USD483.02
EUR546.97
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               

Ասպատակում է շուրջբոլորը և մնում անպատիժ

Ասպատակում է շուրջբոլորը և մնում անպատիժ
15.06.2018 | 01:32

Լրացավ վարչապետի պաշտոնավարման մեկ ամիսը, ընթացքի մեջ է երկրորդը։ Ինչպես ընդունված է` նոր կառավարությունը խոստումներ է շռայլում քրեական իրավիճակը կանխելու, երկրում օրինականություն հաստատելու մասին։ Առայժմ օրինականությունը հաստատվում է խոշոր վաճառատներում կատարվող պարբերական ստուգումներով, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների «սենսացիոն բացահայտումներով» և նման այլ քայլերով։ Էական արդյունքներն առայժմ տեսանելի չեն, ինչն առաջացնում է որոշակի հիասթափություն հասարակության լայն շրջանակներում։


Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող պատմությունը քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցչի ակնհայտ ապօրինությունների շարադրանքն է։ Այս նյութը հրապարակելով, փորձենք հասկանալ` իսկապե՞ս երկրում վերացել է բիրտ ամենաթողության ժամանակաշրջանը։

Այս երևույթի ներկայությունն իսկ անարգանք է արդի հայ հասարակության համար։ Ամենուր նա` ԿԱՐՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ-ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՆ, խառնակություն է ստեղծում, ասպատակում է շուրջբոլորը և մնում է անպատիժ։ Առայժմ անպատիժ։ Այսօր անդրադառնանք նրա նախկին, համապետական նշանակության սխրանքներին։
Հիշելի է «Գարուն» կարի ֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի գործը, որ 2015-ի մայիսի 4-ին ձերբակալվել էր, իսկ մայիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Ա. Հակոբյանի որոշմամբ ներգրավվել էր որպես մեղադրյալ ՀՀ քր. օրենսգրքի 35-104 հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով սպանության նախապատրաստության մասնակից։ Այդ մեղադրանքը Յուվեցի Կարոյի և նրա ընկերոջ` Խաժակի մտքի թռիչքն էր, որը սկսեցին պաշտպանել ՀԿԳ դատախազության քննիչները։


Հաջորդը Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի գործն է։
2009-ին Կարո Կարապետյանը «Բրաունինգ» տեսակի ատրճանակից (մեր աղբյուրների պնդմամբ) 5 անգամ կրակել է Արթուր Զադոյանի ուղղությամբ` վնասելով նրա ուսն ու ոտքը։ Հարուցված քր. գործը ձգվեց տարիներ (այդ տարիներին Յուվեցի Կարոն ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր էր)։ 2016-ին այդ քր. գործը ՀՔԾ քննիչները գլխիվայր շրջեցին, որպես մեղադրյալ ներգրավվեց Ա. Զադոյանը, իսկ Կարո Կարապետյանը դարձավ տուժող։
Այսպիսի դեպքերը բազմաթիվ են, սակայն միշտ մի հարց է ծագում. ինչպե՞ս է լինում, որ Յուվեցի Կարոյի գործով վկաները կամ ինքնասպան են լինում կամ առեղծվածային պայմաններում մահանում են։
Անդրադառնանք Կարո Կարապետյանի անվան հետ կապված մի քանի դեպքերի ևս, որոնք չբացահայտվեցին և մնացին անպատասխան մեր իրավական համակարգի երևելի կնքահայրերի օրհնությամբ։


Հետաքրքրական է Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակիչ Սեյրան մականունով Արտուշ Սողոմոնյանի առեղծվածային մահը։ Այս պատմության հետ կապված շատ հարցեր մնացին անպատասխան։ Ի միջի այլոց նշեմ, որ Արտուշ Սողոմոնյանը, Վարդան Վարդանյանը և Կարո Կարապետյանը Մասիս քաղաքում գտնվող հյուրանոցային համալիրի համասեփականատերեր են։ Արտուշ Սողոմոնյանը ներկայացվեց որպես ինքնասպանության զոհ, իսկ Վարդան Վարդանյանը մի քանի օրում սրտային անբավարարվածությունից առեղծվածային պայմաններում կնքեց իր վախճանը։ Այսինքն, Յուվեցի Կարոյի 2 գործընկերներն էլ անհասկանալի հանգամանքներում մահացան, իսկ նա տիրացավ մահկանացուն կնքած գործընկերների սեփականություններին՝ Մասիս քաղաքում հյուրանոցային համալիրին և նույն քաղաքում գտնվող Վարդան Վարդանյանի ընտանիքին պատկանող գազալցակայանին։
Բարեբախտաբար, նույն բախտին չարժանացավ Յուվեցի Կարոյի պոտենցիալ զոհերից ևս մեկը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը, որը Արտուշի և Վարդանի զոհաբերումից հետո մի կերպ փրկվեց բանականության և բարոյականության բոլոր սահմանները ոտնահարողի ճիրաններից, սակայն կորցրեց իրեն և իր բարեկամներին պատկանող գույքը, որոնք գրավադրվել էին Կարո Կարապետյանի ընտանիքին պատկանող «Քաղցրաշենի գինու գործարան» ՍՊԸ-ի անունով ստացված վարկերի դիմաց։ Մինչ «Յունիբանկը» վաճառում էր Վարդան Վարդանյանի և Տիգրան Ստեփանյանի վերը նշված գույքը (հիշեցնեմ, որ Կարո Կարապետյանը «Յունիբանկից» ստացված 1,8 մլն դոլար վարկի երաշխավորն էր), Կարո Կարապետյանը 2015 թ. Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռներով «ազատվում» էր իր գույքից, մասնավորապես, Շահումյանի գինու գործարանից, Քաղցրաշենի գինու գործարանից, Շահումյան գյուղում գտնվող շքեղ առանձնատնից (Արարատի մարզ, գ. Շահումյան, Հոկտեմբերյան 48, Դատական գործ N: ԱՎԴ/0744/02/15) և այլն, գրանցելով դրանք իր հարազատների անուններով։ Երբ եկավ բանկին տված անձնական երաշխավորության կատարման պահը, պարզվեց, որ այս յուրօրինակ քրեաօլիգարխը... սնանկ է (Դատական գործ ԱՎԴ 0073/04/15)։ Իհարկե սնանկ է իր պարտավորությունները կատարելիս, այլ ոչ թե նոր գույք ձեռք բերելիս։ Ըստ հավաստի լուրերի` Կարո Կարապետյանի որդին` Վիլիկ Կարապետյանը, 2015 թ. Պրահայում ընկերություն է հիմնել, որը զբաղվում է սննդի և ալկոհոլի վաճառքով։ Իսկ մյուս որդին` Վարդան Կարապետյանը, Երևան քաղաքում շրջում է ուղեկցող մեքենաներով շրջապատված: Այս էլ սնանկացած Յուվեցի Կարոյի որդիների մասին։


Կարո Կարապետյանի «Բիզնես» գործունեությունը հիմնականում հիմնված է արյան, «քցելու», հարկերից խուսափելու ամենաթողության վրա։ Այսպես, դեռ 2004-ին իրենց գյուղի գործարանի սեփականաշնորհումից հետո, Յուվեցի Կարոն սկսել է «Բիզնես» ծավալել ամբողջ ուժով իր ոճին համահունչ։ Այսպես, Շահումյանի գինու գործարանը գործում է մի քանի հասցեներում` Արարատի մարզ, գ. Շահումյան (Հոկտեմբերյան 66), Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն (Ամիրյան 1) և Արարատի մարզ, գ. Շահումյան, նախկին Շրջկոպի բազայի տարածք։ Ընկերությունը զբաղվում է գինու, կոնյակի և օղու արտադրությամբ։ Այդ արտադրություններով զբաղվելու համար պահանջվում են պետական գրանցումներ և համապատասխան լիցենզիաներ (թույլտվություններ): Ընդ որում, յուրաքանչյուր արտադրության կազմակերպման համար պահանջվում է առանձին, մասնավորապես, գինու համար առանձին լիցենզիա և տարեկան տուրք, կոնյակի արտադրության համար առանձին լիցենզիա և տարեկան տուրք, օղու արտադրության համար առանձին լիցենզիա և տարեկան տուրք։ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում արձանագրված է, որ «Շահումյանի գինու գործարան» ՓԲԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը 2013-ից։ Այժմ Արարատի մարզ (գ. Շահումյան, Հոկտեմբերյան 66) հասցեում գործում է Շահումյան-Վին ՍՊԸ-ն, որի 100 տոկոս սեփականատերը Վարդան Կարոյի Կարապետյանն է։ Շահումյան-Վին ՍՊԸ-ն գործունեություն է իրականացնում Արարատի մարզի Շահումյան գյուղի Հոկտեմբերյան 66 հասցեում, և բոլոր թույլտվությունները տրված են այս հասցեի համար: Այսինքն` մյուս երկու` Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն, Ամիրյան 1 և Արարատի մարզ, գ. Շահումյան, նախկին Շրջկոպի բազայի տարածք, հասցեներում ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող գրանցված ընկերությունները չկան։ Այսինքն` այս երկու տարածքներում գործող ընկերությունը դուրս է օրենքի հսկողության և հարկային դաշտերից և այստեղ է կատարվում Յուվեցի Կարոյի հիմնական չվերահսկվող գործունեությունը։


Ինչպես բոլոր քրեական պատմություններում, այնպես էլ նրա «Բիզնես» գործունեությունում գործում են «ինչ ուզեմ կանեմ» կամ «իմ դեմ խաղ չկա» սկզբունքները։
Յուվեցի Կարոյի «Բիզնես» գործունեության մյուս ուղղությունը փողերի լվացումն է։ Նա հայտնի է որպես փողերի լվացման հմուտ մասնագետ։ Յուվեցի Կարոյին պատկանող ընկերությունները մի քանի անգամ հայտնվել են իրավապահ և հարկային մարմինների ուշադրության կենտրոնում՝ փողերի լվացման գործերի շրջանակներում, սակայն, ինչպես միշտ, Յուվեցին հարցերը տեղում լուծել է և հիմա ապրում և գործում է օրենքից դուրս։ Փողերի լվացման մեխանիզմը շատ պարզ է. դիցուք, ընկերությունն ունի տարբեր բանկերում հաշիվներ, այդ հաշիվներին փոխանցված գումարներն ընկերության հարկային շրջանառության մեջ չեն ներառվում, շրջանցում են հարկային դաշտը։ (Նրան հաճախ կարելի է հանդիպել, մասնավորապես Հայբիզնեսբանկում, «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկում իր բարեկամներով և հաստավիզ թիկնապահներով շրջապատված, որոնց անուններով էլ կանխիկացվում են արտասահմանից փոխանցված գումարները)։

2016-2017-ին սնանկ Յուվեցի Կարոն սկսեց ընդլայնել իր «բիզնես» գործունեությունը մեկ այլ շահութաբեր ոլորտում։ Նա սկսեց գնել գազալցակայաններ` հասցնելով դրանց թիվը 6-ի։ Յուվեցի Կարոյի գազալցակայանները սկսել են իրենց ալան-թալանը և պղտոր ջրում ձուկ են որսում։ Իր գազալցակայաններում գազի 1 խմ-ի գինը միշտ ավելի ցածր է, քան մյուս գազալցակայաններում։ Իր շրջապատում նա մի անգամ հայտարարել է, թե «իմ կալոնկաներն ամենալավն են աշխատում, ինչքան ուզում ենք, էնքան էլ լցում ենք, հո վարորդը իր մոտ չափիչ չունի, որ ստուգի»։
Այսպես է միշտ, նախկին ռեժիմի մեծն ընտրակեղծարարը, ժամանակ առ ժամանակ հայտնվելով այս կամ այն կրիմինալ սխեմայի կամ պատմության մեջ, իր մատուցած ծառայությունների դիմաց կարողացել է միշտ ջրից չոր դուրս գալ։ Լինելով ընդդիմադիր ԲՀԿ կուսակցության անդամ և ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, անդադար իշխանությունների գովքն էր անում, քանի որ նրանք են միշտ պարտակել Յուվեցի Կարոյի, նրա որդիների ու փեսաների կատարած հանցանքները։


Վերջին զարգացումներում հորից հետ չի մնում որդին՝ Վիլիկ Կարապետյանը, որը Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի փեսան է (աղջկա ամուսինը)։ Ապրիլի 22-ին աներ հայրիկի հորդորով և հոր «դաբրոյով» Վիլիկ Կարապետյանն իրենց համագյուղացիների և ընկերների հետ միացել էր խաղաղ ցուցարարների վրա հարձակվող բանդային։ Իրավապահները սկսեցին զբաղվել Էրեբունիում կատարված դեպքերի բացահայտմամբ, սակայն Վիլիկ Կարապետյանը արդեն երկար ժամանակ անհետացել է բոլորի տեսադաշտից, որ հանկարծ իրեն չնույնականացնեն այդ բանդայի տեսանյութի «հերոսների» հետ։ Իսկ հայրը` Յուվեցի Կարոն, այստեղ-այնտեղ հայտարարում է, որ իբր թե Նիկոլը (Նիկոլ Փաշինյանը) իր ընկերն է՝ այս ձևով մութ ամպերը փորձում է հեռացնել տղայի գլխից։
Հուսանք, որ ներկա իշխանությունները հավուր պատշաճի կգնահատեն այս գործչի գործունեությունը և կտան արժանի գնահատական։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Հ. Գ. «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում կհրապարակենք միայն փաստերի վրա հիմնված հարցազրույց Յուվեցի Կարոյի զոհերից մեկի հետ։

Դիտվել է՝ 3649

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ