USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում ժողովրդի դժգոհությունը հասցրել են հուսահատության

Ե՛վ Հայաստանում, և՛ Արցախում ժողովրդի դժգոհությունը հասցրել են հուսահատության
15.06.2018 | 01:14

Ապրիլյան հեղափոխության անելիքները դեռ առջևում են: Որպես կանոն, ցանկացած հեղափոխական ալիքի վրա փորձում են բարձրանալ ինչպես ազնիվ նվիրյալներ, այնպես էլ անազնիվներ, որոնք ընդհանուր ոչինչ չունեն հեղափոխության վեհ գաղափարների հետ: Խոսքս այս պահին նվիրյալների մասին չէ, այլ նրանց, ովքեր իրենց ապաշնորհ, անազնիվ էությամբ երկիրը հասցրել են այս օրի, հետո լռելյայն անցել են ընդհատակ և վայելում են ժողովրդից թալանածը։ Սրանք հանկարծ արթնացել են հեղափոխության շեփորների տակ և փորձում են սրբի կերպարանքով ներկայանալ ժողովրդին ու տալ խորհուրդներ, որոնց կարիքը նա բնավ չունի: Այսօր ժողովրդական հեղափոխության ալիքի վրա իր «իմաստնությունն» է փորձում ժողովրդին փոխանցել առաջին նախագահը: Չգիտեմ ով, բայց ես չեմ կարող հավատալ մի մարդու, որը, համոզված եմ, մեր երկրի բոլոր չարիքների՝ թալանի, կաշառակերության, անազնվության, չլուծված ղարաբաղյան հիմնախնդրի և շատ այլ հարցերի հիմնական պատասխանատուներից է:


Լևոն Տեր-Պետրոսյան, այդ դու և քեզնից հետո եկած կառավարողներդ եք, որ ժողովրդին հանեցիք փողոց: Ժողովուրդը տարիներ շարունակ լռում էր, մտածելով, թե դրսում գարշելի թշնամի ունի, բայց մի օր հասկացավ, որ հայրենիքը թալանող, ժողովրդին գաղթական դարձնող ներսի թշնամին անում է իր սև գործը: Դրսի թշնամուն մատնանշելով` ո՛չ մատնանշողների որդիք են սահմանին զոհվում, ո՛չ էլ տերերի ունեցվածքն է պակասում: ՈՒ՞ր էիք նայում, պարոն նախագահներ, ու՞ր էին գնում բանակի համար նախատեսված փողերը: Եվ այսօր, երբ ժողովուրդն արդեն հասկացել է, թե ով է դրսի և ներսի թշնամին, սրանք մեկեն հայրենասեր են դարձել և հիշեցնում են դրսի թշնամու գոյությունը: Դրսի թշնամին զորեղ է, եթե ժողովրդի թիկունքը թույլ է, իսկ այն թույլ է, որովհետև ներսի թշնամին է զորեղ:

Հավատացած եմ` ներսի թշնամուն չեզոքացնելուց հետո ժողովուրդը ցանկացած ժամանակ պատրաստ կկանգնի արտաքին թշնամու դեմ: Արտաքին թշնամու դեմ ժողովուրդն ինչպե՞ս պիտի կռվի. միայն բանակը զորեղացնելով, իսկ բանակն ինչպե՞ս պիտի զորեղանա. միայն զենք գնելով, իսկ ինչպե՞ս պիտի գնվի այդ զենքը. ապօրինի հարստացողների ունեցվածքի բռնագրավմամբ, եթե հարուստները չեն գիտակցում և կամավոր չեն վերադարձնում գողացածը: Առաջին նախագահ, եթե քո մեջ կա հայասիրության գեթ մի չնչին մասնիկ, սկսիր քեզնից և օրինակ ծառայիր քեզնից հետո եկածների համար: Հեղափոխությունն այսօր կոսմետիկ միջոցառումներով է զբաղված: Պետք չէ սկսել չարիքի ծառի ճյուղերը կտրելով, պետք է կտրել չարիքի ծառը: Այսօր դատախազությունը պատրաստվում է հարցաքննելու Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահին: Հիանալի է, իսկ ինչու՞ են մոռացել 1990 թվականի մայիսի 27-ի դեպքերը, երբ ոչ թե 10, այլ 31 զոհ ունեցանք:


Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես միշտ, խոսում է վերացական, նշելով, որ Արցախում ուժային կառույցների, ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջի կատարումը ծանր հարված կլինի ԼՂՀ-ին։ Տեղին է հարցնել` խորհուրդ տվողներն ու Արցախում կառավարողները չէի՞ն նկատում, ահազանգ չէի՞ն ստանում, որ այդ մարմինները վերածվել են ժողովրդին անհիմն պատժող օրգանի: Ի՞նչ է նշանակում սովորական ծեծկռտուքին ԱԱԾ-ի 15-հոգանոց ջոկատի մասնակցությունը: Համոզված եմ, որ Արցախում էլ, ինչպես Հայաստանում, տարիներ շարունակ իշխել է վայրի «բեսպրեդելը»: Չկա անփոխարինելի ոստիկանապետ, չկա անփոխարինելի ԱԱԾ-ի պետ, կա միայն անփոխարինելի հայ ժողովուրդ։


Կուզենայի անդրադառնալ Ֆելիքս Ցոլակյանի կերպարին: Ողջունում եմ հեղափոխական ոգիդ, բայց կուզենայի հարցնել քեզ և բոլոր քեզ նմաններին. տարիներ շարունակ եղել եք իշխանական բարձր բոլոր պաշտոններում, չե՞ք տեսել երկրում տիրող վիճակը, կոռուպցիան, գաղթականությունը, ընտրակաշառքները և բոլոր-բոլոր այն մեծ ու փոքր թերությունները, որ երկիրը բերել են այս օրվան: Երևի մտածել եք, որ դա ձեր գործը չէ, դուք պիտի գեներալ դառնաք, դուք պիտի բարգավաճեք, հարստանաք: Դուք երկրի քաղաքացի չեք, դուք տերերի հլու-հնազանդ սատրապներ եք: «Կեցցես», Ցոլակյան։ «Կեցցեք», ցոլակյաններ: Շարունակեք ձեր «ազգանպաստ» գործունեությունը, իսկ ժողովրդին վիճակված է կերտել իր վաղվա օրը։ Եվ նա ձեր խորհրդի կարիքը չունի։


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3244

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ