Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»

«Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու»
15.06.2018 | 01:02

Ժողովրդի ականջը շոյող հայտարարություններ անելն իշխանություն դառնալ ցանկացող քաղաքական գործչի թիվ մեկ գործիքներից է: Բնավ դժվար չէ նկատել, թե ինչից է դժգոհում հասարակությունը, առաջնահերթ ինչ խնդիրներ ունի, ինչ սայթաքումներ է անում իշխանությունը, և պատեհ ու անպատեհ առիթներով ամենաբարձր ամբիոններից «դիպուկ» ելույթներով քննադատել պետական պաշտոնյաներին: Մարդիկ կծափահարեն, «բռավո» կբացականչեն ու կսկսեն մտածել, որ իշխանություններին անխնա քննադատող ու պաշտոնյաների «ծածուկ» արարքները պարտաճանաչորեն քողազերծող գործիչը միայն կարող է իրենց մատից փուշ հանել:


Բայց ժամանակին հնչեցրած դատապարտող ու մերժող գնահատականներով առաջնորդվելն ու դրանցից հնարավորինս չշեղվելը միշտ չէ, որ հաջողվում են: Իշխանության գալով՝ նոր կառավարիչները, կամա թե ակամա, հաշվի են նստում այն իրողությունների հետ, որոնք մերժել են ոչ վաղ անցյալում, իսկ ամբիոններից և հարթակներից հնչեցրած երբեմնի վերամբարձ ելույթներն էլ սկսում են խամրել իշխանության քողի ներքո:
Բոլորս ենք հիշում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից էր, որ բոյկոտում էր Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Բացառիկ հիշողություն պետք չէ ունենալ հիշելու համար «Ելք»-ականների բոցաշունչ ելույթներն ընդդեմ ԵԱՏՄ-ի՝ խորհրդարանում իրենց իսկ նախաձեռնած «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցումը դադարեցնելու» թեմայով լսումների ժամանակ: «ԵԱՏՄ-ն մեզ ապագա չէ»,- ասում էին ելքականները, որոնց մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ ամիսներ անց ստիպված են լինելու ճիշտ հակառակը բարձրաձայնել, այն է՝ «Հայաստանն առանց ԵԱՏՄ-ի ուղղակի չի կարող»: Ավելին, նոր իշխանությունները հստակեցրին՝ ռազմավարական մեր գործընկերը շարունակելու է մնալ Ռուսաստանը, մենք էլ հավատարիմ ենք լինելու ԵԱՏՄ-ի սկզբունքներին:


Չհասցնելով հասկանալ, թե այդ ինչպես մեզ «ավելի վատ ապագա խոստացող» ԵԱՏՄ-ն հանկարծ դարձավ «հրաշալի» մի կառույց, հիմա էլ ականատեսն ենք լինում, թե ինչպես են նոր կառավարիչները «հիմնավորում» պարտադիր կուտակային համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Ընդամենը մի քանի տարի առաջ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կենսաթոշակների «պարտադիր բաղադրիչին» հակասահմանադրական որակումն էր տալիս ու ասում, որ այն ոտնահարում է մարդու իրավունքները: Այսօր, սակայն, այդ նույն «պարտադիր բաղադրիչին» ընդդիմացող նախարար Արծվիկ Մինասյանին գործող վարչապետը խստորեն դիտողություն է անում, ասելով՝ եթե դեմ ես, ուրեմն մեզ հետ չես:
Թե ինչքան է կարևոր մեր երկրի համար պարտադրված «կուտակայինը» հատկապես հիմա, խնդրով հետաքրքրված պատգամավորները կարող էին իմանալ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հենց վարչապետի շուրթերից: Վերջիններս, սակայն, չունեցան այդ բախտավորությունը, քանզի Փաշինյանը օրենսդիր-գործադիր հանդիպմանը ներկա չէր: Ի դեպ, բացակայում էր նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Դեռ ամիսներ առաջ ԵԱՏՄ խորհրդի նիստի նախագահությունը ստանձնելու մեկնած նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին Փաշինյանը կիլոմետրերի հեռավորությունից հարց էր ուղղում և անգամ արձագանքում վերջինիս ենթադրյալ պատասխանին: Այդ ժամանակ պատգամավոր Փաշինյանը խոսում էր «ուրվական վարչապետի» հետ և, հղում անելով սահմանադրությանը, շեշտում, որ կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի օրը վարչապետը պետք է գտնվի երկրագնդի մեկ կետում միայն, և այդ կետը Ազգային ժողովն է:
ՈՒշադիր հետևելով Նիկոլ Փաշինյանի քայլերին ու հայտարարություններին՝ ակամա սկսում ես մտածել՝ իսկ ու՞ր կորավ վերջինիս սկզբունքայնությունը: Այդ ինչպես ԵԱՏՄ-ին անդամակցությունը դարձավ անառարկելի իրողություն, «Պարտադիր կուտակայինը»՝ տնտեսության համար այլընտրանք չունեցող տարբերակ, իսկ վարչապետի «ուրվականը» պատուհասեց նաև իրեն:


Նախորդ իշխանությունները, կարծես, անում ու ասում էին նույն բանը, ու նրանց գծած ճանապարհով այս կառավարությունը, կարծում ենք, դեռ կշարունակի քայլել, մարդիկ էլ կսկսեն հարց տալ իրենք իրենց՝ այդ ինչպե՞ս եղավ, որ իշխանության գալուց առաջ մի բան էիք ասում, հիմա՝ մեկ այլ բան: Ինչպե՞ս եղավ, որ «սիրո ու հանդուրժողականության հեղափոխությունից» հետո նախարար Արծվիկ Մինասյանի վրա մատ թափ տվեցիք ու ասացիք՝ այլ կերպ լինել չէր կարող:


Անկեղծ ասած՝ դժվար է տրամաբանություն փնտրել ներկա իշխանությունների նախկին հայտարարությունների ու այժմյան գործելաոճի միջև, ընդամենը տեղին է հիշել «Էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու» ժողովրդական խոսքը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ