Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սոլոնից մինչև մեր օրերը

Սոլոնից մինչև մեր օրերը
15.06.2018 | 00:53

Երբ հասարակությունում վրա է հասնում ճգնաժամ, այդ ճգնաժամից դուրս գալու ելքը կամ ռեֆորմն է, կամ հեղափոխությունը: Առաջին ռեֆորմի հեղինակը հայտնի կառավարող փիլիսոփա (հին կառավարողները, որպես կանոն, հիանալի դաստիարակություն ստացած փիլիսոփաներն էին) Սոլոնն էր (մ.թ.ա. մոտ 638-558, Աթենքի հայտնի պետական գործիչ, օրենսդիր և բանաստեղծ, Հին Հունաստանի 7 իմաստուններից մեկը), որի իրականացրած ռեֆորմը Մարքսը հավասարեցրել է հեղափոխության հետ: Ստրկատիրական հասարակարգի վերջին շրջանում պատրիկներն ունեին օրենքի ուժով իրենց տրված հսկայական իրավունքներ, բայց անբանության, մեծամտության, հղփացածության պատճառով կորցրել էին իրենց երբեմնի հարստությունը: Ինչպե՞ս կորցրին նրանք այդ հարստությունը: Ստրկատիրական Հունաստանում առևտուրը գտնվում էր պատրիկների ձեռքում: Եղավ մի պահ, որ առևտուրը նրանք կամավոր տվեցին ստրուկներին և ամեն առևտրական գործարքից ստանում էին որոշակի հարկ, որը կոչվում էր պեքուլյա: Այդպես շարունակվեց այնքան ժամանակ, մինչև երկրում ստեղծվեց անելանելի վիճակ: Մի կողմում պատրիկներն էին անսահման իրավունքով, բայց որոնք այլևս չունեին տնտեսության շարժիչ ուժը` փողը, ինչը կենտրոնացել էր որևէ իրավունք չունեցող պլեբեյի ձեռքում: Պլեբեյն ընտրելու և ընտրվելու իրավունք չուներ: Այսինքն, հասարակությունում ստեղծվել էր անելանելի իրավիճակ, և հանճարեղ Սոլոնը ձեռնարկեց իր հայտնի ռեֆորմը, որը ձևակերպվել է չափածո տողերով. «Ոչ աղքատին նեղացրի, ո՛չ էլ հարուստներին իրավունքից զրկեցի, և այդպես Աթենքը կործանումից փրկեցի»: Սոլոնից հետո մարդկային պատմությունը չի հիշում անարյուն հեղափոխություն:

Ինչու՞: Որովհետև ցանկացած երկրում, երբ իշխող դասակարգը` շահագործողը, այլևս չի կարողանում իշխել հին ձևով, և շահագործվողն էլ չի ցանկանում շարունակ կեղեքվել, այդ վիճակից դուրս գալու միակ ելքը հեղափոխությունն է: Հայաստանում երեսուն տարի շարունակ ստեղծվել էր այնպիսի վիճակ, երբ շահագործողները (ինչպես կուզեք անվանեք նրանց` դասակարգ, թե իշխանավորների հետ սերտաճած բանդա) այլևս չէին կարող շարունակել ժողովրդի բացահայտ թալանը: Եվ մեր երկրում եղավ անարյուն հեղափոխություն, որը ո՛չ Սոլոնի իմաստնությամբ կայացրած ռեֆորմ է, ո՛չ էլ դասական իմաստով հեղափոխություն, որովհետև ոչ մի դասակարգ, ոչ մի իշխանավոր իրենց իշխանությունը հենց այնպես չեն տալիս որևէ մեկին: Մեր երկրում այսօր ստեղծվել է մի վիճակ, երբ չունևորն արդեն ունի իրավունք, և նրա ձեռքում են երկրի կառավարման բոլոր լծակները: Շուտով նա կտիրանա նաև օրենսդիրի լծակներին, երբ անցկացվեն Ազգային ժողովի ընտրություններ: Իշխող ուժը (Սոլոնի ժամանակ դասական իմաստով չկար դեռևս կուսակցություն հասկացությունը)՝ հանրապետական կուսակցությունը, օր օրի հալվում է, ինչպես շաքարը ջրում, բայց նրա ձեռքում կուտակված է հսկայական կապիտալ: Նոր իշխանությունն այդ կապիտալի մասին լռում է, հայտարարելով, որ վենդետա չի լինելու, թեպետ վենդետան որևէ կապ չունի օրենքի հետ: Ստեղծված վիճակից դուրս գալու ելքը դժվար է գուշակել, դժվար է, որովհետև մյուս կողմում հարուստն է՝ զրկված թալանի իրավունքից: Թե որքան կշարունակվի ստեղծված դիմակայությունը, դժվար է ասել, բայց որ ապագայում բախվելու են, և բախումը լինելու է դաժան, անխուսափելի է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Արյունոտ հեղափոխությունը դժվար է իրականացվում, բայց այն հեշտ է պահելը: Հակառակ դրան, անարյուն հեղափոխությունը հեշտ է գլուխ գալիս, բայց անհամեմատ դժվար է նրա վերջնական հաղթանակն ապահովելը:

Դիտվել է՝ 6738

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ