրքիր հեռանկարներ բացվեն անցյալ խորհրդարանական ընտրություններից հետո մոռացված ՕԵԿ-ի համար։ Այս կուսակցությունը, ունենալով որոշակի իմիջային խնդիրներ, այնուամենայնիվ, կորուստներով հանդերձ պահպանել է ընտրությունների ժամանակ շատ մեծ նշանակություն ունեցող իր կառույցները, քարոզչական ռեսուրսները, ֆինանսներն ու բազմավեկտոր արտաքին քաղաքական կապերը։
Սրանք այն հիմնական ուժերն են, որոնք այս պահին նշմարվում են, և որոնք արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել։
Ամեն դեպքում փաստ է, որ ԱԺ-ում կառավարության ծրագիրն ընդունելով՝ տրվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարի ոչ պաշտոնական մեկնարկը։ Բայց նաև իրողություն է այն, որ ժամանակակից Հայաստանում իրադրությունները փոփոխվում են զարմանալի դինամիկայով, ու այն, ինչ արդիական էր առավոտյան, արդեն երեկոյան կարող է անհույս հնացած լինել։
Սա վերաբերում է նաև ներքաղաքական «փասիանսներին»...


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ