USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Ճանճերի ամառը

Ճանճերի ամառը
15.06.2018 | 01:20

ՆԱԽԵՐԳ


Վերջապես ես ծիրան կերա։ Ճաշակեցի սույն պտուղը ոսկեկարմիր, և ինձ հանկարծ թվաց, թե գտնվում եմ Աղթամար կղզում, Փոքր Մհերն էլ Ագռավաքարը լքել, թիկն է տվել Մռավ սարին։
Այս տարվա ծիրանը կենսալցվեց «սիրո և համերաշխության» հեղափոխության օրերին։ Բայց մենք դեռ խմում ենք անցյալ տարվա անզուլալ գինին։

Այսօր կիսվում է տարին, թանկ է գալիք ամեն օրը, անգամ ժամը յուրաքանչյուր հղի է մարտահրավերներով։ Արտահերթ խորհրդարանական ընտրությանն ընդառաջ կարող են ի հայտ գալ բնազանցական քաղդաշինքներ։ Օրինակ, ազգապետափրկչական զորընդեղ կառույց ՀՅԴ-ն կարող է վերստին դառնալ ընդդիմություն և դաշինք կազմել «Երկիր ծիրանի» կուսմարմնի հետ։ (Պաղատում եմ` տեղեկացնեք, ՀՅԴ-ն այսօր, այնուամենայնիվ, իշխանությա՞ն մաս է, թե՞, այնուհանդերձ, ընդդիմության կորիզն է)։ Սակայն քաղդաշինքները դեռ սաղմնավորվում են, մաղթենք նրանց կազմաքանդում հենց բնում և մատնենք մոռացության։ Այսօր կառավարության ծրագիրն է հրապարակում։ Փորձենք կռահել, թե ինչ է մեզ սպասում գալիք աշնանը, չէ՞ որ վերստին խաղողը հասնելու է, գինի է դառնալու և սեղան է բարձրանալու։
Միով բանիվ ծիրանը հասել է, բայց ճանճերն են շատացել։

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԵՐԱՌՈՒՄՆԵՐ


«Ինչպիսի՞ն է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի մակարդակը։ Ես պաշտոնապես հրապարակում եմ այդ թիվը` 0։ Ինչպիսի՞ն է լինելու արտոնյալների թիվը` 0։ Հայաստանում քանի՞ մենաշնորհ պետք է գոյություն ունենա` 0»։ Սա մոգական ռեալիզմի ոգով հնչած ելույթ է, մի քիչ շաղախված վարդաշող ռոմանտիզմով։ Այսուհանդերձ մտքով արի, սրտով բարի ես աղաղակում եմ սարերն ի վեր, կիրճերն ի վար` ապրի՛ս, Նիկոլ։ Աղաղակում եմ և անմիջապես զինվում սուրսայր նշտարով և անուշադրի սրվակով։
Արգո Նիկոլ, պատվարժան Փաշինյան, անկատար երազներն ի կատար են ածվում իրական կյանքում, բայց շատ հաճախ կուտ են գնում, բումերանգի հետագծով հարվածում երազողի հոնքամիջին։ Ահա և ես, ծառան Ձեր հեզ, մի քանի կառուցողական առաջարկով կամենում եմ նպաստել ներկա քաղպայմանագրային կառավարության իրական վերելքին։ Եթե, իհարկե, ճիշտ կգնահատեք պատմական ներկա պահի ողջ վեհությունն ու ամբողջ վտանգավորությունը։ Նախ և առաջ` անհրաժեշտ է ձերբազատվել արտաքին ներդրումների հաշվին երկրի տնտեսության զարգացման անհեթեթ առասպելից։ Ինչու՞։ Ահավասիկ, խոշոր ներդրումները ՀՀ-ում քայքայիչ գործընթացներ են, զի ընդամենը գերշահութաբերության ապահովման գործոն են խոշոր կապիտալի համար և երկրի պետականազրկման քլունգն ու լինգն են։ Փայլուն օրինակ է «Տաշիր գրուպի» մուտքը Հայաստան և նրա ծավալած գործողությունների հանրագումարը։ Սեփականացնելով (իր տնամերձը դարձնելով) երկրի էներգաապահովման գլխավոր հանգույց ՀԷՑ-ը, ինչ-ինչ ներդրումներ կատարելով և գերշահույթն ապահովելով` Սամվել Կարապետյանն առևտրի և զվարճանքների կենտրոններով ցանցապատում է Հայաստանը։ Հընթացս նա կազմաքանդում է փոքր և միջին բիզնես-խավը, զորացնում է արտագաղթը և այլն, և այսպես շարունակ։


Մյուս վառ օրինակը գերխոշոր արտաքին կապիտալի հաջորդ ներխուժումն է երկիր (այն է` մայր հայրենիք) ի դեմս Ռուբեն Վարդանյանի։ Վերջինս հանրահայտ է «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության հիմնադրմամբ և ոչխարախուզի տարածաշրջանային փառատոնի մեկնարկով։ Արժե՞, առհասարակ, խոսել տխրահռչակ Էռնեկյանի մասին, հարկավ չարժե։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը պետք է չեղարկի խոշոր կապիտալի ցանկացած ներկայություն, զի այն ոտնիգլուխ աղավաղում է պետականության կայացումը մեր տարաբախտ հայրենիքում։
Եվ քանզի մենք փոքր ածու ենք, բայց ունակ ենք վեհ գործերի, ապա պետք է հայկազյան շավղից բնավ չշեղվենք, այն է` մեր բնատուր արարչագործական ջիղն օգտագործելով զարկ տանք փոքր ու միջին գործարարության զարգացմանը։


Հատկապես միջին բիզնես-դասն է կարևոր այսօր։ Զի այն հանրային միջին խավն է ներկայացնում, երկրի ողն է և անոթն է արյունատար։ Վաղուց է հայտնի` էապես շահում է հենց այն հասարակությունը, որի միջին խավը երկրի բնակչության կեսից ավելին է, այսինքն, իր ձեռքում է կենտրոնացրել պետության զարգացման վերահսկիչ փաթեթը։ Միջին գործարար դասի ներկա տեսակարար կշիռն աննշան է, մի քանի հրատարակչություններ, մեկ-երկու-երեք կիսագործող գործարաններ, և վերջ, շրջանը փակվում է։ ՈՒ դառնում է կախաղանի օղապարան։ Տիար Նիկոլ, գիտցի՛ր և գիտակցի՛ր, որ միջին գործարարության վերածնունդն այն հիմնաքարն է, որի վրա է կառուցվելու մեր պետական տունը։ Ի վերջո, հիշենք շատ կարևոր մի հանգամանք. հասարակության միջին խավը չի՛ քաղաքականացվում (ավելի ճշգրիտ եթե բնութագրենք, այն չի՛ քաղպոռնկացվում) և չի ենթարկվում տարաբնույթ աղանդների խարդավանքներին։ Վերոնշյալը մի՞թե բավարար չէ միջին գործարարության զարգացման համար մշակելու ռազմավարական համապետական մի ծրագիր։ Բայց երիտկառավարությունն այս խնդրում ձեռնպահ է։ Ինչու՞։


Եվ մինչ կհնչի հարցի պատասխանը, եկեք, բարեկամներ իմ պատվարժան (նկատի ունեմ ներկա կառավարության ողջ անձնակազմը), թռչնի թռիչքի բարձրությունից տեղազննենք 3-րդ հանրապետությունը։ Սույն սխրանքն իրագործելու նպատակով անհրաժեշտ է զինվել երկու աստղադիտակով և յոթ ժամով վարձել մի եռագույն օդապարիկ։ Սավառնում-ճախրում ենք Աշոցքից մինչև Երասխավան, Սևանի ավազանն ենք տեղազննում ուշի ուշով, ահա Ջերմուկ առողջարանային քաղաքը, Ամուլսարի դժոխային հանքավայրը, ահա Կումայրի-Գյումրին, Վանաձորը և Թալինը... Ասա, խնդրեմ, արգո վարչապետ, մեր հայրենիքի չքնաղ պատկերագիրը մի՞թե զուսպ և կոթողային չէ, և արդյո՞ք այն նպատակավայր է խոշոր բիզնեսի սանձազերծած տնտեսա-քաղաքական խարդավանքների համար։ Խոշոր գործարարը պետք է ծավալվի, ընդարձակվի և վերուվարվի մեծածավալ երկրներում, օրինակ ԱՄՆ-ում կամ Ռուսիայում, զորօրինակ` Հնդկաստանում, Չինաստանում, Ավստրալիայում և Կանադայում։ Միով բանիվ` միջին գործարարությամբ պետք է նախ օլիգարխիայի երախից փրկել երկրի ընկեցիկ տնտեսությունը, այնուհետև միայն անցնել ներկա կառավարության երազանքի ծրագրի հատկապես 6-րդ և 7-րդ կետերին, որոնք և՛ հուզիչ, և՛ մտահոգիչ են։
Կետ 6. «Արհեստական տնտեսական մենաշնորհների բացառումը, տնտեսական մրցակցության պաշտպանությունը, տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը»։


Հո՜, հորովե՛լ... Եզը լծենք, քշենք դաշտը և քշտենք թևներս, զի բացառվում են արհեստական տնտեսական մենաշնորհները։ Սակայն ո՞րն է արհեստական տնտեսական մենաշնորհը։ Կներեք, իսկ ո՞րն է բնական տնտեսական մենաշնորհը։ Զորօրինակ, 25 տարի է, ինչ 1 մականունակիր սուբյեկտը շաքարավազ է ներկրում և բռնաբարում հայրենական տնտեսության նշյալ հատվածը։ Սա արհեստակա՞ն մենաշնորհ է, հարկավ։ Սակայն սիրո և համերաշխության հեղափոխության պահանջով, դիցուք, արդեն 11 սուբյեկտ է շաքարավազ ներկրում, և... տնտեսության նշյալ հատվածի անհատական բռնաբարումը վերածվում է խմբայինի, զի 11 ներկրողներն ակնթարթորեն կկողմնորոշվեն և նոր մենաշնորհ կհաստատեն, քանզի նրանց միաբանում է երկրի տնտեսության կեղեքման հաշվին սեփական գերշահույթն ունենալու մոլեգին ցանկությունը։ Հայ արդի ներկրող մենաշնորհատերը վաղուց է ինքն իրեն նույնացրել պետության (նաև հայրենիքի) հետ, ներկրելով շաքարավազ և գազ, մաստակ ու դեղորայք, շահագործելով հանք ու լիճ, նա մտքով ու սրտով ինքնորոշվել ու դարձել է երկրի աղը, մինչդեռ ընդամենը արհեստածին բրածո աղետ է։
Բնական մենաշնորհը մեկն է, երբ ներկրողը պետությունն է, տվյալ դեպքում` ՀՀ կառավարությունը։


Հո՜, հորովե՜լ... Եզը կանգնել է արտեզրին, և մոլորված է նրա եզնահայացքը, քանզի անկարող է ըմբռնել 7-րդ կետի պատգամը. «Տնտեսության ներառական աճի ապահովումը, աշխատատեղերի ստեղծումը, աղքատության հաղթահարումը»։
Անկեղծ ասած` չեմ ընկալում, թե ինչ է թաքնված «ներառական աճ»-ի տակ, բայց բնազդով հողմաղացյան կռահում եմ, որ մի խակ բան կա այնտեղ։ Քանզի հնչել է որպես նշանաբան, որպես հրովարտակ և որպես... Մի խոսքով որոգայթ է։ Ավելի ստույգ, բումերանգ է, տիարք և տիկնայք կառավարիչներ, խուսափե՛ք որոգայթներից և խուսանավե՛ք բումերանգների հետադարձ հարվածներից։
Եվ կշահեք, չկասկածեք։

ՎԵՐՋԵՐԳ


Նախ և առաջ, անհրաժեշտ է կառավարության գործունեությունը երկատել, այսինքն, երկու մասի բաժանել։
«Երազանքի երկիր» ունենալու ծրագիրը պետք է հրովարտակել «Քայլոյի» հանրահավաքում, Հանրապետության հրապարակում, իհարկե, 1 շաբաթ առաջ իրազեկելով հայ հանրությանը և համայն հայությանը (վասն զարթոնքային հուշերի կարելի է հանրահավաքից առաջ շրջափակել երկրի բոլոր փողոցները)։
Երազանքից վար իջնելու, արմատական բարեփոխումներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է կառավարության յուրաքանչյուր նիստ հեռարձակել երկրով մեկ։ Ընդ որում` առաջին նիստում բարձրացված խնդիրները պետք է անհապաղ լուծվեն և ներկայացվեն 2-րդ նիստում (առաջարկում եմ` գալիք հինգշաբթի, վասն տնտեսության զարգացման, բարձրացնել ՀՀ բոլոր տոնավաճառների, գյուղմթերքների առևտրով զբաղվող շուկաների և, վերջապես, խոշոր վաճառատների ազգայնացման հարցը)։

Վերջապես ես ծիրան կերա։ Նույնը մաղթում եմ Նիկոլին և նրա գլխավորած կառավարությանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ